05:55
12/23/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Մենք ամեն վայրկյան կորցնում ենք մի վայրկյան

2013-01-31 11:50

«Դե Ֆակտո» N31 էքսկլյուզիվ

Պարո՛ն Էլբակյան, ին՞չ կասեք այսօրվա թատրոնի մասին:

- Միշտ լսել եմ, որ ասում են թատրոնը լավ վիճակում չէ: Երևի մարդիկ երազում են ավելի լավ թատրոն ունենալ, կամ ամեն մեկն ունի իր պատկերացումների թատրոնը, սակայն իրականում թատրոնը նորմալ վիճակում է ու աշխատում է, և այն մարդիկ, ովքեր կոչված են աշխատելու թատրոնում, նվիրյալներ են ` իրենց գործը կատարում են ուժերի ներածին չափով: Թատրոնը աշխատում է, բայց իհարկե լավ կլիներ, որ վերջինիս ավելի շատ ուշադրություն դարձնեին: Այն մութ, ցուրտ տարիներին թատրոնները քայքայվում էին. Սա այնքան չի վերաբերվում շենքերին` դրանք վերանորոգվել են, որքան ստեղծագործական աշխատանքին: Այն ժամանակ շատերը կորցրեցին իրենց ստեղծագործական ունակությունները, դա շատ դժվար էր, դրա հետ մեկտեղ կոցրեցին նաև հանդիսատեսին:Մի ամբողջ սերունդ չհասկացավ, թե ինչ  է թատրոնը: Պատահական չէ, որ այսօր թացն ու չորը խառնվել են իրար և պարզ չէ, թե որն է թատրոնը, որը շոուն և այլն: Բայց կարծում եմ, որ ամեն ինչ կամաց-կամաց կկարգավորվի:

-Ին՞չ է այսօր հանդիսատեսին տալիս թատրոնը, և արդյոք հանդիսատեսը կարողանու՞մ է դա վերցնել:

-Իմ խորը համոզմամբ այս աշխարհում թատրոնը երկու բան ունի անելու: Նախ և առաջ այն, թե ինչ է ուզում բեմից ասել` ինչ քաղաքացիական դիրքորոշմամբ,ինչ բարոյականությամբ և ինչ գեղագիտությամբ, իսկ երկրորդը`թատրոնը պետք է լինի ճանաչելի : Հանդիսատեսն էլ իր հերթին պետք է պատրաստ լինի թատրոն այցելելուն: Թատրոնը համեղ ուտելիք չէ, որ ըմբոշխնելուց հետո տուփը դեն նետես, թատրոնը փիլիսոփայական կատեգորիա է, որ ունի ասելիք,  և մարդը ներկայացում այցելելուց առաջ պետք է հասկանա, թե ուր է գնում:

-Նախորդ տարիների համեմատ հոսքը դեպի թատրոն աճե՞լ է:

-Մեր ժողովուրդը միշտ էլ սիրել է թատրոնը, հատկապես դերասաններին: Սակայն այս վերջին տարիներին, այնուամենայնիվ, որակյալ փոփոխություններ նկատում եմ: Մեծացել է երիտասարդների հոսքը դեպի թատրոն: Ուրախալի և, իհարկե, ողջունելի է այն, որ երիտասարդներին ևս թատրոնը գրավում է:

-Իսկ ինչպե՞ս կգնահատեք այսօրվա հեռուստատեսությունը:

-Ուրախ եմ, որ բացվել է Արարատ ալիքը, որտեղ պրոֆեսիոնալ մոտեցումը շարունակելու դեպքում կարելի է էլ ավելի լուրջ հաղորդումներ ստեղծել: Ինչ վերաբերվում է մնացյալին` կան և լավ և վատ կողմեր: Այսօր գործում են հեռուստատեսություններ, որոնք նման են իրենց «թաղին» կամ ստեղծված են իրենց ազգականների համար: Այսօր հեռուստատեսային ոլորտում կա դրամատուրգիայի և դերասանների պակաս, դեռ չեմ խոսում այն մասին, որ արտասահմանյան ֆիլմերը հայերեն ձայնագրելուց հնչում են գրեթե նույն ձայները,չի կարելի բոլոր դերերը կրկնօրինակել նույն ձայնով: Կան շատ կասկածելի, չմշակված ձայներով արտիստներ, որոնք ստանձնում են կրկնօրինակման աշխատանքը: Իմ կարծիքով այստեղ կա պրոֆեսիոնալիզմի պակաս, թե՛ խմբագրական,թե՛ ռեժիսորական և թե՛ դերասանական:

-Ասում են դժվարություններ են առաջանում , երբ ամուսինները նույն մասնագիտության տեր են լինում, հատկապես դա վերաբերվում է արվեստագետներին: Սա Աննա և Արմեն Էլբակյաններ ամուսիններին վերաբերվու՞մ է:                                                          

-Մենք նման խնդիր չունենք: Ես ու Աննան վաղուց ենք միասին աշխատում և մի դպրոցի մեջ ենք մտածում: Կերպարի ստեղծման ճանապարհները անհատական են, իսկ դպրոցը նույնն է, ուստի և մենք խնդիրներ չենք ունենում, սակայն ունենում ենք ստեղծագործական որոշակի դժվարություններ: Եվ ընդհանրապես արվեստում ոչինչ հեշտ չի ստեղծվում: Երկար և բազմաչարչար աշխատանքի հետևանքով է ծնվում որևիցե ստեղծագործական արժեք: Եթե ես զգում եմ, որ տվյալ պարագայում Աննայի առաջարկած տարբերակը ավելի նախընտրելի է` հաճույքով ընդունում եմ վերջինս: Եվ նման փոխըմբռնման ու փոխզիջման պայմաններում մենք միասին ստեղծել ենք «Ուշացած թռչունե ներկայացումը, որը իմպրովիզացիայի վրա հիմնված ներկայացում է, որտեղ ես և Աննան համահեղինակներ ենք, իսկ երգի և՛ բառերի և՛ երաժշտության հեղինակը Աննան է: Նույնը կարող եմ ասել նաև Վիլյամ Սարոյանի պատմվածքների և պիեսների հիման վրա ստեղծված «Չես պարի ինձ հետե ներկայացման մասին, որի ռեժիսորը ես եմ, բայց Աննան ինձ հետ հավասար աշխատել և ամեն հարցում ինձ աջակցել է:   

-Ինչպիսի՞ն կցանկանայիք տեսնել թատրոնը ապագայում:

- Երազանքն  այն է, ինչը կա, իսկ ֆանտազիան այն, որ գոյություն չունի սակայն կարող է իրականանալ: Իմ երազանքներում ես թատրոնը տեսնում եմ այնպիսին ինչպիսին որ այն կա և փորձում եմ իմ աշխատանքով նպաստել նրա առաջընթացին: Իսկ ֆանտազիաներում տեսնում եմ, որ կգա ժամանակ, երբ թատրոնին մահանալու վտանգը այլևս երբեք չի սպառնա, այն ավելի դինամիկ և բազմերանգ կլինի, իսկ մեր գրականությունը ի վերջո իր դեմքը կուղղի դեպի թատրոնը և մեր գրողները թատրոնի համար ստեղծագործություններ կգրեն ու չեն փորձի նմանակել այլազգի գրողներին, այլ կբարձրացնեն այն խնդիրները, որոնք ունեն հայերը, երիտասարդությունը: Իմ ֆանտազիաներում նոր թատերական շենքեր եմ տեսնում, որի կարիքը կա: Կուզենայի, որ այդպես լիներ: 



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...