07:06
12/23/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Կարեն Վարդանյան

2013-01-31 12:21

Հպարտանանք մեր ժողովրդի ստեղծածով…

«Դե Ֆակտո» N31

-Պարո՛ն Վարդանյան, կցանկանայի մեր զրույցը սկսել, այսպես ասած, համաշխարհային մասշտաբի խնդրից. Ձեր կարծիքով` ինչպե՞ս է անդրադառնում մեր երկրի և, մասնավորապես,  Ձեր ընկերության գործունեության վրա համաշխարհային ֆինանսական ճգնաժամը:

 - Իհարկե, անհնարին է, որ համաշխարհային ճգնաժամը չարտացոլվի Հայաստանի տնտեսության վրա ևս, քանի որ մեր հայրենակիցներից շատերն ապավինում են արտասահմանից ստացվող տրանսֆերտներին, իսկ դրանց նվազումը նշանակում է հայ սպառողների գնողունակության անկում, որի արդյունքում էլ նվազում է ապրանքների իրացումը շուկայում:  Նույնիսկ առևտրի մանրածախ կետերով իրացման շրջանառությունն անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 10-30 տոկոսի չափով: Բացի այդ, քանի որ տեղական առևտրային բանկերը հիմնականում ֆինանսավորվում են արտասահմանյան բանկերի կողմից, որոնք էլ գտնվում են ծանր ֆինանսական կացության մեջ, նվազել են վարկավորման ծրագրերը, մանավանդ հեփոթեքային վարկերի մասով: Դա չի կարող չազդել մեր երկրի տնտեսության վրա:

    Սակայն, նշեմ, որ նույնիսկ նման պայմաններում մեզ հաջողվել է պահպանել մեր արտադրության և իրացման ծավալները գրեթե նույն մակարդակի վրա, ինչն այս պարագայում, հիրավի, լուրջ նվաճում է: Ասեմ ավելին. այս պայմաններում մեր հոլդինգում անգամ աշխատատեղի ոչ մի կրճատում և նույնիսկ աշտավարձի իջեցում տեղի չի ունեցել:

Դա մեզ հաջողվում է նաև այն բանի շնորհիվ, որ մեր ընկերությունը որդեգրել է դիվերսիֆիկացիայի քաղաքականություն` մտնելով մեզ համար նոր արտադրատեսակների շուկաներ: Այս տարի ևս մեր կազմակերպությունը արտադրության ոլորտում ունի ամենամեծ կոլեկտիվը. այն կազմված է ավելի քան 1700 աշխատողներից: Հանդիսանում ենք սննդի ոլորտի ամենախոշոր հարկատուն` 2008 թվականի տասն ամիսների ընթացքում պետբյուջե վճարել ենք ավելի քան 1,5 մլրդ դրամի հարկ` տարբեր հարկատեսակներով:

-Եթե կարելի է, անցնենք ավելի մասնավոր խնդիրների. անցյալ տարի մեր հարցազրույցում անդրադարձաք ՙԳրանդ Քենդի՚ ընկերության նախագծերին. ի՞նչ արդյունքներ եք արձանագրել, ի՞նչ նորություններ ունեցաք 2008թ-ին և ինչ՞ նախագծեր ունեք 2009թ-ի համար:

-2008-ին ՙԳրանդ Քենդին՚ գործարկեց իր տպարանը, որը հագեցած է ժամանակակից տպագրական սարքավորումներով և տեխնոլոգիաներով: Վերջինիս հնարավորությունները թույլ են տալիս տպագրել բարձր որակի պիտակներ` ինչպես քաղցրավենիքի, այնպես էլ ծխախոտի արտադրության համար: Այս նախագծի իրագործումը մեզ հնարավորություն տվեց կտրուկ նվազեցնել արտասահմանում տպագրվող պիտակների ծավալը, հետևաբար ստեղծել նաև նոր աշխատատեղեր:

        Տարեսկզբին հայ սպառողի դատին ներկայացրեցինք տարատեսակ և որակյալ սուրճերի տեսականի: Այսօր այս ապրանքացանկը կազմված է մոտ 10 անվանումից, որոնք իրենցից ներկայացնում են աշխարհի տարբեր երկրներից ներմուծված բարձրորակ սուրճերի յուրօրինակ համային փնջեր: 2009թ.ին այս շարքը կհամալրվի ևս մի քանի տեսականիով: Այս արտադրամասում տեղադրվել է ՙԳրանդ Քենդիի՚ հատուկ պատվերով Իտալիայում արտադրված և Հայաստանում նախադեպը չունեցող թանկարժեք և արդիական հոսքագիծ:

                Այս տարի սկսեցինք նաև հիգիենիկ թղթի արտադրությունը: Այս արտադրության համար հումքը դեռևս ներկրում ենք արտասահմանից, սակայն 2009-ին “Գրանդ Տոբակոյում” կսկսի աշխատել մի նոր արտադրամաս, որը առաջնային հումքից, այսինքն ցելյուլոզից, կարտադրի հիգիենիկ թղթի և անձեռոցիկի հումք:

Կատարելագործելու և ընդլայնելու ենք նաև անձեռոցիկների տեսակների  արտադրությունը “Գրանդ Տոբակոյում”, որի փաթեթավորման բոլոր պիտակները տպագրվելու են  “Գրանդ Քենդիի” տպարանում:

    Ավելին, 2008թ.-ի ընթացքում առաջխաղացում ունեցանք նաև գոֆրոարկղերի արտադրության ոլորտում: Գոֆրոարկղերի արտադրամասը ևս հագեցած է ժամանակակից և գերհզոր սարքավորումներով, որոնք հնարավորություն են տալիս արտադրել ցանկացած տեսակի գոֆրոարկղեր` եռաշերտ և հնգաշերտ, տպագրված և մակաշերտում արված, այսինքն` կարող ենք բավարարել ցանկացած քմահաճ պատվիրատուի պահանջները, որովհետև արտադրամասը համալրեցինք նոր ժամանակակից սարքավորումներով, և որակով ու քանակով դարձանք ոլորտի առաջատար: Որպեսզի կարողանանք բավարարել օրեցօր աճող պահանջարկը, այս տարի “Գրանդ Տոբակոում” կատարելագործել և ավելացրել ենք թղթի թափոնից ստացվող ստվարաթղթի արտադրության արտադրական հզորությունները:

      2009 թվականին “Գրանդ Քենդիում” հիմնվելու է տետրի արտադրություն, ինչը հնարավորություն կտա հայ մանուկներին հայերեն լեզուն ուսուցանելիս, գրել հայկական տետրերում, այլ ոչ թե թուրքական կամ այլ արտասահմանյան երկրների: Դրանց արտաքին տեսքը կլինի մշակված մանուկների համար` ուրախ ու գունագեղ նկարազարդումներով: Այլ ծրագրեր ևս կան, որոնց մասին, սակայն, կտեղեկանաք մյուս տարի, քանզի դրանք առայժմ առևտրային գաղտնիք են հանդիսանում:

- Մի փոքր խոսենք  այն խնդիրների շուրջ, որոնք ծառացած են ՙԳրանդ Քենդի՚ ընկերության առջև:

-Հայաստանի բոլոր արտադրողները լուրջ խնդիրներ ունեն իրենց արտադրանքը երկրում իրացնելու հարցում: Պետությունը չի աջակցում տեղական արտադրողներին, դեռ ավելին` պետությունն օրենսդրական դաշտով նպաստում է ներմուծմանը՝ ենթադրաբար, շատ ներմուծողներ կամ պետական չինովնիկներ են, կամ ուղղակի կապեր ունեն չինովնիկների հետ:

                Վիճակը բարդանում է նրանով, որ շուկան գերհագեցած է, դեռ ավելին` գերհագեցած է ներմուծված ապրանքներով: Շուկայի ուսումնասիրության, մոնիտորինգի մեր տվյալներով` շուկայի ապրանքների 70-80%-ը ներմուծված ապրանքներ են, բացառությամբ մի քանի ապրանքատեսակների, որոնցից են կոնյակը, հանքային ջուրը և 2-3 օր պահպանման ժամկետ ունեցող արտադրատեսակները (հաց, կաթնամթերք): Ինքներդ էլ կարող եք համոզվել դրանում, եթե ուշադրություն դարձնեք հեռուստատեսությամբ եթեր գնացող գովազդներին` այդ գովազդների 70-80%-ը ներկայացնում են ներմուծված ապրանք կամ արտասահմանյան ընկերության ֆիրմային գովազդ:

                Վերջին տարիների ընթացքում, ԱՄՆ դոլարի կուրսի անկմամբ պայմանավորված, ներմուծողները գերշահույթներ ունեցան, փոխարենը ապրանքների գների նվազում գրեթե չնկատվեց: Օրինակ փոքր ընկերությունը, որը տարիներ առաջ ներմուծում էր մեկ անվանում ապրանքատեսակ, այդ գերշահույթների շնորհիվ բազմաթիվ այլ ապրանքատեսակների ներմուծող դարձավ` դրանով իսկ վերածվելով գերհզոր տնտեսվարող սուբյեկտի: Նման ընկերություններն այնքան են շատացել, որ արդեն շուկայում պայքար են մղում ցուցանակի վրա տեղ գտնելու համար, և դրանցից շատերի գովազդն ու þþփրոմոուշնըþþ ֆինանսավորվում է դրսից` միջազգային կորպորացիաների կողմից իրենց ապրանքի վաճառքների խթանման նպատակով, և ինչպե՞ս տեղական ընկերությունները, մասնավորապես՝ փոքր ու միջին արտադրողները, նման պարագայում գտնեն իրենց տեղը շուկայում, երբ ցուցափեղկի վրա տեղ տրամադրելու համար վաճառասրահի տնօրինությունն արդեն վարձ է վերցնում արտադրողից յուրաքանչյուր անուն ապրանքի համար:

                Մյուս կարևոր խնդիրն այն է, որ այսօր մեր երկրում, ի տարբերություն զարգացած երկրների, տեղական արտադրողը չի կարողանում պաշտպանել իր իսկ սեփականությունը. խոսքը գնում է մտավոր սեփականության մասին: Այլ երկրներում մաքսային մարմինները երբեք թույլ չեն տա ներկրել անպիսի ապրանքատեսակներ, որոնց անվանումը տվյալ երկրի որևէ ընկերության մտավոր սեփականությունն է հանդիսանում: Փորձեք ԱՄՆ ներմուծել Սնիկերս անունով ապրանք և տեսեք, թե ինչ տեղի կունենա. այն միանգամից կբռնագրավվի, և անգամ կգանձվեն տույժ-տուգանքներ: Իսկ մեզ մոտ ուղիղ հակառակն է` ինչ ասես ներմուծում են, ինչ օրենք ասես խախտում են, և հաճախակի՝ ի վնաս հայրենական արտադրողի: Ի դեպ, մի շարք զարգացող երկրներում, ինչպես օրինակ Բրազիլիայում կամ Ուկրաինայում, պետությունը որդեգրել է տեղական արտադրողների սուբսիդավորման քաղաքականություն` նպաստելով տեղական արտադրության զարգացմանը:

                Ուսանելի է նշված երկրների փորձը, և ցանկալի է, որ մեր պետությունը ևս քայլեր ձեռնարկի՝ տեղական արտադրողին տնտեսապես օժանդակելու և արտահանումը խթանելու ուղղությամբ:

    Բացի այդ, մեր երկրում տարիներ շարունակ զարգացել է արատավոր երևույթ հանդիսացող պետական չինովնիկների կողմից սեփական բիզնեսի նկատմամբ հովանավորությունը, սակայն այսօր ես արդեն հավատացած եմ, որ դա լոկ ժամանակավոր բնույթ է կրում:

  Մեծապես ողջունում եմ նախագահ Սերժ Սարգսյանի որդեգրած հակակոռուպցիոն քաղաքականությունը և բյուջետային աշխատողների աշխատավարձերի առաջընթաց ավելացման ծրագիրը, ու այն սկզբունքի ամրագրումը, որ պետական չինովնիկը պետք է գիտակցի պետական ծառայողի դերն ու նշանակությունը երկրի համար և իրեն դրսևորի որպես այդ ծառայությունն իրականացնողը: Չէ՞ որ իրականում բոլոր պետական ծառայողների աշխատավարձերը գոյանում են հարկատուների վճարումների հաշվին, և այդ իրողությունը նրանք պետք է քաջ գիտակցեն: Իմ կարծիքով՝ 2008թ-ին երկրի նախագահի նախաձեռնած օրենսդրական բարեփոխումները և օրենքների կիրառման մեխանիզմների նոր համակարգերը մոտակա 5 տարիների ընթացքում զգալիորեն կնպաստեն տնտեսության զարգացմանը և մեծ օգուտ կտան մեր երկրին:

                Իմ խորին համոզմամբ` ներքին շուկան պետության համար ռազմավարական կարևորություն ունի: Եթե շուկայում գերիշխում է տեղական արտադրության ապրանքը, երբ տեղական արտադրողի ձեռքերում է շուկան, ստեղծվում է մի շատ ամուր այսպես կոչված “փակ շղթա”, որտեղ շղթայի բոլոր օղակները փոխկապակցված են: Ավելանում են պետբյուջեի վճարումները բոլոր հարկատեսակներով, ավելանում է  աշխատատեղերի քանակը, դադարում է արտագաղթը, այլևս տեղի չի ունենում մտավոր ներուժի արտահոսք, ընտանիքները դառնում են ավելի ամուր, բարձրանում է ազգային արժանապատվությունը և այլն…

     Եվ եկե՛ք չմոռանանք, որ, 1997թ-ից սկսած, դրական փոփոխություններ են տեղի ունեցել տնտեսության գրեթե բոլոր բնագավառներում: Եվ մենք ազգովի պետք է ընկալենք, գիտակցենք ու գնահատենք այդ ձեռքբերումները և ձգտենք պահպանել ու զարգացնել դրանք, որպեսզի մեր երկրի տնտեսական աճը շարունական ու կայուն լինի:

- Պարո՛ն Վարդանյան,  իսկ ի՞նչն է առաջին հերթին օգնում ձեզ այդ պայքարում հաղթող դուրս գալու:

- Միակ բանը, որ արտադրողից ու աշխատողից չի կարելի խլել, նրա աշխատասիրությունն է ու գիտելիքները: Գրանդ Քենդիի հաջողություններն ուղղակիորեն կապված են Վարդանյան ընտանիքի հետ. մեր կողմից հիմնադրված և պատշաճորեն իրականացվող կառավարչական մեխանիզմների, մեթոդների, համակարգերի, հիմնադրված կառուցվածքի ճիշտ ընտրության հետ: Արտադրության մեջ աշխատող մարդն ինքն իրենով, իր արած գործով արդեն իսկ հավերժ է, պետական արժեք է, պետականության կայացման հիմք` անկախ վարչաքաղաքական համակարգի փոփոխություններից:

     Մեր ազգանվեր վերաբերմունքը մեր կատարած գործին էլ ավելի է ամրապնդվում այն գիտակցմամբ, որ մեր աշխատանքի արդյունքը բարձր է գնահատվում սպառողների կողմից, ինչը խթան է հանդիսանում նորանոր նվաճումների:

 Հաջողության մյուս գրավականը մեր արտադրանքի բարձր որակն է: Գրանդ Քենդիի առաջին սպառողները հենց Վարդանյաններ ընտանիքի երեխաներն են, և կարծում եմ, որ ավելի լավ գովազդ չկա, քան այն, որ մենք մեր արտադրանքի առաջին սպառողն ենք:

-Վերջերս շատ է խոսվում մաքուր շոկոլադի մասին: Որն է մաքուր շոկոլադը: Գովազդվում է, որ Հայաստանում ՙԳրանդ Քենդիի՚ շոկոլադն է միակ մաքուր շոկոլադը և ինչո՞վ է պայմանավորված նրա միակ լինելը:

- ՙԳրանդ Քենդի՚ ընկերությունը Հայաստանի միակ իսկական շոկոլադ արտադրող ընկերությունն է: Մեր արտադրած շոկոլադը շատ առողջարար է, և օժտված է բազմաթիվ օգտակար հատկանիշներով: Կարևորեմ դրանցից մի քանիսը. այն ունի հակասեպտիկ հատկություն, կարգավորում է սիրտանոթային համակարգի աշխատանքը, կայունացնում է ճնշումը, ամրապնդում է իմունային համակարգը և հագեցած է մի շարք վիտամիններով: ՙԳրանդ Քենդի՚-ի շոկոլադը արտադրվում է բացառապես բնական հումքից` կակաո հատիկավորի վերամշակումից ստացվող կակաո յուղից, կակաո լոսածից և կակաո փոշուց: Հայաստանում, ինչպես նաև Անդրկովկասի տարածաշրջանում, որևէ այլ ընկերություն չունի կակաո հատիկավորի վերամշակման տեխնոլոգիա: Հայաստանի շուկայում առկա մյուս շոկոլադները, որոնք հիմնականում ներմուծված են Ուկրաինայից և Ռուսաստանից, պատրաստված են կակաոյի յուղի փոխարինիչների հիմքի վրա, էժանագին արմավի յուղին կամ “գոնչե” յուղին ավելացնում են կակաո փոշի  և ստանում այսպես կոչված ՙжировая глазурь՚: Հայաստան է ներմուծվում մեծ քանակությամբ նման հրուշակեղեն, և թյուրիմացության մեջ գցելով հայ սպառողին` ներկայացվում իբրև շոկոլադ: Իհարկե, կա մեր շուկայում ներմուծված որակյալ բնական շոկոլադ, բայց այն մատչելի չէ հասարակության բոլոր խավերին, գրեթե 3 անգամ ավելի թանկ է, քան ՙԳրանդ Քենդիի՚ նույնատիպ կոնֆետը: Ասեմ Ձեզ, տնային` ոչ արտադրական պայմաններում շոկոլադ արտադրելն անհնարին է, դա բարդ տեխնոլոգիական գործընթաց է: Այսպես կոչված ՙնկուղային՚ արտադրողները հալեցնում են այդ նույն յուղային ջնարակը և արտադրում անորակ իբրև թե շոկոլադե կոնֆետ, իհարկե վաճառելով այն ավելի ցածր գնով: Շատերը, կարևորելով գինը և տնտեսելով 50ից 100 դրամ, նախնտրում են գնել 1 կիլոգրամ անհայտ ծագում ունեցող կոնֆետ, քան վճարելով նույնքան, գնել օրինակ 900 գրամ որակյալ կոնֆետ: Այսպիսով, թվացյալ 10 տոկոս տնտեսման դեպքում, իրականում կորուստը կազմում է 90 տոկոս որակի առումով: Դա վերաբերում է ոչ միայն շոկոլադին, այլև այլ սննդամթերքներին ևս: Բայց ուրախալի է , որ նկատվում է նաև դրական միտում: Մարդիկ ավելի ուշադիր են վերաբերում այն հարցին, թե ինչ են գնում, և ինչ սնունդ են տալիս իրենց երեխաներին: Այստեղ տեղին եմ համարում մեջբերել մի հին փիլիսոփայական ասացվածք. “Դու այն ես, ինչ դու ուտում ես”: Բոլորիս հայտնի վերջին իրադարձությունները` կապված չինական ծագում ունեցող մանկական սննդում հայտնաբերված մելամինի հետ, ևս մեկ ապացույց է, որ պետք է ապավինել միայն տեղական արտադրողին, որը միշտ պատասխանատու է իր սպառողի առջև: Մի՞թե կարելի է ավելի վստահել ինչ-որ անծանոթ արտասահմանյան ընկերության, քան քո հայրենակցին, ով ինքն իր իսկ արտադրանքի սպառողն է հանդիսանում:

- Անդրադառնանք օտարամոլությանը: Հայտնի է, որ դա նույնպես մեծ խոչընդոտ է հանդիսանում հայրենական արտադրության համար:   Ի՞նչ կասեիք այդ մասին:

  -Այո՛, օտարամոլությունը, ցավոք, շարունակում է մնալ ազգային խնդիր: Այն նույնիսկ ավելի շատ է ծավալվել: Մեր փորձից կարող եմ ասել, որ եթե նույն կոնֆետին հայերեն անվան փոխարեն տալիս ենք, օրինակ անգլերեն, կամ ռուսերեն անվանում, այն ավելի լավ է վաճառվում: Դրա համար էլ, երևի, տեղական արտադրողները ստիպված են լինում օտարալեզու անուններ տալ իրենց արտադրանքին:

     Այն մարդիկ, ովքեր բացասաբար են վերաբերվում տեղական արտադրանքին, և հպարտանում են արտասահմանյան ապրանքներ գնելով` վերջիվերջո տուժում են: Առաջին հերթին ասեմ, որ Հայաստան ներմուծված գրեթե բոլոր ապրանքները, նույնիսկ, եթե դրանք արտադրվում են տրանսնացիոնալ ընկերությունների կողմից, արտադրվում են հատուկ երրորդ կարգի երկրների համար, և արտադրված են շատ հետամնաց երկրներում, օրինակ` Պակիստանում, Վիետնամում, այսինքն երկրներում, որոնց տնտեսական վիճակը շատ ավելի ցածր մակարդակի վրա է գտնվում, քան Հայաստանինը:  Նման ապրանքներ արտադրելիս հաշվի է առնվում տվյալ երկրներում առկա էժան աշխատուժը, որն ապահովում է ցածր ինքնարժեք ու հետևաբար ցածր գին: Նման ապրանքներն էլ արտահանում են Հայաստանի նման երկրներ, որտեղ բնակչության գնողունակությունը ցածր է: Բոլորին հայտնի է “շտացկի Մալբորո” արտահայտությունը. այն իր որակով մի քանի անգամ ավելի բարձր է, քան Հայաստան ներկրվող նույնանուն ծխախոտը: Կամ, բոլորիս հայտնի է, ասացվածք դարձած “Էջմիածնում ա սարքած” արտահայտությունը, որը հոմանիշ է դարձել կեղծիք բառին, այսինքն` այնքան ցածր է լինում այդ արտասահմանյան ապրանքների որակը, որ մարդկանց մոտ երկմտանք է առաջանում` արդյո՞ք տվյալ ապրանքը հենց այդ հայտնի ընկերության արտադրանքն է, թե կեղծիք է: Ինչու՞ չէ,  շատ դեպքերում մեր տուժված օտարամոլները, իսկապես, կեղծարարների զոհ են  դառնում` օրինակ մոսկովյան կոնֆետի փոխարեն գնելով Ադրբեջանում արտադրված ՙմասկովսկի՚ կոնֆետները:

  Այս հարցին շատ լուրջ ազգային մոտեցում է անհրաժեշտ` նույնիսկ պետական մակարդակի: Մատաղ սերունդը պետք է դաստիարակվի հայրենասիրական ոգով, և այն արվի ոչ միայն խոսքով, այլ նաև կոնկրետ գործով: Յուրաքանչյուր հայ մարդ պետք է գնահատի և հպարտանա այն ամենով, ինչ ստեղծվում է իր երկրում իր հայրենակիցների ջանքերով: Եկեք հպարտանանք մեր ժողովրդի ստեղծածով:

     Ի դեպ՝  թերևս քչերին է հայտնի, որ 2008թ-ի մարտ ամսին Օքսֆորդ քաղաքում Եվրոպական Բիզնես Խորհրդի կողմից “Գրանդ Քենդի” ընկերությունն արժանացել է Եվրոպայում մեծ ճանաչում ունեցող և բարձր հարգանք վայելող “Եվրոպական Որակ” կոչմանը, որը ողջ աշխարհում շնորհվում է բաձառապես բարձր որակ  ունեցող ապրանքներ արտադրող ընկերություններին: Եվ այնուհանդերձ, իրենց երկրում ունենալով եվրոպական որակի ստանդարտներին համապատասխան բարձրորակ արտադրանք, որոշ օտարամոլներ շարունակում են գնել իբրև թե եվրոպական, սակայն  ցածրորակ արտասահմանյան ապրանքներ: :

- Իսկ կարո՞ղ եք ավելի մանրամասն ներկայացնել ընթերցողին, թե ինչքանով է ավելի տեղական արտադրողի տված օգուտը պետությանը ներմուծողի համեմատ:

-Օրինակ` 1 տոննա կոնֆետ  արտադրելու կամ նույն 1 տոննա կոնֆետը ներմուծելու դեպքում տարբեր հարկեր և տուրքեր են վճարվում: Ներմուծելու դեպքում միայն ավելացված արժեքի հարկ, որոշ դեպքերում մաքսատուրք են գանձվում, իսկ արտադրելու` մեկ տոննայի համար, բացի վերը նշված հարկատեսակներից, մեր ընկերությունը մոտ 25 աշխատատեղ է ստեղծում, 25 հոգու աշխատավարձ է տալիս, այդ վճարվող աշխատավարձից, բնականաբար, հարկեր ու տուրքեր վճարում: Բացի այդ, ծախսվում է հոսանք, գազ, ջուր, տեղական շուկայից ձեռք են բերվում անհրաժեշտ հումք և նյութեր, որոնք լրացուցիչ ակտիվներով (աշխատատեղ, հարկեր, շահույթներ) են համալրում նաև մեր ընկերության հետ համագործակցող, ինչպես գյուղմթերքներ արտադրող, այնպես էլ մի շարք այլ մանր և միջին ձեռնարկություններ:

Ունենալ հայրենական արտադրություն, նշանակում է ունենալ տնտեսություն: Միայն դրսից ուղարկվող տրանսֆերտների հիման վրա տնտեսություն չի կառուցվի:  Շատ է խոսվում հանքարդյունաբերության ոլորտի, ադամանդի վերամշակման ոլորտի, տուրիզմի զարգացման, բարձր տեխնոլոգիաների մասին: Սակայն այս ոլորտները, ի տարբերություն արդեն գոյություն ունեցող արտադրությունների, դեռևս չեն դարձել մեր տնտեսության հիմք և բազմաթիվ չլուծված խնդիրներ ունեն:

Առայժմ միակ ազգանվեր և ճիշտ ռազմավարական մոտեցումը կլինի գոնե պահպանել այն արտադրությունները, որոնք արդեն կայացած են, նպաստել դրանց զարգացմանը: Ասելով հայկական տնտեսություն՝ պետք է հասկանալ, ոչ թե արտագնա աշխատանքների արդյունքում վաստակած գումարները կամ արտասահմանում բնակվող հարազատների կողմից ուղարկվող þþօգնություն-ողորմությունըþþ, այլ Հայաստանում ապրող և աշխատող մեր հայրենակիցների կողմից  ստեղծված ազգային ապրանքանիշերը, որոնք այսօր հայտնի են Հայաստանում և սփյուռքում: Մենք նաև պարտավոր ենք փորձել հայտնի դարձնելու դրանք ողջ աշխարհին:

 

 

- Գիտենք, որ դուք իրականացնում եք տարբեր բարեգործական ծրագրեր: Գիտենք, որ չեք սիրում խոսել այդ մասին, բայց այնուամենայնիվ, զրուցենք այդ հարցի շուրջ ևս:

- Երկար կարող ենք խոսել տարբեր բարեգործական միջոցառումների, կատարված աշխատանքների մասին, շատ ու շատ օրինակներ կարող ենք բերել, օրինակ` ինչպես յուրաքանչյուր տարվա սեպտեմբերի 1-ին, այս տարի ևս 70 միլիոն դրամի նվերներ ենք բաժանել դպրոցականներին, տարվա ընթացքում հանդես ենք գալիս` որպես տարբեր միջոցառումների հովանավոր… Միայն Տավուշի  մարզում “Վարդանյանների ընտանիք” բարեգործական հիմնադրամը մեկ տարվա ընթացքում կատարել է ավելի քան 1 միլիոն ԱՄՆ դոլարի բարեգործություն: Տավուշի մարզը մեր ուշադրության կենտրոնում է, քանի որ այն սահմանամերձ է և այդ շրջանի բարեկեցությունը ռազմավարական նշանակություն ունի մեր հանրապետության համար: Բացի դրանից, այս հիմնադրամը լայն գործունեություն է ծավալում այլ ոլորտներում ևս: Օրինակ` վերջերս “Հայաստան” հիմնադրամին նվիրաբերեցինք 300.000 ԱՄՆ դոլար. ի դեպ, շատ եմ կարևորում “Հայաստան” հիմնադրամի գործունեությունը և կարծում եմ` անգերագնահատելի է նրա դերը այսօրվա իրականության մեջ: Մենք նաև հովանավորում ենք գիտության և սպորտի ոլորտներին՝ նպաստելով դրանց զարգացմանն ու հետագա առաջխաղացմանը: Խոշոր միջոցներ են հատկացվում հատկապես  բասկետբոլի, բռնցքամարտի ֆեդերացիաներին: Բարեգործության թեմաները շատ են, թվերն էլ բազմաթիվ, բայց  երկար չեմ ուզում խոսել այդ մասին, քանի որ այն ամենը, ինչ արվել է, չի արվել այն բանի համար, որ հետո խոսվի դրա մասին: Հետխորհրդային տարիների ընթացքում, ցավոք, մեր ազգը սովորել է սպասել, որ բարեգործները գումար տրամադրեն, կամ արտասահմանից որևէ մեկն իրենց գումար ուղարկի, որ իրենք ապրեն: Դրանով ազգը կորցնում է իր բարոյական դեմքը: Նման նվիրաբերություններից շատ ավելի ճիշտ եմ համարում մարդուն աշխատանքով ապահովելը և  նրան հնարավորություն տալը սեփական քրտինքով վաստակելու իր հանապազօրյա հացը և ապահովելու ընտանիքի բարեկեցությունը: Այդ դեպքում է միայն մարդը լինում անկախ, հպարտ և հասարակության համար պիտանի:

-Պարո՛ն Վարդանյան, իմացել ենք, որ վերջերս ամուսնացել եք: Կցանկանայինք շնորհավորել Ձեզ և տեղեկանալ` ինչպես դա կանդրադառնա Ձեր աշխատանքային գրաֆիկի վրա:

- Մեկ ամիս չեմ մասնակցի “Գրանդ Քենդիի” գործունեությանը, իսկ հետո նոր շնչով ու ոգևորությամբ կմոտենամ գործին:

 

 

 



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...