17:00
12/10/2019
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ երկխոսության և խաղաղ բանակցային հարաբերությունների, եթե վերջիններս զերծ մնան նախապայմաններից և սպառնալիքներից

2013-01-29 11:37

«Դե Ֆակտո» 69

Տեղեկատվական տեխնոլոգիաների ժամանակաշրջանում, երբ իրական կոնֆլիկտները տեղափոխվում են տեղեկատվական դաշտ և վերածվում ինֆորմացիոն պատերազմի, երբ ԶԼՄ-ների միջոցով շղարշվում և բոլորովին այլ շեշտադրումներով են դրանք տարածվում ամբողջ աշխարհում, բավականին դժվար է սովորական քաղաքացու համար հասկանալ, թե ինֆորմացիոն ո՞ր աղբյուն է առավել հավաստի, որ վերլուծությունն է ներկայացնում այս կամ այն երկրի պաշտոնական դիրքորոշումը: Այսօր համաշխարհային մամուլը հեղեղված է ԱՄՆ, ԵՄ-Իրան հակամարտության շուրջ լուրերով, վերլուծություններով և կանխատեսումներով:

Նկատի ունենալով այս իրողությունը և ցանկանալով հայ հասարակությանը մատուցել պաշտոնական տեղեկատվություն և դիրքորոշում` ՙԴե Ֆակտո՚ ամսագիրը վերոնշյալ խնդրի շուրջ որոշեց զրուցել ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Սեյեդ Ալի Սաղաիյանիի հետ:

- Հարգելի՛ պարոն դեսպան, նախ կխնդրեի մի փոքր խոսել հայ-իրանական հարաբերությունների ներկայիս զարգացումների մասին: 

- Հանուն բարեգութ և ողորմած Աստծո, նախ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ձեր ամսագրին, որի միջոցով մեկ անգամ ևս հնարավորություն է ստեղծվում կապ հաստատել այն ընթերցողների հետ, որոնք հետաքրքրված են հայ-իրանական հարաբերություններով: Եթե խոսենք հայ-իրանական հարաբերությունների նոր փուլի մասին, ապա ՀՀ անկախացումից հետո վերջին 20 տարիներին Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև հաստատվել են ջերմ բարիդրացիական հարաբերություններ, ինչին, կարծում եմ, նպաստել են նաև հայ-իրանական դարավոր պատմամշակութային ընդհանրությունները: Հայ-իրանական հարաբերությունների վերականգնման գործընթացում հատուկ դիվանագիտություն չի իրականացվել. դարավոր հարևանությունը, պատմամշակութային ընդհանրություններն ու հայկական մեծ սփյուռքը, որ առկա է Իրանում, արմատական հիմք և կամուրջ հանդիսացան երկու երկրների բարեկամական հարաբերությունների սահուն վերականգնման համար: Ուրախությամբ պետք է նշեմ, որ Իրանի Իսլամական Հանրապետությունն իր 15 հարևաններից լավագույն հարաբերություններն ունի ՀՀ-ի հետ: Այս երկու երկրների բարեկամական հարաբերությունները հենց սկզբից ձևավորվել են առանց նախապայմանների` բարեկամության և փոխադարձ վստահության հիմքերի վրա:

- Կխնդրեի անդրադառնալ միջուկային խնդրի շուրջ ԱՄՆ-ի և ԵՄ-ի բարձրացրած անհանգստության և բողոքի ալիքին, որն այսօր կարծում եմ` Իրանին ուղղված ամենալուրջ մարտահրավերն է: Ինչպիսի՞ն է Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշումը կապված այս խնդրի հետ:

-Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշումը հստակ է կապված միջուկային խնդրի հետ, մենք մշտապես ջանացել ենք այդ ծրագրի թափանցիկությունն ապահովելու և միջազգային հանրության համար այն առավել բաց դարձնելու համար: Վերջերս էլ ԱԷՄԳ տնօրենի տեղակալի գլխավորությամբ պատվիրակություն էր ժամանել Իրան, որն անձամբ եղավ մի քանի միջուկային օբյեկտներում, համոզվեց մեր երկրի ազնիվ և խաղաղ մտադրություններում: Բանակցությունների արդյունքում որոշվեց առաջիկա ամսվա ընթացքում ևս կրկնել այցելությունները:

- Եվ չնայած այդ ամենին` ԵՄ-ն կոչ է անում Իրանին անհապաղ դադարեցնել միջուկային ծրագիրը և ամբողջությամբ կատարել ստանձնած միջազգային պարտավորությունները:  ԱՄՆ-ն իր հերթին մեղադրում է Իրանին միջուկային ծրագրի շուրջ ԱԷՄԳ հետ համագործակցությունից հրաժարվելու մեջ: Ի՞նչ է սա իրականում, գերտերությունների փորձ` ներկայացնելու Իրանը իբրև տարածաշրջանային կայունության համար վտանգավոր երկիր, թե՞ ... Ո՞րն է այս մեղադրանքների իրական ենթատեքստը:

- Թեև Իրանի Իսլամական Հանրապետությունը մշտապես վարում է բաց և թափանցիկ միջազգային քաղաքականություն և համագործակցություն ԱԷՄԳ հետ, սակայն, ի պատասխան դրան մենք տեսնում ենք բավականին տգեղ գործելակերպ, ինչպես օրինակ, Իրանի միջուկային ոլորտի 5 գիտնականների սպանությունները ահաբեկչական գործողությունների միջոցով: Սակայն ոչ ԱՄՆ-ը և ոչ էլ միջազգային որևէ ատյան չդատապարտեցին այդ հանցագործությունները, որոնք միջազգային իրավունքի դրույթների և մարդու իրավունքների լուրջ խախտումներ էին, մինչդեռ ԱՄՆ-ն յուրաքանչյուր պատեհ և անպատեհ առիթով հանդես է գալիս ՙարդարության և խաղաղության՚ կոչերով: Սրանք սադրիչ գործողություններ են, որոնք ակնկալում են որոշակի հակահարված Իրանի կողմից: Սակայն Իրանը, մեկ անգամ ևս հաստատելով իր արդարացիությունն ու տարածաշրջանային կայունությանը չվտանգելու քաղաքականությունը, զերծ է մնում պատասխան քայլերից և ագրեսիվ գործողություններից: Ավելին` թույլ է տալիս ԱԷՄԳ ներկայացուցիչներին այցելել և անձամբ համոզվել Իրանի միջուկային ծրագրերի նպատակների խաղաղության մեջ: Շատ կարևոր մի հանգամանք ևս. եթե համեմատական կարգով դիտարկենք Իրանի և ԱՄՆ-ի պատմաքաղաքական զարգացման ընթացքին վերջին 200 տարիների ընթացքում, ապա կհամոզվենք, որ Իրանը որևէ նախաձեռնություն չի ցուցաբերել ծավալապաշտական և ազդեցության գոտիների ընդլայնման  նկատառումներից ելնելով, ինչը չենք կարող ասել ԱՄՆ-ի մասին, որը մշտապես բոլորիս ծանոթ ՙսցենարով՚ փորձում է փոխել աշխարհի քաղաքական քարտեզը:  Վերոհիշյալ իրողությունն ամուր փաստարկ է, որ Իրանը երբևէ անվտանգության սպառնալիք չի եղել, այլ ընդհակառակը, երբեմն հենց ինքն է սպառնալիքների թիրախ դարձել:

- Զարգացման ի՞նչ հեռանկարներ և հակազդեցության միջոցներ է սահմանում պաշտոնական Իրանը այս իրավիճակին:

- Միացյալ Նահանգները նախկինում մեկ անգամ արդեն փորձել է մեկ այլ երկրի միջոցով պատերազմ սկսել Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, խոսքս Իրաքի կողմից Իրանի վրա կատարած հարձակման մասին է` ԱՄՆ-ի սադրանքով և աջակցությամբ 1970 թվականին: Իսկ փորձը, ինչպես ասում են, փորձառություն է բերում: Ես բացառում եմ, որ ԱՄՆ-ը հարձակման կդիմի Իրանի դեմ, քանի որ Իրանն այսօր աշխարհի զարգացած և տարածաշրջանում առաջատար երկրներից մեկն է գիտության, տեխնիկայի, սպառազինման առումով, մենք լուրջ ձեռքբերումներ ունենք նաև տիեզերագնացության բնագավառում (մեր երիտասարդ գիտնականների ջանքերով երկու արբանյակ է ուղարկվել տիեզերք), ուստի այս ամենը հաշվի առնելով` Միացյալ Նահանգները դժվար թե նման քայլի դիմի: Իսկ եթե, Աստված մի արասցե, նման ոտնձգություն իրականացվի Իրանի նկատմամբ, ապա անշուշտ մեր կողմից կլինի համարժեք պատասխան:     

-Ի՞նչ կասեք այս խնդրի շուրջ Ռուսաստանի դիրքորոշման մասին: Կարո՞ղ է արդյոք վերջինս հանդես գալ որպես հաշտեցնող կողմ այս հակամարտությունում:

- Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա պետք է նշեմ, որ անշուշտ, նրա դերակատարությունն այս հակամարտության կարգավորման մեջ բավականին մեծ է, հաշվի առնելով վերջինիս անդամակցությունը ՙ5+1՚ բանակցային ձևաչափին: Բացի դրանից` Ռուսաստանը Անվտանգության խորհրդի անդամ երկիր է և հետամուտ է անվտանգության երաշխիքների ապահովմանը տարածաշրջանում: ՌԴ և ԻԻՀ հարաբերությունները բարեկամական են, երկու երկրների միջև տեղի են ունենում բարձր մակարդակի փոխայցելություններ, խորհրդակցություններ: Հաշվի առնելով Ռուսաստանի Դաշնության դիրքն ու դերակատարությունը Բուշերի ատոմակայանի հարցում` կարծում եմ` վերջինիս դիրքորոշումը հստակ է: Իրանի Իսլամական Հանրապետությունը ողջունում է բոլոր այն երկրների նախաձեռնությունները, որոնք պատրաստ են հաշտեցնող և լարվածությունը թուլացնող քայլեր ձեռնարկել այս խնդրի լուծման ուղղությամբ: Բացի դրանից, Իրանը մեկ անգամ չէ, որ հայտարարել է` պատրաստ է երկխոսության և խաղաղ բանակցային հարաբերությունների գնալ ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ, եթե վերջիններս զերծ մնան նախապայմաններից և սպառնալիքներից:

- Հարգելի՛ պարոն դեսպան, անչափ շնորհակալ ենք ջերմ ընդունելության,  հետաքրքիր վերլուծությունների և զրույցի համար: Հուսանք` շատ շուտով այս հակամարտությունը կգտնի խաղաղ և առանց ցնցումների լուծման ճանապարհը: Իսկ այժմ, եթե թույլ կտաք, մի քանի հարց ևս` մեծ քաղաքականությունից դուրս: Ինչպե՞ս եք Ձեզ զգում Հայաստանում:

- Մենք մեզ այստեղ օտար չենք զգում, քանի որ մեր ժողովուրդների միջև ջերմություն և բարեկամություն կա, կա հայկական սփյուռքը Իրանում, որն, ինչպես ասացի, կապող օղակ է երկու երկրներիս համար: Եվ չնայած կրոնական տարբերությանը` Իրանի և Հայաստանի ժողովուրդները հանդուրժողաբար և մեծ հարգանքով են վերաբերվում միմյանց: Այս են վկայում երկու երկրներում գործող սրբավայրերը. Կապույտ մզկիթը` Հայաստանում, և դարերի պատմություն ունեցող շատ հայկական եկեղեցիներ Իրանում: Ե՛վ Հայաստանը, և՛ Իրանը հազարամյակների պատմամշակութային հարուստ ժառանգություն ունեցող հարևան երկրներ են, որոնք դարերի ընթացքում բազմիցս հարաբերվել են, ունեն բազմաթիվ ընդհանրություններ, որոնք էլ հիմք են հանդիսանում ջերմ, բարեկամական հարաբերությունների և խաղաղ համակեցության համար:  Ինչ վերաբերում է անձամբ ինձ, ապա հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախկինում ևս դիվանագիտական հարաբերությունների շրջանակներում բազմիցս առիթ եմ ունեցել լինել Հայաստանում` երկիրն ինձ հարազատ է և աշխատել Հայաստանում` որպես ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան, ինձ համար մեծ պատիվ է:

P.S.

ՙԻրանի և Հայաստանի միջև որևէ խնդիր գոյություն չունի՚

ԻԻՀ արտաքին գործերի նախարար Ալի Աքբար Սալեհի

ՙԱշխարհում որևէ մեկը չի կարող փոփոխել Իրանի և Հայաստանի աշխարհագրական քարտեզը՚

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադ

Լրագրող` Թեհմինա Արզումանյան



Վերադառնալ








Խմբագրական
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2019-10-01 12:20

«Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար

Ավելի


Պահոց