02:23
03/29/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Մենք բավական բարձր նշաձող ենք սահմանել եւ ամեն տարի այդ շեմը բարձրացվում է

2020-02-15 11:47

«Դե Ֆակտո» N 5/151 (11-12/2019թ.) 

«Դե ֆակտո» ամսագրի զրուցակիցն է «Թոփ մոդել Հայաստան» ազգային ասոցիացիայի գործադիր տնօրեն Լուսինե Բաղդասարյանը:

2014թ.-ին ՀՀ մշակույթի նախարարության, ՀՀ կառավարության հատուկ ընթացակարգով և ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության պետի որոշմամբ ասոցիացիային բացառիկ իրավունքով թույլատրվել է անվանման մեջ օգտագործել Հայաստան բառը: Այս հանգամանքին բավական պատասխանատվությամբ ենք մոտենում: Բավական բարձր նշաձող ենք սահմանել մեր առջև և ամեն տարի այդ շեմը բարձրացվում է: Ամփոփելով 2019-ը, ուզում եմ առանձնացնել Հայաստանի փայլուն մասնակցությունը միջազգային ամենահեղինակավոր մանկական մրցույթներից մեկին` «Little Miss United World 2019»-ին: Այն անցկացվեց հեռավոր Կանարյան կղզիներում և ինչպես ամեն տարի, այս տարի ևս մասնակիցների չափազանց ուժեղ կազմ ունեինք: Հայաստանը ներկայացնող երկու պատվիրակները գերազանց ելույթ ունեցան, իսկ նրանց նվաճած գլխավոր մրցանակների շնորհիվ հոբելյանական 20-րդ «Little Miss United World 2020» մրցույթին արդեն որպես հատուկ հյուրեր ներկայանալու հրավեր են ստացել: Այն անցկացվելու է Կանարյան կղզիներում, իսկ ասոցիացիան, որպես մրցույթի ազգային տնօրեն, չափազանց մեծ անելիքներ ունի լավագույնս նախապատրաստվելու համար: 2019թ.-ի հոկտեմբերի վերջին մասնակցեցինք հոբելյանական 25-րդ Մոսկվայի նորաձևության շաբաթին, որի քասթինգ գործընկերը Հայաստանում «Թոփ մոդել Հայաստան» ազգային ասոցիացիան է: Մենք բացառիկ պայմանագիր ունենք Մոսկվայի նորաձևության շաբաթի կազմակերպիչների հետ, և այսուհետ ամեն տարի կներկայանանք չափազանց հետաքրքիր ձևաչափի շրջանակներում անցկացվող իրադարձություններին: Հատուկ ուզում եմ կարևորել ողջ տարվա ընթացքում կազմակերպության անփոփոխ գեղարվեստական ղեկավար Մարինա Գրիգորյանի կատարած աշխատանքը. պարտաճանաչ, ուշադիր, բծախնդիր իր գործի ամեն մասնիկի նկատմամբ: Իր յուրահատուկ մայրական մոտեցմամբ, նա յուրաքանչյուր մասնակցի փոխանցում է մասնագիտական որակներ, որոնք վստահաբար երեխաները կրում են ամբողջ կյանքում: Պետք է ընդգծեմ նաև ասոցիացիայի հիմնադրի` Գևորգ Ասատրյանի մեծ ավանդը, առանց որի աջակցության և հետևողականության որևէ նախագիծ կյանքի չէր կոչվի: Շնորհակալ եմ «Դե Ֆակտո» ամսագրին, Slaq.am կայքի աշխատակիցներին, առանձնահատուկ` պարոն Արտակ Հարությունյանին, որոնք տարիներ շարունակ մեր յուրաքանչյուր նախաձեռնության կողքին են եղել: 2020թ.-ը ցանկանում եմ նոր անելիքների, ձեռքբերումների և ամենակարևորը` խաղաղության տարի լինի: Թող մեր երկրում մանուկներն ապրեն անհոգ, առողջ միջավայրում:

Լյուսի Ջանվելյան
LITTLE MISS UNITED WORLD 2019 GOLD

Արվեստի նկատմամբ սերն ու հակումը Լյուսի Ջանվելյանի մոտ ակնհայտ դարձան արդեն իսկ նրա վաղ պատանեկության տարիներին: Նրա ստեղծած նկարներն առանձնանում էին պատկերների ճշգրտությամբ, խորը գունային նրբերանգներով և վառ երևակայությամբ: Ապա` նրան գերեց երաժշտությունը: Լյուսին անտարբեր չէր հատկապես պարային ռիթմիկ երաժշտության նկատմամբ: Արդեն չորս տարեկանում նկատելի էին նրա ձայնային տվյալները, խորը լսողությունը և մարմնի բնատուր ճկունությունը: Նա սիրում էր պարել ցանկացած ոճի երաժշտության ներքո, ընդ որում պարային շարժումները չէր նմանակում, այլ ինքն էր ստեղծագործում: Ծնողները նկատելով երեխայի բացառիկ դրսևորումները նրան պարի խմբակ են տանում, որտեղից սկսվում է փոքրիկի, այսպես ասած, կարիերան: Առաջին հաջողությունները պարի ասպարեզում սպասեցնել չտվեցին. «Յունիվերսալ» պարային ստուդիայի բազմատաղանդ պարուսույցների շնորհիվ 8 տարեկանում Լյուսին սպորտային պարերի մրցույթների առաջին հորիզոնականներում հայտնվեց, ապա հաղթանակները սկսեցին հաջորդել մեկը մյուսին: Որոշ ժամանակ անց Լյուսին սկսեց հետաքրքրվել նաև հագուստի ցուցադրություններով: Դեֆիլեների ժամանակ նա կարողանում էր իրեն ներկայացնել ոչ միայն որպես մոդել, այլ նաև որպես կայացած պարուհի: Լյուսիի տաղանդը նկատեցին նաև «Թոփ մոդել Հայաստան» ազգային ասոցիացիայում: Վերջինս էլ հոկտեմբերի 2-8-ը Կանարյան կղզիներում անցկացվող «Little Miss United World 2019» միջազգային հեղինակավոր մրցույթում Լյուսիին ներկայացրեց որպես Հայաստանի պատվիրակ: Աղջնակը փայլուն հանդես եկավ, միջազգային մոդել անվանակարգում իր տարիքային խմբում արժանացավ ոսկե` LITTLE MISS UNITED WORLD 2019 GOLD մրցանակի, իսկ տաղանդի փուլում` Գրան Պրիի: Հոկտեմբերի 24-28-ը Լյուսին մասնակցեց Մոսկվայի նորաձևության շաբաթին, որտեղ ներկայացրեց միջազգային դիզայներների հավաքածուները: Մի բան ակնհայտ է. պարը, երաժշտությունը, գեղեցիկի նկատմամբ պատկերացումները նրա հոգու անբաժանելի մասն են դարձել և իր ապագան Լյուսին կապել է արվեստի այս բնագավառների հետ:

Ինեսա Պալոյան
MINI MISS UNITED WORLD 2019 SILVER


Ինեսա Պալոյան. ընդամենը ութ տարեկան փոքրիկ հրաշք, ում տաղանդն ու արվեստի հանդեպ հատուկ դրսևորումները ծնողներն ու մասնագետները նկատեցին դեռ վաղ տարիքից: Փոքրիկ գեղեցկուհին արդեն հասցրել է մասնակցել բազմաթիվ համերգների, միջոցառումների, մրցույթների, նկարահանվել մի քանի տեսահոլովակներում: Ընդամենը վերջերս` հոկտեմբերի սկզբին, Ինեսան վերադարձել է Կանարյան կղզիների Տեներիֆե քաղաքում անցկացված «Little Miss United World 2019» միջազգային հեղինակավոր մրցույթից, որի հրավերը ստացել էր մրցույթի ազգային տնօրենից` «Թոփ մոդել Հայաստան» ազգային ասոցիացիայից: «Little Miss United World 2019» միջազգային մրցույթն այս տարի անցկացվում էր 19-րդ անգամ, մասնակիցները շուրջ հիսուն երկրների ներկայացուցիչներ էին: Ինեսայի ձեռքբերումներն այս մրցույթում շոշափելի էին: Նախ` նրա տեսահոլովակ-այցեքարտը առցանց քվեարկության և շուրջ երեսուն երկրներից հրավիրված միջազգային ժյուրիի անդամների գնահատականների արդյունքում հայտնվեց լավագույն հնգյակում, արժանացավ հատուկ մրցանակի, իսկ միջազգային մոդել անվանակարգում Ինեսան իր տարիքային խմբում արժանացավ արծաթե` MINI MISS UNITED WORLD 2019 SILVER մրցանակի: Միջազգային մրցույթից հետո չուշացավ նաև հոբելյանական 25-րդ Մոսկվայի նորաձևության շաբաթին մասնակցության հրավերը: Ինեսան մասնակցեց մանկական երկու հայտնի ապրանքանիշերի ցուցադրությանը և մեծ գնահատանքի արժանացավ դիզայներների, Fashion ինդուստրիայի ներկայացուցիչների կողմից: Իհարկե, Կանարյան կղզիներից և Մոսկվայից ստացած անջնջելի տպավորությունները կուղեկցեն փոքրիկին ամբողջ կյանքում: Ինեսա Պալոյանը ակտիվ մասնակցություն ունի մշակութային բազմաթիվ միջոցառումներում: Նա «Յունիվերսալ» պարային ստուդիայի սան է, հասցրել է հաջողություններ գրանցել նաև սպորտային պարերի մրցույթների ժամանակ, որտեղ մրցակցությունը բավական մեծ է: Դասերին ու պարին զուգահեռ փոքրիկը հաճախում է նաև վոկալի դասերի: Ցանկանք փոքրիկ հրաշքին նորանոր հաջողություններ ուսման մեջ, արվեստի ամենատարբեր ուղղություններում, որտեղ ակտիվ ներգրավված է: Թող Նոր Տարին նրա նոր վերելքների սկիզբը դառնա:



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...