06:53
12/23/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Պարտադիր չէ, որ կապանցիներն ինձ հիշեն որպես քաղաքապետ, իսկ եթե հիշելու լինեն, թող հիշեն իմ արած գործերով՚

2013-02-02 14:42

«Դե Ֆակտո» N80

Աշոտ Հայրապետյան` Կապան քաղաքային համայնքի ղեկավար     

-Պարո՛ն Հայրապետյան, արդեն 2 ամիս է, ինչ Կապանի քաղաքապետն եք: Ի՞նչ եք հասցրել անել այդ ընթացքում:

- Արդեն տեղյակ լինելով քաղաքի հիմնախնդիրներին` առաջնահերթ զբաղվել ենք առկա ներուժի, եղած հնարավորությունների ճշտմամբ, որպեսզի դրանք օգտագործենք ըստ նպատակի: Կարճ ժամանակում կարողացել ենք կազմել և ավագանու հաստատմանը ներկայացնել համայնքի 2013թ. բյուջեն և համայնքի զարգացման 2013-2016թթ. քառամյա ծրագիրը` նախապես կազմակերպելով հանրային լսումներ: Միաժամանակ լուծել ենք ընթացիկ հարցեր, կազմակերպել և անցկացրել Ամանորին նվիրված համաքաղաքային միջոցառումներ: Սկսել ենք քաղաքապետարանի բոլոր ենթակա կառույցների` այդ թվում մանկապարտեզների համար անձնագրերի կազմման աշխատանքները` առկա թերությունները շտկելու նպատակով: Ընթացքի մեջ են քաղաքի ներհամայնքային ճանապարհների, բակերի հիմնանորոգումն ու ասֆալտապատումը, թարմացվում է Կապան քաղաքի էլեկտրոնային քարտեզը և այլն: 

-Նախընտրական շրջանում իրավիճակը քաղաքում բավականին լարված էր: Այսօր ինչպիսի՞ն է մթնոլորտը քաղաքում:

-Նախընտրական շրջանում Կապանում իրավիճակը լարված էր այնքանով, որքանով այն բնորոշ է քաղաքական երկու ուժերի ընտրապայքարին, ինչը բնական է: Իսկ եթե մրցակից կողմին ձեռնտու էր լարվածությունը ներկայացնել սովորականից ավելին, դա միայն նպատակ ուներ արդարացնելու իրենց սպասվելիք պարտությունը: Կապանցիները նման հարցերում միշտ էլ կարողանում են ճիշտ եզրահանգումներ անել և ճիշտ կողմնորոշվել, ինչի արդյունքում ո՛չ նախընտրական շրջանում, առավել ևս ո՛չ այսօր, Կապանում  լարվածության մասին խոսք լինել չի կարող:

- Ընդհանուր առմամբ ինչպիսի՞ տարի էր 2012-ը Կապանի համար:

-Գնահատականներ տալուց առաջ բավական է նշել, որ Կապանում այսօր չունենք շարունակական բնույթ կրող և ոչ մի ծրագիր, փոխարենը կան ուռճացված հաստիքներ, կար սխալ կազմված բյուջե, որն իր բացասական ազդեցությունն ունեցավ սեփական եկամուտների հավաքագրման գործում: Իսկ ընդհանուր առմամբ 2012-ը Կապանի համար եղել է քաղաքական իրադարձություններով լի տարի, որն իր ազդեցությունն է թողել կատարված աշխատանքների վրա:   

-Ձեր դիտարկմամբ, ինչպիսի՞ բացթողումներ կան նախկին քաղաքապետի և քաղաքապետարանի գործունեության մեջ, ինչպե՞ս եք պատրաստվում շտկել դրանք:

-Բացթողումները շատ են, և դա է եղել հիմնական պատճառը, որ որոշել եմ քաղաքապետ դառնալ: Սակայն դրանց մասին հիմա չեմ ուզում խոսել, ես հիմա աշխատում եմ: Այդ հարցի պատախանը որոշ ժամանակ անց կտան իրենք` կապանցիները, համեմատելով իմ ու նախորդ քաղաքապետի կատարած աշխատանքները:

-Ի՞նչ առաջնային խնդիրներ ունեն այսօր Կապանը և կապանցիները, որոնք հրատապ լուծման կարիք ունեն:

-Ես միշտ ասել եմ, որ Կապանում առկա բազմաթիվ խնդիրներից յուրաքանչյուրը կարելի է համարել հրատապ լուծում պահանջող: Այսօր քաղաքը մաքուր պահելու համար ունենք տեխնիկայի խնդիր, ունենք բազմաբնակարան շենքերի կաթող տանիքներ, բազմաթիվ քաղաքաշինական խնդիրներ կան մանկապարտեզներում, անհրաժեշտ է ակտիվացնել հանրային խորհրդի գործունեությունը, երիտասարդների համար ստեղծել ժամանցի ու հանգստի պայմաններ և այլն: Ինչ եք կարծում, թվարկված խնդիրներից ո՞րը հրատապ լուծման կարիք չունի:  

-Ինչպիսի՞ բարեփոխումներ և ծրագրեր եք պատրաստվում իրականացնել Կապանում մշակույթի և սպորտի զարգացման համար:

-Ծրագրեր շատ կան, սակայն դրանց իրականացման համար միջոցները սուղ են: Այնուամենայնիվ, հովանավորների, դոնոր կազմակերպությունների միջոցներով համայնքի քառամյա ծրագրով նախատեսել ենք քաղաքում ստեղծել պատկերասրահ, որտեղ պարբերաբար կկազմակերպվեն կապանցի ստեղծագործողների աշխատանքների ցուցադրություններ, նախատեսել ենք նաև առաջիկա չորս տարիների ընթացքում հիմնանորոգել և գույքով ապահովել քաղաքի երաժշտական, արվեստի, գեղարվեստի դպրոցները, մարզադպրոցները, դրանց համար ստեղծել ջեռուցման համակարգեր: Կհիմնանորոգվի նաև քաղաքի մշակույթի կենտրոնը, որտեղ վերջապես կլուծվի դահլիճների ջեռուցման խնդիրը:

-Ի՞նչ ակնկալիքներ ունեք 2013-ից:

 -2013 թվականը կլինի, որպես քաղաքապետ, իմ գործունեության առաջին տարին, իսկ դրանով շատ բան է ասվում: Լավ գիտակցում եմ, որ այն ինձ համար լինելու է մեծ պատասխանատվության տարի: Պետք է աշխատեմ այնպես, որ ինձ ընտրողները, առավել ևս` դեմ քվեարկողները համոզվեն, որ կարող եմ և անելու եմ այն, ինչ ներկայացրել եմ իմ նախընտրական ծրագրում: Ակնկալում եմ, որ 2013-ը Կապանի համար լինելու է զարթոնքի, առաջընթացի ու բարեկեցության սկիզբ, որին հասնելու ենք օր ու գիշեր աշխատելով:  

-Պարո՛ն Հայրապետյան, ՙԴե ֆակտո՚ ամսագրի կողմից ՀՀ Սյունիքի մարզպետը ճանաչվել է ՙ2012-ի Տարվա մարզպետ՚: Կխնդրեի Ձեր գնահատականը Սուրեն Խաչատրյանի գործունեությանը որպես մարզպետ:

-Յուրաքանչյուր ժամանակաշրջան իր պահանջներն ունի, նաև իր քաղաքական գործիչների անհրաժեշտությունը: Սուրեն Խաչատրյանը քաղաքական ասպարեզ է եկել ճիշտ ժամանակին և ճիշտ է կատարում իր գործը: Նրա յուրաքանչյուր քայլ խորը իմաստ ունի: Փորձառու ղեկավար ու հմուտ քաղաքական գործիչ է, նա ավագ ընկեր է բառիս բուն իմաստով: Բարձր եմ գնահատում, որ Սուրեն Խաչատրյանը հպարտանում է իր սյունեցի լինելով և կարողացել է մարզի բնակիչների համար ևս ձևավորել  այդ կերպարը: 

-Աշխատում եք մեծ պատասխանատվությամբ ու նվիրումով: Ընտանիքի համար ժամանակ մնո՞ւմ է, և  ինչպե՞ս եք կազմակերպում ազատ ժամանցը:

- Ազատ ժամանակ համարյա թե չեմ ունենում և ցավում եմ, որ ընտանիքիս հետ շատ քիչ եմ լինում: Աղջիկներս 12-13 տարով մեծ են որդուցս, որը դեռ 3 տարեկան էլ չկա, դեռ շատ բան չի հասկանում և ինձ հետ շփվելու անհրաժեշտություն ավելի շատ է զգում: Փորձում եմ եղած սուղ ազատ ժամանակիս ամեն մի րոպեն հարազատներիս հետ անցկացնել: Կարևորն այն է, որ ընտանիքս` ծնողներս, կինս ու երեխաներս, ինձ հասկանում են, չեն դժգոհում, և ես միշտ զգում եմ նրանց աջակցությունը, որն ինձ ուժ է տալիս:

-Ինչպիսի՞ն եք տեսնում Կապանը 4 տարի անց և ինչպիսի՞ն կցանկանայիք, որ Ձեզ հիշեն համաքաղաքացիներն այդ ժամանակ:

- Չորս տարին բավարար չէ, որպեսզի կարողանամ Կապանը դարձնել այնպիսին, ինչպիսին ցանկանում եմ տեսնել, սակայն համոզված եմ` այդ գործում առաջընթաց կարձանագրենք: Չորս տարի հետո իրականացրած կլինեմ իմ նախընտրական ծրագիրը, որի նպատակը Կապանն ավելի գրավիչ, մաքուր ու բարեկեցիկ դարձնելն է: Հուսով եմ, կունենանք քաղաք, ուր ակտիվ կգործի հանրային խորհուրդը և քաղաքին վերաբերող ամեն մի հարցի լուծման համար հաշվի կառնվի քաղաքացիների կարծիքը: Կապանցին կգնահատի արվեստը, սպորտը, որոնց զարգացման համար պայմաններ կունենանք: Պարտադիր չէ, որ կապանցիներն ինձ հիշեն որպես քաղաքապետ, իսկ եթե հիշելու լինեն, թող հիշեն իմ արած գործերով:     

- Եվ վերջում, Ձեր մաղթանքները մեր ընթերցողներին և ժողովրդին` կապված 2013 թվականի հետ:

- 2013-ը թող լինի խաղաղության, հաջողությունների, սպասված իրադարձությունների իրականացման տարի: Մեր ժողովրդին ցանկանում եմ անձնականը հասարակական շահի հետ զուգակցելու կարողություն, մաղթում, որ անցյալում թողնեն վատն ու անցանկալին, գալիքին նայեն հավատով ու լավի սպասումներով:

Հարցազրույցը` Թեհմինա Արզումանյանի

 

 

   



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...