06:19
12/23/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Երբ կա պետական կամք եւ աշխատասիրություն, բոլոր նպատակներն իրագործելի են

2020-11-04 12:43

ՍՈՒՐԵՆ ՊԱՊԻԿՅԱՆ

ՀՀ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար

 

«Դե Ֆակտո» N 04/155 (09/2020թ.)

 

-Պարո՛ն Պապիկյան, անգամ համավարակի պայմաններում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության աշխատանքները բուռն կերպով են ընթանում, և Դուք ակտիվորեն հետևում եք դրանց ընթացքին: Այնուամենայնիվ, ուզում եմ հարցնել, ինչպե՞ս եք կազմակերպում նախարարության աշխատանքները և ծրագրերի իրականացման գործընթացը համավարակի պայմաներում, իսկապե՞ս այն չի խոչընդոտում նախարարության աշխատանքներին:

-Իհարկե, համավարակը էական բարդություններ է ստեղծել մեզ համար, և ոչ միայն մեզ, այլև առհասարակ, պետական կառավարման համակարգի և հանրային բոլոր հատվածների համար, բայց մի բան հստակ է` եթե կա նպատակ և ցանկություն ամեն ինչ անել հաջողության հասնելու համար, ապա այդ նպատակը հնարավոր է իրականացնել:
Ստեղծված պայմաններում մենք ունեցել ենք աշխատանքի կազմակերպման տարբեր փուլեր. որոշ ժամանակ աշխատակիցների մի մասն աշխատում էր տանից, հաջորդ ընթացիկ փուլում բոլորն արդեն նախարարությունում են աշխատում` խստորեն պահպանելով հակահամաճարակային բոլոր կանոնները: Գիտեք` հատկապես շինարարության ոլորտում մեր աշխատանքը հիմնականում դրսում է, և ծրագրերի իրականացման աշխատանքներին հետևելը շատ կարևոր է` հաշվի առնելով այն հանգամանքը, որ այսօր շինարարության ոլորտում մեզ համար ցանկալի չափորոշիչների կիրառությունը առկա չէ: Այս օրերին մենք կարողացել ենք հասնել շինարարության տեմպի բարձրացման, ինչն իր հերթին մեծ դերակատարում կարող է ունենալ ՀՀ տնտեսական ակտիվության բարձրացման վրա:

-Կարծում եմ` կհամաձայնեք, որ տարածքների համաչափ զարգացումը մեր երկրի թիվ մեկ խնդիրներից է, ինչպես նաև երկրի զարգացման կարևոր գրավականներից մեկը, ի՞նչ քաղաքականություն է վարում նախարարությունն այդ ուղղությամբ, և արդյո՞ք հեղափոխությունից հետո դրանում առանցքային փոփոխություններ են կատարվել:

-Իհարկե, տարածքների համաչափ զարգացումը մեր պետության զարգացման կարևոր գրավականն է, որովհետև մեր հեռավոր համայնքները, մարզերը` ի տարբերություն Երևանի, չունեն զարգացման համաչափ տեմպ: Այդ առումով մենք վերջին երկու տարիների ընթացքում` հետհեղափոխական շրջանում, մեծ աշխատանք ենք կատարել: Մասնավորապես` Հայաստանի բազմաթիվ համայնքներում սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կատարվում են մեծածավալ շինարարական աշխատանքներ, դրանց զուգահեռ` պետական ֆինանսավորմամբ զարգանում է Գյումրի քաղաքը, ինտենսիվ շինարարական աշխատանքներ են ընթանում Գորիս քաղաքում, առաջիկայում շինարարական բուռն աշխատանքներ կմեկնարկեն նաև Ջերմուկ քաղաքում: Այս ամենը բխում է երկրում երկրորդային տնտեսական կենտրոնների ձևավորման օրակարգից, ինչը շարունակական է լինելու, և առաջիկա տարիների ընթացքում այդ քաղաքների կողքին հայտնվելու են նորանոր այլ քաղաքներ, բնակավայրեր, որոնք դառնալու են մեր պետության տնտեսական զարգացման կարևոր կենտրոնները:

-Այժմ ակտիվորեն ընթացքի մեջ են շինարարական, ճանապարհաշինարարական մի շարք ծրագրեր, այդ թվում` սահմանամերձ հավտածներում, կներկայացնե՞ք` որոնք են դրանք, ինչ փուլում են:

-Եթե խոսքը վերջին սահմանային լարվածության հետևանքով տուժած Այգեպար, Չինարի, Ներքին Կարմիրաղբյուր համայնքների մասին է, ապա, այո, այնտեղ վերանորոգման, քաղաքացիների տուժած սեփականության վերականգնման աշխատանքներ են կատարվում, և դա արվում է մեկ սկզբունքով` մենք փորձում ենք նոր տեսք, նոր գույն հաղորդել այդ համայնքներին, և կարծում եմ` առաջիկա օրերի, շաբաթների ընթացքում կարող եք անձամբ դրա ականատեսը լինել: Մենք պարբերաբար այցելում ենք վերոնշյալ համայնքներ, շինհրապարակներ, և կարծում եմ` այն խնդիրը, որը մեր առջև դրված է, կարողանալու ենք լուծել: Շատ կարևոր է, որ սահմանում ապրող բնակիչն իրեն պաշտպանված զգա պետության կողմից, իր թիկունքում զգա պետության ներկայությունը: Մենք հետևողականորեն այս գիծն առաջ ենք տանելու, և փորձելու ենք համաչափ զարգացման տեմպ հաղորդել Հայաստանի բոլոր համայնքներին` այդ թվում մեր հեռավոր և սահմանային համայնքներին:
Սահմանամերձ վերոնշյալ և այլ համայնքներում` այդ թվում Բերքաբերում, Մովսեսում և բազմաթիվ այլ համայնքներում իրականացվում են նաև ակտիվ ճանապարհաշինական աշխատանքներ: Ներքին Կարմիրաղբյուրում նախորդ տարի վերանորոգվեց ներհամայնքային ճանապարհը, որը բնակիչների խոսքով հիմնանորոգվել էր մոտ քառասուն տարի առաջ: Սրանք կարևոր քայլեր են, որոնք էապես փոխում են սահմանում ապրող մեր քաղաքացու կյանքը, նրա տրամադրությունը:

-Հիմնանորոգվում է նաև դեպի Մակարավանք տանող ճանապարհի երբևէ չասֆալտապատված հատվածը, որը նաև զբոսաշրջության զարգացման առումով է շատ կարևոր: Ի՞նչ խնդիր են լուծում նման ծրագրերը, որոնք բազմաթիվ են այսօր: 

-Դուք մասնավոր օրինակ եք բերում, բայց դա մի հատվածն է ամբողջ հանրապետությունում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքների, որոնք տասնամյակներ շարունակ չեն կատարվել հայտնի` օբյեկտիվ և, հիմնականում, սուբյեկտիվ պատճառներով: Հանրապետությունում այդպիսի ճանապարհները շատ են: Փաստն այն է, որ մենք հիմա կարողանում ենք ուշադրության կենտրոնում պահել այդ ոլորտը: Ենթակառուցվածքների բարելավումը էական, կենսական նշանակություն ունի մեր երկրի համար, և կարծում եմ, որ բարեկարգ ենթակառուցվածքներ ունենալը ՀՀ զարգացման կարևոր գրավականներից է:

-Արդյոք 2020 թվականին իրականցվելիք ճանապարհաշինարարական աշխատանքները կավարտվե՞ն նախանշված ժամանակահատվածում, և Ձեզ գոհացնու՞մ է ճանապարհաշինարարական աշխատանքների որակը:

-Նախատեսում ենք բարեկարգել շուրջ 500 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհներ: Աշխատանքների ավարտը նախանշված է ընթացիկ տարվա դեկտեմբերին: Մենք հստակ խնդիր ենք դրել բոլոր կապալառուների առաջ. ժամկետի երկարացում չի լինելու: Դա ենթադրում է, որ եթե կապալառու ընկերությունը ճիշտ ժամկետում չավարտի աշխատանքը, մենք խզելու ենք նրա հետ պայմանագիրը, և ընկերությունը հայտնվելու է սև ցուցակում, ինչը թե՛ մեզ, թե՛ իրենց համար ցանկալի չէ, և այս հանգամանքը լրացուցիչ տեմպ պետք է հաղորդի նրանց աշխատանքին:
Ինչ վերաբերում է որակին, ապա դրա նկատմամբ հետևողականությունը մեծ է, և ամեն ինչ արվում է, որպեսզի մենք ունենանք որակով ճանապարհներ: Սակայն կրկնում եմ, որ սա մի գործընթաց է, որը պահանջում է որոշակի ժամանակ, այսինքն` այն որակը, որն առկա է այսօր, մեր ջանքերի արդյունքում մի քանի անգամ փոխվել է` դրական առումով, բայց ասել, որ այն մեզ գոհացնում է լիովին այդպես չէ: Եվ մենք ամեն ինչ պետք է անենք, որ օր առաջ ավելի որակով, նոր չափորոշիչներին համապատասխան ճանապարհներ ունենանք:

-Որակի հետ կապված ի՞նչ խնդիրներ կան:

-Իրականում էականորեն փոխվել է ճանապարհների որակը, դա ակնհայտ է յուրաքանչյուրի համար անգամ անզեն աչքով նայելիս: Այսօր Հայաստանում գործում են ասֆալտի նոր գործարաններ, ճանապարհաշինարարներն աշխատում են նորագույն տեխնիկայով, շինաշխատանքներում ներգրավվում են ինժեներական նոր մոտեցումներով աշխատող մասնագետներ, սակայն, չնայած այս հանգամանքներին, մենք դեռ խնդիրներ ունենք` նախ և առաջ տեխհսկողության ոլորտում, որը Հայաստանում պետք է որակական փոփոխություն կրի, կայանա, ապա նաև նախագծման գործընթացում: Այդ բացերը լրացնելու համար մեզ ժամանակ է պետք: Մեզ պետք են նոր մասնագետներ, որոնք ժամանակի ընթացքում կվերապատրաստվեն, ձեռք կբերեն գիտելիքներ ժամանակակից ճանապարհաշինության վերաբերյալ: Դրա կարիքը կա, քանի որ Հայաստանում ճանապարհաշինության մշակույթը վերջին 30 տարիների ընթացքում նահանջել է, իսկ ոլորտի նկատմամբ հետաքրքրությունը` պակասել, անգամ երիտասարդները բուհ չեն դիմել այս ուղղությամբ: Սակայն և՛ ընթացիկ, և՛ նախորդ տարին մեզ հույս են ներշնչում, որ սա լրացուցիչ ազդակ է հանրությանը, առ այն, որ այս ոլորտը հետաքրքիր է, կարևոր է, և մեր երիտասարդները բուհ դիմելիս ավանդական ուղղություններից զատ կդիմեն մասնագիտանալու այնպիսի կարևոր ոլորտներում, ինչպիսին է, օրինակ, ինժեներական ոլորտը:

-Վեդիի ջրամբարը հետխորհրդային Հայաստանում կառուցվող առաջին ջրամբարն է, ի՞նչ փուլում են աշխատանքները, գո՞հ եք դրանց ընթացքից, և ի՞նչ կարևոր խնդիրներ կլուծի ջրամբարի կառուցումը:

-Իհարկե, ջրամբարի կառուցումը շատ կարևոր ծրագիր է և նաև նշանակալի իրադարձություն Հայաստանի Երրորդ Հանրապետության պատմության մեջ: Այն կլուծի Արարատյան դաշտի, մասնավորապես` Արարատի մարզի բազմաթիվ համայնքների ոռոգման խնդիրը` ապահովելով ինքնահոս եղանակով ոռոգում: Սա կարևորում եմ, քանի որ այժմ շատ համայնքներ մեխանիկական եղանակով` պոմպերի միջոցով են ջուր ստանում, ինչը մի քանի անգամ թանկ է, քանզի պոմպակայաններն աշխատում են էլեկտրաէներգիայի միջոցով: Դա պետության և քաղաքացու համար հավելյալ բեռ է, իսկ ջրամբարի կառուցմամբ խնդիրը բավականին կմեղմվի:
Ասել, որ շինարարական աշխատանքների տեմպից շատ գոհ եմ` այս պահին չեմ կարող, բայց փաստ է, որ մենք հետևողական ենք այս հարցում, և ես լիահույս եմ, որ առաջիկայում կարող եմ վստահաբար ասել, որ աշխատանքներն ընթանում են մեզ համար ցանկալի տեմպով, ու մենք նախանշված ժամկետում կավարտենք շինարարական աշխատանքները:

-Պառավաքարում վերակառուցվում է խմելու ջրի հնամաշ ցանցը: Արդյոք աշխատանքների ավարտից հետո խմելու ջուր կունենա՞ սահմանապահ Պառավաքարի ողջ բնակչությունը:

-Հարցը պատահական չեք տալիս, քանի որ եթե չեմ սխալվում, այս ծրագիրն ամբողջ գյուղին չի վերաբերում, ամեն դեպքում, այն լուծում է համայնքի հիմնական հատվածի խնդիրը, մնացած հատվածը մեր տեսադաշտում է, համայնքապետն արդեն իսկ այդ ուղղությամբ աշխատանքներ կատարելու նոր հայտ է ներկայացրել, և շատ շուտով ամբողջ Պառավաքարը ջուր կունենա:

-Ի՞նչ խնդիրներ են առկա խմելու և ոռոգման ջրի ներքին ցանցերի հետ կապված, որոնց պարագայում ջրի կորուստներ են արձանագրվում:

-Այո՛, այս ոլորտում բազում խնդիրներ կան, չունենք ինչպես ոռոգման, այնպես էլ խմելու ջրի բարվոք ցանցեր: Դրանք խորհրդային ժամանակաշրջանի ցանցեր են, հիմնականում` քայքայված: Սա մեզ համար նոր ճակատ է, որտեղ պետք է ջանք ու եռանդ չխնայենք` ենթակառուցվածքները բարեկարգելու համար: Այս ուղղությամբ նույնպես մեծ աշխատանք է կատարվում, ունենք վարկային ծրագրեր, որոնցից երեքը բոլորովին վերջերս թարմացվել են, և շուտով շինարարական աշխատանքներ կսկսվեն Շիրակի, Լոռու մարզերում, Երևան քաղաքում, Արարատյան դաշտի մի շարք հատվածներում: Բայց սա միայն սկիզբն է, որովհետև, ինչպես նշեցի, ՀՀ-ում բազմաթիվ են ջուր չունեցող, հնամաշ, բարոյալքված ներքին ցանց ունեցող համայնքները:

-Պարո՛ն նախարար, հետաքրքիր է, ինչպե՞ս են համակարգվում ջրի ներքին ցանցի վերականգնման և ասֆալտապատման աշխատանքները, որպեսզի ճիշտ հաջորդականությամբ կատարվեն և հետագայում կրկնակի աշխատանք կատարելու կարիք չառաջանա:

-Փորձում ենք այդ աշխատանքները զուգահեռ իրականացնել: Քանզի ասֆալտապատման հիմնական աշխատանքներն իրականացվում են հանրապետական և միջպետական նշանակության ճանապարհներին, որպես կանոն այդտեղ խնդիրներ չեն առաջանում, բայց երբ մենք մտնում ենք որևէ համայնք, այդտեղ ի հայտ են գալիս մի քանի անգամ ավելի շատ խնդիրներ, որոնց ստիպված ենք լինում տեղային լուծումներ տալ: Կառավարության առաջիկա նիստին նոր ֆինանսական միջոցներ պետք է տրամադրենք մի շարք ճանապարհաշինարարական ընկերությունների, որպեսզի վերջիններս Արարատի և Արագածոտնի մարզերի մի շարք համայնքներում ասֆալտապատմանը զուգահեռ աշխատանքներ կատարեն նաև խմելու ջրի ներքին ցանցը և կոյուղաջրերի ցանցը փոխելու ուղղությամբ:

-Այս պահին նաև ոռոգման ցանցերի կառուցման լայնածավալ աշխատանքներ են ընթանում: Կպատմե՞ք այդ մասին:

-Այո՛, ճիշտ եք, ես անդրադարձա միայն խմելու ջրի ցանցին, բայց ոռոգման համակարգում նույնպես մեծածավալ աշխատանքներ ենք իրականացրել: Խոսքը մի շարք ջրանցքների վերանորոգման, ինչպես նաև ներհամայնքային ցանցի բարելավման ուղղությամբ իրականացված աշխատանքների մասին է: Մեր վարկային համաձայնագրերում որոշակի փոփոխություններ ենք կատարել, երկարարացրել ենք ժամկետները և արդյունքում կարողացել ենք հասնել նրան, որ այդ ծրագրերը Հայաստանում շարունակվեն, իսկ այն ծրագրերը, որոնք նախկինում չեն իրականացվել` կյանքի կոչվեն: Դրա շնորհիվ բազմաթիվ համայնքներ ունենալու են ոռոգման նոր ցանց, ինքնահոս համակարգով ոռոգում, ինչը մի քանի անգամ փոքրացնելու է մեր համակարգի ծախսերն ու կորուստները:

-Ակտիվորեն ընթանում են դպրոցների և հատկապես մանկապարտեզների վերակառուցման, վերանորոգման աշխատանքներ, թվով քանի՞ նման ծրագիր եք իրականացնում և կարևոր ի՞նչ խնդիրներ կլուծվեն դրանց ավարտից հետո:

-Թվեր այս պահին չեմ կարող նշել, դրանց մի մասը վերանորոգվում են, մի մասը` զրոյից կառուցվում: Կարող եմ նշել, որ սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրով պետք է իրականացնենք 46 դպրոցների կառուցման աշխատանքներ: Այս պահին ընթանում են շինարարական աշխատանքներ 9 դպրոցներում, մինչև տարեվերջ նախատեսում ենք դրանց թիվը հասցնել 13-15-ի, որոնք տեղակայված կլինեն ՀՀ տարբեր շրջաններում: Նույնը նաև մանկապարտեզների հետ կապված կարող եմ նշել. դրանք հիմնականում կառուցվում են համայնք-պետություն համագործակցության արդյունքում` սուբվենցիոն ծրագրերով:

-Պարո՛ն նախարար, Դուք խորհրդարան ներկայացրեցիք ՀՀ ընտրական օրենսգրքում, «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենսդրական նախագծերի փաթեթը: Ի՞նչ կարևոր խնդիրներ կլուծեն դրանք:

-Այդ փոփոխություններով բազմաթիվ խնդիրներ կլուծվեն, քանի որ օրենքների այդ փաթեթը մի նպատակ է հետապնդել` համամասնական ընտրակարգի ներդրումը տեղական ինքնակառավարման մարմիններում: Այսօր մենք խնդիր ունենք ՏԻՄ-ում տեսնելու այն ներքին ժողովրդավարությունը, որի մասին երկար խոսել ենք, և համամասնական ընտրակարգը մեզ թույլ է տալու, որպեսզի ունենանք համայնքի ղեկավարի և ավագանու բալանսավորված իշխանություն: Այս օրենսդրական փոփոխության արդյունքում ավագանին դառնալու է համայնքի իրական իշխանությունը և իր անդամներից է ընտրելու համայնքապետին: Սա շատ կարևոր քայլ է նաև տեղերում կուսակցությունների ամրացման և ձևավորման առումով:

-2021թ. համայնքների խոշորացման ծրագիր է իրականացվելու, կմանրամասնե՞ք:

-Շատ կարևոր է, որ համավարակը մեզ թույլ տա, ու մենք կարողանանք իրականացնել դեռևս գարնանը ՀՀ տարածքային կառավաման և ենթակառուցվածքների նախարարության կողմից հայտարարված համայնքների միավորումները, բայց ծրագրի հիմնական հատվածը կիրականացվի 2021թ.: 2021թ. մեր հանրապետությունում ՏԻՄ ընտրությունների տարի է: Այդ առիթը մեզ նաև հնարավորություն կտա իրականացնել համայնքների միավորման վերջնական գործընթացը, և արդեն 2022թ. մենք կունենանք ամբողջովին միավորված համայնքներով վարչատարածքային միավորներ:

Հարցազրույցը` Սուսաննա Թամազյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...