10:09
12/14/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Աշխատասիրության, բարության ու համառության համադրությունը` Սուլիկո Շուշանյանի հաջողության ամենակարեւոր գրավական

2020-08-24 10:00

ՍՈՒԼԻԿՈ ՇՈՒՇԱՆՅԱՆ

Շողակաթ խոշորացված համայնքի ղեկավար


«Դե Ֆակտո» N 03/154 (03/2020թ.) 

-Պարո՛ն Շուշանյան, 2017թ. Դուք ընտրվեցիք Շողակաթ խոշորացված համայնքի ղեկավար, թվով քանի՞ համայնք է ընդգրկում Շողակաթը և որքա՞ն է բնակչության թիվը:


-Շողակաթ խոշորացված համայնքում ընդգրկված են Ծափաթաղ, Ջիլ, Արտանիշ, Շողակաթ (նախկին Շորժա), Աղբերք և Դրախտիկ համայնքները: Դրանք ունեն հիմնական և ժամանակավոր բնակչություն` հովեկներ: Հիմնական բնակչության թիվը 3764 մարդ է, որին ավելանում է թվով 1000 ժամանակավոր բնակիչ, ովքեր տարվա կեսից ավելին անցկացնում են Շողակաթ խոշորացված համայնքում:

-Ո՞րն է բնակչության հիմնական զբաղմունքը:


-Շողակաթ խոշորացված համայնքի բնակչության հիմնական մասն ապահովված է հաստիքային աշխատանքով պետական և մասնավոր ընկերություններում, մասնավորապես` համայնքապետարանում, դպրոցներում, բուժկետերում, զբոսաշրջային ծառայություններ մատուցող ընկերություններում, մի ստվար հատված զբաղվում է գյուղատնտեսությամբ, անասնապահությամբ, մասնավորապես` ոչխարաբուծությամբ: Աղբերքում և Դրախտիկում զբաղվում են նաև խոշոր եղջերավոր անասունների բուծմամբ:
Ափամերձ տարածքի համայնքների բնակչության մի մասն էլ աշխատում է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ում:

-Շուրջ երկու տարի է, ինչ տեղի է ունեցել համայնքների խոշորացումը, ի՞նչ դրական և բացասական կողմեր կնշեք:


-Ես դրական եմ գնահատում համայնքների խոշորացման ծրագիրը, քանի որ այն ավելի մեծ հնարավորություններ է ստեղծում ֆինանսական միջոցների տնտեսման և նպատակային օգտագործման, խնդիրների արդյունավետ լուծման և լայնամասշտաբ ծրագրերի իրականացման համար: Իհարկե, այստեղ շատ կարևոր է նաև համայնքի ղեկավարի գործոնը, այսինքն` ում է տրվում այդ հնարավորությունը: Անձամբ ինձ համար աշխատանքը կյանք է, որով ես ամեն օր ապրում եմ և իրականացնում նպատակային ծրագրեր իմ պատասխանատվության ներքո գտնվող համայնքներում` փորձելով հնարավորն ու անհնարինն անել առկա խնդիրները լուծելու համար:
Իրականացված աշխատանքները շատ են, եթե մեկ նախադասությամբ ասեմ, ապա այն, ինչ չի արվել վերջին 30 տարվա ընթացքում, արվել է այս 2 տարվա ընթացքում, և դա չափազանցություն չէ:

-Կնշե՞ք` ինչ աշխատանքներ են իրականացվել Ձեր ղեկավարության ներքո գտնվող վեց համայնքներում:

-Սիրով: Ծրագրերը բազմաթիվ են և տարաբնույթ:
Ծափաթաղ և Դրախտիկ համայնքներում առաջին անգամ Հայաստանում իրականացվել է «Մոբայլ մանկապարտեզ» պիլոտային ծրագիրը, որը սովորականից տարբերվող ձևաչափ ունեցող մանկապարտեզ է, որտեղ երեխաներն անցկացնում են ժամը 9:00-15:00-ը ընկած ժամանակահատվածը: Նրանց հետ աշխատում է մեկ կամ երկու մանկավարժ, չի տրամադրվում սնունդ և երեխաները չեն քնում: Նշված երկու համայնքներում ծրագիրն իրականացվել է Շողակաթ խոշորացված համայնքի միջոցներով:
Համայնքի միջոցներով վերանորոգվել և կահավորվել է Ծափաթաղի մշակույթի տունը: Համայնքը ապահովվել է փողոցային լուսավորությամբ, վերանորոգվել է ջրամատակարարման ներքին ցանցը, սուբվենցիոն ծրագրերով` նաև ոռոգման ջրի արտաքին և ներքին ցանցը, որն այս պահին գործում է:
Ջիլ համայնքում առաջին հերթին կառուցվել է համայնքային կենտրոնը, որի շենքը ավերակ էր դարձել, այնտեղ տեղակայված է նաև բուժկետը: Վերանորոգվել է համայնքի փոստային ծառայությունը, համայնքապետարանի նախկին շենքը, հանդիսությունների սրահը և կահավորվել: Անց է կացվել փողոցային լուսավորություն, կառուցվել է մեկ թաղամասի խմելու ջրագծի ներքին ցանցը, իսկ արտաքին ցանցի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են: Այստեղ կառուցվել է նաև նոր աղբավայր, ցանկապատվել, այժմ իրականացվում է կանոնավոր աղբահանություն:
Վերանորոգվել է նաև համայնքի մանկապարտեզը, լուծվել մանկապարտեզի ջեռուցման խնդիրը:
Ջիլում այս տարի նախատեսվում է պետական միջոցներով կառուցել մոդուլային դպրոց` 125 աշակերտի համար, հողհատկացումներն արդեն արված են:
Արտանիշ համայնքում, նախ և առաջ, լուծվել է դպրոցի գազաֆիկացման խնդիրը և այն ապահովվել է ջեռուցման համակարգով: Անց է կացվել փողոցային լուսավորություն, իրականացվել է հանդիսությունների սրահի կապիտալ վերանորոգում և կահավորում, մեկ թաղամասի խմելու ջրագծի ներքին ցանցի կառուցում:
Շողակաթ համայնքում սուբվենցիոն ծրագրերով անցկացվել է փողոցային լուսավորություն, իրականացվել են մի քանի կենտրոնական փողոցների ասֆալտապատման և ջրահեռացման աշխատանքներ, եկեղեցի տանող ճանապարհի սալիկապատում, որոշ թաղամասերի ջրամատակարարման ցանցի կառուցում, աղբավայրի կառուցում, ցանկապատում, աղբահանության կազմակերպում:
Շողակաթ համայնքը համեմատաբար ավելի լավ վիճակում է, այստեղ համայնքապետ աշխատելու տարիների ընթացքում ինձ հաջողվել է բազմաթիվ ծրագրեր իրականացնել, մնացել է լուծել մի քանի երկրորդական փողոցների ասֆալտապատման հարցը: Այժմ Շողակաթում իրականացնում ենք հին լուսավորության ապամոնտաժման աշխատանքներ, որը փոխարինելու ենք առավել տնտեսող` «լեդ» լուսավորությամբ: Նաև համայնքում տեղադրում ենք 85 կվտ հզորությամբ ֆոտովոլտային կայան, որի շնորհիվ մեր վեց համայնքները կապահովվեն անհրաժեշտ էլեկտրաէներգիայով:
Մեր խոցելի համայնքներից է Աղբերքը, որը փոքրիկ համայնք է (բնակչության թիվը` 280 մարդ)` մեծ խնդիրներով: Այս երկու և ավելի տարիների ընթացքում փորձել ենք բարելավել համայնքի վիճակը, բազում խնդիրների լուծում տալ, մասնավորապես` կառուցվել է ջրամատակարարման ներքին և արտաքին ցանցը, բարելավվել են արոտավայրերը, անասնապահական վայրերում տեղադրվել են ջրախմոցներ: Ի դեպ` ջրախմոցներ տեղադրվել են բոլոր համայնքներում: Վերանորոգվել են դաշտամիջյան ճանապարհները, ձեռք է բերվել թվով հինգ գյուղատնտեսական տեխնիկա:
Այս տարի նախատեսել ենք դաշտամիջյան ճանապարհների կապիտալ վերանորոգում, ջրախմոցների հավելյալ տեղադրում:
Աղբերք գյուղում այս պահին կառուցվում է 5 մվտ հզորությամբ ֆոտովոլտային կայան, որտեղ աշխատում է 70-80 մարդ այդ և հարակից համայնքներից: Դպրոցի մի հատվածում մեր և պետական միջոցներով, տեղադրվել են եվրոպատուհաններ, հիմնականում այն դասասենյակներում, որոնցում դասեր են անցկացվում (մոտ 110քմ), քանի որ դպրոց հաճախող աշակերտների թիվը փոքր է:
Ինչպես նաև ձեռք է բերվել Խորհրդային Միությունից մնացած խանութի շենքը և տեղում կառուցվել հանդիսություններ սրահ և կահավորվել: Այս տարի կիրականացնենք ծրագրի երկրորդ մասը` ստեղծելով բնակչությանը տարբեր ժամանցային ծառայություններ առաջարկող կենտրոններ:
Դրախտիկ համայնքում իրականացվել են մեծածավալ աշխատանքներ, մասնավորապես` կառուցվել է գազամատակարարման արտաքին և ներքին ցանցը (70-80 մլն. դրամ արժողությամբ), ստեղծվել է «Մոբայլ» մանկապարտեզ` արևային կայանով, վերանորոգվել է համայնքի ջրամատակարարման ներքին և արտաքին ցանցը: Ինչպես նաև դպրոցում տեղադրվել են նոր դռներ, պատուհաններ, իրականացվել է ջեռուցման համակարգի կառուցման աշխատանքներ, հիմնվել է նոր տեսակի գրադարան, արմատ-ինժեներական լաբորատորիա: Համայնքում կառուցվել է նաև աղբավայր, անցկացվել լուսավորության ներքին ցանց և այլն:

-Եթե ամփոփեք երկու տարվա ընթացքում իրականացված աշխատանքները, ապա որքա՞ն գումար է ծախսվել:

-Երկու տարվա ընթացքում մեծածավալ աշխատանքներ են իրականացվել, ծախսվել հսկայական ֆինանսական միջոցներ թե՛ համայնքապետարանի (մոտ 250-300 մլն. ՀՀ դրամ) և թե՛ պետության կողմից (սուբվենցիոն ծրագրերով` 400 մլն. ՀՀ դրամ):

-Ի՞նչ նոր ծրագրեր իրականացվեցին այս տարածաշրջանում նախորդ տարի տեղի ունեցած «Իմ քայլը Գեղարքունքի մարզում» տնտեսական ֆորումից հետո:


-Մեր տարածաշրջանում հիմնականում իրականացված ներդրումները կապված են ֆոտովոլտային էլեկտրակայանների կառուցման աշխատանքների հետ, քանի որ մեր մարզը նպաստավոր է արևային կայանների աշխատանքի համար: Արևային ֆոտովոլտային կայաններ են կառուցվել Ծափաթաղում` 0,5 մվտ. հզորությամբ, այժմ կառուցվում է 5 մվտ հզորությամբ կայան, Շողակաթում` 2մվտ և 1 մվտ հզորությամբ, Աղբերքում այս պահին կառուցվում է 8 մվտ հզորությամբ կայան, մի քանիսն էլ նախագծային փուլում են:
Իրականացվել են նաև գյուղատնտեսական մեծ ծրագրեր, որոնցից է Պովլովյան և այլ ցեղատեսակների ոչխարների բուծման ծրագիրը, որի իրականացման համար պետք է ապահովենք համապատասխան քանակությամբ տարածքներ և արոտավայրեր:

-Պարո՛ն Շուշանյան, ինչպիսի՞ն են համայնքի ղեկավար- բնակիչ փոխհարաբերությունները:


-Հրաշալի, մեր մեջ գործում են պարզ մարդկային շփման կանոնները: Համայնքի բնակիչների համար ես հասանելի եմ ամեն օր, օրվա ցանկացած ժամի` գիշեր, թե ցերեկ: Ամենակարևորը` չկա հեռախոսազանգ, որին ես չպատասխանեմ` գիշեր, թե ցերեկ, շաբաթ, թե կիրակի: Լսում եմ բոլորի խնդիրները, անձամբ տեղում ծանոթանում, եթե դրա կարիքը կա, և փորձում առավելագույնն անել դրանք լուծելու համար:

-Դուք մեծ սիրով ու նվիրվածությամբ եք աշխատում, հետաքրքիր է, ինչպիսի՞ ընտանիքում եք մեծացել և ի՞նչ արժեքներ են փոխանցել Ձեզ Ձեր ծնողները:

-Ծնողներս ինձ փոխանցել են երկու կարևոր արժեք` բարություն և աշխատասիրություն, ինչի համար ես շնորհակալ եմ նրանց: Նրանք այդ արժեքների կրողներն են եղել և ինձնից էլ նույնն են պահանջել:


Հարցարույցը` Սուսաննա Թամազյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...