02:08
03/29/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Ինձ համար հայրենիքը սկսվում է Պռոշյանից

2020-11-15 19:27

ԱՐԹՈՒՐ ՄՈՒՐԱԴՅԱՆ

ՀՀ Կոտայքի մարզի Պռոշյան համայնքի ղեկավար

«Դե Ֆակտո» N 04/155 (09/2020թ.) 

-Պարո՛ն Մուրադյան, շուրջ յոթ տարի է, ինչ ղեկավարում եք Պռոշյան համայնքը, նախ կխնդրեմ ներկայացնեք՝ ո՞րն է եղել Ձեր իրականացրած առաջին ծրագիրը համայնքում:
-Համայնքի ղեկավարի պաշտոնը ստանձնելու առաջին օրվանից ես ձգտել եմ լուծում տալ այն խնդիրներին, որոնք ամենաշատն են անհանգստացնում համայնքի բնակչությանը: Նրանց խնդրանքով սկսել ենք փողոցների ասֆալտապատման և լուսավորության աշխատանքներից: Բանն այն է, որ համայնքի հիմնադրումից՝ 1960թ. մինչև այսօր, Պռոշյանում դեռևս կան չբարեկարգված և չլուսավորված փողոցներ, որոնք մեծ անհարմարություններ են ստեղծում բնակիչների համար: Համայնքում կան նաև նոր թաղամասեր, որոնց բնակիչները ևս նման պահանջներ են ներկայացնում: Այս տարի, երևի թե վերջնականապես կավարտենք հին թաղամասի ասֆալտապատման և լուսավորության աշխատանքները և հաջորդ տարվանից կսկսենք նոր թաղամասերում նման ծրագրեր իրականացնել:
-Ի՞նչ կարևոր ծրագրեր են իրականացվել Ձեր ղեկավարման ժամանակահատվածում :
-Վերանորոգել ենք համայնքի պուրակը, կառուցել ենք խաղահրապարակ, մասնակի վերանորոգել ենք համայնքի դպրոցը, մասնավորապես՝ վերանորոգվել է տանիքը, փոխվել են պատուհանները: Մնացել է իրականացնենք ներքին հարդարման աշխատանքները: Պետք է նշեմ, որ նոր դպրոցի կարիք ունենք, քանի որ դպրոց հաճախում է 680 աշակերտ, բայց այն նախատեսված է 350 աշակերտի համար, այդ պատճառով այն եռահերթ է գործում: Այդ խնդրով դիմել ենք ՀՀ Կոտայքի մարզպետարան, ՀՀ կառավարություն, սպասում ենք կառավարության որոշմանը:
Կառուցել ենք մատուռ, որի բացումը շուտով կլինի:
-Գործող մանկապարտեզ ունի՞ համայնքը:
-Ունենք երկու մանկապարտեզ, որոնցից միայն մեկն է գործում: Մանկապարտեզը բարեկարգ վիճակում է, կարող է ընդունել մինչև 160 երեխա: Այժմ համավարակի պատճառով չի գործում: Պետք է նշեմ, որ ևս մեկ մանկապարտեզի կարիք ունենք, քանի որ աշխատող ծնողները շատ են համայնքում, ովքեր ցանկություն ունեն իրենց երեխաներին տանել մանկապարտեզ:
-Ի՞նչ ծրագրեր կան, որ այս տարի պետք է իրականացվեն:
-Այս տարի կավարտենք համայնքի հին թաղամասերի փողոցների ասֆալտապատման աշխատանքները՝ իրականացնելով 2.5 կմ ճանապարհահատվածի ասֆալտապատում, ավելի վաղ իրականացրել ենք 4-5 կմ ասֆալտապատման աշխատանքներ: Այնուհետև կանցնենք նոր թաղամասերի փողոցների բարեկարգմանը:
-Ի՞նչ աշխատանքներ են իրականացվում համայնքում սուբվենցիոն ծրագրերով:
-Սուբվենցիոն ծրագրերով իրականացրել ենք ասֆալտապատման աշխատանքներ, ինչպես նաև նախորդ տարվանից սկսել ենք մշակույթի տան վերանորոգման աշխատանքները, որոնք այս տարի կավարտենք: Պատկերացրեք, 15-16 տարի մեր համայնքը մշակույթի տուն չի ունեցել, շենքը գտնվել է կիսավեր վիճակում, նախորդ տարի իրականացվել է մասնակի վերանորոգում՝ ամրացվել են պատերը, տանիքը, փոխվել են պատուհանները, դռները: Այժմ կատարում ենք ներքին հարդարման աշխատանքներ: Պետք է լուծենք նաև գազաֆիկացման խնդիրը: Կահավորման հարցում մեզ խոստացավ բարեգործական ծրագրերի միջոցով աջակցել ՀՀ Կոտայքի նախկին մարզպետ, ներկայիս ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը:
-Որքա՞ն է Պռոշյան համայնքի բնակչության թիվը, ինչո՞վ են հիմնականում զբաղվում:
-Բնակչության թիվը տատանվում է՝ հասնելով մինչև 6800-ի, բայց փաստացի՝ գրանցված տվյալներով, 5700 մարդ է: Բնակչության շատ փոքր հատվածն է զբաղվում հողագործությամբ, հիմնականում այն ընտանիքները, որտեղ մեծահասակներ կան, իսկ մյուս հատվածը ներգրավված է տնտեսության տարբեր ոլորտներում՝ բիզնես, շինարարություն և այլն:
-Արդյոք համայնքն ունի՞ խմելու, ոռոգման ջրի խնդիր:
-Համայնքի հին թաղամասերը 24 ժամ ապահովված են խմելու ջրով, բայց քանի որ համակարգը հին է, լինում են խափանումներ: Միայն համայնքի մի թաղամասն է, որ խմելու ջուրը ժամով է ստանում:
Խմելու ջրի ջրագծերի անցկացման խնդիր ունենք համայնքի նոր թաղամասերում, որտեղ բնակիչների մի մասը սեփական նախաձեռնությամբ կատարել է նման աշխատանքներ, բայց դրանով խնդիրը չի լուծվել:
Ոռոգման ջրի խնդիր չունենք:
-Արդյոք ներդրումներ արվո՞ւմ են համայնքում:
-Այո՛, այժմ համայնքում մի քանի ներդրողներ հիմնում են խաղողի այգիներ, ծրագրում են զբաղվել գինու արտադրությամբ:
-Ի՞նչ խնդիրներ ունի համայնքը:
-Համայնքն ունի գազաֆիկացման խնդիր, որը մենք մեր բյուջեով չենք կարողանում լուծել: Նոր բնակելի տարածքներում ունենք ջրի, գազի, ասֆալտապատման, լուսավորության խնդիրներ:
-Այս տարի լրանում է Պռշյան համայնքի 60-ամյակը, տոնելո՞ւ եք այն:
-Այո՛, իհարկե, պետք է անպայման տոնենք մեր համայնքի 60-ամյակը: Ծրագրել էինք այն մշակույթի տան բացման հետ համատեղ տոնել, բայց համավարակի և արտակարգ դրության պայմաններում հետաձգեցինք: Կարծում եմ՝ նոյեմբերի վերջին մեծ շուքով կնշենք մեր համայնքի համար կարևոր այդ երկու իրադարձությունները:
-Ինչպիսի՞ հայրենիքի մասին եք երազում:
-Հայրենիքն ու ընտանիքն ինձ համար ամենակարևոր արժեքներն են կյանքում: Ինձ համար հայրենիքը սկսվում է Պռոշյանից: Երազում եմ, որ Հայաստանը զարգանա, հզորանա, ունենա մեծ նվաճումներ տարբեր ոլորտներում և ամենակարևորը՝ սահմաններում խաղաղություն տիրի, մեր երեխաները խաղաղ ու ապահով պայմաններում մեծանան, նրանց ոտքը քարին չդիպչի, լինեն երջանիկ: Երազում եմ նաև, որ վերադարձնենք մեր պատմական հողերը:

Հարցազրույցը՝ Սուսաննա Թամազյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...