07:06
12/23/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Ես ձախորդ չեմ՚,– խոստովանում է Հարութ Փամբուկչյանը

2013-01-30 11:36

«Դե Ֆակտո» N33

2008 թ. վերջին օրերին երգիչ Հարութ Փամբուկչյանը, նույն ինքը` Ձախ Հարութը, եկավ Հայաստան: Եկավ, ունեցավ մեկ մենահամերգ և վերադարձավ ԱՄՆ: Թռիչքից մի քանի ժամ առաջ երգիչը մի բավականին անկեղծ հարցազրույց տվեց մեզ, որն էլ ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:

Եկաք Հայաստան և Ձեզ հետ ձյուն բերեցիք: Ի՞նչ եք կարծում, Ձեր ոտքը առհասարակ խերո՞վ է:

– Կարծում եմ` այո՛: Ես ինձ ձախողակ չեմ համարում: Տարեկան 300 զույգի ամուսնացնում եմ: Սա նշանակում է` լավ գործ եմ անում: Սրանից լավ խեր, կարծում եմ, չկա:

Ավելի քան 10 տարի է` Հայաստանում չեք ապրում: Կարոտո՞ւմ եք հայրենիքը:

– Մենք պարզապես ֆիզիկապես ենք այնտեղ ապրում: Ոչ միայն ես, ամբողջ սփյուռքը: Ռուբենը մի երգ ունի. ՙՀայրենիքը մեր սրտում կարոտով մեզ է տանջում, ձևացնում ենք, թե ապրում այս Աստծուց լքված երկրում, ուր վաճառվում է ամեն ինչ ու առնվում՚: Այս երգը սփյուռքի համար է գրված: Մենք, իսկապես, ձևացնում ենք, որ ապրում ենք հայրենիքից հեռու: Սեղան ենք նստում, բաժակ բարձրացնում, բայց ամեն ինչ` ձևական:

Չե՞ք ուզում  Հայաստան վերադառնալ:

–Ես ուզում եմ տուն առնել Երևանում: Եթե ես չգամ, վստահ եմ`  տղաս, թոռս կգան. Աստված տա, ունենամ, հետագայում նրանք հաստատ կգան: Պետք է մի հիմք լինի այստեղ: Հայաստանը մեր շարժիչ ուժն է: Ապրում ենք Հայաստանով, զարթնում ենք Հայաստանով, քնում ենք Հայաստանով: Ուրիշ ձև չկա: Ապրելու միակ գրավականն է ինձ համար Հայաստանը:

Ի՞նչն է ամենից առաջ աչքի զարնում Երևանում: Երկար տարիների բացակայությունից հետո փոփոխություն նկատո՞ւմ եք:

–Երևանը շատ է փոխվել: Առաջընթացն ակնհայտ է ամենատարբեր բնագավառներում: Առհասարակ, ես լավատես մարդ եմ: Գտնում եմ, որ մենք մեծ պոտենցիալ ունենք: Մեր երիտասարդներն են շատ փոխվել: Այսօր նրանք այլ կերպ են մտածում. էլ առաջվանը չեն, մեզ նման չեն: Ավելի գլոբալ են մտածում: Դե՛, իսկ գլոբալ մտածելակերպն, անշուշտ, լավ է տնտեսական իմաստով, չնայած` ազգային իմաստով մի քիչ վտանգավոր է: Ազգային շատ արժեքներ կորչում են այս հորձանուտում: Մեր երիտասարդները ժամանակին համաքայլ են քայլում, և սա հրաշալի է: Մենք արդեն իսկ ասելիք ունենք համաշխարհային շուկայում: Շատ հարցերում ոչնչով չենք զիջում, այսպես կոչված, զարգացած երկրներին: Միայն պետք է այնպես անել, որ այս համատեքստում ազգային արժեքները չկորչեն:

Հարութ Փամբուկչյանն այս տարիների  ընթացքում շա՞տ է փոխվել:

– Կարծում եմ` ո՛չ: Ես մի սկզբունք ունեմ, որով միշտ եմ առաջնորդվում. երբեք չեմ զբաղվում նրանով, ինչից գլուխ չեմ հանում: Ես անում եմ այն, ինչ ինձ մոտ լավ է ստացվում. դա երգելն է: Ինչ ես չեմ հասկանում, քիթս մեջը չեմ խոթում:

Այդ դեպքում ի՞նչ երբեք չեք անում:

– Քաղաքականությամբ չեմ զբաղվում, կուսակցական չեմ: Երբ ինձ հարցնում են` կուսակցակա՞ն եք, ասում եմ` այո՛, ասում են` ո՞ր կուսակցությունից եք, ասում եմ` երգի: Գիտե՞ք` երգը ինչ հզոր ուժ է: Երգով մարդիկ պատերազմներ են հաղթել: Երգով ճակատ են գնացել ու փամփուշտից չեն վախեցել: Ավելին ասեմ. երգը մարդու սրտին հասնելու ամենակարճ ու ամենադյուրին ճանապարհն է: Ես ինքս մասնագիտությամբ քանդակագործ եմ, բայց վստահ եմ, որ արվեստի որևէ այլ ճյուղով մարդու սրտին այդքան հեշտ չես հասնի, ինչքան երգով:

 –  Երգը Ձեր ուժն է, զենքը:

– Անշուշտ: Հենց զենքը և շատ հզոր զենք: Երբ կարողանում ես մարդու դեմքին ժպիտ դնել ու աչքին` արցունք, էլ ի՞նչ: Դրանից ավելի հզոր զենք չկա: Մարդուն կարող ես մի երգով ծալել-դնել մի անկյունում: Շատ մեծ ուժ է երգը:

Ե՞րբ նորից կերգեք հայաստանցիների համար: Երևանում 2009թ. մենահամերգներ կլինե՞ն:

– Ես ամռանը անպայման կգամ: Կգամ ու էլի մենահամերգ կունենամ:

Ո՞րն է երգիչ Հարութ Փամբուկչյանի ամենամեծ երազանքը:

– Ես երազում եմ ժողովրդիս բարգավաճ տեսնել: Եվ, իհարկե, Ղարաբաղը: Ղարաբաղը մեզ համար դարձել է վերքի պես մի բան: Վերջին տարիներին շատ բան է արվում. դրամահավաքներ, քննարկումներ, ճանապարհներ են կառուցվում, դպրոցներ, բայց Ղարաբաղի հարցը դեռ լուծված չէ: Ամեն մի թիզ հողի համար արյուն է թափվել,  Ղարաբաղի հողի համար արյուն է թափվել. ես չեմ ուզի, որ նրանց արյունը հողին մնա…

Երգիչն արտասվեց…

Հարցազրույցը` Նորա Աբրահամյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...