12:43
03/29/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Ապրիր այնպես, որ ուրիշի տառապանքը նույնպես քոնը լինի

2020-10-26 23:26

 Մաս II

Հոդվածի պատրաստման համար օգտագործվել են հատվածներ Նանե Ավագյանի 2011 թվականին արված զրույցից:
«Հիմա, երբ օվկիանոսը Դու ես արդեն...»
IN REVEENCE OF OUR BELOVED
Dr. NOOBAR JANOIAN

Աճյունամոխիրը օվկիանոսին
հանձնելու ծիսակատարություն
Սոնա Վան
Հիմա, երբ օվկիանոսը դու ես արդեն, ես ծովահարս եմ: Սովորական ծովահարս: Երկկենցաղ կին: Ուզում եմ սպասել, մինչև ամբողջ օվկիանոսը ներծծվի քո մահվամբ ու քո ներկայությամբ: Ինչպես հատակում ապրող էակ, ուզում եմ պառկել ու կրծքիս վրա զգալ քեզանով նորոգված մեգատոնների ծանրությունը: Ուզում եմ թույլ տալ, որպեսզի այն ճնշի, ձևափոխի, քայքայի, տափակեցնի մարմինս: Ուզում եմ դառնալ ծակոտկեն:
-Ուժեղ հոգիները դիմադրում են,- ասում ես:
-Բայց ես ուժեղ հոգի չեմ՝ սեր: Ես ընդամենը ծովահարս եմ:
Ահա օվկիանոսը: Ահա արևը, որ դեռ չի հասցրել զտել իր լույսը: Ահա նստարանը, ավազը, ճայերը: Ամեն բան իր տեղում է, բացի քեզանից ու այդ գիտակցությունը բավական է, որպեսզի բնության այս ծանոթ ու վայրենի կենդանությունը վերածվի անշունչ թատերական դեկորի: Որպեսզի կոկորդս խեղդվի օդի այս անքանակության մեջ: Վախենում եմ գլուխս բարձրացնել: Վախենում եմ նայել օվկիանոսի աչքերի մեջ: Ի՞նչ պատասխան եմ տալու ալիքներին, ավազին, արևին, մայրամուտին,- որտե՞ղ է Նուբարը» եթե հարցնեն: Այսքան շատ ճայերին ի՞նչ եմ ասելու: Ո՞նց եմ եղածը բացատրելու փայտե այդ բութ նստարանին, երեսուն տարի ձգվող խոստովանությունների այդ անմշակ խորանին, որն ամեն բան գիտի մեր մասին: Որ տեսել է մեզ վեճի ժամանակ ու սեր անելիս, արցունքների մեջ ու գրկախառնության. դրան ինչպե՞ս եմ խոսք հասկացնելու: Մարմինս դողում է անզորությունից: Տե՛ս, փշաքաղվել եմ արդեն: Այս պահերին դու սովորաբար հանում էիր բաճկոնդ ու ծածկում ուսերս: Որտե՞ղ են ձեռքերդ: Մի՞թե մահը կարող էր կանխել քո քնքշությունը, ամեն գնով ինձ պաշտպանելու քո թուլությունը, քո սերը…
Ահա օվկիանոսը: Երեսուն տարիների մեր մշտական հանդիպման վայրը: Մեր խառնակիչն ու մեր հաշտարարը: Ինտենսիվ, պոտենտ ու անկանխատեսելի, ինչպես դու: Երկուսդ էլ հարուստ զվարթ ու աղետալի պատմությունների հիշողություններով: Երկուսդ էլ ընդունակ ծայրահեղ բալանսի ու ծայրահեղ լարվածության: Երկուսդ էլ հավասարապես հակված զվարթության ու ալեկոծումի: Երկուսդ էլ անասելի խորն ու անասելի խաղաղ: Ես արդեն տեսնում եմ ձեր հաշտությունը: Տեսնում եմ ինձ մեկնված օվկիանոսի ձեռքն ու ձեր մերձեցումն եմ տեսնում րոպեներ անց: Ահա այն, ինչ մնացել է քեզանից: Այս մոխիրը: Թեթև, բայց իրական՝ ինչպես դու: Բացակա, բայց ներկա՝ ինչպես քո լինելու կերպը, երբ ես աշխատում էի:
Թույլ տուր իմի բերել. քո լռությունը, քո թեթևությունը, քո բացակա ներկայությունը: Այն սուրբ երրորդությունը, որն ամփոփված է այս մոխրի մեջ: Քո ցանկությամբ ես այն հանձնում եմ օվկիանոսին ժամանակավորապես մինչև մեր վերջնական հանդիպումը՝ ջրերի մեջ: Հանդիպման վայրը մնում է նույնը:
Իմ փառահեղ կես: Որբուկ Խանումի ու Համբարձումի տղա: Թող նոր բարձրացող արևը քարտեզի ճշգրտությամբ մի պահ լուսավորի խորդուբորդ ճանապարհիդ զիգզագը Ասորեստանից Բաբելոն, Ասիայից Աֆրիկա, Եվրոպայից մինչև Ամերիկա: Քաղաքակրթական հսկայի քայլերով անցած այդ դժվար ու քարքարոտ ճանապարհը, որը դու անցար արժանապատիվ ու ճակատդ բարձր, թեթևությամբ ու համարյա պարային վայելչագեղությամբ: Անցար փոշոտ անապատով ու աշխարհի լավագույն փողոցներով` երբևէ չզլանալով լսել կողքիդ մարդու կոնկրետ կարիքի մասին և տրվեցիր նրանց ըստ պահանջի. հիվանդին՝ որպես դեղ, խեղդվողին` որպես օդ, սովածին` որպես հաց ու անհույսին` որպես հույս: Երևի հենց այդպես էր հարկավոր ապրել, որպեսզի մահվան անկողնու մեջ լինես այդքան փայլուն, այդքան լավը: Ոսկու պես այդքան ազնիվ ու այդքան թանկ: Ահա ոսկեփոշին՝ մոխիրը քո, որ կտակիդ համաձայն, քո իսկ ապրած կյանքի վայելչությամբ հանձնում եմ ջրերին՝ վստահ, որ մինչև մայրամուտ հասցրած կլինես զգալ, թե ինչի՞ կարիք ունի այս հսկա օվկիանոսը:
Միասին մենք
կամփոփենք տիեզերքը

/Հրաժեշտի բաց նամակ Սոնայիս 
և բոլոր ներկաներին/
Նուբար Ջանոյան

Իմ լավ Սոնա:
Իմ հավերժական հարս:
Իմ լացկան աղջիկ:

Գիտեմ՝ տխուր ես: Տխուր ես ու նաև թեթևակի զարմացած, թե արդյոք երբ է գրվել սա ու թե տեսնես ինչ է գրված այնտեղ: Քեզ այդ լարման մեջ երկար չպահելու համար անմիջապես ասեմ, որ արտահայտածս մտքերից և ոչ մեկը անակնկալ չի լինելու քեզ համար, որովհետև մենք հարյուրավոր ժամեր ենք անցկացրել` դրանք քննարկելով, և դու հավանաբար ցանկություն չես էլ ունենալու ընթացքում ոտքս հրելու միջոցով դադարեցնել խոսքս: Հիշու՞մ ես մեր դժգոհության չափը հանգուցյալի վերջին տեսակցության տեքստի հետ կապված, որտեղ ամփոփվում էր մեռյալի կենսագրությունը՝ որպես թվերի ու փաստերի հանրագումար, որպես կնունքի ավազանից մինչև մահվան ավազանը ձգվող ուղիղ մի գիծ, ենթադրության և ոչ մի տեղ չթողնելով հեռացողի հավանաբար կիսատ թողնված ասելիքի համար: Այս պահին, երբ ես այլևս դուրս եմ մարմնիս կաղապարից, առավել հստակորեն եմ զգում, որ ես ավելին եմ, քան վերջին ամիսներին ինձ հետևողականորեն դավաճանող այս մարմինը ու հենց այդ ավելի մասով է, որ փորձելու եմ վերջին անգամ հաղորդակցվել քո և քո միջոցով նաև բոլոր նրանց հետ, ովքեր անկասկած այս պահին շրջապատում են քեզ ու ինձ:
Հոգի՛ս, չեմ թաքցնի, վերջին տարիներին իմ բազմաթիվ մահերի միջև հաճախ եմ փորձել պատկերացնել հեռանալու իմ արարողությունը, մտովի հետ ու առաջ եմ տարել ներկաների աթոռները, փորձել կարդալ նրանց վերջին մտքերը մահվան ու իմ մասին, տեսնել նրանց դեմքերը ու հատկապես հետևել քեզ, նշմարել խեղդվող կոկորդիդ դողը, քո անզորությունը՝ որպես իմ բազում մահերը վերածնունդի փոխարինելու մեջ արդեն վարպետացած անհատական աստված: Իմ պարտված հրեշտակ:
Ների՛ր ինձ ու հավատա, որ մինչև իսկ այս պահին, կյանքի ու ոչնչի միջև գտնվող այս ջրբաժանում ինձ ցավ պատճառողը ոչ թե մահվան գոյաբանական փաստն է, այլ քեզ կրծքիս սեղմելով հաջորդ արցունքդ կանխելու ու «վաղը ավելի լավ օր է լինելու» ասելուս անհնարինությունը: Սա իմ ամենամեծ անզորության պահն է, իմ կյանքի ամենամեծ պարտությունը: Հավատա, որ այս պահի՛ն անգամ ինձ չեն հուզում դրախտի կամ դժոխքի մանրամասները: Ես դրանք երկուսն էլ համտեսել եմ իմ մարդկային ու մասնագիտական կյանքի բերումով՝ հինգ տարբեր մայրցամաքների վրա: Տեսել եմ քաղցած անկողին մտնող որբի և լքված կնոջ ողբերգությունը: Որպես բժիշկ՝ անհաշիվ ու անժամանակ մահեր եմ տեսել: Իմ ապրած դրախտն ու դժոխքը ես իրական պատմություններով ներկայացրել եմ «Ճամփորդություն ժամանակի ու տարածության միջով» գրքիս մեջ: Աֆրիկայում ես հիվանդացա աչքի մի հազվագյուտ հիվանդությամբ, որը երեք ամսվա մեջ ավարտվելու էր կուրությամբ: Այդ օրը ես գրել եմ անձնասպանի իմ առաջին նամակը: Ինչ-որ հրաշքով ես չկուրացա, բայց իմ զգայարանների սրությունը երբեք չկորցրեցի: Այդուհետ երբեք չդադարեցի կյանքը, բնությունն ու մարդուն որպես հրաշք ընկալելու սովորույթս, որով մշտապես փորձել եմ վարակել իմ կողքին հայտնված բոլոր մարդկանց: Իսկ եթե պարզվի, որ իսկապես կա՛ հոգու սավառնումի մեկ այլ հնարավորություն / ես դրախտ չեմ կարող անվանել որևէ վայր կամ ժամանակ, որտեղ դու բացակայելու ես/, խոստանում եմ այնտեղից հսկել քո երկրային ճախրանքը, առանց երևալու, առանց քեզ սահմանափակելու, ինչպես քամին է շարժում նավի առագաստները, թռչունի թևերը: Իսկ իմ չլինելը թող որ քեզ շատ ցավ չպատճառի, քանի որ այս երեսուն տարիների ընթացքում ես այնքան մանրամասնորեն եմ ներծծվել քո մեջ, իմ աշխատանքի և բոլոր նրանց, ովքեր դարձան մեր միասնական առաքելության իրագործողները, որ մինչև իսկ մահը ինձ չի կարող լիովին հեռացնել այդ մեծ ու առողջ «Մենք»-ից, որի մասն եմ ես:
Հիշի՛ր, մահացողը «ես»-ն է՝ մարմինը, 
իսկ «Մենք»-ը անմահ է, հավերժական:
«Մենք»-ը մեր ստեղծած հույսի ու կարեկցանքի

All for health կոչվող այն նավն է, որի ղեկը վստահելի ձեռքերում է /մենք համաձայնել ենք, որ չկա ավելի վստահելի բան, քան կանացի նվիրումը/ և որի ողջ անձնակազմը ընտրյալների կատարյալ համաստեղություն է: Անկախ տարիների թվից՝ մեկ մարդու կյանքը սեփական «ես»-ի շուրջ կատարված կարճատև պտույտ է, և մարդ արարածի ամենամեծ ձեռքբերումը հարմոնիկ ու նշանակալից «Մենք»-ի մեջ ինտեգրվելն է: Ուզում եմ, որ մեր ստեղծած «Մենք»-ի յուրաքանչյուր անդամ իր հետագա ընթացքի մեջ անվերջ զգա իմ կենդանի ներկայությունն ու իմ երախտապարտ ժպիտը: Ես երբևէ չեմ հավակնել աշխարհը փրկելու: Իմ խնդիրը մշտապես եղել է ճակատագրի բերումով իմ կողքին հայտնված մարդու փրկությունը և մասնագիտությանս բերումով ես հաճախ եմ վայելել միայն փրկարարին տրվող հաճույքի այդ աննախադեպ ձևը: Այս ժամանակներում, երբ մենությունը ոչ միայն խրախուսվում է տեխնոլոգիաների միջոցով, այլ նաև պարտադրվում է օրենքի ուժով, մտածող մարդու խնդիրը պիտի լինի ճիշտ վերլուծել ցանկացած իրավիճակ և թույլ չտալ, որ ապահովության անվան տակ մեզանից խլվի որպես մարդ, որպես հասարակական էակ ապրելու իրավունքը: Մարդկային երջանկության մեր իրավունքը:
Տեսակի աստվածահաճո հատկանիշների զոհաբերության գնով եւ մուտացիայի ենթարկվելով՝ պարզապես գոյությունը պահպանելու ձեւը վիրուսի՛ կենսաձեւն է, այլ ոչ մարդու:

Ես գնում եմ վախով, բայց նաև լավատեսաբար, հույսով, որ մտածող մարդը կանդրադառնա ժամանակի խնդիրներին ու վերջապես տեղի կունենա գիտական հանճարի և բարոյական հանճարի այդ կարևոր բաց զրույցը, որից հետո աշխարհը և մարդը կնորոգեն իրենց պայմանագիրը կյանքի ու մոլորակի հետ: Շատ կցանկանայի, որ այդ զրույցի թատերաբեմը դառնար Հայաստանը, որտեղ դեռ մասամբ պահպանված է սրտի ու մտքի բալանսը, քանի որ տեխնոլոգիան ու գիտությունը առանց կարեկցանքի ու բարոյականության կարող են վերածվել տառապանքի նոր աղբյուրի, բացառելով մարդկային երջանկության հնարավորությունը: Այսօր, երբ բոլոր կացութաձևերը վերջնականապես սպառված են, ոչ թե նոր գաղափարախոսության, այլ նոր հայտնության կարիք կա, որն անկասկած կծնվի հաջորդ առաքյալի մտքում և համացանցի կայծակնային արագությամբ կտարածվի ողջ մոլորակով՝ մեկ գիշերվա մեջ փոխելով ութ միլիարդ սիրտ: Բացառված չէ, որ դա լինի կին, քանի որ աշխարհի անկատարությունը մեծապես պայմանավորված է մտքի ու հոգու միջև գնալով մեծացող ճեղքով, այսինքն կանացի մասնակցության պակասով: Գաղտնիք չէ, որ ինտուիցիայով և իմաստությամբ գենետիկորեն առավել օժտված կինը վտանգը զգում է ավելի շուտ, քան տեստոստերոնով ուղղորդվող տղամարդը ու նաև առավել արագ է կողմնորոշվում կամ գտնում լուծումներ: Ես դրանում ավելի համոզվեցի՝ քեզ ճանաչելուց հետո: Ինձ միշտ զարմացրել է այն անճիգ թեթևությունը, որով դու միտքդ բաժան ես պահել սրտիցդ: Արդարության և հավասարության գաղափարը ինձ միշտ է ոգևորել, որի համար երկու անգամ հայտնվել եմ Իրաքի բանտում: Հայաստան մեկնելուս պատճառը ոչ միայն ուսման իմ ծարավն էր, այլ նաև ծնողներիս վախը՝ կապված իմ ըմբոստ քաղաքական ծրագրերի հետ: Ճիշտ է՝ Հայաստանում պայթեց կոմունիզմի ուտոպիայի երազս, բայց փոխարենը դարձա ավելի իրատես և գործնական: Իմ շարժումը մի՛շտ է ուղղված եղել դեպի օգտակարն ու ազնիվը: Սակայն դու իմ մեջ փոխել ես ամենակարևորը՝ իմ գործողությունների շարժառիթը: Նախքան քեզ հանդիպելը իմ բոլոր գործողությունների հիմքում ընկած է եղել ցեղասպանության զոհի վրեժը, ցավի և նվաստացման հիշողությունը, ինչ- որ մեկին ինչ- որ բան ապացուցելու կիրքը, իմ ազգային ու մարդկային արժանապատվության հարցը: Ես միշտ փողոց եմ դուրս եկել՝ ներքուստ լարված, ասես գնում եմ պատերազմի դաշտ, ասես գնում եմ քննության: Միայն քեզ հանդիպելուց հետո է, որ իմ մոտիվը դարձավ բացառապես սերն ու կարեկցանքը, իսկ ավելի հաճախ՝ քեզ զարմացնելու և քեզ հիացնելու ցանկությունը: Միևնույն մղումները, ինչ քո իսկ խոստովանությամբ ընկած են ստեղծագործության հիմքում: Սխալ չի լինի ասել ուրեմն, որ մենք միասնաբար կերտել ենք մեր կյանքը՝ որպես արվեստի գործ: Ես ոչ մի հարցում այնքան հետևողական չեմ եղել, որքան այդ սերը պահպանելու և աճեցնելու մեջ: Քո շնորհիվ իմ վերջին երեսուն տարիները դարձան երևակայական դրախտի իրական մանրակերտը՝ առանց սիմվոլների, մետաֆորների և ավետարանական տեքստերի անհրաժեշտության: Ինտենսիվ, ինքնուս ու ինքնաբավ երջանկություն՝ ինքն իր կարևորության և եզակիության մեջ: Քանի՜ցս ենք ծովափնյա մեր նստարանից հիացել իջնող արեգակով ու անակնկալ եզրակացրել, որ աշխարհի ղեկը կարելի է վստահել միայն գեղեցկության ու երջանկության մոլի՝ պրակտիկ սիրահարին: Որ միայն նրանց է տրված կյանքը ոչ թե որպես գաղափար, այլ որպես կենդանի փորձ ապրելու հրաշքը: Մարմնի միջոցով հոգին նորոգելու արվեստը: Որ միայն նրանք գիտեն մեկ ուրիշի հետ մեկանալու երջանկությունը: Միայն նրանք են գիտակցում հաճույքի լրջությունը:

Իսկ ես գնում եմ: Գնում եմ, քանի դեռ հավերժության միևնույն կողմում ես դու՝ այն եզակի անձը, ով կարող է իմ սխալ շարժումը վերածել համարյա էրոտիկ ոգևորության: Ով կարող է ճիշտ ուղղվածություն հաղորդել իմ պարտությանը: Գնում եմ՝ հետևում թողնելով ոգևորություններով ու հուսախաբություններով լի մի կյանք: Բոհեմի, խնդության ու տառապանքի, ազնիվ աշխատանքի, իմաստության, ճոխության ու բարեգործության տարիների հիշողություն՝ լի ծիծաղով, հպարտությամբ, խոնարհումներով ու ծափահարություններով: Հենց այդ ծափահարությունների ներքո էլ ուզում եմ կտրել կյանքի և ունայնության միջև գտնվող այս ժապավենը:
Մնաք բարով եմ ուզում ասել հարազատներիս ու զավակներիս, ում հետ արյուն ու կենսագրություն կիսեցի, աշխարհասփյուռ ընկերներիս ու գործընկերներիս, որոնց հետ երազ ու կռիվ կիսեցի, երկրորդ ընտանիքիս, ովքեր ինձ երջանիկ հայրության հնարավորություն տվեցին ու կիսեցին վերջին տարիների կռիվս հանուն կյանքի: «Սոնաֆե» ընտանիքիս բոլոր անդամներին, ում հետ կիսեցի կյանքի մայրամուտի երջանիկ և արժանապատիվ տարիներ: «All for health & health for all» ընկերության բոլոր անդամներին, ում հետ կիսեցի բարեգթության ծարավս ու կողքիս մարդուն ծառայելու առաքելությունս: Նաև բարձր ատյաններում ծառայող բոլոր նրանց, ովքեր հավատացին իմ տեսլականին և սատար կանգնեցին ինձ: Բժիշկներին, բուժծառայողներին և վերջին ամիսներին կողքիս հայտնված օտար, բայց հարազատ դարձած մարդկանց, ովքեր կարողացան մինչև վերջ պահպանել հույսը իմ և իրենց մեջ:
Ցտեսություն բոլոր նրանց, ում թողնում եմ ետևում և ողջույն բոլոր նրանց, ովքեր դեռ նոր են գալու և նորովի են բզբզալու գոյության հին առեղծվածը: Մի բան պարզ է. կյանքը լիարժեք է, եթե այն նույնքան պատճառաբանված ու հասկանալի է, որքան մահը: Ես, ով ծնվել է Ասորեստանում, մեծացել Բաբելոնում, թափառել աշխարհի հինգ տարբեր ծայրերում, լսել քարավանապետերի պատմություններն ու գիտնականների խոսքը, ուսումնասիրել բոլոր աստվածներին, հնչյունի, տողի ու գույնի միջոցով առնչվել տիեզերական հանճարի հետ, այսօր հեռանում եմ` միտքս լրիվ դատարկած այդ ամենից ու մի եզակի ցավով: Դա քեզ կորցնելու ցավն է: Այսուհետ այդ կոնկրետ մարմնի այդ կոնկրետ ջերմությունը այլևս երբևէ չզգալու ցավը: Ես գնում եմ դեպի այնտեղ՝ խաբված թռչունի պես, որին թվում է, թե գագաթի վրա հավաքված մուժը օվկիանոսն է: Ինձ մի՛ կանչիր ետ: Ցանկացի՛ր, որ արագ կատարվի անցումս: Չէ՞ որ մենք այդ ենք ցանկանում մեր սիրելիներին: Հիշու՞մ ես տխրությունը Հայդենի «Հրաժեշտի սիմֆոնիա»-ի վերջում, որտեղ գործիքները մեռնում էին հերթականությամբ, դանդաղ, մեկը մյուսի ետևից: Ի դեպ լավ է , որ կա մահվան շրջանակը, առանց որի չէր ամբողջանա կյանքը՝ որպես արվեստի գործ: Այդպես է չէ՞, իմ լացկան, իմ խենթ: Ոչինչ չի փոխվել:
Նույն խենթն ես դու
Խենթ աղջիկ մի լուսե
Ես էլ քեզ խենթի պես եմ սիրել:
Սա է միակ ճշմարտությունը, որ մոխրովս պիտի գրվի օվկիանոսի ջրերի վրա ու Բյուրականում մեր կառուցած դրախտի դարպասին:
Եվ այսպես՝ ես կլինեմ քո Ավատարը երկնքում, իսկ դու՝ իմ Ավատարը երկրի վրա:

«...Ցտեսություն բոլոր նրանց, ում թողնում եմ ետեւում եւ ողջույն բոլոր նրանց, ովքեր դեռ նոր են գալու եւ նորովի են բզբզալու գոյության հին առեղծվածը: Մի բան պարզ է. կյանքը լիարժեք է, եթե այն նույնքան պատճառաբանված ու հասկանալի է, որքան մահը»:

Նուբար Ջանոյան
՞Նուբար արա՞ բարեգործական հիմնադրամ
Երբ կանաչ
տղաները կծառայեն
պայծառ տղաներին

Հայրենի Բյուրականում՝ աստղերի հարևանությամբ, Մեծ ու Փոքր Մասիսների հետ դեմ-հանդիման, տաս հազար ծառ /բժիշկը կանաչ տղաներ էր անվանում նրանց/ այսօր սաղարթների համաչափ խոնարհումով հրաժեշտ են տալիս մի մարդու, ով տաս տարի առաջ որդեգրեց իրենց ու մինչև վերջ մնաց իրենց կողքին: Հետևեց, խնամեց ու հոգ տարավ՝ քառասուն հեկտար ձգվող քարքարոտ մացառուտը վերածելով պտղատու այգու կանաչ օազիսի: Անցյալ տարի հսկայական ջրամբարի կառուցմամբ՝ լուծվեց նաև մշտական ոռոգման ու խմելու ջրի ամենածախսատար ու կենսական խնդիրը, որը կապահովի բերքառատությունն ու դրան զուգընթաց կազմակերպվելիք «Նուբար արա» ապրանքատեսականու արտադրությունն ու սպառումը հայրենիքում և հայրենիքի սահմաններից դուրս: Կիսով չափ արդեն իսկ իրագործված այս մտահաղացման նպատակը ի սկզբանե ոչ միայն կանաչ Հայաստան ունենալն էր, այլև դրա պտուղներով տաղանդավոր ու կարիքավոր երիտասարդներին աջակցելու, իր իսկ ձևակերպմամբ «կանաչ տղաները կծառայեն պայծառ տղաներին» տեսլականը: Տարածքի ապագա բարեկարգման ծրագիրը, որ պիտի ապահովի ձիավորի, հետիոտնի ու ձիակառքի տեղաշարժ, սպորտի, ժամանցի, մեդիտացիայի, մեկուսացման կամ պարզապես Արարատի հետ մի պահ մենակ մնալու ու վեհանալու հնարավորություն, ենթադրում է ազնիվ աշխատանքի հնարավորություն շրջակա բնակչության համար, ինչպես նաև եկամուտ , որը կծառայի տաղանդավոր ու խոստումնալից երիտասարդների կայացմանը. աշխարհի ամենաթանկ կապիտալի՝ մարդկային հանճարի փրկությանը: Առաքելություն, որն ի սկզբանե եղել է բժիշկ Ջանոյանի բարեգործական նախընտրությունը:
Երազողն այսօր մեզ հետ չէ այլևս, բայց մեզ հետ է նրա երազը, որի իրացման արագացմանը կարող է նպաստել այս տեսլականը որդեգրող յուրաքանչյուր ոք: Իր նվիրատվությամբ հանճարախնամության այս ֆոնդին միացող ամեն մարդ հնարավորություն կունենա տեսնել ու նուբար անել ոչ միայն իր մասնակցությամբ ծաղկած այգու բերքը, այլ նաև վայելել միայն փրկարարին տրվող գերագույն հաճույքը՝ տեսնել իր հոգացությամբ ծաղկած մարդկային միտքն ու հոգին: Այն կենդանի բերքը, որ պիտի ծառայի մարդու ու մոլորակի փրկությանը:
Ծրագրի ու ֆոնդի բոլոր մանրամասներին կարող եք ծանոթանալ ու մասնակցել All4health.org կայքի “Dr Noobar Janoian Memorial Fund” հղումով:
Միասին կառուցենք կանաչ ու պայծառ Հայաստան:




Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...