06:32
12/23/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Կամարիսը ավելի է զարգանալու և տարբերվելու իր կերպարով ու ձեռքբերումներով

2020-11-15 19:15

ԳՈՌ ՀԱԿՈԲՅԱՆ

ՀՀ Կոտայքի մարզի Կամարիս համայնքի ղեկավար

«Դե Ֆակտո» N 04/155 (09/2020թ.) 

 

-Պարո՛ն Հակոբյան, Դուք 2016թ. ընտրվել եք Կամարիս համայնքի ղեկավար, ու այս չորս տարիների ընթացքում լայնածավալ աշխատանքներ իրականացրել: Հետաքրքիր է, ինչպե՞ս եք ընդունել համայնքը և ո՞րն է եղել Ձեր իրականացրած առաջին ծրագիրը:
-Երբ նոր էի ընտրվել Կամարիս համայնքի ղեկավարի պաշտոնում, համայնքը բավականին խնդրաշատ էր, լուծված չէին բնակչության համար առաջնային կարևորություն ունեցող խնդիրները: Ես փորձել եմ ծրագրեր իրականացնել` համայնքի բոլոր ոլորտներին ուղղված, ներգրավել ներդրումներ և ամենակարևորը` ստեղծել աշխատատեղեր:
Իմ իրականացրած առաջին ծրագրերից մեկը համայնքի մշակույթի տան հիմնանորոգումն է եղել, որից հետո այն սկսել է գործել: Մշակույթի տուն հաճախում է 120 սան: Գործում են տարբեր խմբակներ` երգ, պար, դաշնամուր, դհոլ, քանդակագործություն և այլն: Մեր սաները կարճ ժամանակահատվածում իրենց տաղանդով փայլել են բազում փառատոներում, այդ թվում` Վրաստանում, Ուկրաինայում, Իրանում, վերադարձել մրցանակներով:

-Ուրիշ ի՞նչ ծրագրեր են իրականացվել:
-Իրականացված ծրագրերը բավականին շատ են: Փորձեմ հիշել ամենակարևորները: Վերանորոգվել է համայնքի մանկապարտեզի շենքը, լուծվել ջեռուցման խնդիրը: Բացումը եղել է 2017թ., այսօր մանկապարտեզ հաճախում է 120 երեխա, որոնց մի մասը հարևան Գեղաշեն և Արամուս համայնքներից: Մեր համայնքը հնարավորության դեպքում ձեռք է մեկնում նաև հարևան համայնքներին, Կամարիսի բնակիչները մեծ սիրով են վերաբերվում իրենց հարևաններին:
Վերջին չորս տարիների ընթացքում փուլ առ փուլ իրականացվել են համայնքի փողոցների լուսավորության անցկացման աշխատանքներ: ՀՀ կառավարության 2020 թվականի սուբվենցիոն ծրագրով այդ աշխատանքները կշարունակվեն (շուրջ 8կմ), և այս տարի խնդիրը վերջնականապես կլուծվի, ամբողջ համայնքը լուսավորված կլինի: 
Իրականացվել են 4 կմ ասֆալտապատման աշխատանքներ, ևս 139 մլն. դրամ այս տարի հատկացվել է սուբվենցիոն ծրագրի շրջանակներում ասֆալտապատման աշխատանքներ իրականացնելու համար:
Իմ ընտրվելուց հետո ամեն տարի հատված-հատված վերանորոգվել է խմելու ջրի ներքին ցանցը: Կառավարության 2020 թվականի սուբվենցիոն ծրագրով Կամարիս համայնքում արդեն մեկնարկել են խմելու ջրի նոր ջրագծերի կառուցման աշխատանքները: Ծրագրի շրջանակներում համայնքի 2-րդ և 8-րդ փողոցներում անց է կացվում խմելու ջրի նոր ջրագիծ (շուրջ 1.5-2 կմ), ինչի արդյունքում համայնքում կլուծվի ևս 130-140 տնտեսության խմելու ջրի խնդիրը: Ավելի քան 30 մլն. դրամ նախագծա-նախահաշվարկային արժեքով այս ծրագրի 55%-ը պետական բյուջեի աջակցության չափն է, 45%-ը` համայնքի ներդրումը:
Եվս 2 կմ տարածք ընդգրկող ջրագծերի կառուցում նախատեսվում է իրականացնել արդեն հաջորդ տարվա սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում, և Կամարիսում խմելու ջրի խնդիրը լուծված կհամարվի:
Ինչպես նաև, երեխաների բակային ժամանցն ապահովելու համար կառուցվել է մանկական խաղահրապարակ:
Ընդհանուր առմամբ` մինչև այսօր Կամարիս համայնքում ներդրվել է շուրջ 5.5 մլրդ. դրամ, ևս 4-6 մլրդ. դրամ կներդրվի 2021-2022 թթ.:

-Ի՞նչ ներդրումային ծրագրեր են իրականացվել համայնքում:
-Կամարիսում ամենախոշոր ներդրումային ծրագիրն իրականացրել է «Rock Berry» («Ռոք Բերի») ընկերությունը, ներդրման գումարային արժեքը կազմել է 
3.5 մլրդ եվրո: Ստեղծվել է արդիական ջերմոցային համալիր, որի հիմնական արտադրանքը ելակն է: Այն ունի մեծ պահանջարկ և լայն սպառում արտաքին շուկայում: Ամենակարևորը` բացվել է 150 նոր աշխատատեղ մեր և հարևան համայնքների բնակիչների համար: Տրամադրվում է անվճար երթուղի աշխատողների տեղափոխման համար:
Իրականում Կամարիս համայնքը ևս մեծ աշխատանք է կատարել այս մեծ ջերմոցային համալիրի կառուցման համար. շուրջ 400 փոքր 
150-750 քմ մակերեսով տարածքներ, որոնք սեփականաշնորհվել էին մեր բնակիչների կողմից, միավորել ենք և 10 հա տարածք տրամադրել «Ռոք Բերի» ընկերությանը, որպեսզի հնարավոր լինի ծրագիրն իրականություն դարձնել:
Մենք նաև մեր պահանջներն ենք ներկայացրել ընկերությանը, որոնք ընկերության ղեկավարները պարտավորվել են կատարել, այն է` աշխատուժի ընտրության առումով նախապատվությունը տալ Կամարիսի և հարևան համայնքների բնակիչներին, ծրագիրը պետք է լինի շարունակական, հնարավորության դեպքում ընկերությունը պետք է իր ներդրումն ունենա համայնքի խնդիրների լուծման գործում: Եվ պետք է ասեմ, որ նրանք իրենց խոստման տերն են, և մեր համատեղ աշխատանքը հիմնված է փոխվստահության, փոխօգնության և հարգանքի վրա:
Ծրագիրը շարունակական է. ևս 
6 հա տարածք է տրամադրվել «Ռոք Բերի» ընկերությանը, որը շուտով կսկսի շինարարական աշխատանքները, արդյունքում` կբացվի ևս 150 նոր աշխատատեղ:
Ներդրում է կատարել նաև «ԱԱԲ» նախագիծը, որը մեր համայնքում պահեստարաններ է կառուցել, որոնց աշխատելու դեպքում կբացվեն նոր աշխատատեղեր:

-Որքա՞ն է Կամարիս համայնքի բնակչության թիվը, հիմնականում ինչո՞վ են զբաղվում:
-Կամարիս համայնքի բնակչության թիվը 2650 մարդ է: Սա արհեստավորների համայնք է, բնակիչները հիմնականում զբաղվում են շինարարությամբ:
Կանայք մեծամասամբ ներգրավված են «Ռոք Բերի» ջերմոցային համալիրի աշխատանքներում:
Բնակչության մեծ մասն ունի տնամերձ այգիներ, զբաղվում են այգեգործությամբ, ունեն նաև մոշի, ազնվամորու ինտենսիվ այգիներ, հիմնել են տնկարաններ:

-Արդյոք լուծվա՞ծ է բերքի իրացման խնդիրը:
-Այո՛, Կամարիս համայնքում լիովին լուծված է բերքի սպառման հարցը, մեր բնակիչը նման խնդիր չունի:

-Որքանո՞վ կարող է Կամարիսը հետաքրքիր լինել օտարերկրյա ներդրողներին:
-Կամարիսը կարող է հետաքրքիր լինել ներդրողներին իր աշխարհագրական դիրքով, քանի որ ձորակների մեջ է գտնվում, պաշտպանված է քամուց, բնական աղետներից, շրջապատված է բնության գեղեցիկ ու անկրկնելի տեսարաններով:

-Ի՞նչ նոր նախագծեր կան առաջիկայում, որ պետք է իրականացնեք:
-Մեր համայնքն ունի ամերիկահայ գործարար բարերարներ, որոնց հետ աշխատում ենք տարբեր նախագծերի իրականացման ուղղությամբ: Դրանցից է համայնքում նոր թաղամասի կառուցումը, որը ըստ գլխավոր հատակագծի` պետք է ունենա թվով 25 միանման կառուցված տուն, յուրաքանչյուրը` 120 քմ տարածքով: Թաղամասի տներն ունենալու են սեփական հողակտորներ: Նախագծի հովանավորը ամերիկահայ բարերար Ռոստոմ Բոյաջյանն է: Բնակարանները պետք է հատկացվեն այն ընտանիքներին, որոնք դրա կարիքն ամենաշատն ունեն, օրինակ, մեկ տան մեջ մի քանի ընտանիքներով ապրողներին: Բնակարանները տրամադրվելու են ինքնարժեքով, 15 տարի մարման ժամկետով: Հետագայում ամսական վճարումներից հետ եկած գումարներով ծրագիրը շարունակվելու է, կառուցվելու է մինչև 250 տուն:
Պետք է իրականացնենք ևս մեկ շատ կարևոր նախագիծ` Կամարիսի դպրոցի հիմնանորոգման աշխատանքները: Դպրոցը կառուցվել է 1973-74 թվականներին և այժմ փլուզման եզրին է: Մեզ հաջողվել է նախագծի իրականացման գործում ներգրավել ամերիկահայ բարերար Հարություն Առաքելյանին, ով ծանոթանալով խնդրին` խոստացել է ֆինանսավորել դպրոցի հիմնանորոգման ծախսերի մի մասը, մյուս մասն էլ կտրամադրի ՀՀ կառավարությունը: Հաջորդ տարի աշխատանքները կսկսվեն. այս տարի համավարակը խանգարեց:
Նշեմ, որ ներկայումս դպրոց հաճախում է 280 աշակերտ, սակայն վերանորոգումից հետո նրանց թիվը կավելանա, քանի որ աշակերտների մի մասը հաճախում է Աբովյան քաղաքի տարբեր դպրոցներ:

-Համավարակի տարածվածության ինչպիսի՞ ցուցանիշեր են արձանագրվել համայնքում:
-Պետք է նշեմ, որ խստորեն հետևում ենք պարետատան ներկայացրած բոլոր կանոններին, կատարում կանխարգելիչ բոլոր միջոցառումները: Մեր համայնքում արձանագրվել են վարակվածների տասնյակ դեպքեր:

-Ինչպիսի՞ն են բնակիչ-համայնքի ղեկավար հարաբերությունները:
-Իմ և բնակիչների միջև առկա են ջերմ հարաբերություններ: Համայնքապետարանի դուռը հիմնականում բաց է, հազվադեպ է փակվում: Ես հետևում եմ բոլոր աշխատակիցների աշխատանքին, ինձ համար շատ կարևոր է, որ բնակիչը ստանա պատշաճ սպասարկում և գոհ հեռանա:

-Ի՞նչ խնդիրներով են Ձեզ հիմնականում դիմում:
-Դիմում են ամենատարբեր խնդիրներով, այդ թվում` սոցիալական, թեև ես ամեն ինչ անում եմ, որ այդպիսի խնդիր չունենան մեր բնակիչները: Ես իմն եմ համարում նրանցից յուրաքանչյուրի խնդիրը և ամեն օր գլուխս բարձին դնելիս մտածում եմ` արդյոք կո՞ւշտ պառկեց քնելու այսօր սոցիալական խնդրով ինձ դիմած բնակիչը:
Մեծ սիրով և հարգանքով եմ վերաբերվում նաև մեր համայնքի նոր բնակիչներին, և ոչ միայն ես, այլ ողջ բնակչությունը: Երևի թե դա է պատճառը, որ մեր համայնքում շատ են ամառանոցները:


-Ի՞նչ սկզբունքներով եք առաջնորդվում աշխատանքում:
-Համայնքն իմ մեծ տունն է, բնակիչները` իմ տան անդամները, որոնք կարող են լինել թե՛ պարտաճանաչ, թե՛ չարաճճի, ես բոլորին իմն եմ համարում և, ընդհանրապես, Կամարիսը համախմբված համայնք է:
Ես ամեն ջանք գործադրում եմ, որ մենք նաև գեղեցիկ ձևով նշենք բոլոր տոները, պահպանենք ավանդույթները, հավատարիմ մնանք մեր արմատներին:

-Պարո՛ն Հակոբյան, հետաքրքիր է, ինչո՞վ եք զբաղվել, ի՞նչ աշխատանքներ եք կատարել մինչև Կամարիս համայնքի ղեկավար ընտրվելը:
-Երկար տարիներ` մոտ 14 տարի, զբաղվել եմ սպորտով (կարատե, 2-րդ դան), գրանցել եմ հաղթանակներ աշխարհի առաջնություններում: Սակայն բանակում ծառայելուց հետո, թողել եմ սպորտը, շարունակել եմ ուսումս Հայաստանի ազգային ագրարային համալսարանում, որն ավարտելուց հետո զբաղվել եմ բիզնեսով: Աշխատել եմ արտերկրում, հիմնել մանրածախ առևտրի կենտրոններ, սեփական ռեստորանային բիզնեսներ:
Երբ արդեն հասել էի ֆինանսական կայունության որոշակի աստիճանի, որոշեցի վերադառնալ իմ համայնք, տարիների ընթացքում կուտակած փորձս, ստեղծած կապերս օգտագործել համայնքը զարգացնելու և շենացնելու գործում ու վայելել համայնքի բնակչության հարգանքը: Այսօր գոհ եմ իմ կատարած քայլից, քանի որ մենք իսկապես մեկ ընտանիքի պես ենք ապրում, և ես ինձ հարգված և գնահատված եմ զգում:

-Պարո՛ն Հակոբյան, հսկայական աշխատանք եք իրականացրել Կամարիսում, հետաքրքիր է, ինչպիսի՞ համայնքի մասին եք երազում:
-Ես ունեմ համայնքի զարգացման 10 տարվա ծրագիր, նպատակս մեկն է` զարգացնել համայնքը` բոլոր ուղղություններով, ընդարձակել այն, ստեղծել աշխատատեղեր, կառուցել բնակարաններ:
Կարծում եմ` համայնքը զարգացնելու առումով չկան սահմաններ, և ես երբեք չեմ գոհանում մեր ձեռքբերումներով, միշտ նայում եմ առաջ, ձգտում նվաճել նոր բարձունքներ և հաջողություններ: Դեռևս կարողացել եմ իմ խոստացածից ավելին անել մեր բնակչության համար, պատրաստակամ եմ նույն կերպ շարունակել աշխատել: Կամարիսը զարգանալու է և տարբերվելու է իր տեսակով ու ձեռքբերումներով:
-Որո՞նք են անփոխարինելի արժեքները Ձեզ համար:
-Ինձ համար անփոխարինելի արժեքներ են` հայրենիքը, ընտանիքը, եկեղեցին, համայնքը:

Հարցազրույցը` Սուսանա Թամազյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...