06:48
12/23/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Սուրիկ Խաչատրյան

2013-02-04 14:39

«Դե Ֆակտո» N80

«Տարվա մարզպետը»՝ 2012թ.-ի ձեռքբերումների և 2013թ. հեռանկարների մասին

Սուրիկ Խաչատրյան,  ՀՀ Սյունիքի մարզպետ

Երազանք պահելը, կարծում եմ, բնորոշ է մանկությանը, դրանք հիմա վերածվել են նպատակների: Իսկ նպատակս ու ցանկությունս է, որ մեր երկրում մշտապես խաղաղություն լինի, մեր ժողովուրդն ապրի արժանավայել կյանքով` լծված ստեղծագործ ու արգասաբեր աշխատանքի: 

 -Պարո՛ն Խաչատրյան, քանի որ հանդիպում ենք ամանորյա տոներից հետո, հետաքրքիր է, ինչպե՞ ս անցկացրեցիք Ամանորը, ի՞ նչ երազանք պահեցիք Ամանորի գիշերը:

-Ամանորը դիմավորել եմ տանը, իմ օջախում՝ ընտանիքիս անդամների, հարազատների, բարեկամների և աշխատանքային ընկերների հետ հայկական ավանդական տոնական սեղանի շուրջ:

Երազանք պահելը, կարծում եմ, բնորոշ է մանկությանը, դրանք հիմա վերածվել են նպատակների: Իսկ նպատակս ու ցանկությունս է, որ մեր երկրում մշտապես խաղաղություն լինի, մեր ժողովուրդն ապրի արժանավայել կյանքով` լծված ստեղծագործ ու արգասաբեր աշխատանքի: 

-ՙԴե ֆակտո՚ ամսագիրը Ձեզ ճանաչել է ՙՏարվա մարզպետ՚, ինչի առթիվ շնորհավորում ենք Ձեզ: Դուք ինքներդ ինչպե՞ ս կգնահատեք 2012թ. Ձեր աշխատանքը:

-Շնորհակալություն եմ հայտնում ձեր ընտրության համար: Իմ աշխատանքի նման գնահատականը առավելապես պայմանավորված է այն հանգամանքով, որ մեզ հաջողվել է համատեղ ու արդյունավետ գործակցություն ապահովել ինչպես կենտրոնական իշխանությունների, այնպես էլ մարզի տեղական ինքնակառավարման մարմինների, մարզում գործող հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների հետ:

Կարծում եմ՝ տեսանելի են ի նպաստ սյունեցիների բարեկեցությանն ու մարզի զարգացմանն ուղղված մեր ջանքերի արդյունքները:

-Ինչպիսի՞ տարի էր 2012թ. Սյունիքի մարզի համար, ինչ ծրագրեր հաջողվեց իրականացնել:

-2012 թվականը, որքան էլ տարբեր գործոններով պայմանավորված դժվար, բայց մարզի համար  ևս մեկ հաջողված տարի էր: 2012-ին մեզ հաջողվել է լուծել մեր առջև ծառացած մի շարք սոցիալ-տնտեսական խնդիրներ պետական և համայնքային շահերի ներդաշնակման, հանրապետական գործադիր մարմինների ու նրանց տարածքային ծառայությունների հետ համագործակցության ու գործողությունների փոխհամաձայնության հենքի վրա՝ ապահովելով ՀՀ կառավարության տարածքային քաղաքականության իրականացումը:

Հայաստանի Հանրապետության նախագահի և կառավարության անմիջական աջակցության շնորհիվ՝ մեզ հաջողվել է դրական դինամիկա ապահովել տնտեսության մի շարք ճյուղերում (արդյունաբերություն, գյուղատնտեսություն, քաղաքաշինություն, զբոսաշրջություն):

2012թ. մարզում իրականացված ներդրումների ծավալները դեռևս ճշգրտման փուլում են, սակայն այսօրվա նախնական տվյալներով՝ դրանք  կազմել են ավելի քան 18.7 մլրդ դրամ, որից ՀՀ պետական բյուջեի ներդրումների ծավալը՝ 3.9 մլրդ դրամ, ՀՀ պետական բյուջեի վարկային միջոցների ծավալը՝ 0.5 մլրդ դրամ, միջազգային կազմակերպությունների և դոնորների ներդրումների ծավալը՝ 4.8 մլրդ դրամ, մասնավոր ներդրումների ծավալը՝ 9.5 մլրդ դրամ: Ներդրումներն ուղղվել են մարզի տնտեսության մի շարք ճյուղերի՝ փոքր ու միջին ձեռնարկատիրության և մասնավոր հատվածի, կրթության և առողջապահության, գյուղատնտեսության և բնապահպանության, արդյունաբերության, զբոսաշրջության, քաղաքաշինության և համայնքային ենթակառուցվածքների զարգացմանն ու սոցիալական ոլորտի հիմնախնդիրների լուծմանը:

Մարզում ունենք բավարար չափով օգտակար հանածոներ, բնական ռեսուրսներ, որոնք պետք է օգտագործել ի նպաստ մեր պետության զարգացմանն ու հզորացմանը` բարեկեցության կայուն աճ ապահովելով մեր համաքաղաքացիների համար:

 -Սյունիքի մարզը հարուստ է օգտակար հանածոներով և, կարելի է ասել, արդյունաբերական մարզ է: 2012թ. ինչպիսի՞  տարի էր արդյունաբերության զարգացման առումով:

-Այո՛, ներկայումս Սյունիքն աչքի է ընկնում արդյունաբերության բարձր տեսակարար կշռով, և մարզի սոցիալ-տնտեսական զարգացման գերակա ուղղությունը հանդիսանում է լեռնահանքային արդյունաբերությունը, որն առկա հումքային, տեխնոլոգիական, կադրային ներուժի ու իրացման կայուն շուկայի առկայության պայմաններում մարզի տնտեսության մեջ տևական ժամանակ դեռևս կպահպանի իր առաջնային դերը: 2012թ. նախնական տվյալներով՝ մարզում ընթացիկ գներով արտադրվել է շուրջ 196.0 մլրդ դրամի արդյունաբերական արտադրանք, աճը նախորդ տարվա նույն ցուցանիշի համեմատ՝ կազմում է շուրջ 10.5%: Արդյունաբերական արտադրանքի ծավալում գերակշիռ մաս է կազմում հանքագործական արդյունաբերական արտադրանքի ծավալը՝ նախնական տվյալներով շուրջ 167.0 մլրդ դրամ կամ 85.4% :

Մարզում ունենք բավարար չափով օգտակար հանածոներ, բնական ռեսուրսներ, որոնք պետք է օգտագործել ի նպաստ մեր պետության զարգացմանն ու հզորացմանը` բարեկեցության կայուն աճ ապահովելով մեր համաքաղաքացիների համար:

-Ինչպիսի՞  փոփոխություններ են արձանագրվել մարզի տնտեսական, կրթամշակութային և այլ ոլորտներում:

 

-Մարզային և համայնքային իշխանությունների արդյունավետ գործունեության արդյունքում մարզի տնտեսության մեջ տեղի են ունեցել զգալի դրական տեղաշարժեր:

Արդյունաբերությունը միակ ոլորտը չէ, որտեղ 2012թ. արձանագրվել է դրական տեղաշարժեր:

Հաջողություններ են արձանագրվել նաև գյուղատնտեսության ոլորտում: ՀՀ կառավարության համապատասխան որոշումներով ֆերմերային տնտեսություններին և համայնքներին հատկացվել է աշնանացան ցորենի 291տ էլիտա և 780տ առաջին վերարտադրության սերմնացու, շուկայականից էժան գներով ձեռք է բերվել 1300տ դիզվառելիք, 2400տ ազոտական պարարտանյութ:

Մարզպետարանը մշտապես համագործակցել է գյուղատնտեսական կազմակերպությունների և գյուղացիական տնտեսությունների հետ, օժանդակել նրանց բերքահավաքի, գարնանացանի, դաշտային աշխատանքների, սերմանյութերի ձեռքբերման,  անասունների հիվանդությունների դեմ պայքարի աշխատանքների կազմակերպման և այլ գյուղատնտեսական աշխատանքների գործընթացներում: Այս ամենը նպաստել է նրան, որ 2012թ կատարվել է 15400հա աշնանացան, 2011թ. 14127հա դիմաց, համապատասխանաբար՝ 2012թ. ստացվել է 30300տ ցորեն, 14500տ գարի՝ 2011թ. 23300տ ցորենի և 9700տ գարու բերքի դիմաց, միջին բերքատվությունը կազմել է 22-24ց:

Գյուղատնտեսական կուլտուրաների մշակման և բերքահավաքի առումով նույնպես 2012-ը գերազանցել է 2011թվականի ցուցանիշերը` գրեթե բոլոր ճյուղերում: 

Զգալի բարեփոխումներ են կատարվել նաև հանրակրթության բնագավառում: 2012 թվականի ընթացքում մարզային ենթակայության 114 հանրակրթական ուսումնական հաստատություններում ավարտվել է լիցենզավորման գործընթացը:

Լուրջ հաջողություններ եմ համարում նաև այն, որ տարեցտարի ավելանում է մարզի աշակերտների ներգրավվածության աստիճանը օլիմպիադաներին, ասմունքի, երգի փառատոներին, սպորտային և ռազմամարզական մրցույթներին:

Մի շատ կարևոր դիտարկում, որը, կարծում եմ, բնորոշ է հայ ժողովրդին՝ ընդհանրապես և սյունեցիներին` մասնավորապես. խոսքս սյունեցիների` կրթության նկատմամբ վերաբերմունքի մասին է:

Մարզում, նույնիսկ արցախյան պատերազմի ամենադժնդակ ժամանակներում, կրթության հարգի պակաս երբեք չի զգացվել: Դրա պերճախոս վկայությունն է այն, որ 2011-2012թթ. ուսումնական տարում շրջանավարտներից 937-ը մասնակցել է պետական միասնական քննություններին, 925-ը` ընդունվել բուհ, և որ ոսկե մեդալակիրների բացարձակ թվով (ինը) մարզը առաջինն է հանրապետությունում:

Ուսուցիչների պատասխանատվության և նրանց սաների աշխատասիրության, ուսման նկատմամբ նրանց սիրո արդյունք է հանրապետական ստուգատեսներում մեր աշակերտների` տարիներ շարունակվող փայլուն ցուցանիշերը: Այսպես, 2011-2012 ուստարում առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլին մասնակցել է մարզի 90 աշակերտ, որից 28-ը արժանացել են դիպլոմների, 19-ը` գովասանագրերի, ինչը որակական առումով մեծ թիվ է նման ստուգատեսի համար:

Մարզի մշակութային կյանքը վերջին տարիներին դարձել է առավել աշխույժ և բազմաբովանդակ, ինչը որոշակիորեն բավարարել է բնակչության բոլոր խավերի և տարիքային խմբերի հոգևոր-մշակութային պահանջմունքներն ու նախասիրությունները:

2012 թ. մարզի համայնքներում պատշաճ մակարդակով  նշվել են ազգային, պետական, եկեղեցական և ժողովրդական տոները, հոբելյանները: Կազմակերպվել և անցկացվել են բազմաբնույթ մշակութային և սպորտային միջոցառումներ, փառատոներ, ցուցահանդեսներ, մեծարման երեկոներ, գիտաժողովներ, ներկայացումներ, համերգային ծրագրեր, ուխտագնացություններ,  երիտասարդական հավաքներ, սպորտային մրցումներ և խաղեր:

Անցկացված միջոցառումներից կառանձնացնեի ՀՀ անկախության 21-րդ, Հայոց բանակի ստեղծման 20-րդ, Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի, Շուշիի ազատագրման տարեդարձներին նվիրված միջոցառումները, Հայ գրատպության 500, Սայաթ-Նովայի 300,  Եղիշե Չարենցի 115-ամյակներին նվիրված միջոցառումները, ինչպես նաև Հայ Առաքելական եկեղեցու տաղավար տոները՝ Սուրբ Սարգիս, Տյառն ընդառաջ, Ծաղկազարդ, Սուրբ Զատիկ և այլն: Կազմակերպվել են բազմաթիվ հիշատակի, մեծարման երեկոներ, նվիրված արցախյան ազատամարտի նահատակներին, ինչպես նաև բազմաբնույթ երիտասարդական փառատոներ ու մարզամշակութային միջոցառումներ:

Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի դերի բարձրացման, բնակչության շրջանում առողջ ապրելակերպի ձևավորման ու ամրապնդման նպատակով 2012թ. մարզում անց են կացվել բազմաթիվ սպորտային միջոցառումներ:

Անհրաժեշտ աշխատանքներ են տարվել պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության և օգտագործման, հողհատկացման, պահպանական գոտիների նախագծերի կազմման ուղղությամբ:

2012 թվականի նոյեմբերին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ տեղի ունեցավ Մեղրիի հիդրոէլեկտրակայանի հիմնարկեքը, որը կառուցվում է սահմանային Արաքս գետի վրա:

-Վերջին տարիներին Սյունիքի մարզում ակտիվորեն իրականացվում են քաղաքաշինական աշխատանքներ, ինչպիսի՞ ն էր պատկերը 2012թ.:

 

-2012թ-ին մարզում իրականացվել են շուրջ 7.2 մլրդ. դրամի համաշինարարական աշխատանքներ, որից` 1.3 մլրդ դրամի կապիտալ շինարարության և 5.9 մլրդ. դրամի հիմնանորոգման ու վերանորոգման աշխատանքներ:

2012 թվականին  շարունակվեցին լուծում ստանալ մարզի սոցիալ-տնտեսական զարգացման հետ կապված հիմնախնդիրները: Դրանց մի մասի իրականացման նպատակով ՀՀ կառավարության որոշումներով Սյունիքի մարզին հատկացվել է շուրջ 1.4 մլրդ դրամ, որը նպատակաուղղվել է քաղաքային համայնքների ճանապարհային ցանցի ասֆալտապատմանը, վերանորոգմանը, ինպես նաև դպրոցների, նախակրթարանների հիմնանորոգմանը, մատաղ սերնդի դաստիարակության պայմանների բարելավմանը, մշակութային կառույցների, բնակֆոնդի հիմնանորոգման, պահպանման և խմելու ջրի ցանցի կառուցման աշխատանքներին:

Վերոգրյալ ներդրումներով իրականացվել են ավելի քան 50 ծրագրեր: Մասնավորապես, սկսվել են Դարբաս համայնքի Շամբ բնակավայրի դպրոցի կառուցման աշխատանքները, վերանորոգվել է 10 դպրոց, 2 մանկապարտեզ, 2 քոլեջ, հիմնանորոգվել է Կապան քաղաքի մոտ 4.9 հազար քմ մակերեսով 8 բազմաբնակարան շենքերի հարթ և լանջավոր տանիքներ: Ընդհանուր առմամբ, ասֆալտապատվել են 8,3 կմ երկարությամբ 42,57 հազ. ք.մ համայնքային ճանապարհներ և իրականացվել մի շարք այլ աշխատանքներ:

2012 թվականի նոյեմբերին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ տեղի ունեցավ Մեղրիի հիդրոէլեկտրակայանի հիմնարկեքը, որը կառուցվում է սահմանային Արաքս գետի վրա: ՀԷԿ-ի շինարարության ընթացքում ներգրավված են լինելու շուրջ 2 հազար մասնագետներ և բանվորներ: ՀԷԿ-ի հաշվարկային հզորությունը 130 մգվտ է, որի կառուցման և շահագործման աշխատանքներում կներգրավվի տեղական աշխատուժը:

2012 թվականի դեկտեմբերին շահագործման հանձնվեց Հայաստանի և Շվեյցարիայի կառավարությունների համաֆինանսավորումով իրականացվող ՙՍոցիալական տուն աջակից պայմաններով՚ ծրագրի շրջանակներում կառուցված բազմաբնակարան շենքը: Նոր շահագործված բնակելի տունը եռահարկ է, ունի 20 բնակարան, որի շահառուներն են ամենակարիքավոր և ամենախոցելի` սոցիալապես անապահով, վագոն-տնակներում բնակվող, հաշմանդամ ունեցող և փախստականի կարգավիճակ ունեցող ընտանիքները:

-Ի՞ նչ խնդիրներ են առկա մարզում, որոնց լուծումն առաջնահերթ եք համարում:

-2013 թվականին, ինչպես և նախորդ տարիներին, խնդիրների ամբողջական փաթեթից առանձնացրել ենք առաջնահերթ լուծում պահանջողները, համալիր ուսումնասիրության և վերլուծության ենթարկելով՝ կազմել տարեկան աշխատանքային պլանը:

Որպես առաջնահերթ լուծում պահանջող խնդիրներ ըստ ոլորտների՝  2013թ առանձնացվել են.

-              կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների արդյունավետության բարձրացումը, դպրոցական շենքների հիմնանորոգումը և հիմնովին կառուցումը,

-              առողջապահական ծառայությունների որակի բարձրացումը, բուժհաստատությունների տեխնիկական վերազինումը, պետական նպատակային ծրագրերի իրականացումը,

-              գյուղատնեսության ոլորտի զարգացման ծրագրերի օժանդակումը,

-              մարզի տեղական ինքնակառավարման համակարգի լիարժեք ձևավորումը և կայացումը,

-              համայնքային բյուջեների կատարման միջոցառումների արդյունավետության բարձրացումը,

-              ենթակառուցվածքների զարգացման (գազիֆիկացման, ճանապարհաշինության, խմելու և ոռոգման ջրի մատակարարման, տրանսպորտային կապի բարելավման, համայնքների բարեկարգման և այլն) օժանդակումը,

-              փոքր և միջին ձեռնարկությունների համար նպաստավոր պայմանների ստեղծումը,

-              միջազգային և դոնոր կազմակերպությունների հետ տարվող աշխատանքների արդյունավետության բարձրացումը և նրանց կողմից նպատակային ծրագրերին աջակցումը:

-Մարզում զարգացման ինչպիսի՞  հեռանկարներ եք տեսնում:

-Վերջին շրջանում երկրի տնտեսության դիվերսիֆիկացման՝ բազմազանեցման, խնդիրները գտնվում են ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում և այս գործընթացներից անմասն չի մնում նաև Սյունիքը:

Այս առումով ցանկանում եմ կարևորել ՀՀ Սյունիքի մարզպետարանի և Սյունիքում ԵԱՀԿ ծրագրերի իրականացման գրասենյակի հետ համատեղ նախաձեռնած ՀՀ Սյունիքի մարզի տնտեսության դիվերսիֆիկացիայի ծրագրի կազմումը: Ծրագրի նպատակն է բացահայտել մարզի տնտեսության այն ճյուղերի զարգացման պոտենցիալը, որոնք թույլ են զարգացած կամ ընդհանրապես զարգացած չեն և ներդրողներին ուղղորդել նշված ոլորտներում իրականացնելու իրենց ծրագրերը:

Մարզի տնտեսության զարգացմանը մեծապես կնպաստի նաև արդեն մեկնարկած ՙՀյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիրը՚, որը խոշոր ենթակառուցվածքային ծրագիր է, և որի նպատակն է միջազգային բարձր  ստանդարտներին բավարարող տրանսպորտային ուղիներով երկրի հարավը կապել հյուսիսի հետ՝ ապահովելով ելքը դեպի միջազգային շուկաներ: Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի վերակառուցումը և զարգացումը հնարավորություն կտա դյուրացնել և աշխուժացնել մարզի բնակչության ներքին շարժը, տնտեսության հիմնական ոլորտների զարգացումը և արտահանման ընդլայնումը (արդյունաբերություն, գյուղատնտեսություն, հանքարդյունաբերություն, շինարարություն, զբոսաշրջություն) և վերջին հաշվով էապես նպաստել նաև այնպիսի հիմնախնդրի լուծմանը, ինչպիսին է զբաղվածության խնդիրը:

Անհրաժեշտ եմ համարում նշել, որ 2012 թվականին մարզում ստեղծվել են 539 նոր աշխատատեղեր, որոնցից 195-ը 29 նոր ստեղծված ձեռնարկություններում:

-Ինչպիսի՞  կյանքով է ապրում Սյունիքի մարզի քաղաքային և գյուղական համայնքների բնակչությունը, ինչպիսի՞  փոփոխություններ են արձանագրվել նրանց կյանքում:

-Կապված մարզի սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրների աստիճանական ու հետևողական լուծման հետ՝ մարզի համայնքներում մարդկանց կենսամակարդակի աստիճանաբար բարձրացման միտումներ են դրսևորվում:

Իհարկե, յուրաքանչյուր համայնքում առկա է բնակչության որոշակի հատվածի` աղքատությունը հաղթահարելու  խնդիրը: Սակայն օրեցօր աճող ներդրումները բերում են աղքատության կրճատմանը և մարդկանց կենսապայմանների բարելավմանը, առկա սոցիալական խնդիրների լուծմանը: Մարզում չկա որևէ համայնք, որտեղ վերջին 8-9 տարիների ընթացքում ֆինանսական տարբեր աղբյուրների միջոցով ներդրումներ կատարված չլինեն: Պետական բյուջեից, միջազգային և այլ կազմակերպությունների կողմից իրականացված ներդրումների զգալի մասը հիմնականում ունեցել է տնտեսության զարգացմանը նպաստող ուղղվածություն: Բացի այդ, քաղաքային և գյուղական համայնքների  ենթակառուցվածքների մասով կատարված մեծածավալ աշխատանքները (ճանապարհների, փողոցների ու հրապարակների բարեկարգում, խմելու, ոռոգման ջրատարների, գազատարների կառուցում, կրթական ու մշակութային հաստատությունների վերանորոգում և այլն) նպաստել են որոշակիորեն կյանքի որակի բարձրացմանն այդ համայնքներում:

Այս հարցում իր լուրջ դերակատարությունն ունի ՙԶանգեզուրի ՊՄԿ՚ ՓԲ ընկերությունը:  Բավական է նշել, որ կոմբինատի կողմից, ղեկավարության բարի կամքի դրսևորման արդյունքում, միայն 2012 թվականին մարզի բոլոր համայնքներում կատարվել է ավելի քան 2.9 մլրդ դրամի ներդրում:

Լավագույն օրինակներից կարող է հանդիսանալ Տաթև, Տանձատափ, Սվարանց, Հալիձոր, Շինուհայր և հարակից գյուղերում զբոսաշրջության զարգացումը, կապված Տաթևի ճոպանուղու կառուցման հետ, ինչպես նաև Շամբ գյուղում՝ հանքային ջրերի ու պահածոների գործարանների հիմնումը, դրանով պայմանավորված՝  նոր աշխատատեղերի ստեղծումը, որն էլ իր լուրջ ազդեցությունն է ունենում կյանքի որակի բարելավման վրա:

Անհրաժեշտ եմ համարում նշել, որ 2012 թվականին մարզում ստեղծվել են 539 նոր աշխատատեղեր, որոնցից 195-ը 29 նոր ստեղծված ձեռնարկություններում: Սա հենց համայնքներում կյանքի՝ դեպի լավը, դեպի նորը փոխվելու լավագույն ապացույցներից է:

Կարծում եմ՝ հանրային կյանքում դրական փոփոխությունները հանգեցրել են նաև նրան, որ այսօր մարդկանց մեջ ամրացել է հավատը վաղվա օրվա և երկրի ապագայի նկատմամբ:

   -Որո՞ նք են 2013 թ. առաջնահերթությունները, ինչ կարևոր ծրագրեր պետք է իրականացնել:

-2009թ. հունիսի 26-ին ՀՀ կառավարության` Սյունիքի մարզում կայացած արտագնա նիստում N 782-Ն որոշմամբ՝ հաստատվեց ՀՀ Սյունիքի մարզի 2010-2013թթ սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիրը, որի կազմման ընթացքում հաշվի են առնվել տարբեր սոցիալական խմբերի, գործարարների, հասարակական և այլ կազմակերպությունների առաջարկություններն ու դիտողությունները: Ծրագիրը հաջողությամբ իրականացվում է: Ծրագրով 2010թ. նախատեսված 21.6 մլրդ դրամ ներդրումների դիմաց փաստացի կատարումը կազմել է ավելի քան 29.8 մլրդ դրամ, 2011թ. նախատեսված 12.9 մլրդ-ի դիմաց` փաստացի կատարումը 16.8 մլրդ դրամ: 2012թ. ծրագրով նախատեսվել էր իրականացնել 23.1 մլրդ դրամի ներդրումներ: Ծրագրի մոնիթորինգի և գնահատման տարեկան հաշվետվությունը գտնվում է ամփոփման փուլում և կհրապարակվի 2013 թվականի հունվարին: Նախնական հաշվարկներով՝  ծրագրի կատարումը ամբողջությամբ ապահովվել է:

Այժմ Սյունիքի մարզպետարանում կազմվում է մարզի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի 2013 թվականի աշխատանքային պլանը, որի իրականացման համար պահանջվող ընդհանուր գումարը կազմում է շուրջ 21.0 մլրդ դրամ: ՀՀ տարածքային կառավարման նախարարի հաստատումից հետո այն կհանդիսանա մարզի տնտեսության 2013 թվականի զարգացման հիմնական ուղենիշը:

Արդյունաբերության, քաղաքաշինության, ենթակառուցվածքների զարգացման ոլորտների վերաբերյալ առկա և իրականացվող ծրագրերի մասին վերն արդեն իսկ նշել եմ. կցանկանայի առանձնացնել մարզում իրականացվող բնապահպանական ծրագրերից հատկապես մեկը: ՀՀ բնապահպանության նախարարության և ՀՀ Սյունիքի մարզպետարանի կողմից, 2012 թվականին Գերմանական զարգացման բանկի /KFW/ ֆինանսավորմամբ, իրականացվել են Շիկահողի կենսոլորտային արգելոցի և շրջակա համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի պիլոտային փուլը: Ծրագրի  ընդհանուր ծավալը 8.25 մլն եվրո է, որը կուղղվի Շիկահողի կենսոլորտային արգելոցի ստեղծմանը և Կապան, Շիկահող, Ծավ, Սրաշեն, Ճակատեն, Ն.Հանդ համայնքների զարգացմանը: Ծրագիրը կմեկնարկի այս տարի:

Կարծում եմ՝ դրան համահունչ՝ Սյունիքում կշարունակվի զարգանալ ավանդական դարձած ճյուղերը՝ լեռնահանքային արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, միաժամանակ կզարգանա էներգետիկայի ոլորտը՝ հատկապես փոքր ՀԷԿ-երի կառուցման և շահագործման ուղղությամբ, կշարունակվի համայնքների գազիֆիկացումը, մեծ թափ կստանա զբոսաշրջության զարգացումը, որը կապված է մարզի ուշագրավ պատմամշակութային և գեղատեսիլ բնության հետ, կշարունակվի զարգանալ փոքր և միջին բիզնեսը, որի խթանումը մշտապես գտնվում է մեր ուշադրության կենտրոնում:

Հարցազրույցը՝ Սուսաննա Թամազյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...