05:15
12/23/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
ՀՀ ամենաերիտասարդ նախարարությունը ներկայացնում է իր ձեռքբերումներն ու առաջիկա անելիքները

2013-02-06 14:01

«Դե Ֆակտո» 70 էքսկլյուզիվ

Սփյուռքի նախարարությունը Հայաստանում ամենաերիտասարդն է: Ընդ որում երբ նախարարությունը նոր պետք է բացվեր, շատերը տարակուսում էին` կարդարացնի՞ այն իր գոյությունը, թե ոչ:

-Տիկի՛ն Հակոբյան, գոյության և գործունեության այս մի քանի տարվա փորձն ունենալով` ի՞նչ կպատասխանեք տարակուսողներին: Ձեռքբերումներ ունեցե՞լ եք:

- Հարցն, իհարկե, պարունակում է մի շարք ենթահարցեր, որոնց պատասխանները տալիս են Հայրենիք-Սփյուռք մերձեցման, ՀՀ պետական նոր քաղաքականության որդեգրման, Սփյուռքի նախարարություն ստեղծելու անհրաժեշտության և մեր գոյության 3 տարիների ընթացքում ծավալած գործունեության պատկերը:

Ուստի, նախարարության ստեղծման հարցում տարակուսողները նախ հարկ է պատկերացնեն, որ համաշխարհային, տարածաշրջանային մարտահրավերների և մրցակցության պայմաններում, մեր նորանկախ պետությունը իր դինամիկ զարգացման համար նախևառաջ պետք է համագործակցի Սփյուռքի հետ, և օգտագործի 7 միլիոն աշխարհասփյուռ հայերի հնարավորությունները:

Ակնհայտ է, որ Սփյուռքը գլոբալացվող աշխարհում նոր որակ և դերակատարություն է ստանձնել: 1991-2008թթ. Սփյուռքի հետ հարաբերությունները զարգացել են, սակայն ոչ համակարգված և ոչ հստակ քաղաքականության պայմաններում: Նման հսկայածավալ ռեսուրսի առկայության պայմաններում Հանրապետության նախագահը նախաձեռնեց Հայրենիք-Սփյուռք գործակցության զարգացմանը պետական մակարդակ  հաղորդել և ստեղծել կառավարման մարմին:  Նախարարություն, որը Հայրենիք-Սփյուռք գործակցության ընդլայնման և Սփյուռքի ներուժը հանուն հայրենիքի զարգացման առավելագույնս օգտագործելու խնդիրը պետք է համակարգեր:

Ուստի, նախարարության գործունեության հիմքում դրվեց համազգային հետևյալ կարևորագույն խնդիրների լուծման օժանդակությունը`

                Հայոց պետության զորացումն ու առաջընթացը,

                Արցախի անկախ և անվտանգ գոյության  ապահովումը, և ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչումը,

                հայապահպանությունը և հայ  ինքնության ամրապնդումը,

                հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործընթացի ընդլայնումը, 

                հայ եկեղեցու շուրջ հայ ժողովրդի համախմբումը:

Մեր գործունեության լավագույն արդյունք կարելի է համարել ՙԱրի տուն՚, ՙՄեր մեծերը՚ համահայկական ծրագրերը, համահայկական մի շարք վիրտուալ ծրագրերի (համահայկական գրադարան, թանգարան, թերթ`ՙՀայերն այսօր՚) գործարկումը, համահայկական մասնագիտական ավելի քան 24 համաժողովների կազմակերպումը և դրանց արդյունքում ձևավորված համահայկական մասնագիտական հանձնախմբերի աշխատանքը: Ուրախալի է, որ Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում կայացած ՙՇանհայ Էքսպո-2010՚ խոշորագույն համաշխարհային ցուցահանդեսին Հայաստանը ներկայացավ ՙԱշխարհի քաղաք՚(«The City of the Worldե) նախագծով, որը ներկայացրել էր Ճարտարապետների համաժողովի արդյունքում ձևավորված հանձնախումբը:

Նախարարության գործունեության առանցքում են համայնքների ինքնակազմակերպմանը նպաստելու, համայնքներում ստեղծված մեր արժեքների հաշվառման և համայնքների պատմության արձանագրման, փաստահավաքման խնդիրները: Իրականացվող ուսումնասիրությունների արդյունքում տպագրվել է ավելի քան 40 ուսումնասիրություն, հետազոտություն, արևմտահայերենի դասավանդման համար համահայկական դասագրքեր` կրտսեր, միջին և ավագ դասարանների համար և այլն:

Սփյուռքի նախարարության հիմնական

առաքելությունը հայապահպանությունն է

-Որքանո՞վ է արդյունավետ նախարարության միջամտությունը այդ գործում` համեմատած այն տարիների, երբ նախարարությունը գոյություն չուներ: Արդյոք խոչընդոտներ չկա՞ն թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում, որոնք թույլ չեն տալիս լիարժեքորեն իրականացնել ձեր առաքելությունը:

-Սփյուռքի նախարարությունն արդեն բավական աշխատանք է տարել Հայրենիք-Սփյուռք գործակցությունը հզորացնելու, զարգացնելու, ինչպես նաև հայապահպանության, մեր հայրենակիցներին ազգային ինքնության գաղափարի շուրջ համախմբելու ուղղությամբ:

Նախարարության օգնությամբ Սփյուռքի կարևոր խնդիրներն ու հարցադրումները քննարկման առարկա են դառնում ՀՀ կառավարությունում, այսինքն` պետականորեն ուշադրության արժանանում։ Սա նշանակում է, որ Սփյուռքի կրթական, մշակութային, հասարակական-քաղաքական, բարեգործական, կրոնական, երիտասարդական, լրատվական և այլ կազմակերպությունների գործունեության մշտական օրակարգում գտնվող խնդիրների լուծմանն ուղղված ջանքերին իր հանձնառությունն է բերում Հայաստանի Հանրապետությունը` պետականության գործիքների ողջ զինանոցով:

Ապրիլին կմեկնարկի ՙԻմ Հայաստան՚ համահայկական փառատոնը, հուլիսին` ՙՍփյուռք՚ ամառային դպրոցը և այլն:

Ինչ վերաբերում է խոչընդոտ ասվածին, ասեմ, որ դրանք իրականում դժվարություններ են, որոնք պետք է լինեն. բազմաթիվ խնդիրներ կան, բայց աշխատանքի ընթացքում հաղթահարվում են:  

Ի տարբերություն մյուս գերատեսչությունների, մենք, նախքան  որոշումներ կայացնելը, խորհրդակցում ենք սփյուռքյան համահայկական կառույցների, միավորումների հետ:  Մենք մեր նախաձեռնություններն իրականացնում ենք, եթե մյուս կողմը համաձայնում է, մասնակցում է:

Սփյուռքի հետ մեր աշխատանքներն ընթանում են ճանաչել, վստահել, գործակցել սկզբունքով: Միայն վստահության ավելացմամբ է հնարավոր աշխատանքներն արագացնել:

Մենք հաճախ ենք հանդիպում գիտական, վերլուծական, համահայկական կառույցների ղեկավարներին, որովհետև նրանց հետ քննարկելու բազում հարցեր կան և նրանց հետ որոշակիացվում են մեր գործունեությունը, նախանշվում են հետագա քայլերը:

Մեր գործունեությամբ, Հայաստանում իրականացվող բարեփոխումների շնորհիվ պետք է օգնենք, որ Սփյուռքն ավելի համախմբվի, ավելի կազմակերպված լինի, ավելի հավատա և վստահի հայրենիքին:

Հայապահպանության գլխավոր զենքը կրթօջախն է: Այնինչ միայն որոշ գաղթօջախներում կան հայկական դպրոցներ: Դրանք էլ հիմնականում կիրակնօրյա կամ եկեղեցիներին կից դպրոցներ են, որտեղ հայագիտական առարկաներ են դասավանդվում:

-Այդ դպրոցներն ունեն արհեստավարժ մասնագետների ու դասագրքերի, հաճախ նաև` գոյատևման համար ֆինանսական միջոցների անհրաժեշտություն: Նախարարությունը որևէ ծրագիր իրականացնո՞ւմ է այդ խնդիրները հոգալու համար:

 -ՀՀ Սփյուռքի նախարարությունը ընդունելով հայապահպանությունը, որպես ազգային անվտանգության հիմնարար արժեք` սփյուռքահայության ազգային ինքնության պահպանումն ու զարգացումը համարում է իր գերակա խնդիրը և Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման հիմնադրույթներից առաջնայինը: Լեզվամշակութային ուծացմանը դիմակայելու և լեզվամշակութային ինքնության պահպանության խնդրում նախարարությունը մեծապես կարևորում է  Սփյուռքի լեզվավիճակի ուսումնասիրությունը, իրավիճակի համալիր վերլուծությունը, Սփյուռքի կրթօջախների, մանկավարժների վերաբերյալ տեղեկությունների բազայի ամբողջացումը, տարածաշրջանային հիմնախնդիրների առանձնացումը: Ուշադրության կենտրոնում են պահվել ամենօրյա և մեկօրյա դպրոցների հիմնախնդիրները, Սփյուռքի համար մասնագետների` ուսուցիչների, հայագետների, սփյուռքագետների պատրաստման, վերապատրաստման հարցերը, որոնք մշտապես քննարկվել են համապատասխան գերատեսչությունների, հայաստանյան մասնագիտական և սփյուռքյան կառույցների հետ: Կրթօջախների խնդիրներին ու առանձնահատկություններին համապատասխան, մշակվել և իրագործվում են բազմաթիվ տարածաշրջանային, այդ թվում` Հարավային Ամերիկայի, Մերձավոր Սփյուռքի, ԱՊՀ երկրների հայ համայնքների կրթամշակութային խնդիրների լուծմանն աջակցության  ծրագրերը:

Իրականացրել ենք աշխարհասփյուռ հայության ազգային ինքնության պահպանման գործում մայրենի լեզվի պահպանման ու տարածման, հայեցի կրթության ու դաստիարակության գործում հայ դպրոցի, սփյուռքահայ ուսուցիչների  դերի, վարկանիշի բարձրացման, հայապահպանական գործունեության խրախուսման, հայկական կրթօջախներին  աջակցության բազմաթիվ ծրագրեր, մրցույթներ, մրցանակաբաշխություններ:

Սփյուռքում գործում են տարբեր կրթական մակարդակ ապահովող կրթօջախներ, որոնցից շատերն, իրոք, ունեն ուսուցիչ-մանկավարժների խիստ կարիք: Ցավոք, առայսօր չի լուծվում պետական միջոցների հաշվին Սփյուռքի դպրոցները մանկավարժ մասնագետներով լիարժեք  ապահովելու խնդիրը: Պետությունը  տրամադրում է պետ. պատվերի շրջանակներում տեղեր, սակայն հաճախ դրանք չեն լրացվում:

2009-20011թթ. Սփյուռքի նախարարության աջակցությամբ` ընդլայնվել է սփյուռքահայ ուսուցիչների Հայաստանում վերապատրաստման ծրագիրը:

Տարածաշրջանային վերոնշյալ ծրագրերի շրջանակներում վերապատրաստման դասընթացներ են կազմակերպվել տեղերում, այդ թվում` երկամսյա ծրագիր Արգենտինայում և Բրազիլիայում, այս տարի նախատեսվում է` Ռուսաստանի հարավի հայ համայնքներում:

Սփյուռքի նախարարությունն իրականացնում է ՙԱջակցություն համայնքներին` Սփյուռքի դպրոցներին ուսումնական և հանրամատչելի գրականությամբ, համայնքային կազմակերպություններին ՀՀ խորհրդանիշերով ապահովման և առաքման՚ ծրագիրը:

Վերջին չորս տարիներին Սփյուռքի կրթօջախներից, ուսումնական, մշակութային, համայնքային կազմակերպություններից, այլ հաստատություններից ստացվող հայտերի թիվը գնալով աճել է. եթե մինչև 2008թ. Սփյուռքին տարեկան միջինը տրամադրվում էր 10-15 հազ. կտոր դասագիրք, իսկ այսօր մոտ 50 հազար կտոր դասագիրք: 

Մի շարք տարածաշրջանների երկրների համայնքային կառույցների, հայկական կազմակերպությունների հետ աշխատանքների արդյունքում, վերջին տարիներին ստեղծվել է շուրջ 100  նոր` մեկօրյա դպրոց` ՌԴ-ում, Եվրոպական երկրներում, ԱՄՆ-ում:

Սփյուռքի կրթօջախներին, հայ մանկավարժներին, հայագիտական առարկաների ուսուցիչներին ուսումնամեթոդական, արտադասարանական աշխատանքներին աջակցության նպատակով, հայաստանյան և սփյուռքյան կրթօջախների միջև իրականացվում է ՙՔույր դպրոցներ՚ ծրագիրը:

2010թ. կազմակերպվել են ՙԱրևմտահայերեն միասնական դասագրքերի ստեղծման սկզբունքները՚ գիտաժողովը և ՙԱրևմտահայերենի ուսուցման վիճակը Սփյուռքում՚ համաժողովը, որոնց արդյունքում կազմավորվել են Սփյուռքի համար արևմտահայերենի միասնական դասագրքերի ստեղծման մասնագիտական հանձնախմբեր: Ստեղծվել են Արևմտահայերենի Այբբենարանը, Ընթերցարան-1 և Ընթերցարան-2 դասագրքերի էլեկտրոնային տարբերակները: Մինչև մարտի 30-ը կտպագրվեն դասագրքերը և կտրամադրվեն Սփյուռքի  կրթօջախներին:

Սփյուռքի երիտասարդության Հայաստան այցելությունների ՙԱրի տուն՚ ծրագրով իրականացվում են Սփյուռքի երիտասարդների համար հայրենագիտության, լեզվի արագացված ուսուցման դասընթացներ: 

Սփյուռքագիտության ոլորտում մասնագետների պատրաստման ծրագրի  շրջանակներում, 2009թ. նախարարության նախաձեռնությամբ ԵՊՀ-ում ստեղծվեց սփյուռքագիտության ամբիոն, այս տարի ամբիոնը տալիս է իր երկրորդ շրջանավարտ-մագիստրոսներին:

2009թ.-ից համացանցում գործում է արևելահայերենից արևմտահայերեն և հակառակը առցանց փոխարկիչ ծրագիրը, որն արդեն իր հիմքում 60.000 բառ ունի:

2010թ. հիմնադրվել` և շարունակվում է համալրվել նախարարության էլեկտրոնային գրադարանը, ուր տեղադրված է շուրջ 550 կտոր ուսումնական, ուսումնաօժանդակ նյութեր, որոնք օգտակար են Սփյուռքի դպրոցներին, ուսուցիչներին` հայեցի կրթության և դաստիարակության գործընթացները կազմակերպելիս:

2010թ. կազմակերպվում է ՙՀայապահպանության գործում ունեցած ավանդի համար՚ ամենամյա մրցանակաբաշխություն` ՀՀ Սփյուռքի նախարարության և Համաշխարհային հայկական կոնգրեսի համատեղ ուժերով: 2010թ. անցկացվել է ՙԼավագույն հայկական կրթօջախ՚, 2011թ.` ՙՄայրենիի լավագույն ուսուցիչ՚ անվանակարգերով մրցույթները, խրախուսվել է Սփյուռքի 31 ամենօրյա, 31` մեկօրյա դպրոց, հայոց լեզվի 49 ուսուցիչ:

Անցկացվել է ՙՀայրենի՛ք, քեզ այսպիսին եմ տեսնում՚ Սփյուռքի երեխաների նկարների մրցույթ:

2009 թվականից ավանդական են դարձել ՙՄեր մեծերը՚ ծրագիրը, մայրենիին նվիրված միջոցառումները, որոնց իրականացմանն աջակցելու նպատակով ստեղծվում, հավաքագրվում են նյութերի, խտասալիկների, ձայնասկավառակների, գրքերի փաթեթներ և հատկացվում սփյուռքյան կրթօջախներին, ուսուցիչներին:

Երևանի պետական համալսարանի բազայի վրա 2012թ. կազմակերպում ենք ՙՍփյուռք՚ ամառային դպրոց`  ուր կգործեն.

                հայոց լեզվի արագացված դասընթաց,

                ազգային երգի ու պարի խմբավարների, պարուսույցների վարպետության դասընթացներ,

                կրթօջախների ուսուցիչների, տնօրենների, կազմակերպիչների վերապատրաստում,

                սփյուռքահայ երիտասարդ առաջնորդների դպրոց,

                Սփյուռքի լրագրողների դպրոց:

-Հայկական գաղթօջախներում եթե կան հայկական հեռուստատեսություն, ռադիո, մամուլ, հաճախ ավելի առաջադեմ, զարգացած չեն, քան Հայաստանում: Ինչո՞ւ է այդպես` անհրաժեշտ կադրե՞ր չկան, ֆինանսական միջոցնե՞րն են սուղ: Նախարարությունը որևէ կերպ աջակցո՞ւմ է մեր հայրենակիցներին: Ի վերջո, Սփյուռքի հայկական ԶԼՄ-ները ևս հայապահպանության հզոր միջոց են:

 -Սփյուռքում գործող հայկական զանգվածային լրատվամիջոցներն, անկասկած, կարևոր գործոն են հայապահպանության, Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման և զարգացման, հայկական ազգային ավանդույթների և մշակութային արժեքների պահպանման և տարածման, լեզվամտածողության, տեղեկատվության ներկայացման գործում:

Զանգվածային լրատվամիջոցների պահպանման, բնականոն գործունեության ապահովման և հայության առավել լայն շրջանակներին հասանելի դարձնելու համար անհրաժեշտ են համապատասխան ֆինանսական միջոցներ, ինչը, ցավոք, Սփյուռքի ԶԼՄ-ի գերակշռող մեծամասնության համար չլուծված, օրակարգային խնդիրներից է, քանի որ դրանց հիմնական մասը գոյատևում  են բարերարների, հիմնադրամների միջոցներով:

2010թ. հոկտեմբերի 12-16-ը նախարարության նախաձեռնությամբ Արցախում կազմակերպվեց հայ լրագրողների 5-րդ համահայկական համաժողովը, որին մասնակցեց շուրջ 200 ԶԼՄ-ի ղեկավար և լրագրող` 26 երկրներից: Հայկական երկրորդ հանրապետության մայրաքաղաքում կայացան բազմաբովանդակ և արդյունավետ քննարկումներ և հենց Սփյուռքի ԶԼՄ-ի ներկայացուցիչներն իրենք բարձրաձայնեցին խնդիրներ, եղան քննարկումներ: Ստեղծվեցին հայ լրագրողների 5-րդ համահայկական համաժողովի համակարգող և գործադիր մարմիններ, որոնք պարբերաբար նիստեր գումարելով` քննարկում են անելիքներն ու առաջիկա ծրագրերը: Սփյուռքի ԶԼՄ-ի տարածաշրջանային խնդիրների վերհանման և դրանց լուծմանն ուղղված ծրագրերի մշակման նպատակով նախարարության նախաձեռնությամբ կազմակերպվել են նաև Սփյուռքի հայ լրագրողների տարածաշրջանային հավաք-հանդիպումներ (ԱՄՆ, Լիբանան և այլն):

Ի կատարումն համաժողովի որոշման, 2011թ. հունիսի 27-ից հուլիսի 16-ը նախարարությունը ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի հետ կազմակերպեց  ՙՍփյուռքի ԶԼՄ երիտասարդ լրագրողների դպրոցը՚:

Ծրագրի ընթացքում Սփյուռքի երիտասարդ լրագրողները հնարավորություն ունեցան տեսական և գործնական գիտելիքներ ստանալ Հայաստանի ճանաչված և բազմափորձ լրագրողներից, կազմակերպվեցին գործնական պարապմունքներ հայաստանյան ԶԼՄ-ում, ծանոթացան Հայաստանի Հանրապետության ներքին և արտաքին քաղաքականությանը, պատմամշակութային վայրերին ու կոթողներին, ներկա գտնվեցին համահայկական նշանակության խնդիրներին նվիրված դասախոսություններին:

Սփյուռքի լրատվամիջոցներին խրախուսելու, աջակցելու և օժանդակելու նպատակ էր հետապնդում նաև ՀՀ Սփյուռքի նախարարության և Համաշխարհային հայկական կոնգրեսի կազմակերպած ՙՀայապահպանության գործում ունեցած նշանակալի ավանդի համար՚ մրցանակաբաշխությունը ՙԼավագույն հայկական լրատվամիջոց՚ անվանակարգում:

ՀՀ Սփյուռքի նախարարության 2012թ. ծրագրերում ևս կարևոր տեղ են գրավում Սփյուռքի լրատվամիջոցների հիմնախնդիրների լուծմանն ուղղված նախագծերն ու ձեռնարկները:

Նախարարությունը հայտարարել է ՙԱրցախն ակնթարթներում՚ լուսանկարչական մրցույթ, որի մասնակիցները պետք է մինչև մայիսի 28-ը ներկայացնեն լրատվամիջոցներում կամ այլ հրատարակչություններում արդեն լույս տեսած Արցախի հերոսամարտի տարեգրությանը, առօրյային, պատմամշակութային արժեքներին ու Արցախի շենացման գործընթացին վերաբերող լուսանկարներ, որոնք տարածված կլինեն տպագիր, էլեկտրոնային մամուլում կամ ֆոտո գործակալությունների կողմից:

Հոկտեմբերի սկզբին նախարարության, ժուռնալիստների միության և  լրատվամիջոցների համահայկական ընկերակցության նախաձեռնությամբ Երևանում կկայանա Հայ լրագրողների 6-րդ համահայկական համաժողովը, որի ընթացքում կամփոփվեն 2012թ. մրցանակաբաշխության արդյունքները ՙԼավագույն հայկական լրատվամիջոց՚ անվանակարգում:

- Ձեր դիտարկումներով ո՞րն է ամենագործուն գաղթօջախը և ուծացմանն ամենաշատ վտանգվածը: Ըստ այդմ` նախարարությունը բոլոր գաղթօջախներում միանման միջոցառումնե՞ր է իրականացնում, թե գործում է ՙանհատական մոտեցման՚ սկզբունքով:

  -Հայկական համայնքներ գոյություն ունեն աշխարհի ավելի քան 100 երկրներում: Գաղթօջախներից յուրաքանչյուրը ունի իր ձևավորման  պատմությունը և գտնվում են զարգացման տարբեր փուլերում: Եղեռնից հետո  կազմակերպված և գործուն համայնքներ են ձևավորվել Միջին Արևելքի երկրներում, հատկապես` Լիբանանում, Սիրիայում, Ֆրանսիայում, Ամերիկայում, Ավստրալիայում:

Հայկական համայնքները, գործելով տարբեր միջավայրում, տարբեր մշակույթների ազդեցության տակ և տարբեր աշխարհաքաղաքական  միջավայրերում, իրարից առանձնանում են իրենց հիմնախնդիրներով, ուստի նախարարությունը նրանց աջակցելու համար մշակում և իրականացնում է տարածաշրջանային ծրագրեր` հաշվի առնելով առանձնահատկությունները: Այսինքն, ըստ Ձեր հարցադրման, գործում է ՙանհատական մոտեցման՚ սկզբունքը: Չնայած, որ մենք աշխատում ենք նաև մեր կողմից կազմակերպվող միջոցառումներում ներառել տարբեր համայնքների ներկայացուցիչներին: Այսօր գործում է Լատինական Ամերիկայի երկրների, Մերձավոր Սփյուռքի երկրների և ԱՊՀ երկրների հայկական համայնքների կրթամշակութային խնդիրների լուծման տարածաշրջանային ծրագրերը:

- Կարելի՞ է ասել, թե Սփյուռքն այսօր միակուռ, զորեղ կառույց է, որի գործողություններն ու գաղափարները համաձայնեցված են: Կա՞ համակարգող մարմին, կամ գուցե նախարարությունն է ստանձնել այդ մարմնի դերը:

-Մենք այսօր չենք կարող պնդել, որ հայկական Սփյուռքը միակուռ և միասնական կառույց է, որի տարբեր հատվածների գործողությունները և գաղափարները լիովին համաձայնեցված են իրար հետ: Հեշտ գործ չէ 7 միլիոնանոց բազմամշակույթ, բազմալեզու և բազմակրոն Սփյուռքը միավորել մեկ միասնական կառույցի մեջ: Սակայն, կան մի քանի համազգային գաղափարներ, որոնց շուրջ հնարավոր է, և համախմբվում է ամբողջ հայությունը: Դրանք են` հայկական պետականության հզորացումը, Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի արդարացի լուծումը, հայոց ցեղասպանության համընդհանուր ճանաչումը և հետևանքների վերացումը, համախմբումը հայ եկեղեցու շուրջ, միավորումը: Տարբեր մակարդակներում քննարկվել և շարունակվում են քննարկումները, հատկապես Սփյուռքում, համահայկական համակարգող մարմնի ստեղծման գաղափարի շուրջ: Այդ հարցում կարող են լինել տարբեր մոտեցումներ: Նախարարությունը փորձում է հնարավորինս մոտիկից շփվել արդեն երկարամյա կենսագրություն ունեցող համահայկական կազմակերպությունների հետ:

-Սփյուռքում հայերի իրավունքների պաշտպանությանն ուղղված ծրագրեր գոյություն ունե՞ն, մանավանդ նոր ձևավորվող Սփյուռքի, երբ Հայաստանից գնացած հայը դեռ չի հարմարվել նոր միջավայրին և բազմաթիվ դժվարությունների առաջ է կանգնում բոլոր ոլորտներում` իրավական, բժշկական, կրոնական, աշխատանքային, բնակավայրի հետ կապված: Նախարարությունը այդ հարցում աջակցո՞ւմ է մեր հայրենակիցներին:

-Հայտնի է, որ նոր Սփյուռքը ձևավորվում է Հայաստանից գնացած աշխատանքային միգրանտների հաշվին: Եթե այդ աշխատանքային միգրանտները մեկնում են` նախօրոք անցնելով տվյալ երկրի կողմից սահմանված միգրացիոն քաղաքականության բոլոր օրինական էտապներով, ապա կանոնակարգվում են նաև նրանց իրավական, բժշկական, աշխատանքի և կեցության հետ կապված հարցերը: Չկանոնակարգված աշխատանքային միգրանտների դեպքում խնդիրն ավելի բարդ է, քանի որ նրանք հանդիսանում են ՀՀ քաղաքացիներ և նրանց իրավունքները պաշտպանվում են տվյալ երկրի այն օրենքներով, որոնք վերաբերում են օտարերկրացիներին ընդհանրապես, և նրանց հիմնահարցերով տվյալ երկրում զբաղվում են Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունները:

    Նախարարությունը իր գործունեության ընթացքում աշխատում է տվյալ տարածաշրջանում գտնվող բոլոր հայերին ներգրավել համայնքային ծրագրերում և իրականացվող միջոցառումներում, առանց տարբերակելու, թե տվյալ անձը ե՞րբ և ի՞նչ կարգավիճակով է հայտնվել Սփյուռքում:

-Երկքաղաքացիության գործընթացը որքանո՞վ է արդարացված, ի՞նչ արտոնություններ և սահմանափակումներ ունի կրկնակի քաղաքացիություն ունեցող անձը` մեր երկրում: Ի՞նչ է անհրաժեշտ երկքաղաքացիություն ստանալու համար: Կարծեմ նաև հաշվի է առնվում բանակում ծառայած լինել-չլինելու գործոնը:

- Երկրի սահմաններից դուրս ապրող 7 միլիոն հայերի համար երկքաղաքացիության ինստիտուտի ներդրումն ուղղակի անհրաժեշտություն է: Սփյուռքահայերի համար ՀՀ օրենսգրքում նշված է, որ յուրաքանչյուր անձ, օրենքով սահմանված կարգով, ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու իրավունք: Ազգությամբ հայերը Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն են ձեռք բերում պարզեցված կարգով, Հայաստանի Հանրապետությունում ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն, իսկ օտարերկրյա պետությունում` Հայաստանի Հանրապետության դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ ներկայացնում են համապատասխան փաստաթղթեր:

ՀՀ երկքաղաքացիների երեխան անկախ ծնվելու վայրից, ձեռք է բերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն: Նույն նորմը տարածվում է որդեգրված երեխայի վրա:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ընդունած այլ պետության քաղաքացին ազատվում է պարտադիր զինվորական ծառայությունից, եթե մինչև Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ընդունելը, ոչ պակաս, քան 12 ամիս ծառայել է այլ պետության զինված ուժերում կամ այլ պետությունում ոչ պակաս, քան 18 ամիս անցել է այլընտրանքային զինվորական ծառայություն, բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած պետությունների:

-Մինչ օրս քանի՞ սփյուռքահայ է դիմել երկքաղաքացիություն ստանալու համար, քանի±սն են ստացել և քանիսը` մերժվել:

-Հայաստանի Հանրապետության Սահմանադրության և ՙՔաղաքացիության մասին՚ Հայաստանի Հանրապետության օրենքում երկքաղաքացիությանն առնչվող համապատասխան փոփոխություններ կատարելուց հետո, ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմել է 223 քաղաքացի, իսկ 2011 թվականին` 14276 քաղաքացի։ Մեր նախաձեռնությամբ պարզեցվել են պահանջվող փաստաթղթերը, կրճատվել է քաղաքացիություն տալու ժամկետը, անձնագրերում անուն, ազգանունների տառադարձության հարցը: Ուրախալի է, որ գնալով մեծանում է երկքաղաքացի դարձողների թիվը:

ՀՀ Սփյուռքի նախարարությունը կոչված է խթանելու ներգաղթը և

աջակցելու ներգաղթյալ հայրենակիցներին:

-Ի՞նչ չափերի է հասնում հայրենադարձությունը և նախարարությունը հայրենադարձությունը խթանող ի՞նչ միջոցառումներ է իրականացնում, որքանո՞վ են դրանք իրատեսական: Ի՞նչ աջակցություն են ստանում Հայաստան ներգաղթածները:

-ՀՀ նախագահը նախարարության առջև դրել է ռազմավարական կարևոր խնդիր` զբաղվել հայրենադարձության խթանման ծրագրերի մշակմամբ:

Մշակվել է երկու հիմնարար փաստաթուղթ` ՙՀայրենադարձության գործընթացի կազմակերպման հայեցակարգ՚-ը և վերջինիս հիման վրա` ՙՀայրենադարձության մասին՚ ՀՀ օրենքը:

ՙՀայրենադարձության գործընթացի կազմակերպման հայեցակարգ՚-ը արժանացել է ՀՀ կառավարության հավանությանը, ՙՀայրենադարձության մասին՚ ՀՀ օրենքի նախագիծը գտնվում է ՀՀ Ազգային Ժողովում: Օրենքի ընդունումից հետո ուղղակիորեն կկարողանանք զբաղվել հայրենադարձության խթանման ծրագրերի մշակմամբ և իրականացմամբ: Օրենքի նախագիծը սահմանելու է հայրենադարձի կարգավիճակը, հայրենադարձվել ցանկացող մարդկանց դիմումի ձևը, Հայաստան գալու և հայրենադարձին քաղաքացիություն շնորհելու ընթացակարգերը, հայրենադարձին տրվող արտոնությունները, որոնք ընդգրկում են առողջապահության, կրթության, մշակույթի, սոցիալական, իրավական և այլ բնագավառները:

Քանի որ հայրենադարձի իրավական կարգավիճակ ՀՀ-ում դեռ գոյություն չունի, այդ ամենը որևէ տեղ չի արձանագրվում. ՀՀ հայրենադարձվածների թիվը նախարարությունը ճշտում է որոշակի փաստերի համադրմամբ` քաղաքացիություն ստացածների և ՀՀ-ում բնակարան գնողների քանակ, ՀՀ-ում կարճաժամկետ կամ երկարաժամկետ բնակություն հաստատող` ծագումով հայերի թիվ, այս կամ այն կարգավիճակով ՀՀ-ում գտնվող հայերի թիվը և այլն: Ընդհանուր առմամբ, կարող ենք ասել, որ մեկ տարվա կտրվածքով մոտ 4-5 հազար մարդ է տեղափոխվում Հայաստան՝ մշտական բնակության: Դարձյալ նկատի պետք է ունենանք, որ թիվը շատ մոտավոր է, քանի որ հստակ հաշվառում չի իրականացվում:

Պետք է նշել նաև, որ ՙՀայաստանի Հանրապետությունում բնակվող իրաքահայերի ինտեգրման հայեցակարգ՚-ը ևս հաստատվել է ՀՀ կառավարությունում, մշակվել են դրանից բխող միջոցառումներ, և դրանք իրականացվել են նաև նախարարության ակտիվ մասնակցությամբ:

-Այս կամ այն պետության մեջ քաղաքական լարված իրավիճակների դեպքում նախարարությունը միջոցներ ձեռնարկո՞ւմ է մեր հայրենակիցներին տարհանելու և Հայաստանում մշտական կամ ժամանակավոր կացարան հատկացնելու համար:

-Ինչ վերաբերում է այս կամ այն պետության մեջ քաղաքական լարված իրավիճակների դեպքում մեր հայրենակիցներին տարհանելու միջոցներին, ապա այն պետք է միայն պետության հովանավորությամբ կատարվի: Երբ Իրաքի լարված իրավիճակի հետևանքով իրաքահայերը եկան Հայաստան և ՀՀ կառավարությունը տեղեկացավ նրանց խնդիրների մասին, նախարարությանն անմիջապես հանձնարարվեց իրաքահայերի աջակցության ծրագիր մշակել: Հայաստանում բնակվող 750 իրաքահայերի համար մշակվեց ՙՀայաստանի Հանրապետությունում բնակվող իրաքահայերի ինտեգրման հայեցակարգ՚-ը, որտեղ ներառված էին իրավական, սոցիալ-տնտեսական, մշակութային, կրթական և այլ բնագավառների ինտեգրման հարցերը: Հայեցակարգը քննարկվեց մյուս գերատեսչությունների հետ և, արժանացավ ՀՀ կառավարության հավանությանը: Ծրագիրն արդեն մեկ տարուց ավելի է, ինչ գործում է, մի շարք նախարարությունների ներկայացուցիչներից ստեղծված է աշխատանքային խումբ, որն էլ իրականացնում է ինտեգրման ծրագրերը:

-Ներդրումային ի՞նչ ծրագրեր են իրագործվել հայրենիքում` նախարարության շնորհիվ: Մեծ չէ՞ սպառնալիքը, որ մեր երկրում բիզնեսի համար ստեղծված պայմաններում սփյուռքահայը կարող է հիասթափվել ու վաղ թե ուշ դադարեցնել իր գործունեությունը: Այդ գործարարների համար արտոնություններ կա՞ն` օրենսդրական, հարկային և այլն:

-Մեր նախարարության գլխավոր հիմնախնդիրներից մեկը հայ ներուժի հայտնաբերումն է և նրա օգտագործումը Հայաստանի զարգացման համար: Այդ իսկ պատճառով, նախարարությունն իր ստեղծման առաջին օրից նպատակահարմար գտավ ներուժի հայտնաբերման ամենաարդյունավետ ձևերից մեկը դարձնել մասնագիտական համաժողովների կազմակերպումը: Եվ մենք կարողացանք 23 և ավելի մասնագիտական ժողովներ գումարել, ստեղծել ընկերակցություններ, համահայկական ցանցեր, կապել Սփյուռքը Սփյուռքին, Սփյուռքը հայրենիքին և փորձել այդ համախմբման արդյունքում ներդրումների խնդիր լուծել հայրենիքում: Միաժամանակ, ինչպես հիշում եք, Հանրապետության նախագահը, Ջերմուկում դիմելով երիտասարդությանը, հորդորեց, բացատրեց և հրավիրեց բոլոր ուժերին, որոնք կարող են գալ և Հայաստանում ներդրումներ անել, որ կարողանան իրենց քաղաքը, իրենց տունը, իրենց փողոցը, իրենց հայրենիքը ծաղկեցնել: Այսօր հանրապետությունում տնտեսական միջավայրի, բիզնես միջավայրի, հարկային և մաքսային քաղաքականության որոշակի պարզեցում, հստակեցում է նկատվում: Գնալով ավելանում է մեր երկրում ներդրումների թիվը, համատեղ ձեռնարկությունների թիվը: Այսօր Հայաստանում գրանցված է 4500-ից ավելի համատեղ ձեռնարկություն մանր և միջին բիզնեսի ոլորտում: Իհարկե, ունենք նաև խոշոր բիզնեսի ներկայացուցիչներ, Էռնեկյանը, Թուֆենկյանը, Հովնանյանը և այլոք, բայց բոլոր դեպքերում առավել կշիռ է կազմում մանր և միջին բիզնեսը: Բնականաբար, ասել, որ բոլորը հաջողության են հասնում Հայաստանում, իհարկե, ոչ: Մի բան ակնհայտ է, որ Հայաստանում կա էժան աշխատուժ, և լեզվի դժվարություններ նույնպես չկան: Սակայն պարզ է, որ ինչպես և ամբողջ աշխարհում, ոչ բոլոր բիզնեսներն են կայանում, ոչ բոլոր բիզնեսներն են հաջողում: Եթե Հայաստանում 4500-ի մեկ  տոկոսը` 45 ձեռնարկություն, ասենք, չի հաջողել, բայց այդ 45-ից թեկուզ 5-ն էլ սկսեն մեծ աղմուկ բարձրացնել, ապա տպավորություն է ստացվում, որ ամեն ինչ վատ է: Եվ հենց այդ աղմուկն է, որ խանգարում է Հայաստանում ներդրումներն ավելի ակտիվացնել: Իհարկե, կան և օբյեկտիվ և սուբյեկտիվ դժվարություններ: Օբյեկտիվը այն է, որ շատ դեպքերում մեր հայրենակիցները գալով հայրենիք, իրենք են ընտրում իրենց գործընկերոջը, չեն հարցնում ոչ պետությանը, ոչ պաշտոնյային: Ում ճանաչում են, սկսում են նրա հետ բիզնեսը, իրենց գործը: Տարիների ընթացքում հենց իրենց միջև որևէ հակասություն է առաջանում, դժվարություն է առաջանում, մեկը մյուսին խաբում է, անմիջապես սկսում են աղմկել, որ Հայաստանը` պետությունը, իրենց խաբեց: Այստեղ պետության խնդիր չկա, գործընկերոջ խնդիր է: Ես ցավում եմ. ինձ համար անընդունելի է հայաստանցու նման վերաբերմունքը սփյուռքահայի նկատմամբ: Հայաստանցիները իրավունք չունեն խաբելու սփյուռքահային, հայաստանցին պետք է, ընդհակառակը, գրկաբաց ընդունի, ոգևորի իր հայրենակցին, որ նա գա, այստեղ հաստատվի և կարողանա բիզնեսը զարգացնել, աշխատատեղ ստեղծել: Մյուս կողմից էլ, սփյուռքահայը, հանիրավի, իր գործընկերոջ սխալները վերագրում է պետությանը: Լինում են նաև դեպքեր, երբ օրենքի հետ են առնչվում և փորձում են օրենքը շրջանցել: Ես կուզենայի դիմել մեր բոլոր հայրենակիցներին Հայաստանում թե Սփյուռքում. հիշենք` ավելի բարձր իշխանություն չկա, քան օրենքի իշխանությունն է, և մենք պարտավոր ենք օրենքը կատարել, կարևոր չէ, Հայաստանում թե Ֆրանսիայում, Լիբանանում թե Ամերիկայում: Եթե կա օրենք, որևէ մեկը իրավունք չունի օրենքը շրջանցելու: Մյուս բարդությունն էլ այն է, որ Սփյուռքում կարծես օդի մեջ տարածված է այն գաղափարը, որ եթե Հայաստանում են, անպայման իրենց կարող են խաբել, ձեռքից վերցնել,  թույլ չտալ, որ աշխատանքը զարգանա: Մենք ունենք շատ կայացած սփյուռքահայեր, որոնք եկել են, ներդրում են կատարել հայրենիքում և շահ են ստանում: Ինչքան շահ ստանան, այնքան մեր օգուտն է, որովհետև ստեղծում են աշխատատեղ, որովհետև պայքարում են աղքատության դեմ, պայքարում են արտագաղթի դեմ: Հետևաբար, ամեն մի բիզնեսի կայացում հայրենիքում` ամենամեծ հայրենասիրությունն է: Յուրաքանչյուր ծագած հարց պետք է մանրամասն ուսումնասիրվի, և պետք է ձեռնպահ մնալ մեկ կողմի փաստարկներով եզրակացություն անելուց: Պետք է երկու կողմին էլ լսել, երկու կողմերն էլ ծանրութեթև անել, ճիշտ եզրակացության հանգելու համար: Մեծ անելիք ունեն հեռուստաընկերությունները, էկոնոմիկայի նախարարությունը, մյուս կազմակերպությունները, ու մենք պետք է կարողանանք Հայաստանում հաստատված մեր հայրենակիցների լավագույն գործերը ներկայացնել Սփյուռքին: Կա ևս մի միտում, որ վերջին շրջանում, հատկապես բնակարանաշինության, բնակարանների առքուվաճառքի հետ կապված հարցերում սփյուռքահայերը Հայաստանում վստահում են սփյուռքահայերին, քանի որ  Սփյուռքի շատ ներկայացուցիչներ Հայաստանում զբաղվում են բնակարանաշինությամբ: Մեր հայրենակիցները գալիս են, նրանցից են բնակարան գնում, նրանց են պատվիրում բնակարանի կառուցումը և այստեղ էլ, ցավոք, առաջանում են բարդություններ: Արդեն քաշքշուկ կամ հակադրություն է առաջանում սփյուռքահայերի միջև, որը նույնպես ցանկալի չէ:

Եվ, ամփոփելով ձեր հարցը, կուզենայի ասել. եկեք գործենք օրենքի շրջանակներում, եկեք մեր բիզնեսը օտար երկրներում դնելու փոխարեն դնենք մեր հայրենիքում, հզորացնենք մեր հայրենիքը: Եթե բոլորս միայն երես թեքենք, բոլորս միայն բացասական խոսենք, ապա, իրոք, կխոչընդոտենք երկրի զարգացմանը: Իսկ ավելի մեծ հարստություն, քան Հայաստանն է, ես կարծում եմ, որևէ մեկը չունի, հայրենիքից ավելի բարձր, ավելի հոգևոր բան երևի, աշխարհում չկա: Դրա համար եկեք համատեղ ուժերով, ձեռք ձեռքի տված, Սփյուռքի նախարարությունն էլ պատրաստ է օգնել այս հարցերում, օգնենք, որպեսզի մարդիկ գան, հաստատվեն, կայանան, բիզնես զարգացնեն, և տա Աստված, որ այդ խաբեբայությունը, չարությունը, չկամությունը մեր միջից դուրս գա, բավական է, կանգ առեք մարդիկ, մտածեք ձեր հայրենիքի, ձեր ապագայի, ձեր ինքնության և ձեր երեխաների ապագայի մասին: Միայն Հայաստանի գոյությունն ու նրա հզորացումն է մեր ազգի ապագան:

- Չե՞ք կարծում, որ Սփյուռքը` որպես հայության մաս, իրավունք ունի մասնակցություն ունենալու հայրենիքի քաղաքական կյանքին, օրինակ` Ազգային ժողովում պատգամավորներ ընտրվեն նաև Սփյուռքից: Ի դեպ, մի քանի տարի առաջ բարձրացվել է երկպալատ Ազգային ժողով ստեղծելու գաղափարը: Ի՞նչ ճակատագրի արժանացավ այն:

-Հայաստանի Հանրապետությունը մենք հռչակել ենք համայն հայության հայրենիք: Դա նշանակում է` մեր պետության տնտեսական, սոցիալական, մշակութային և քաղաքական կյանքում պետք է իրոք մեծ դերակատարություն ունենան նաև սփյուռքահայերը: Մյուս կողմից, սահմանադրության բարեփոխումներից հետո, 2005թ մենք հիմք դրեցինք երկքաղաքացիության ինստիտուտին: Դա նշանակում է` ցանկացած սփյուռքահայ կարող է դառնալ Հայաստանի Հանրապետության քաղաքացի: Հետևաբար, դառնալով Հայաստանի Հանրապետության քաղաքացի` նա կարող է ակտիվորեն մասնակցել երկրի քաղաքական կյանքին: Եվ, բնականաբար, մեր այն խոսակցությունները, երկպալատանի պառլամենտ ունենալու, կամ մեր այսօր գործող Ազգային ժողովում նաև սփյուռքահայությանը որոշակի տեղեր հատկացնելու մասին, շատ իրատեսական են, որովհետև խոսքը վերաբերում է Հայաստանի Հանրապետության քաղաքացի դարձած մարդկանց: Արդեն մի քանի սփյուռքահայեր նախընտրական ցուցակներում կան: Եկող խորհրդարանում մենք որոշակի թվով սփյուռքահայեր կարող ենք ունենալ: Նրանք, լինելով երկքաղաքացիներ, կարող են մասնակցել մեր ընտրություններին: Այս դեպքում արդեն կարիք էլ չկա փոխելու սահմանադրությունը, քանի որ 5 տարվա քաղաքացիության պահանջը լուծված կլինի: Նրանք կարող են մասնակցել ընտրություններին և նոր մտածողություն, արևմտյան գաղափարներ, մոտեցումներ բերել պառլամենտ: Շատ հետաքրքիր կլինի, եթե մենք պառլամենտում, ասենք, տասը հոգի ունենանք, որոնք մեծացել են արևմուտքում, գիտեն զարգացած ժողովրդավարության պահանջներն ու կանոնները և նրանց ներկայությունը մեզ միայն կարող է օգնել:

2011թ. սեպտեմբերի 19-20-ին, երբ մենք կազմակերպեցինք Հայրենիք-Սփյուռք համաժողովը, նաև անդրադարձանք Հայրենիք-Սփյուռք գործակցության կառուցակարգերին, հնչեցին տարբեր գաղափարներ պառլամենտում սփյուռքահայերի մասնակցության մասին: Մյուս կողմից, օրենքի ուժով, փախստականները, քաղաքացիություն չունեցող մարդիկ այսօր կարող են մասնակցել տեղական մարմինների ընտրություններին: Սա ևս կարևոր միջոց է` նրանց ընդգրկելու մեր տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարմանը, գործունեությանը և այլն: Եղան նաև առաջարկներ առանձին խորհուրդ ստեղծելու մասին, եղան առաջարկներ համատեղ խորհուրդ ստեղծելու մասին, եղան առաջարկներ (և Սփյուռքը անընդհատ փնտրտուքի մեջ է), որպեսզի առանձին մարմին ստեղծվի, որ այդ մարմինը աշխատի պետության հետ, և այլն և այլն: Իհարկե, ես այն կարծիքին եմ, որ ինչքան համախմբման ձևերը բազմազան լինեն, շատ լինեն, այնքան մենք դրանից օգուտ կունենանք, որովհետև ինչքան շատ հայեր ներգրավվեն հայկական գործին, հայոց պետության կայացմանը և զարգացմանը, այնքան, կարծում եմ, հասարակությունը կշահի:

Այնպես որ, այս են այսօր մեր ունեցած մոտեցումները, պատկերացումները, քննարկումները Սփյուռքի հետ: Ասեմ նաև, որպեսզի ընթերցողի համար զարմանալի չթվա, Ֆրանսիան արդեն երկար տարիներ իր վերին և ներքին պալատներում տասներկու տեղ ունի հատկացված սփյուռքում ապրող իր քաղաքացիների համար: Իտալիան տեղեր ունի վերին պալատում, հիմա էլ քննարկումներ է կազմակերպում ներքին պալատում ունենալու համար, Պորտուգալիան նույնպես պալատներում տեղեր ունի հատկացված դրսում ապրող քաղաքացիների համար: Ուղղակի քվոտաներ են հատկացված դրսի քաղաքացիների համար: Հետևաբար, մեր ազգի մեծ մասն էլ, ոչ իր մեղքով, ճակատագրի բերումով, Ցեղասպանության արդյունքում աշխարհասփյուռ լինելով, փաստորեն զրկվել է հայրենիքում ապրելու հնարավորությունից, հետևաբար, մենք պետք է նաև ոգևորենք, ուժ տանք երիտասարդությանը, որ երիտասարդությունը իմանա, որ ինքն էլ ասելիք և անելիք ունի ա՛յս երկրում, որ սա ի՛ր երկիրն է, որ ինքը պետք է իր կարողությունները, գիտելիքները, կապերը, հնարավորությունները բերի և զորացնի Հայաստան կոչվող մեր երազների երկիրը, դարձնելով այն դրախտավայր, որը պետք է ձգի յուրաքանչյուր հայի, որը պետք է կանչի յուրաքանչյուր հայի: Մյուս կողմից, ես այն կարծիքին չեմ, որ Հայաստանը պետք է առողջարան լինի, և բոլորը գան այստեղ հանգստանալու և հիանալու: Ո՛չ, պետք է Հայաստանը սիրել, ընդունել այնպես, ինչպիսին կա: Եվ ինչպես մորը չեն դադարում սիրել, եթե այդ մայրը գրագետ չէ, հարուստ չէ: Հայրենիքը այն մայրն է, որի նկատմամբ յուրաքանչյուր հայ պետք է ունենա որդիական վերաբերմունք:

- Այսօր կարևոր է Սփյուռքին Հայաստանի մասին ճիշտ տեղեկատվություն հաղորդելը, քանի որ հաճախ այնտեղ հակասական լուրեր են հասնում, որոնք երբեմն քաղաքական նպատակներով են շահարկվում, մարդկանց ապատեղեկացնելու միջոցով որևէ քայլի դրդելու համար:  Դա հնարավոր է դարձել որոշ հեռուստաալիքների արբանյակային հեռարձակման շնորհիվ: Այդուհանդերձ դա բավարար չէ Սփյուռքի մեր հայրենակցին Հայաստանի քաղաքական, տնտեսական, սոցիալական, մշակութային ոլորտների մասին լիարժեք տեղեկատվություն տալու համար: Այդ նպատակով ի՞նչ ծրագրեր եք նախատեսել իրականացնել:

-Մեր հիմնական գործառույթներից մեկն էլ Սփյուռքին ճշգրիտ տեղեկատվություն հաղորդելն է Հայաստանի, Հայրենիք-Սփյուռք, Սփյուռք-Սփյուռք գործակցության վերաբերյալ: Նախարարության ՙՀայերն այսօր՚ էլեկտրոնային պարբերականը մշտապես հավաքում և տարածում է անհրաժեշտ տեղեկատվությունը:

Նախարարությունը Սփյուռքի հետ համագործակցության արդյունքում ստանում է հազարավոր նամակներ, որոնք մշակվում են և որոնցում առկա անհրաժեշտ տեղեկատվությունը տարածվում է ինչպես սփյուռքյան, այնպես էլ հայաստանյան ԶԼՄ-ով:

Հայաստանում տարբեր գաղափարախոսություն կրող զանազան կուսակցություններ և կազմակերպություններ կան, որոնք, բնականաբար, իրենց տեսակետն են հրամցնում Սփյուռքին` ջանալով հեղինակություն վայելել այնտեղ: Սա բնական է և նորմալ, քանի որ ապրում ենք 21-րդ դարում և խոսքի ազատությունը ժողովրդավարության հիմքն է:

Ինչ վերաբերում է արբանյակային հեռակապ ունեցող և Սփյուռքում հեռարձակվող հեռուստաընկերությունների գործունեությանը, ապա պետք է նշեմ, որ մեր հայրենակիցներից հաճախ ենք ստանում դժգոհություններ և քննադատություններ: Այս մասին բացահայտ և ի լուր ամենքի հայտարարեցին համահայկական տարբեր համաժողովների մասնակիցները: Արձագանքներ ստանում ենք նաև նամակներով: Սփյուռքը հիմնականում  դժգոհում է հեռարձակվող հեռուստահաղորդումների ընդհանուր մակարդակից, լեզվից, հայկական ինքնության արժեհամակարգին անհարիր սերիալներից և այլն, սակայն դժգոհության հիմնական թիրախը ազգային ավանդույթները, մշակույթը,  գաղափարախոսությունը, պատմությունը ներկայացնող նյութերի բացակայությունն է:

Սփյուռքին տրամադրվող տեղեկատվության առումով, կարծում եմ հայաստանյան հեռուստաընկերությունները չեն աղավաղում իրականությունը, տալիս են հնարավորինս ճշգրիտ տեղեկատվություն` աշխատելով հավասարակշռել քաղաքական և գաղափարական ուժերը:

Մեր նախարարության տեղեկատվական քաղաքականությունը հստակ է` զարգացնել, սերտացնել և ամրապնդել Հայրենիք-Սփյուռք և Սփյուռք-Սփյուռք կապերը: Հենց այս նպատակով է Հանրային հեռուստաընկերությունում հիմնվել ՙՍփյուռքի ժամ՚ տեղեկատվական հաղորդաշարը և նախարարության ՙՀայերն այսօր՚ էլեկտրոնային պարբերականը, որը, չի բացառվում, հետագայում դառնա համահայկական պարբերական: Այն այսօր զարգանում է` հորիզոնական և ուղղահայաց կապեր  հաստատելով սփյուռքյան համայնքների հետ: Պաշտոնական տեղեկատվությունը մենք տարածում ենք ինչպես նախարարության պաշտոնական կայքի, ՙՀայերն այսօր՚-ի, այնպես էլ Հանրային, ՙԱրմնյուզ՚, ՙԱրմենիա՚, ՙՇանթ՚, ՙԵրկիր Մեդիա՚ հեռուստաընկերությունների միջոցով, աջակցում ենք` ՙՍփյուռքի ժամ՚, ՙՀայլուր Սփյուռք՚, ՙՄերոնք՚, ՙՕտար ամայի ճամփեքի վրա՚ և այլ հաղորդաշարերին: Մեր անմիջական մասնակցությամբ ու աջակցությամբ պատրաստվել են ՙՄեր մեծերի՚ մասին,  ՙՀայրենադարձության, 10 հիմնախնդիրներն ու դրանց լուծումները՚, հայկական պարերի ուսուցողական ֆիլմաշարերը, գովազդային տեսահոլովակներ և այլն:

Տեղեկատվական պատերազմներին հակադարձելու համար շատ կարևոր է աշխարհով մեկ հայկական քարոզչություն ծավալելը: Ցավոք, այսօր աշխարհի տարբեր երկրներում գոյություն ունեցող հայագիտական ամբիոնները, կենտրոնները մատների վրա են հաշվվում: Դա պետական բյուջեի սղությա՞ն հետևանք է:

-Նախ` ես համաձայն չեմ ձեզ հետ, որ հայագիտական կենտրոնները կարելի է մատների վրա  հաշվել: Մեր ունեցած տվյալներով աշխարհի տարբեր երկրներում գործում են ավելի քան 80 հայագիտական կենտրոններ: Երկրորդ` Սփյուռքի հայագիտական կենտրոնները զբաղվում են հայոց պատմության, մշակույթի, գրականության և լեզվի ուսումնասիրությամբ, տվյալ տարածաշրջանում եղած հայկական ՙհետքերի՚ ուսումնասիրությամբ, ինչպես նաև ուսումնասիրում են տվյալ երկրի հայկական համայնքի պատմությունը և տվյալ երկրի ժողովրդի հետ  հայ ժողովրդի ունեցած կապերը: Այդ ուսումնասիրությունները հրատարակվում են հայագիտական հանդեսների, գրքերի, հոդվածների տեսքով, որոնք նպաստում են հայկական քարոզչությանը: Քարոզչության կարևոր օղակներ են Սփյուռքի հայկական լրատվամիջոցները և կառույցները: Մասնավորապես դա նկատի ունենալով էլ, մենք ստեղծել ենք լրագրողների համահայկական ընկերակցություն:

Հարցազրույցը վարեց Թագուհի Ասլանյանը



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...