10:35
12/14/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Իմ աշխատանքի գնահատականը տրվում է արդեն 30 տարի

2020-08-20 10:00


ԲԱԲԿԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ

«Դե Ֆակտո» ամսագրի զրուցակիցն է Սարդարապատ համայնքի ղեկավար Բաբկեն Վարդանյանը

Բաբկեն Վարդանյանը Արմավիրի մարզի Սարդարապատ համայնքի ղեկավարն է արդեն 30 տարի: Այս տարիները մի ամբողջ սերնդի, մի մեծ համայնքի ու նրա բնակիչների կյանքն են, անցած ճանապարհը:
Ստորև ներկայացնում ենք Սարդարապատ համայնքի ղեկավար Բաբկեն Վարդանյանի խոսքը համայնքում կատարված աշխատանքների, արարման ու զարգացման դժվարին տարիների, համայնքի ապագա ծրագրերի և իր ընտանիքի վերաբերյալ:

«30 տարվա ընթացքում գյուղում զգալի փոփոխություններ են եղել, իհարկե, դեպի լավը: Այն տարիներին գյուղում չէր գործում մշակույթի տունը, իսկ մանկապարտեզը վերանորոգման կարիք ուներ: Այսօր, ի պատիվ մեզ, վերանորոգել ենք մանկապարտեզն էլ, մշակույթի տունն էլ: Կառուցել ենք նոր բուժամբուլատորիա:
Մեծ հաջողություններ ունենք գյուղատնտեսության ոլորտում: Սարդարապատում հիմնականում զբաղվում են հողագործությամբ` պտուղ-բանջարեղենի արտադրությամբ, խաղողագործությամբ, անասնապահությունն այնքան էլ զարգացած չէ: Համայնքին են պատկանում 1200 հա գյուղատնտեսական նշանակության հողատարածքներ: Դրանք բերրի, մշակովի հողեր են:
Վերջին տարիներին զարկ ենք տվել չրերի արտադրությանը: 25 անհատ ձեռներեցներ մեր համայնքում զբաղվում են չրագործությամբ, տեխնիկապես հագեցած արտադրամասերում աշխատանքը կանգ չի առնում անգամ ձմռան ամիսներին: Սրանով լուծվել է նաև աշխատատեղերի հարցը: Հողագործության զարգացմանն օգնել է նաև այն, որ դաշտամիջյան և գյուղամիջյան ճանապարհները բարեկարգված են, 2000թ-ից, մայր առվի կապիտալ վերանորոգումից հետո, ոռոգման ջրի խնդիրը լուծված է, նաև բերքի իրացման հարցերն են կարգավորված: Գարնան ամիսներից արդեն մարդիկ կնքում են պայմանագրեր ու առանց իրացման մասին մտածելու, աշխատում ու արարում են:
Նախորդ տարի ասֆալտապատվեցին բոլոր 6 միջհամայնքային ճանապարհները: Չկա մի փողոց Սարդարապատ համայնքում, որ գիշերային լուսավորություն չունենա: Համայնքում իրականացրել ենք մի քանի ծրագրեր: Անցած տարի խմելու ջրի հարցը սկսեցինք լուծել, աշխատանքների մի մասն արդեն կատարված է. վերանորոգել ենք 5կմ երկարությամբ խմելու ջրի ցանցը: Այս տարի հոկտեմբերից մյուս մասն էլ կվերանորոգվի ու խմելու ջրի հարցը վերջնականապես կլուծվի: Ընթացիկ տարում շահել ենք մի ծրագիր, որի աշխատանքներն արդեն սկսվել են: Ի ուրախություն մեր ֆերմերների, սուբվենցիոն ծրագրով` 21 մլն դրամով, որի 60 տոկոսը համայնքի միջոցների հաշվին, ձեռք ենք բերել հակակարկտային 10 կայան: Դրանք կտեղադրվեն 1200 հեկտարի վրա և լիովին կբավարարեն համայնքին: Ապագայի համար ունենք մի շարք պլաններ, որոնք համավարակի պատճառով անորոշ ժամանակով հետաձգվել են, սակայն աստիճանաբար կիրականացնենք մեր ծրագրերը: Հնարավոր ամեն բան անում ենք մեր ժողովրդի կենցաղն ու ապրելակերպը բարելավելու համար:
Համավարակի օրերին երեխաների օրը հետաքրքիր ու օգտակար դարձնելու համար ստեղծել ենք ֆիզիկական պատրաստվածության խմբակներ: Հրավիրել ենք մարզիկների, կնքել ենք պայմանագրեր ու բացօթյա մարզումներ ենք անցկացնում: Համայնքապետարանն ամբողջ անձնակազմով լծված է ծառայելու համայնքի բնակիչներին, օգնելու նրանց, լուծում տալու նրանց խնդիրներին: Սարդարապատն ունի մոտ 6000 բնակիչ: Մեր համայնքը հանդիսանում է 21 համայնքների խաչմերուկ, այստեղով է անցնում միջպետական ճանապարհը և մոտ 2,5 կմ երկարությամբ ճանապարհին գործում են հասարակական, հանրային սննդի և տարբեր այլ պրոֆիլի օբյեկտներ, որտեղ հիմնականում աշխատում են մեր համայնքի բնակիչները:
Համավարակի օջախներ ունեցել ենք գյուղում: Ցավոք, մահեր նույնպես: Վարակվածներին ժամանակ առ ժամանակ ապահովել ենք առաջին անհրաժեշտության պարագաներով` ջրով ու սննդամթերքով: Համայնքի սոցիալապես անապահով ընտանիքներին ու թոշակառուներին բաժանել ենք դիմակներ:
Ապագայի համար նույնպես ունենք կարևոր ծրագրեր: Ուզում ենք վերանորոգել երաժշտական դպրոցը: Մութ ու ցուրտ տարիներին մասնագետների ու գործիքների բացակայությունից դպրոցը դադարեց գործել: Այսօր երկու լավ մասնագետ ունենք գյուղում: Նրանց նախաձեռնությամբ ուզում ենք վերաբացել դպրոցը: Եթե կլինեն անհրաժեշտ թվով երեխաներ, ապա համայնքապետարանը կգնի գույքն ու գործիքները և կբացի երաժշտական դպրոցը:
Մյուս ծրագիրը` մայթերի սալիկապատումն է, աղբամանների տեղադրումը: Գյուղի մուտքի մոտ Սարդարամարտի 100-ամյակի կապակցությամբ մեծ խաչ ենք տեղադրել մեր հերոս նախնիների պատվին, հիմա ուզում ենք խաչի տարածքը բարեկարգենք ու գեղեցկացնենք: Դրանով նաև գյուղը գրավիչ կդարձնենք զբոսաշրջիկների համար:
Ներդրումների առումով պետք է նշել թռչնաբուծական ֆաբրիկայի բացումը, որտեղ բուծում են հավ ու հնդկահավ: Իրացնելու են հիմնականում Հայաստանից դուրս: Վերջին մեկ տարում ավելացել են հողի գնորդները: Հիմնականում Երևանից են գալիս ու մշակովի հողեր են գնում:
Արդեն մի քանի տարի համայնքի բյուջեն կարողանում ենք հավաքագրել 100 տոկոսով: Բայց երբևէ դա չի եղել հարկադրաբար: Մարդիկ արդեն հասկացել են, որ պարտաճանաչ վճարումների շնորհիվ միայն համայնքապետարանը կարող է օգտակար որևէ ծրագիր իրականացնել համայնքի համար: Այսօր բնակիչների հետ ձևավորվել են այնպիսի հարաբերություններ, որ նրանցից յուրաքանչյուրը ցանկացած խնդրով առաջինը դիմում է հենց համայնքապետարան: Ինձ համար աշխատանքի մեջ ամենակարևոր պայմանը, այդ աշխատանքը սիրելն է, իհարկե գնահատականը տալիս է բնակիչը և ինձ այդ գնահատական արդեն տրվում է 30 տարի:
Մեծ ընտանիք ունեմ` 2 դուստր, մեկ որդի: Դուստրերս մանկավարժ են: Որդիս շինարարական արտադրություն է հիմնել: 5 թոռ ունեմ` ապագա զինվորներ: Ավագ թոռս ապագա բժիշկ է, բայց մինչ այդ պատրաստվում է ծառայել Հայոց բանակում: Միայն խաղաղ երկինք թող լինի, քաղաքական խաղերից հեռու լինենք, իրար թև ու թիկունք լինենք: Ինձ համար կա երկիր, կա պետություն` առանց կուսակցությունների ու շահերի: Ես լավատես եմ: Մենք բացառիկ ազգ ենք, ու լավ ապրելու բոլոր իրավունքներն ունենք: Ապագան մեր սերունդներինն է»:


Հարցազրույցը` Սեդա Գասպարյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...