18:27
03/28/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Մենք ձգտում ենք քայլել ժամանակին համընթաց եւ անընդհատ կատարելագործել մեր գիտելիքներն ու հմտությունները

2020-08-07 10:05

ՍԱԼԲԻ ՄԽԻԹԱՐՅԱՆ

«Նորք-Մարաշ» ԲԿ մեծահասակների սրտաբանական ծառայության ղեկավար, սրտաբան

  «Դե Ֆակտո» N 03/154 (03/2020թ.) 

-Տիկի՛ն Մխիթարյան, կներկայացնե՞ք` ախտորոշիչ և բուժման ինչ ծառայություններ են մատուցվում Ձեր ղեկավարության ներքո գտնվող մեծահասակների սրտաբանական ծառայությունում:

-«Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնը մոնոպրոֆիլ սրտի վիրաբուժության կենտրոն է, որի սրտաբանական բաժանմունքը բաղկացած է երեք ենթաբաժանմունքներից` ընդունարան, ամբուլատոր սրտաբանական բաժանմունք, ստացիոնար ծառայություն:
Ամբուլատոր կլինիկայում հետազոտվում են պլանային կարգով հերթագրված, ինչպես նաև սուր գանգատ ունեցող չափահաս (18 տ. բարձր) պացիենտները: Կլինիկայի բարձր որակավորում ունեցող մասնագետներն իրականացնում են ախտորոշիչ հետազոտություններ և բուժական տարատեսակ միջամտություններ:
Ախտորոշիչ ծառայություններից այստեղ կատարվում են էլեկտրասրտագրություն, էխոսրտագրություն, արյան ճնշման ամբուլատոր մոնիթորինգ, սատուրացիայի որոշում: Առաջնային հետազոտություններից հետո անհրաժեշտության դեպքում իրականացվում է նաև սթրես-էլեկտրասրտագրություն, հոլտեր հետազոտություն, հետագա պաթոլոգիաներ հայտնաբերման նպատակով` նաև լրացուցիչ հետազոտություններ արդեն ստացիոնար պայմաններում` համակարգչային տոմոգրաֆիա, կորոնարոգրաֆիա, արյան լաբորատոր ընդհանուր, բիոքիմիական և իմունոլոգիական հետազոտություններ:
Բաժանմունք պացիենտներն ընդունվում են ինչպես ամբուլատոր կլինիկայից, այնպես էլ ընդունարանից (հիմնականում սուր, շտապ և անհետաձգելի բուժօգնության կարիքի դեպքում): Երկու դեպքում էլ պացիենտները նախ հետազոտվում են, այնուհետև ստանում համապատասխան բուժօգնություն` դեղորայքային բուժման, ստենտավորման, վիրահատության տեսքով:

-Մասնագիտական և տեխնիկական ինչպիսի՞ հագեցվածություն ունի ծառայությունը:

-Մեծահասակների սրտաբանական ծառայությունը հագեցած է արդի սարքավորումներով, որոնք առավել արդյունավետ են դարձնում մեր բարձրակարգ մասնագետների աշխատանքը: Կենտրոնի մասնագիտական կազմի աշխատանքի մասին առավել օբյեկտիվ և պատկերավոր պատմում են մեր ապաքինված պացիենտները, որոնց թիվն օր օրի աճում է, ինչը մեր աշխատանքի լավագույն գնահատականն է:

-Մասնագիտական և մարդկային ի՞նչ սկզբունքների վրա է հիմնված ծառայության աշխատանքը:

-«Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում բուժման սկզբունքը մեկն է` պացիենտի հիվանդության հնարավորինս արագ ախտորոշում և արդյունավետ բուժում: Շատ կարևոր է բուժել ոչ միայն հիվանդությունը, այլև մարդուն` հաշվի առնելով նրա բնավորությունը, հիվանդությունը ընդունելու, հնարավոր բարդությունները ընկալելու հատկությունները: Այդ պատճառով կենտրոն ընդունվելու պահից մինչև դուրսգրումը, մենք անընդհատ զրուցում ենք պացիենտի հետ, բացատրում իր հիվանդության առանձնահատկությունները, բուժման եղանակները և ներկայացնում, թե ինչ սպասելիքներ կարող է ունենալ բուժումից, ինչպես է ընթանալու նրա հետագա կյանքը: Առանձին քննարկումներ են տեղի ունենում ինչպես սրտաբան-պացիենտ, այնպես էլ սրտաբան-պացիենտի հարազատ, սրտաբան-վիրաբույժ, ինտերվենցիոն սրտաբան-սրտաբան ռեանիմատոլոգ ձևաչափով, որն օգնում է ավելի ճիշտ որոշում կայացնել պացիենտի ապաքինման և հետագա կյանքի համար: Այսպիսով` թիմային քննարկման արդյունքում է որոշվում պացիենտի բուժման տեսակը և մեթոդը, որը բուժման արդյունավետ մոտեցում է:


-Ի՞նչ խնդիրներով են առավել հաճախ դիմում Ձեզ:


-«Նորք-Մարաշ» բժշկական կենտրոն դիմում են սրտի հետ կապված տարբեր խնդիրների դեպքում, սկսած կրծքավանդակի ծակող ցավից` մինչև հետկրծոսկրային սեղմող ուժեղ ցավ, զարկերակային ճնշման տատանումներ, շնչարգելություն, սրտային անբավարարություն, սրտային և այլ ուղեկցող հիվանդությունների գանգատներ: Ինչպես նաև, մեզ դիմում են փականային, իշեմիկ հիվանդությունների, միոկարդի, ուռուցքային հիվանդությունների, սրտի ձեռքբերովի և բնածին արատների, առիթմիաների առկայության դեպքում:
Մեզ դիմելուց անմիջապես հետո պացիենտները հետազոտվում են, դրվում է առաջնային ախտորոշում, որից հետո կազմվում է հետագա լրացուցիչ լաբորատոր և գործիքային հետազոտությունների իրականացման ծրագիր: Դրա արդյունքները քննարկվում են բժշկական անձնակազմի և պացիենտի հարազատների հետ, և սկսվում է հիվանդի վարման ընթացքը:
Նշեմ նաև, որ «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնն ունի մի շատ կարևոր յուրահատկություն. հիմնադրման օրվանից սկսած` կենտրոնի պացիենտները ստանում են շարունակական, հետևողական բուժում, ենթարկվելով որևէ միջամտության` նրանք առնվում են բժշկի հսկողության տակ և տարեկան մի քանի անգամ, որքան որ անհրաժեշտ է, այցելում են կլինիկա, ստանում խորհրդատվություն: «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնն ունի Հայաստանի, ինչպես նաև Հայաստանից դուրս գտնվող իր պացիենտների տվյալների շատ մեծ բազա, որում տեղ են գտել նաև այն այցելուների տվյալները, որոնք ընդամենը մեկ անգամ են դիմել կլինիկա:


-Ինչպե՞ս եք կազմակերպում աշխատանքները համավարակի պայմաններում:


-«Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնը բավականին վաղ է սկսել նախապատրաստվել համավարակի հնարավոր տարածմանը` այն ժամանակ, երբ վարակը նոր էր սկսել տարածվել այլ երկրներում: Կենտրոնում ստեղծվել է մի խումբ բժիշկներով համալրված էպիդեմիոլոգիական ծառայություն` էպիդեմիոլոգի գլխավորությամբ, որն ամեն օր ժողով է հրավիրում և կազմում իրականացվելիք կանխարգելիչ միջոցառումների ծրագիրը: Դրա միջոցով նրանք հետևում են կենտրոնի ընդհանուր էպիդեմիոլոգիական իրավիճակին:
Մեր բոլոր մասնագետները կրում են անջրաթափանց վերնազգեստներ, դիմակներ, ակնոցներ, ձեռնոցներ, իսկ պացիենտները դիտարկվում են որպես պոտենցիալ վարակակիրներ և մուտք են գործում կենտրոն միմիայն ջերմաչափում անցնելուց, ձեռքերն ախտահանելուց հետո և, իհարկե, դիմակներով: Եթե նրանք չեն ունենում դիմակ, ապա մենք ենք տրամադրում: Բացի այդ, կենտրոնում կարելի է տեսնել ամենուր դրված ախտահանիչ միջոցներ, որպեսզի մեր պացիենտները և նրանց հարազատները հնարավորություն ունենան պարբերաբար ախտահանել իրենց ձեռքերը:
Կենտրոնում վարակակրի առկայության կասկածի դեպքում էպիդեմիոլոգն անմիջապես համապատասխան միջոցներ է ձեռք առնում` կազմակերպում հիվանդների մեկուսացման, թեսթավորման հարցը, կապ հաստատում ազգային առողջապահական համակարգի հետ և այլն: Աշխատակիցներին կասկածելու դեպքում կրկին կազմակերպվում է մեկուսացման և թեսթավորման իրականացումը:
Այսպիսին է մեր` վարակից պաշտպանվելու ծրագիրը, որն, ի դեպ, բավականին հաջողված է:


-Հետաքրքիր է, ինչպիսի՞ դպրոց եք անցել, որպես մասնագետ` ի՞նչ հաջողությունների եք հասել, որոնք ներդրել եք Ձեր աշխատանքում:


-Կարծում եմ` յուրաքանչյուր բժշկի մասնագիտական գնահատական տալիս են իր պացիենտները, ժողովուրդը, կոլեգաները, իսկ «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում աշխատող բժիշկները մեծամասամբ անցել են հենց «Նորք-Մարաշ»-ի դպրոցը:
Ես ևս իմ հետդիպլոմային ուսուցումը սկսել եմ «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում, մասնավորապես` մանկական սրտաբանության բաժանմունքում, այնուհետև տեղափոխվել մեծահասակների բաժանմունք, որտեղ անցել եմ «Ֆելոուշիփ» ծրագիրը: Երկու տարի տևողությամբ այս ծրագիրն ավելի շատ գործնական փորձի, տեսական գիտելիքների ձեռքբերման հնարավորություն էր` բավականին բազմազան աշխատանքային ծանրաբեռնվածությամբ: Դրանից հետո ընդունվել եմ ինվազիվ սրտաբանական ծառայություն և այնտեղ ևս անցել «Ֆելոուշիփ» ծրագիրը, որն ավարտելուց հետո աշխատել եմ մեծահասակների սրտաբանական կլինիկայում` որպես սրտաբան:
Պետք է նշեմ, որ մասնագիտական աճի յուրաքանչյուր փուլ տալիս է յուրօրինակ փորձ, մասնագիտական հասունություն, որն իհարկե, տարեց-տարի հարստանում է լայնածավալ աշխատանքի մեջ:
Կարծում եմ` մասնագետների որակավորման իր խիստ չափանիշներով «Նորք-Մարաշ» ԲԿ-ն տարբերվում է մեր առողջապահական համակարգում` փորձելով պահպանել և զարգացնել իր բժշկական ծառայությունների որակը` անընդհատ սահմանելով էլ ավելի բարձր նշաձող: Մենք ձգտում ենք քայլել ժամանակին համընթաց՝ շարունակական կատարելագործելով մեր գիտելիքներն ու հմտությունները:


Հարցազրույցը` Սուսաննա Թամազյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...