14:50
12/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Հին էրիվանցին` «Հին Էրիվանի» մասին

2013-02-14 17:20

«Դե Ֆակտո» N40 (2009թ.)

Հարցազրույց «Հին Էրիվան» հոլդինգի նախագահ Մանվել Տեր-Առաքելյանի հետ

-Պարո՛ն Տեր-Առաքելյան, Ձեր  անձի   հանդեպ հետաքրքրությունը շատ մեծ է`  կապված 2007-2008թթ.  Ձեր գործունեության և քաղաքական դիրքորոշման հետ: Բոլորն   էլ հիշում են Ձեր նախաձեռնած ավտոբուսի PR գովազդը, ինչպես նաև 2008 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ ՙՀին Էրիվանի՚ շենքի վրա  փակցված նախագահի թեկնածու  Ս. Սարգսյանի գովազդային պաստառը, որը փետրվարի 26-ին ցուցարարների հարձակման պատճառ դարձավ,  դրան հետևեց Ձեր մամուլի ասուլիսը: Հենց այդ օրը շատ գեներալներ և պատգամավորներ անցան ընդդիմության շարքերը: Մենք գիտենք, որ այդ օրերին Ձեզ էլ են այդպիսի առաջարկ արել,  իսկ Դուք  նույն օրը տվեցիք մամուլի ասուլիս, որի ժամանակ հատուկ հայտնեցիք  Ձեր դիրքորոշումը և քաղաքական տեսակետը: Հետաքրքիրն այն է, որ Դուք այդ քայլով  կշեռքի նժարին դրեցիք Ձեր ողջ կարողությունն ու  ունեցվածքը: Պետք է նկատել նաև մեկ այլ փաստ, որ մամուլի ասուլիսից հետո հատկապես ընդդիմության շրջանում տարածվեցին լուրեր  հետևյալ  ձևակերպմամբ` ՙՀին Էրիվանի՚  Մանվելը պաշտոնի է ձգտում: Հիմա ընթերցողը հարց է տալիս` Մանվելը վերջապես ի՞նչ պաշտոն է զբաղեցնում:

-Ինչպես տեսնում եք, ես որևէ պաշտոն չեմ զբաղեցնում, երբևէ  չեմ էլ ձգտել աշխատել պետական կառույցներում, քանի որ իմ ստեղծած տնտեսության մեջ ես ինձ շատ լավ նախագահ եմ համարում, իսկ իմ գործունեությունը տնտեսական ոլորտում` ավելի արդյունավետ:

Նախագահական ընտրությունների ժամանակ իմ դիրքորոշումը շատ հստակ է եղել, ես, բնականաբար, գիտակցաբար եմ դրել իմ կարողությունը կշեռքի նժարին և հպարտանում եմ իմ դիրքորոշմամբ: Այսօր ՀՀ նախագահի վարած արտաքին և ներքին քաղաքականությունը ցույց է տալիս, որ մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, որի մասին  պատմության մեջ գրվելու է ոսկե տառերով: Սակայն պատմությունը ցույց է տալիս, որ աշխարհում  եղել են և կան շատ պետություններ, որոնց կենսամակարդակը թեև ցածր կամ միջին է եղել, բայց եկել է մի ժամանակահատված, երբ հզոր առաջնորդի ղեկավարության ներքո տվյալ պետությունը ծաղկել է, քանի որ բեկումնալից փոփոխություններ են մտցվել ժողովրդի կյանքի և առօրյայի մեջ, օրինակ, Շառլ դը Գոլը (Ֆրանսիա), Շեյխ Զաիդը (Արաբական Միացյալ Էմիրություններ), Ֆրանկլին Ռուզվելտը (Ամերիկայի Միացյալ Նահանգներ) և այլք:

Հիմա եկել է ժամանակը, որ Հայաստանը ժամանակակից աշխարհին ներկայանա իր ինտելեկտով և կարողություններով: Դրա վառ ապացույցն է մեր նախագահի վարած արտաքին քաղաքականությունը: Դրանում կարելի է համոզվել այն փաստով, թե քանի պետությունների նախագահներ եկան Հայաստան միայն 2009թ. ընթացքում, ճանաչեցին մեզ, մեր քաղաքակրթությունը  և փոխադարձ հարաբերությունների ձեռք մեկնեցին: Իմ կարծիքով` հզոր է այն ընտանիքը, որի հայրն ունի ամուր բռունցք և շրջապատված է լավ ընկերներով: Այս խոսքերը վերաբերում են մեր փոքրիկ Հայաստանին և մեր նախագահին: Ես վստահ եմ, որ Աստծո առաջնորդությամբ հայ ազգը կունենա Ս.Սարգսյանի դեմքով ռեֆորմիստ նախագահ, ում մասին դեռ կգրի պատմությունը` որպես հզոր առաջնորդի:

-Պարո՛ն Տեր-Առաքելյան, խնդրում ենք մի քանի խոսքով պատմել ՙՀին  Էրիվանի՚ ստեղծման պատմության մասին:

-ՙՀին Էրիվանը՚  գոյություն է ունեցել դեռ 1673թ. ՙԻրիվան՚(IRIVAN) անվանմամբ, որի մասին փաստում է մեծ շրջագայող ֆրանսիացի Ժան Շառդելը, որն առաջինն է քարտեզագրել  Էրիվանի գավառը: Մենք վերածնունդ հաղորդեցինք ՙԻրիվանին՚ և 1988թ. նոյեմբերի 7-ին փոքրիկ սեփական տան բակում հիմնեցինք ՙՀին Էրիվան՚ ռեստորանը: 2001թ.,  Հյուսիսային պողոտայի կառուցման հետ կապված, որոշում կայացվեց բակի սեփականաշնորհման մասին, և մեզ թույլատրվեց նոր տեղում կառուցել ժամանակակից շենք և պատշաճ ձևով ներկայանալ հանրությանը: Օգտվելով առիթից` ուզում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել ՀՀ գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանին, ով ջանք չխնայեց հայկական ավանդույթների և մեր քաղաքի հին նիստուկացը ՙՀին Էրիվան՚ ռեստորանի ներքո պահպանելու համար: Աստծո առաջնորդությամբ` այժմ բոլորը գիտեն, որ ՙՀին Էրիվանը՚ դարձել է բրենդ և դուրս է ցանկացած մրցակցությունից, քանի որ Հայաստան ժամանած ցանկացած բարձր պաշտոնյա հրավիրվում է ՙՀին Էրիվան՚ մեր հայկական ավանդույթները և սովորույթները տեսնելու և ընկալելու  համար: Մեր հյուրերն են եղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Ա. Մեդվեդևը, Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը, Կիպրոսի նախագահ Դիմիտրիս Խրիստոֆիասը, Խորվաթիայի նախագահ Ստյեպան Մեսիչը և այլք: Գաղտնիք չէ, որ մարդիկ ՙՀին Էրիվանում՚ տոնում են նաև իրենց ամենանվիրական տոները:

-Ճգնաժամն ինչպե՞ս անդրադարձավ ՙՀին Էրիվանի՚ գործունեության վրա:

-Ճգնաժամի հետ կապված` կատարել ենք գների իջեցում, բարձրացրել ենք սպասարկման որակը  և նորացրել մատուցվող սննդի տեսականին: 2008թ.-ին ՙՀին Էրիվանի՚ տնօրենների խորհրդի կողմից որոշում կայացվեց  սննդի պատրաստման գործում ներգրավել օտարերկրյա խոհարարների, ինչը կնպաստի  այս ոլորտի զարգացմանը: Մենք Ստամբուլից հրավիրել ենք խոհարարների, որոնք մասնագիտացած են հանրաճանաչ շաուրմայի  ոլորտում. Թումանյան փողոցի վրա գտնվող ՙԱրևելյան շաուրման՚ ևս մեր մասնաճյուղն է:  Բոլորն էլ զգացել են, որ որակի ահռելի տարբերություն կա: Կարծում եմ, որ ճիշտ է, երբ ամեն ազգ ներկայացնում է իր խոհանոցը: Այս տարվա սկզբին Վրաստանից հրավիրեցինք վրացի պրոֆեսիոնալ խոհարարների` աշխատելու ՙՀին Էրիվանում՚, ներկայացնելու վրացական խոհանոցն իր ավանդական խինկալիով և խաչապուրիով: Բանակցություններ են տարվում այլ ազգերի խոհարարների հետ, որոնց կհրավիրենք ավելի ուշ:

-Պարո՛ն Տեր-Առաքելյան, ինչպե՞ս եք գնահատում ՀՀ օրենսդրական դաշտը, նպաստո՞ւմ է տեղի գործարարների աշխատանքի արդյունավետությանը:

-Եթե շատ անկեղծ, ապա կուզենայի խոսել փոքր և միջին բիզնեսի մասին, քանզի նրանց նկատմամբ մոտեցումները տարբեր են խոշորից: Պետք է լինեն մոտեցումներ,  որոնք կտարբերեն մեծը փոքրից և չեն անտեսի գործարարի շահերը: Ինչպես կյանքն է ցույց տալիս, բիզնեսն էլ ունի մարդկային նուրբ գծեր, որոնց ուղղակիորեն չի կարելի  դիպչել, քանի որ դրանով կարելի է վիրավորել տվյալ անձին, իսկ հայի համար արժանապատվությունն ամենաթանկն է:  

-Գործարարների միությունը նման հարցերում չի՞ աջակցում գործարարներին:

-Գործարարների միությունում հյուրանոցառեստորանային ոլորտը որևէ ձևով ներկայացված չէ: Մինչ այսօր միության կողմից մեր ոլորտի հետ կապված որևէ մրցանակաբաշխություն չի կազմակերպվել,   և  չեմ զարմանա, եթե իմանամ, որ միությունը անգամ տեղյակ չէ, որ մենք մասնակցել ենք Փարիզում կայացած ամենամյա մրցույթին և արժանացել ոսկե մրցանակի, ճանաչվել ենք լավագույնը  սպասարկման և ազգային ավանդույթների պահպանման համար: Միության կողմից գոնե մեկ խրախուսական խոսք մեզ չասվեց: Միությունն իր շուրջ ստեղծել է ինչ-որ ձևաչափ, և ամեն անգամ ծեծվում է  նույն թեման: Չկան նաև նոր դեմքեր,  քանզի միության շրջանակներում չեն  ներգրավվում   նոր ոլորտներ, գուցե  մոռանում են, որ ամենազարգացած պետությունները  տուրիզմը սկսել են զարգացնել` հյուրանոցառեստորանային  ոլորտը ուժեղացնելով: Ինչո՞ւ մենք չպետք է ներկայացված լինենք այլ երկրներում,  ինչո՞ւ մենք մեր խոհանոցի համար ճանապարհ չենք հարթում: Մենք սովոր ենք խոսել միայն առևտրափոխանակությունից  և  արտադրությունից` մոռանալով, որ արտասահմանցուն կարելի է զարմացնել մեր ավանդական խոհանոցով և ավանդույթներով, իսկ ՙՀին Էրիվանը՚ հենց  այդ պատգամն է վերցրել իր ուսերին և արդեն բրենդ է դարձել: Աշխարհում մի հայ չկա, ով, Երևան գալով, չայցելի ՙՀին Էրիվան՚ և չհպարտանա մեր ստեղծածով: Ինձ  շատերն են խնդրում, որ իրենց հետ լուսանկարվեմ` որպես ավանդույթներ և  սովորույթներ վերածնող: Հիշենք, որ  1987-2002թթ. տարազի մասին խոսք լինել չէր կարող, մարդիկ անգամ չգիտեին, թե որն է մեր ազգային տարազի զարդանախշերի տեսակը և գունազարդությունը, դրանց  վերածնունդը սկսվեց հենց ՙՀին Էրիվանից՚, բոլորը գիտեն, թե ինչ դեր խաղաց ՙՀին Էրիվանն՚ այդ տարիներին, դա  քննարկման ենթակա չէ:

Հիմա ժամանակն է, որ մենք ներկայացվենք նաև արտերկրում, բայց ոչ  ինքնագլուխ, այլ պետական աջակցությամբ:  Մենք փորձեցինք ինքներս մտնել Փարիզի ռեստորանային ոլորտ, բայց դա մեզ համար դարձավ նյարդերի և շատ մեծ ֆինանսների անօգուտ վատնում: Միակ ճանապարհը  սեփականություն գնելն է, իսկ դա էլ կապված է մեծ գումարների հետ, վարձակալության մասին խոսելն անիմաստ է: Եթե պետական պայմանավորվածություն լիներ, մեր նկատմամբ մոտեցումն ու վերաբերմունքը բոլորովին այլ կլիներ: Գործարարների միությունը Եվրոպայի հետ կապող օղակը  պետք է լինի:

-Պարո՛ն Տեր-Առաքելյան,  մի առիթով ասացիք, որ տղամարդու խոսքը պետք է արժեք ունենա: Ի՞նչ նկատի ունեիք:

-Նկատի ունեմ խոսքի ուղիղ իմաստը, քանի որ մենք ապրում ենք փոքր պետության մեջ և ունենք շատ փոքր մայրաքաղաք, մեկս մյուսին անպայման ճանաչում ենք, իսկ եթե չենք ճանաչում, ապա գիտենք` ով ով է: Մենք մեզ համարում ենք ավանդապաշտ և ազգասեր ժողովուրդ, որը հետևում է իր ավանդույթներին և պահպանում սովորույթները: Գաղտնիք չէ, որ տոհմաբանությունը պահպանող ազգերի թվին են դասվում հրեաները և հայերը: Համաշխարհային վիճակագրության արդյունքում պարզվել է, որ հրեաները իրենց արյան մաքրությունը պահպանում են 91-93%, իսկ ահա հայերը արյան մաքրությունը պահպանում են 94-96%: Սա խոսում է այն մասին, որ հայը երկրագնդի որ մասում էլ լինի, որպես ամուսին կամ հարսնացու անպայման հայի է ընտրում, որպեսզի մեր արյունը չխառնվի այլ  ազգերի արյան հետ, և մեր երեխան լինի զտարյուն հայ: Ես հպարտանում եմ մեր գաղափարախոսությամբ, որը մեր մեջ սերմանել են մեր նախնիները, և որը մեզ ժառանգություն է թողել հետևյալը. ՙԱյն տղամարդն է վեհ, ով գիտի իր խոսքի արժեքը և  հպարտ է այն տղամարդը, որի խոսքը ծանրակշիռ է՚: Թեև մենք երբեմն անտեսում ենք այն փաստը, որ մեր պահվածքի և մեր արարքների համար հետագայում մեր հետնորդներն են կրում բարոյական պատասխանատվություն. կարմրե՞լ թե հպարտանալ, դա պայմանավորված է մեր այսօրվա պահվածքով:

 -Մենք այսօր մտածո՞ւմ ենք վաղվա մասին:

-Մենք ապրում ենք այսօրով և չենք մտածում վաղվա մասին` հաճախ մոռանալով, որ ամեն ինչ փոփոխական է: Չեմ կարծում, որ կգտնվի մի տղամարդ, ում համար խոսքի արժեքը կլինի երկրորդական կամ երրորդական: Պետք է հանդուրժող լինել և հարգանքով վերաբերվել դիմացինին` անկախ նրա սոցիալական դիրքից և պաշտոնից: Ես կարծում եմ` հարգանքը լինում է երկու տեսակ: Առաջինը նվաճվող հարգանքն է, երբ մարդն իր պահվածքով, աշխատանքով, իր ստեղծած ընտանիքի կեցվածքով, բարոյականությամբ, մերձավորին օգնելու և օգտակար լինելու ձգտմամբ տարիների ընթացքում  նվաճում է իր շրջապատի և հանրության հարգանքը: Այստեղ պետք է շատ ուշիմ լինել, քանի որ ընտանիքի անգամ մեկ անդամի ոչ պատշաճ պահվածքի պատճառով ողջ ընտանիքը կարող է կորցնել իր վաստակած հարգանքն ու պատիվը: Ապրելով մեր քաղաքում` պետք է լինել շատ նրբանկատ և աչալուրջ, պահպանել այն կրեդոները, որոնցով մենք քննություն ենք տալիս Աստծո և մեր հանրության առջև ամեն օր:

Երկրորդը ձեռք բերվող հարգանքն է: Ցավոք, բոլորս գիտենք, որ դա կատարվում է ևս երկու ճանապարհով` ուղղակի գնման միջոցով, երբ վճարում ես մարդուն, որ նա ցույց տա, թե քեզ հարգում է և լինի քո կողքին: Մյուսը լինում է ի պաշտոնե, որն ամենադաժանն է հենց պաշտոնյայի համար, քանի որ պաշտոնի նշանակվելուց անմիջապես հետո շատ հանկարծակի ի հայտ են գալիս մանկության ընկերներ, մոռացված բարեկամներ, հարևաններ և դառնալով քեզ բարին ցանկացողներ` դառնում են շրջակա նազիր-վեզիրներ: Հայտնվում են այնպիսի մարդիկ, ովքեր քո ամեն մի արտահայտած բառին տալիս են մեծ արձագանք, ասում, որ դու հանճար ես  և քեզ սկսում են համեմատել Նոստրադամուսի հետ: Քո ամեն մի արարքը ընդունում են որպես օրենք և, չգիտես ինչու, նրանք պատրաստ են անգամ իրենց կյանքը զոհաբերել քեզ համար, խնջույքներում աշխատում են կողքիդ նստել, բաժակդ լցնել, առաջինը խմել քո կենացը, դառնալ ընտանիքիդ բարեկամը և այսպես շարունակ: Հենց նման բաներով էլ շրջապատը դատում է, թե ով ինչքանով է քեզ մտերիմ: Խոսքս այնպիսի մարդկանց մասին է, ովքեր չունեն իրենց ՙԵս՚-ը, իրենց խոսքի արժեքը, ապրում են հարստության մեջ, բայց հանդես են գալիս ուրիշի դեմքով, ուրիշի ՙԵս՚-ով: Իսկ եթե այս պաշտոնյային աշխատանքից ազատում են, նման մարդիկ առաջինն են լքում նրան և փնտրում մեկ այլ  պաշտոնյայի, ում հետ կսկսեն մտերմանալ` քավոր-սանիկություն անելով: Ժողովրդի մեջ շատ է խոսվում այն մասին, որ աթոռը փչացնում է մարդուն: Կարծում եմ` դա այնքան էլ այդպես չէ, աթոռը չի կարող փչացնել  պաշտոնյային, պաշտոնյային փչացնում են իր կողքին հավաքված նազիր-վեզիրները, իհարկե, այստեղ ամենամեծ մեղավորը հենց պաշտոնյան է, ով ինքն է տեղիք տալիս այդ ամենին և հավատում, որ ինքն իրոք Նոստրադամուսն է: Հիմա շատերին կարելի է հանդիպել, ովքեր կարճ ժամանակ առաջ պաշտոնյա էին, ում կողքին միշտ նազիր-վեզիրներ կային, որոնք, սազը ձեռքներին գովաբանելով իրենց սազավորին, հպարտ-հպարտ քայլում էին, իսկ հիմա հանդիպում եմ մի քանիսին, որոնք փողոցում քայլում են մենակ, մոլորված, չգիտեն` ում բարևեն, ում` ոչ, ում երեսին նայեն, ումից աչքերը փախցնեն, թե ում որքանով են ցավացրել, իրենք էլ չգիտեն: Նրանք չեն կարողանում հաշտվել այն մտքի հետ, որ իրենք այլևս պաշտոնյա չեն, և իրենց շրջապատող նազիր-վեզիրներն արդեն չկան: Կարծում եմ` մարդը պետք է իր սեփական դեմքն ունենա, որով պետք է հպարտանա իր ընտանիքի և իր շրջապատի առջև:                                                                                                      

Կցանկանայի անդրադառնալ Ձեր նախորդ համարի ՙԵրիտասարդ գործարարներ՚ խորագրին և շնորհակալություն հայտնել Ձեզ, որ նաև Ձեր միջոցով հասարակությունը ծանոթանում է նրանց գործունեությանը: Ես հպարտանում եմ` տեսնելով, որ ձևավորվել է մի սերունդ, որը, վստահ եմ, անպայման կծաղկացնի  մեր հողն ու ջուրն  իր գաղափարախոսությամբ: Դրա վառ օրինակներ են մի քանի կարգախոսներ, որոնք ինձ շատ ոգեշնչեցին.

     . Արտաշես Գաբրիելյան` ՙՑանկանում եմ օգտակար լինել հայրենիքին և

                                                                հասարակությանը՚,

    .  Հովհաննես Թովմասյան` ՙԱպրում և աշխատում եմ որպես մարդ՚,

    .  Վահե Կարապետյան`  ՙԿյանքում լինել ազնիվ՚,

    .  Արմեն Նազարյան`  ՙՍտեղծել կազմակերպություն, որը կստեղծի մեծ    

                                                                քանակությամբ աշխատատեղեր և ընդունվի

                                                                  ժողովրդի կողմից՚:

Ինչպե՞ս չհպարտանալ այսպիսի սերնդով: Ես էլ  երկու որդի և մեկ աղջիկ ունեմ, նրանք ևս շատ են աշխատում, որպեսզի ստեղծեն իրենցը, որ հասնեն իրենց նպատակներին: Սա կյանքի ուղու կառուցման փայլուն օրինակ է, երբ մարդը ստեղծում է իր ՙԵս՚-ը և հպարտանում նրանով:

-Պարո՛ն Տեր-Առաքելյան, վերջերս Ձեր նախագծերի հետ կապված շատ մեծ աղմուկ  բարձրացավ: Հետաքրքիր է` ինչպե՞ս կմեկնաբանեք Օպերայի տարածքին հարող մեծ փոսի վերաբերյալ  բարձրացված աղմուկը:

-Սկսեմ նրանից, որ Օպերային հարող  տարածքում մենք ձեռք բերեցինք արդեն իսկ հինգ տարի գործող ՙՕդեոն՚ սրճարանը, որից հետո դիմեցինք քաղաքապետարան` վերակառուցման աշխատանքներ սկսելու խնդրանքով և ստացանք քաղաքապետի որոշումը: Դրանից հետո մեր նախագիծը հաստատվեց, և մեզ տրվեց օրինական շինթույլտվություն, այսինքն` մենք գործել ենք օրենքի սահմաններում և ոչ մի ապօրինություն թույլ չի տրվել: Պարզապես, չգիտեմ ինչու, մեծ աղմուկ բարձրացվեց մի հասարակական կազմակերպության կողմից, որը, վստահ եմ, իր գործունեության ողջ ընթացքում մեկ ծառ անգամ չի տնկել և ոչ մի հանրօգուտ աշխատանք չի կատարել, բայց ուրիշի փողերը հաշվելու, նախանձով լցվելու, աղմուկ բարձրացնելու մասնագետ է:

Աղմուկից հետո նախագծի իրականացման աշխատանքները, չգիտես ինչու, դադարեցվեցին, և հինգ տարի գործող սրճարանը հավասարվեց հողին:

-Արդյոք չե՞ք ցանկանում վերականգնել գոնե նախկին տեսքը, քանի որ տեսնում ենք, որ արդեն իսկ գազոնապատել եք:

-Ինչպես գիտեք, այդ անորոշությունը ձգձգվեց երկու տարի, և ճիշտ չէր լինի քաղաքի կենտրոնում այդ տարածքը պահել որպես շինհրապարակ: Նորընտիր քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, ծանոթանալով ստեղծված իրավիճակին, առաջարկեց տարածքը ժամանակավորապես գազոնապատել: Քանի որ բոլոր փաստաթղթերն օրինական են, և մոտակա 25(քսանհինգ) տարվա հողի վարձակալ ճանաչվում ենք մենք, նա խոստացավ հարցին տալ օբյեկտիվ լուծում:

-Կուզենայի` խոսեք Ձեր` ոչ պակաս աղմկահարույց Նոյյան տապան նախագծի մասին, որը նախատեսել եք կառուցել Խոր Վիրապի տարածքում:

-Խոր Վիրապում Նոյյան տապան կառուցելու իմ նախագծի իրականացման առիթով ևս մարդիկ հայտնվեցին, հանձին Ժորես Խաչատրյանի, ովքեր շահագրգռված էին նախագիծը տապալել: Նախագծի մեջ ներգրավված էին գործարարներ  Կանադայից և Պարսկաստանից, ովքեր պատրաստ էին, ըստ պայմանագրի, նախագծի իրականացման առաջին փուլում ներդնել 40.000.000 (քառասուն միլիոն) ԱՄՆ դոլար: Այս նախագիծը կարող է շատ լուրջ դեր խաղալ Հայաստանում զբոսաշրջության զարգացման գործում: Ատվածաշնչում կարդալով, որ մարդկությունը երկրորդ  արարում է ստացել Արարատ լեռան լանջին, որտեղ հանգրվանել է Նոյյան տապանը, շատ զբոսաշրջիկների կհետաքրքրի գալ և տեսնել այն, քանզի այն մեր ազգային հպարտությունն է: Կան ազգեր, ովքեր պատմություն  չունեն, բայց տոներ են կազմակերպում միայն թե տուրիզմը զարգանա, օրինակ`  նարնջի տոն, լոլիկի տոն, ալյուրի տոն, իսկ մենք ունենք Նոյյան տապան, որի մասին կարելի է կարդալ նաև մուսուլմանական Ղուրանում: Մենք անգամ աչք ենք փակում այն փաստի վրա, որ այդ տարածքում եղել է մեր երբեմնի մայրաքաղաք Արտաշատը, որը գծագրվել է մեծն Հաննիբալի կողմից և կառուցվել է Արշակ թագավորի տիրապետության ժամանակ: Ըստ մեզ հասած տեղեկության` Արտաշատը եղել է հունահռոմեական քաղաք` իր մեծ թագավորական պալատներով և կառույցներով (մ.թ.ա. 189թթ.): Ահա այս հպարտությունը գետնի տակ է գտնվում մոտ երեք հազար տարի: Այս մասին իմանալով` մենք պատրաստակամություն հայտնեցինք ՙՆոյյան տապան՚ նախագիծը տեղափոխել ոչ հեռու գտնվող բլրի վրա, որը ոչ մի արժեք չի ներկայացնում իրենից որպես տարածք: Մենք հանդես եկանք պեղումներ կատարելու և Արտաշատ քաղաքը հայտնաբերելու նախաձեռնությամբ` Հայաստան հրավիրելով արտասահմանցի հնագետների և օգտագործելու նրանց փորձը: Մենք բարոյական իրավունք չունենք մեր պատմությունը, երբեմնի քաղաքակրթությունը չբացահայտելու:  Այս առաջարկին Ժորես Խաչատրյանը և նրա նմանները շատ բացասական արձագանքեցին` ասելով, որ երեք հազար տարի չեն գտել, մի այդքան էլ չեն գտնի: Ժորես Խաչատրյանը պնդում է, որ Արտաշատ քաղաքի մասունքներն ինքը դեռ երեք հարյուր տարի պետք է պեղի: Իմ առաջարկած ավելի հարմար լուծումից` արտասահմանից հրավիրել  մասնագետներ,  ովքեր շատ արագ կհայտնաբերեն այդ մասունքները, ի զարմանս ինձ, նա հրաժարվեց` ասելով, որ ոչ ոքի միջամտությունն իրեն պետք չէ, ինքը մենակ է ուզում իրականացնել այդ աշխատանքները: Նա նույնիսկ ասաց. ՙՄիայն իմ դիակի վրայով՚: Ես մեծ զարմանք ապրեցի, որ մարդն, ով ներկայանում է որպես ազգային արժեք պահպանող անձ և գիտնական,  հրաժարվում է այդպիսի առաջարկից. չէ՞ որ նրանք այդ տարածքը պեղում են դեռ 1974թ. և  մինչև հիմա  շոշափելի  արդյունքի չեն հասել:  Տեղի գյուղացիներն ինձ բացատրեցին, որ նրան շահավետ չէ, որ ինչ-որ մեկը մտնի այդ տարածք և այնտեղ օրինական պեղումներ կատարի, քանզի նա այդ տարածքի պեղումների արդյունքում է ստացել իր գիտական կոչումները: Երբ մենք փորձեցինք տարածքը մաքրել և հինգ հարյուր  նաիրյան բարդի տնկեցինք, Ժորեսը և նրա նմանները մեծ աղմուկ բարձրացրին, թե ՙՀին Էրիվանի՚ Մանվելը կառուցում է Նոյյան տապան թանգարանը: Իմ գործընկերներն էլ հիասթափվեցին, քանի որ  եթե ծառ տնկելու համար աղմուկ են բարձրացնում, ի՞նչ կլինի, եթե այդտեղ մեծ գումարներ ներդրվեն: Նրանք հեռացան նրանց պատճառով, ովքեր մեկ  ծառ անգամ չեն տնկել, պետությանը որևէ ձևով չեն օգնել, իսկ բարդիները կանգնած էլ չորացան: Ինձ փոքրուց դաստիարակել են, որ ծառ կտրելու համար դատապարտվում են, բայց չգիտեի, որ ծառ տնկելու համար էլ կարող են մարդուն վարկաբեկել:                                                                                                                                                                     

 -Պարո՛ն Տեր-Առաքելյան, Դուք Ձեր կյանքում  երբևէ ներողություն խնդրե՞լ եք,                     ինչպե՞ս կմեկնաբանեք ներողություն բառի սինդրոմը: 

-Ինչպես Աստվածաշնչում է գրված` չկա մարդ, ով մեղքեր չի գործում, մենք բոլորս ենք  մեղքեր գործում և դրա միակ փրկությունը  Աստծո առաջ մեղա գալն է, քո մեղքը գիտակցելն ու ընդունելն է: Սա նույնն է, թե քո կատարած սխալի համար դիմացինիդ ասես. ՙՀայցում եմ Ձեր ներողամտությունը՚: Կարծում եմ` դրա մեջ մեծ փիլիսոփայություն կա, ներողություն խնդրելով` դու ավելի ես բարձրանում, քան եթե  խուսափեիր  այդ բառից: 

Հարցազրույցը` Սուսաննա Թամազյանի

                



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...