15:06
12/26/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Խնձորեսկից արտագաղթի դեպքեր համարյա չկան, ինչը շատ ուրախալի փաստ է

2013-02-05 13:57

«Դե Ֆակտո» N80

Սերյոժա Հայրապետյան, ՀՀ Սյունիքի մարզի Խնձորեսկ համայնքի ղեկավար

-Պարո՛ն Հայրապետյան, ամփոփելով 2012թ.՝  ինչպե՞ս կգնահատեք այն, հաջո՞ղ տարի էր:

-2012 թ., ընդհանուր առմամբ, կարելի է գնահատել որպես լավ տարի: Համայնքի բնակիչները, համեմատած նախորդ տարիների, ստացել են բարձր բերք:  Գյուղմթերքների գների որոշակի աճը փոքր-ինչ ավելացրել է գյուղացու եկամուտները, բայց կասեի, որ առկա այդ եկամուտները դեռ չեն բավարարում, որպեսզի գյուղացին հոգա առօրյա հոգսերը:

-1999թ. առ այսօր Խնձորեսկ համայնքի ղեկավարն եք,  ի՞նչ ծրագրեր են իրականացվել այս տարիների ընթացքում:

-1999թ. առ այսօր համայնքում իրականացվել են մի շարք ծրագրեր. ասֆալտապատվել է գյուղամիջյան և գյուղ մտնող մոտ 6.5 կմ ճանապարհ, հիմնանորոգվել է մշակույթի տունը, մասնակիորեն հիմնանորոգվել է խմելու ջրի ներքին ցանցը, գյուղի ներքին թաղամասում կառուցվել է ոռոգման նոր ջրատար, վերանորոգվել են նախադպրոցական կրթության և երաժշտական դպրոցները, կատարվել է գյուղի կենտրոնական փողոցի լուսավորության անցկացումը, հիմնանորոգվել է ոռոգման ջրի պոմպակայանը:

-Ինչպիսի՞ առօրյայով են  ապրում Խնձորեսկ համայնքի բնակիչները:

-Համայնքի բնակիչները խիստ աշխատասեր են: Հիմնականում զբաղվում են   անասնապահությամբ և դաշտավարությամբ: Համեմատած ԽՍՀՄ-ի տարիների հետ՝ նկատվել է անասունների գլխաքանակի աճ: Նշեմ, որ գյուղից արտագաղթի դեպքեր համարյա չկան, ինչը շատ ուրախալի փաստ է:

-Ի՞նչ խնդիրներ ունեն համայնքի բնակիչներն այսօր:

-Ինչպես մնացած գյուղական համայնքներում, մեզ մոտ նույնպես կան խնդիրներ` շուկայի բացակայությունը, որն ազդում է գյուղմթերքների արագ, անկորուստ իրացնելուն, էժան վառելիքի և թունաքիմիկատների ձեռք բերումը և, բնականաբար, աշխատատեղերի բացակայությունը:

-Ինչպիսի՞ վիճակում են կրթամշակութային օջախները համայնքում, համայնքն ապրո՞ւմ է մշակութային կյանքով:

-Կրթամշակութային օջախները գտնվում էին վերանորոգման ընթացքում, այժմ աշխատանքներն ավարտված են, և դրանք գործում են: Բազմաթիվ գաղափարներ ունենք համայնքում մշակութային կյանքը ակտիվացնելու ուղղությամբ:

-Խնձորեսկը նշանավոր համայնք է՝ պատմական հարուստ անցյալով, հուշարձաններով: Ի՞նչ վիճակում են գտնվում համայնքի պատմական հուշարձանները:

-Խնձորեսկցի բարերարների օգնությամբ կառուցվել են նոր հուշակոթողներ՝ նվիրված զոհված ազատամարտիկների հիշատակին: Մխիթար Սպարապետի գերեզման տանող ճանապարհին կառուցվել է Հայաստանում ամենաերկար ճոպանով կամուրջը, վերանորոգվել է դեպի Սուրբ Հռիփսիմե եկեղեցի տանող ճանապարհը: Բայց քանի որ մեծ է Հին Խնձորեսկը և ունի բավականին շատ պատմամշակութային արժեքներ, միջոցները չեն բավականացնում դրանց բոլորի  խնամքն ու պահպանությունը նորմալ կատարելու համար: Կարիք ունենք  պետական աջակցության:

-Զբոսաշրջիկները հաճա՞խ են այցելում համայնք՝ պատմական հուշարձանները տեսնելու:

-ԽՍՀՄ-ի ժամանակներում զբոսաշրջիկները բավականին շատ էին այցելում: Պատերազմական ժամանակաշրջանում և դրանից հետո հոսքը կրճատվեց, բայց այս վերջին հինգ տարիների ընթացքում նորից կտրուկ աճել է զբոսաշրջիկների այցելությունների թիվը:

-Եթե համայնքի բյուջեն հնարավորություն տար, առաջին երեք ծրագրերը որո՞նք են, որ կշտապեիք իրականացնել:

-Համայնքում առկա երեք հիմնախնդիրների՝  խմելու ջրի ցանցի չվերանորոգված մասի կառուցում, համայնքի ոռոգման ցանցի հիմնանորոգում, համայնքի կենտրոնական կոյուղու կառուցում:

-Պարո՛ն Հայրապետյան, Դուք պարգևատրվել եք հայրենիքին մատուցած ծառայությունների համար բազմաթիվ մեդալներով՝ ՀՀ ՙՄարտական ծառայության համար՚ (2006թ), ԼՂՀ ՙՄայրական երախտագիտություն՚ (2004թ), ՀՀ ԶՈՒ ՙԳարեգին Նժդեհ՚ (2008թ), ՀՀ ԶՈՒ ՙՎազգեն Սարգսյան՚ (2006թ) մեդալներով, ակտիվ մասնակցել եք ՀՀ սահմանների և Լեռնային Ղարաբաղի պաշտպանությանը: Ի՞նչ նշանակություն ունեն այդ պարգևատրումները Ձեզ համար:

-Ինքնապաշտպանական մարտերին մասնակցել եմ կամավոր: Վիրավորվել եմ 1994 թ., ապաքինվելուց հետո, մինչև համայնքի ղեկավար ընտրվելս, անցել եմ ժամկետային ծառայության ՀՀ բանակում՝  որպես սպա:

Իհարկե, մեդալների համար չէ, որ մասնակցել եմ ՀՀ սահմանների պաշտպանությանը, բայց հայտնում եմ իմ խորին երախտագիտությունը ինձ գնահատելու և պարգևատրելու համար:

Հարցազրույցը՝ Սուսաննա Թամազյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...