15:18
03/28/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Ես նպատակ ունեմ կառուցել երջանիկ, զարգացած եւ ապահով Արցախ, որտեղ յուրաքանչյուր քաղաքացի կտեսնի իր ապագանԱրայիկ Հարությունյան

2020-03-18 12:55

Արայիկ Հարությունյան

«Դե Ֆակտո» N 01/152 (01/2020թ.)

Կենսագրական տվյալներ


1973թ. 14 դեկտեմբերի, ԱՀ ք. Ստեփանակերտ:

Կրթություն
1990-1994թթ. - Երևանի ժողտնտեսության ինստիտուտ:
1994թ. տեղափոխվել և 1995թ. ավարտել է Արցախի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը:
1996-1998թթ. - Արցախի պետական համալսարանի ասպիրանտուրա` «տնտեսագիտություն» մասնագիտություն:
2013թ. պաշտպանել է ատենախոսություն, դարձել տեխնիկական գիտությունների թեկնածու:

Աշխատանքային գործունեություն
1995-1997թթ. - ԼՂՀ էկոնոմիկայի և ֆինանսների նախարարի օգնական:
1997-1999թթ. - «Հայագրոբանկի» Ասկերանի մասնաճյուղի կառավարիչ:
1999-2004թթ. - «Հայագրոբանկի» Ստեփանակերտի մասնաճյուղի կառավարիչ:
2005-2006թթ. - «Ազատ Հայրենիք» կուսակցության համանախագահ:
2006-2007թթ-ից. և ապա` 2009թ.-ից առայսօր, «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ:
2005-2007թթ. - ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր «Հայրենիք» խմբակցության ղեկավար,
Խորհրդարանի ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ:
2007թ. սեպտեմբերի 14-ին ԼՂՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ԼՂՀ վարչապետ:
2012թ. սեպտեմբերի 14-ին ԼՂՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ԼՂՀ վարչապետ:
2017թ.սեպտեմբերի 25-ի Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով նշանակվել է ԱՀ պետական նախարար:
2018թ.-ի հունիսի 6-ին իր դիմումի համաձայն ազատվել է պետական նախարարի աշխատանքից:
2018թ.-ի հուլիսի 2-ի Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով նշանակվել է ԱՀ նախագահի խորհրդական-հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ:
2019թ.-ի փետրվարի 21-ին Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով ազատվել է ԱՀ նախագահի խորհրդական-հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցչի պաշտոնից` իր դիմումի համաձայն:

Այլ տվյալներ.
Զինապարտ է:
1992թ. - անդամագրվել է ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերին և ակտիվ մասնակցություն ունեցել պատերազմական գործողություններին:

 

Մաս II

-«Մեր քաղաքականության հիմքում մարդն է` որպես բացարձակ արժեք, և պետությունն իր գործիքակազմով գործադրելու է բոլոր ջանքերն ավելի ապահով քաղաքացի ունենալու համար»,- մեջբերում եմ Ձեր խոսքից: Ի՞նչ ծրագրեր կան, որոնք արտացոլում են խոցելի խմբերի, օրինակ` հաշմանդամների շահերը:
-Անվճար առողջապահական և կրթական համակարգեր ստեղծելու, բնակարանային խնդիրն իսպառ լուծելու հնարավորությունները ԱՀ բոլոր քաղաքացիների` նաև խոցելի խմբերի համար են ստեղծվում: Բայց հիմնական գործիքակազմը, որ մենք նախատեսում ենք այդ խմբերի համար, սոցիալական տարբեր երաշխիքների տրամադրումն է: Այսինքն` մեր երկրի սահմանափակ կարողություններ ունեցող յուրաքանչյուր քաղաքացի իր ընթացիկ բուժումները ստանալու հնարավորություն է ունենալու ոչ միայն Արցախում, այլ նաև արտասահմանում: Եվ եթե կա գոնե մեկ տոկոս բուժման հնարավորություն, որից հետո քաղաքացին կունենա լիարժեք կյանք, ապա այդ մեկ տոկոսը, անպայման, օգտագործվելու է:
Հետևողական քաղաքականություն է տարվելու սոցիալական երաշխիքների ավելացման, թոշակների և աշխատավարձերի բարձրացման ուղղությամբ նաև:
Անցած տասը տարիների ընթացքում մեր երկրում աշխատավարձերն ու թոշակները բարձրացվել են մի քանի անգամ, և տնտեսական զարգացման այս տեմպը շարունակելու դեպքում (իսկ դրա համար կան բոլոր նախադրյալները), առաջիկա տարիներին բարձրացվելու են և՛ թոշակները, և՛ աշխատավարձերը, և՛ նպաստները: Իմ կողմից թվարկված տնտեսական բոլոր ծրագրերի իրագործման արդյունքում ստեղծվելու են մեծ թվով աշխատատեղեր, ինչն էլ լուծելու է զբաղվածության հիմնական խնդիրը:

-Դուք ծրագրում եք նաև մինչև 2030թ.-ը Արցախում բնակչության թիվը 150 հազարից հասցնել 200 հազարի, կմանրամասնե՞ք` ինչպես:
-Մենք այսօր կարող ենք համարձակ հայտարարել, որ հայրենադարձության շատ մեծ ծրագիր ենք նախապատրաստում` հատկապես Քաշաթաղի շրջանում:
Ինչպես արդեն հայտարարել եմ, պետական և բարեգործական միջոցներով պետք է իրականացվի Խնձորեսկ-Կովսական-Մեխակավան-Հադրութ ճանապարհի ասֆալտապատման ծրագիրը: Մեզ համար այս ճանապարհը կենսական նշանակություն ունի թե՛ հայրենադարձության կազմակերպման և թե,՛ ընդհանրապես, այդ տարածքների լիարժեք զարգացման առումով, հատկապես, որ այդ հատվածում ունենք չիրացված հսկայական ներուժ: Ավելին, Քաշաթաղի շրջանում մենք պատրաստվում ենք իրականացնել վարչատարածքային նոր բաժանում. ամբողջ հարավային թևը պետք է դարձնենք նոր շրջան, իսկ հյուսիսային թևը` Բերձոր շրջկենտրոնով, առանձին շրջան, ինչպես նաև ձևավորելու ենք ևս մեկ շրջան` ութերորդը Արցախի համար: Այստեղ լայն թափով կմեկնարկի բնակարանաշինության և ենթակառուցվածքների ստեղծման ծրագիր:
Բնական աճի խթանման հետ կապված նոր քաղաքականություն ենք մշակել: Մինչ այն ներկայացնելը, պետք է նշեմ, որ 2008 թվականից մեր երկրում գործում են բնակչության բնական աճի խթանման մի շարք ծրագրեր: Մենք պատրաստվում ենք վերանայել այդ ծրագրերը` բարձրացնելով տրամադրվող միանվագ ֆինանսական աջակցության չափը: Առանձնահատուկ ուշադրություն ենք դարձնելու ամուսնությունների խրախուսման ծրագրին` գործող 300 հազար ՀՀ դրամ աջակցությունը` հասցնելով 1 մլն դրամի: Սակայն դրամաշնորհի ավելացումը պայմանավորված է լինելու հարսանեկան արարողության կազմակերպմամբ, քանի որ այն համարում ենք մեր ազգային-ավանդական կարևոր ծեսերից մեկը, որը, մեր կարծիքով, ֆինանսական գործոնով պայմանավորված, ժամանակի ընթացքում մոռացվում է: Մյուս կողմից այն ունի նաև տնտեսական բաղադրիչ, որը նպաստում է ոլորտը սպասարկող ծառայությունների աշխուժացմանը:

-Պարո՛ն Հարությունյան, Դուք անմիջապես արձագանքեցիք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ բանակցային գործընթացի մասին դիրքորոշում արտահայտելու կոչին: Կխնդրեմ ևս մեկ անգամ հնչեցնեք այն: Ինչպե՞ս եք տեսնում կոնֆլիկտի լուծումը:
-Պետք է անկեղծորեն նշեմ, որ ադրբեջանա - ղարաբաղյան հակամարտության խաղաղ հանգուցալուծումը մոտ ապագայում տեսանելի չէ: Խնդիրն այն է, որ պաշտոնական Բաքուն պատրաստ չէ բանակցություններ վարելու կոնֆլիկտի իրական կողմի` Արցախի Հանրապետության հետ, և բոլոր այն ջանքերը, որոնք գործադրվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից, ուղղված են ավելի շատ տարածաշրջանում խաղաղության պահպանմանը:
Մենք հիմնախնդրի լուծումը տեսնում ենք առաջին հերթին Արցախի կարգավիճակի հստակեցման, այն է` Արցախի անկախության ճանաչման մեջ: Մինչև չճանաչվի Արցախի անկախությունը, որևէ բանակցություն մենք Ադրբեջանի իշխանության հետ իրատեսական չենք համարում: Չի կարող խնդիրը լուծվել այն տարբերակով, որն առաջ է քաշում Ադրբեջանը: Այլընտրանքը պատերազմն է, բայց մենք հակված ենք կարծելու, որ խնդիրը կլուծվի խաղաղ ճանապարհով: Այն բոլոր ջանքերը, որ գործադրում են Հայաստանի իշխանությունները, ողջունելի են, սակայն բանակցային գործընթաց` որպես այդպիսին, այս տարիների ընթացքում չի եղել և արդյունավետության տեսանկյունից առաջիկայում դա որևէ ձևով չենք պատկերացնում, քանի որ բանակցային սեղանի շուրջ նստած չէ կոնֆլիկտի իրական կողմը` Արցախի Հանրապետությունը:
Մյուս կողմից` ես լիովին կիսում եմ ՀՀ վարչապետի այն տեսակետը, որ լուծման ցանկացած տարբերակ պետք է հանրային քննարկման դրվի, և պատահական չէ նրա այն թեզը, որ խնդրի լուծումը պետք է բավարարի երեք կողմերին: Եվ եթե խնդրի լուծման համար անհրաժեշտ է սպասել ևս կես դար, ուրեմն` պետք է սպասենք, որովհետև դա ավելի գերադասելի է, քան ցանկացած այլ տարբերակ, որը կհանգեցնի պատերազմի: Սա միանշանակ է և այս շրջանակից դուրս որևէ պատկերացում, որևէ քննարկում լինել չի կարող. Արցախում, ՀՀ-ում և Ադրբեջանում չկա որևէ քաղաքական գործիչ, որը կարող է խնդիրը միայնակ լուծել:

-Դուք նշել եք նաև, որ դժվար է պատկերացնել Արցախի ապագան` առանց Հայաստան-Արցախ-Սփյուռք միասնության: Ի՞նչ բացթողումներ եք տեսնում վերոնշյալ փոխհարաբերություններում, ի՞նչ լրացումներ կարելի է անել:
-Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը կենդանի օրգանիզմ է, որի յուրաքանչյուր մաս սերտորեն կապված է մյուսի հետ: Կարծում եմ` դեռևս չիրացված մեծ ներուժ կա Սփյուռքի գաղթօջախների հետ հարաբերությունների զարգացման առումով, և շատ կարևոր է, որպեսզի Սփյուռքը Արցախի հետ հարաբերությունները կառուցի ոչ միայն դրամահավաքների միջոցով, այլև կենդանի շփումներով, ասեմ ավելին` ես պատրաստվում եմ լինել այն նախագահը, ով իր կառավարության մեջ պատրաստ է տեղ տալ սփյուռքահայ գործիչներին:

-Հետաքրքիր է, ինչպե՞ս կգնահատեք Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի հանդիպումը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում:
-Նման հանդիպումները եղել են, կան և կլինեն ու մեկը մյուսից առանձնացնելու, դրանց գնահատական տալու կարիք, բնավ, չկա: Կարևորությունը կառաջանա այն ժամանակ, երբ վերականգնվի բանակցային գործընթացի լիարժեք ձևաչափը: Քանի դեռ այս խնդիրն առկա է, բոլոր նման հանդիպումներից, շոշափելի արդյունքներ ակնկալելը դժվար է:

-Արցախում սպասվող նախագահական ընտրապայքարին ընդառաջ` ավելի քան մեկ տասնյակ հասարակական կազմակերպություններ համատեղ հայտարարություն են տարածել, որով իրենց աջակցությունն են հայտնում Ձեզ: Ձեզ սատարում են նաև մի շարք քաղաքական ուժեր: Ի՞նչ կարևորություն ունի նրանց աջակցությունը Ձեզ համար: 

-Նախ կցանկանայի հետադարձ հայացքով ընդհանրացնել Արցախում անցած տարվա սեպտեմբերին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքները, որոնք մեզ համար որոշիչ էին առաջիկա քաղաքական գործընթացներին մասնակցելու առումով: 228 համայնքներից 173-ում մեր կուսակցական և համակիր թեկնածուները հաջողության հասան, և ես զգացի հանրային մեծ աջակցություն թե՛ իմ գլխավորած քաղաքական ուժի և թե՛ իմ այն հայտարարության շուրջ, որ պատրաստվում եմ առաջադրել իմ թեկնածությունն առաջիկա նախագահական ընտրություններին:
Ինչ վերաբերում է քաղաքական ուժերի և հասարակական կազմակերպությունների` իմ և իմ գլխավորած քաղաքական դաշինքի շուրջ համախմբմանը, ապա ես կարծում եմ, որ դա միմիայն մեծացնում է մեր քաղաքական թիմի հանդեպ եղած վստահությունը` ինչպես ընտրություններին մասնակցելու և հաջողության հասնելու, այնպես էլ մեր ծրագրերի արդյունավետության և պահանջվածության առումով: Շատ կարևոր է, որ Արցախի ապագա իշխանությունը և անձամբ նախագահը, անկախ նրանից, թե ով կընտրվի, ունենա բարձր լեգիտիմություն և հանրային ու քաղաքական մեծ աջակցություն:

-Պարո՛ն Հարությունյան, քանի որ նույն օրը նախ խորհրդարանական ընտրություններն են, Դուք գլխավորում եք նաև «Ազատ հայրենիք - ՔՄԴ» կուսակցությունների դաշինքը, հետաքրքիր է, ովքե՞ր են Ձեր հիմնական թիմակիցները:
-Մենք ընտրություններին մասնակցելու ենք նոր` երիտասարդ կադրերով համալրված թիմով, որտեղ իրենց ուրույն տեղն ունեն նաև աշխատանքային մեծ փորձառություն ունեցող գործիչները: Համոզված եմ, որ այդ համագործակցությունը կկայանա և համատեղ արդյունավետ աշխատանքի արդյունքում կշահի Արցախի ժողովուրդը:

-Որո՞նք են, Ձեր կարծիքով, համարվում ԱՀ վարչապետ աշխատած տարիների Ձեր ամենակարևոր ձեռքբերումները:
-Թերևս, առաջին հերթին արձանագրված երկնիշ տնտեսական աճը, որովհետև 10 տարի շարունակ մեզ հաջողվել է տարեկան միջինը 10 տոկոս տնտեսական աճ ապահովել: Արդյունքում` մեծացել է պետական բյուջեն, եռապատկվել են աշխատավարձերը, թոշակները. եթե նախկինում 31,5 մլրդ դրամանոց բյուջեի շրջանակներում էինք ներառում ամեն ինչ` թե՛ պաշտպանությունը, թե՛ ներքին անվտանգությունը, թե՛ աշխատավարձերն ու թոշակները, թե՛ շինարարությունը և այլն, ապա այսօր միայն 68 մլրդ դրամ հատկացվում է սոցիալական կարիքներին: Տասնյակ նոր դպրոցներ, մանկապարտեզներ են կառուցվել, տասնյակ համայնքներ ապահովվել են խմելու մշտական ջրով, ենթակառուցվածքներով: Առաջիկա տարիներին մենք պետք է պահպանենք սահմանված բարձր նշաձողը, որի պարագայում միայն կարող ենք իրականացնել բոլոր այն հավակնոտ ծրագրերը, որոնք այսօր ներկայացնում ենք մեր ժողովրդին:

-Դուք բազում պարգևներ եք ստացել, դրանցից ո՞րն է Ձեզ համար ամենաթանկը:
-Ինձ համար ամենաթանկ պարգևը հասարակության հարգանքն է իմ անձի նկատմամբ: Իհարկե, բոլոր պարգևներն էլ մարդիկ են ստեղծել, բայց հասարակության հարգանքը քո ապրած կյանքի ամենամեծ գնահատականն է, դրանից բարձր պարգև աշխարհում գոյություն չունի:

-Ապրելով թշնամու մշտական սպառնալիքի ազդեցության ներքո` արցախահայությունն իր քաջությամբ հիացմունք է առաջացնում ոչ միայն հայության, այլ նաև այլ պետությունների ժողովուրդների շրջանում: Ըստ Ձեզ` ո՞րն է արցախահայության ֆենոմենը, ինչպե՞ս կբնութագրեք արցախցուն:
-Անկեղծ ասած` չեմ ցանկանա արցախցուն առանձնացնել հայի տեսակից, որովհետև նույն ժողովուրդն ենք, մեր երակներով նույն արյունն է հոսում, և չեմ կարծում, որ ստեփանակերտցուն պետք է առանձնացնել երևանցուց, պարզապես ճակատագրի բերումով հենց Արցախում է որոշվել մեր ազգի հետագա գոյատևման խնդիրը: Եվ արցախցին պարզապես չէր կարող այդ ամենը միայնակ հաղթահարել, եթե նրա կողքին չկանգներ մեր ողջ ժողովուրդը` այդպիսով Արցախը դարձնելով համայն հայության այն սուրբ հայրենիքը, որի ազատությունը սերունդները կյանքով են նվաճել:

-Որո՞նք են ամենակայուն արժեքները Ձեր կյանքում:
-Մարդկային ազնիվ փոխհարաբերությունները, և այդ ամենի հիմքում` հայրենասիրությունը:

-Ինչպիսի՞ ապագա եք երազում Ձեր երեխաների համար, որի կերտմանը մասնակցելու հայտ եք ներկայացրել:
-Երազում եմ և նպատակ ունեմ կառուցել երջանիկ, զարգացած և ապահով Արցախ, որտեղ յուրաքանչյուր քաղաքացի կտեսնի իր ապագան, լուծված կլինեն նրա սոցիալական բոլոր առաջնային խնդիրները, կունենա իր սիրելի աշխատանքը, որից բավականություն կստանա, և կապրի ապահով ու անվտանգ երկրում. այն ամենը, ինչ անհրաժեշտ է լիակատար երջանկության համար: Իհարկե, երջանկությունը հարաբերական հասկացություն է, բայց մեծապես կապված է մարդու հոգեկան հանգստության հետ:

-Եվ վերջում` ինչո՞ւ պետք է Արցախի ժողովուրդը նախապատվությունը տա հենց Ձեզ և Ձեր քաղաքական ուժին:
-Կարծում եմ` հենց այն պատճառով, որ մեր քաղաքական ուժը` իմ գլխավորությամբ, առաջ է քաշում իրավամբ հեղափոխական մի ծրագիր, որի իրագործման համար տարիների ընթացքում պարարտ հող է նախապատրաստել. ապացույցը` տարբեր ոլորտներում ունեցած ձեռքբերումներն ու հաջողություններն են, որոնց ականատեսն ու անմիջական մասնակիցը եղել է ինքը` ժողովուրդը:

Հարցազրույցը` Սուսաննա Թամազյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...