15:20
12/26/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Նորացող Հայաստանի ԱԻՆ-ը քայլ է անում դեպի կանխարգելիչ գործունեություն

2019-07-19 12:20

 ՖԵԼԻՔՍ ՑՈԼԱԿՅԱՆ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար


 «Դե Ֆակտո» N 03/149 (05-06/2019թ.)

   

-Պարո՛ն Ցոլակյան, լրացել է Ձեր պաշտոնավարման 100 օրը, ամփոփելով այն` ի՞նչ կարևոր ձեռքբերումներ, իրականացված ծրագրեր կնշեք:

-Արտակարգ իրավիճակների նախարարությունը փոքր-ինչ տարբերվում է այլ նախարարություններից իր տեսակով, բնույթով ու խնդիրներով: Դա է պատճառը, որ ցանկացած փոփոխություն մեզ մոտ պետք է ավելի զգույշ, մտածված անել:
Վերջին վեց ամիսների ընթացքում ԱԻՆ-ը սպասարկել է ավելի քան 1 մլն. հեռախոսազանգ, տարվա ընթացքում դա կազմում է 2 մլն-ից ավելի, ինչը ծանրաբեռնված աշխատանք է մեր ճգնաժամային կառավարման կենտրոնի համար: Նշեմ, որ այդ զանգերը միշտ չէ, որ ահազանգեր են և կապված են դեպքերի հետ: Դրանցից ընդամենը 18-20 հազարն են դեպքերի մասին ահազանգ, իսկ մնացածը կապված են եղանակի տեսության և այլ տեղեկատվություն ստանալու հետ կամ սխալ զանգեր են: Եղանակից և տարվա սեզոնայնությունից կախված` զանգերի թիվն ավելանում կամ պակասում է` ձմռանը ճանապարհների հետ կապված զանգերն են շատանում, ամռանը` հրդեհների:
Վերջին վեց ամիսների ընթացքում ունեցել ենք հրդեհի 2300 դեպք, որոնցից ամենամեծն իր մասշտաբներով Վահագնաձորի հարակից անտառում բռնկված հրդեհն էր: Հրդեհաշիջման աշխատանքներին ես ներկա եմ եղել և հետևել ողջ ընթացքին: Պետք է նշեմ, որ այլ բան է լսել հրդեհի մասին, այլ բան` տեսնել, դա ինձ օգնեց պարզորոշ հասկանալ, թե ինչ խնդիրներ ունենք, որտեղ են բացերը:
Այս ամիսներին մի շարք այլ դեպքեր էլ են եղել` քարաթափման 29, փլուզման 43, սողանքների 2, կոմունալ կենսապահովման համակարգերի վթարների 13 դեպք: Հետևանքները վերացնելու աշխատանքներին ակտիվ մասնակցություն են ունեցել փրկարարները, որը նրանց ամենօրյա ծանր աշխատանքի ընդամենը մի մասն է:
Ցավոք, մի քանի հազար մարդկանց կյանքեր փրկելուն զուգահեռ` լինում են նաև զոհեր: Այդ առիթով` ուզում եմ մեկ անգամ ևս կոչ անել մեր ազգաբնակչությանն առավել զգույշ և զգոն լինել, հավատացե՛ք, դա շատ կարևոր է: Մենք հաճախ դեպքերի մասին տեղեկատվություն ենք ստանում ոչ թե տուժողից, այլ պատահական անցորդից, որն այդ պահին դառնում է փրկարար, քանի որ օգնում է փրկարարների աշխատանքին: Շատ կարևոր է, որ փրկարարի և քաղաքացու միջև կապը ամենօրյա լինի և նպաստի պետություն-քաղաքացի համագործակցության զարգացմանը:
Մենք հասել ենք պրոֆեսիոնալ այնպիսի բարձր մակարդակի, որը հպարտանալու տեղիք է տալիս: Գուցե կողքի հայացքով այդ ամենը սովորական թվա, սակայն դա ամենօրյա դժվարին աշխատանքի արդյունք է: Արդեն կարող ենք օգնության ձեռք մեկնել մեր բարեկամ երկրներին, երբ նրանց մոտ աղետ է լինում: Վերջերս մեր ավտոշարասյունը փրկարարների հետ միասին մեկնեց Իրանի Իսլամական Հանրապետություն` օգնության ձեռք մեկնելու ջրհեղեղից տուժածներին:
Պետք է նշեմ, որ կարևոր ձեռքբերում եմ համարում ԱԻՆ-ի` միջազգային կառույցների հետ համագործակցության բարձր մակարդակը, ինչը մեր փրկարար ծառայությունն անընդհատ զարգացման մեջ պահելու կարևոր գրավական է: Պետք է փաստեմ, որ մենք ունենք միջազգային չափորոշիչներին համապատասխան մասնագիտական բարձր որակներ ունեցող աշխատանքային թիմեր: Նրանց վարժանքները միջազգային կառույցների դիտակետում են, ինչի արդյունքում` վերջիններս ուսումնասիրում և գնահատում են մեր թիմերի աշխատանքը, մատնանշում թերացումները: Միջազգային կառույցների հետ համագործակցության կարևոր ձեռքբերումներից է նաև մեզ պարբերաբար տրամադրվող հումանիտար և ֆինանսական աջակցությունը:
Վերջերս ես ականատես եղա մեր 50 հոգանոց որոնողափրկարարական թիմի 36-ժամյա վարժանքին, որը կազմակերպվել էր ՄԱԿ-ի INSARAG կազմակերպության կողմից: Երբ ես գնացի այն վայրը, որտեղ անցկացվում էին վարժանքները, վարժանքի կազմակերպիչներն ինձ ցուցադրեցին մի տարածք, որը լի էր մեծ քանակությամբ բետոնե կտորներով: Երբ հարցրի, թե ինչի համար են դրանք, պատասխանեցին, որ դրանց տակ մարդիկ կան: Սկզբում ինձ այդ միտքն անհավանական թվաց, բայց պարզվեց, որ վարժանքի ժամանակ այդ բետոնե կտորների տակ մեր ակադեմիայի ուսանողներն են: Կենդանի վարժանք էր, որի ընթացքում սրտի աշխատանքի արձանագրմամբ փրկարարները պետք է հայտնաբերեին բետոնի տակ գտնվող մարդկանց և փրկեին: Ես նույնիսկ մի քիչ վախեցա մեր ուսանողների համար, բայց ինձ ասացին, որ կարգն է այդպիսին:
Վերջին մի քանի ամիսներին վերջնականապես լուծվել է փրկարարների համազգեստի խնդիրը, որը երկար ժամանակ չէր լուծվում: Այժմ փրկարարը ստանում է իրեն անհրաժեշտ քանակի և բարձր որակի համազգեստ` գործող օրենքի համաձայն: Լուծված է նաև փրկարարի վառելիքի հարցը, որը կրկին երկար տարիներ չէր լուծվում:
Կան վայրեր, ինչպիսիք են` Սիսիանի զանգերը, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը, Սելիմի լեռնանցքը, որտեղ ձմռանը` ձնաբքի ժամանակ, թե՛ մարդկային և թե՛ ավտոմեքենաների կուտակումներ են լինում: Որպեսզի հնարավոր լինի օպերատիվ օգնություն ցուցաբերել մարդկանց, իմ հրամանով այդ տարածքներում ստեղծվեցին հենակետեր, դրանցում տեղադրվեցին ժամանակավոր կացարաններ` տնակների ձևով, որտեղ ԱԻՆ փրկարարները այդ ժամանակահատվածում պետք է շուրջօրյա հերթապահություն կատարեն: Պետք է արձանագրենք, որ դա արդյունավետ լուծում էր, քանի որ այս տարի ձմռանը որևէ ծանր դեպք տեղի չունեցավ:
Գիտեք, փրկարարների աշխատավարձը ցածր է, և որպես խրախուսանք` կառավարության աջակցությամբ հնարավորություն ստեղծվեց տարվա ընթացքում չորս անգամ նրանց աշխատավարձի չափով պարգևավճար սահմանել, ինչը փոքր-ինչ թեթևացրեց առկա ծանր վիճակը:
ԱԻՆ-ը մշտապես տեխնիկական ապահովվածության խնդիր է ունեցել, մասնավորապես` բարձրահարկ շենքերում բռնկված հրդեհների մարման, մարդկանց տարածքից արագ և անվնաս դուրսբերման ու այլ աշխատանքների արդյունավետ կատարման հետ կապված: Պետք է ուրախությամբ նշեմ, որ տարեսկզբին Ճապոնիայի օգնության ծրագրով ԱԻՆ-ին հատկացվեց 10 ամենագնաց մեքենա` հագեցած տեխնիկական բոլոր հնարավորություններով: Բոլորովին վերջերս ստացանք նաև «Միցուբիշի» մակնիշի 18 հրշեջ մեքենա Ճապոնիայից, ևս
22-ով կհամալրվի մեր տեխնոպարկը օգոստոս ամսին, իսկ Ռուս-հայկական հումանիտար կենտրոնը կտրամադրի 26 հրշեջ մեքենա: Օրեր առաջ ԱԻՆ շարահրապարակում տեղի ունեցավ JICA-ի կողմից ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը 14 հրշեջ ավտոմեքենայի, 3 ավտոսանդուղքի և 1 կարգավար մեքենայի հանձնման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցեց նաև ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան նորին գերազանցություն պրն. Ջուն Յամադան:

-Պարո՛ն Ցոլակյան, արդյո՞ք տեսնում եք նախարարության գործելաոճում նոր շեշտադրումների կարիք:

-Այո, միշտ տեսնում եմ: Կարծում եմ` մենք պետք է ոչ միայն մեր ունեցածը կատարելագործենք, այլ նաև մտածենք առաջընթացի մասին, իսկ դրա համար անհրաժեշտ է որոշակի շեշտադրումներ ավելացնել մեր աշխատանքում: Պետք է փոխել նախարարության կարգավիճակը, քանի որ այն այսօր ավելի շատ հետևանքներ վերացնող, քան դեպքերը կանխարգելող գործառույթ է կատարում: Մենք ցանկանում ենք բարձրացնել ԱԻՆ-ի կանխարգելիչ դերը, ինչին ուղղված` պետք է կատարել կառուցվածքային որոշակի փոփոխություններ: Փոփոխությունների արդյունքում քաղպաշտպանության ոլորտը կառանձնացվի փրկարար ծառայությունից:
Պետք է մեծ աշխատանք կատարել հասարակության շրջանում` իրազեկումից սկսած մինչև քաղպաշտպանական հմտությունների տիրապետում: Այդ նպատակով մենք առաջարկել ենք ՀՀ կրթության և գիտության նախարարությանը դպրոցական ծրագրերում ներդնել «Քաղպաշտպանություն» առարկան, և մեր առաջարկը ընդունվել է:

-Ի՞նչ խնդիր կլուծի «Քաղպաշտպանություն» առարկայի դասավանդումը դպրոցներում:

-Այսօր մեր հանրակրթական դպրոցներում աշակերտները սովորում են «Զինվորական պատրաստվածություն» առարկան, որը բավարար գիտելիքներ չի տալիս քաղպաշտպանության մասին: Ներդնելով առարկան` մենք նպատակ ունենք բարձրացնել ՀՀ քաղաքացիների քաղպաշտպանության մակարդակը, սովորեցնել գրագետ գործել և խուճապի չմատնվել արտակարգ իրավիճակներում, պաշտպանել ինչպես իրենց, այնպես էլ շրջապատի մարդկանց: Մենք առաջարկում ենք, որ առարկան դասավանդվի մեր մասնագետների, մասնավորապես` ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի շրջանավարտների կամ մեր վետերաների կողմից: Եթե կարողանանք նրանց ընդգրկել այդ աշխատանքի մեջ, ապա վերջիններս կդառնան տվյալ ուսհաստատության պատասխանատուն` քաղպաշտպանության գծով:


-Պարո՛ն նախարար, արտակարգ իրավիճակների ժամանակ առավել բարդ վիճակում են հայտնվում հրշեջ ծառայությունից հեռու գտնվող մարզային համայնքները, արդյո՞ք քայլեր կձեռնարկվեն ծառայությունը հեռավոր համայնքներին հասանելի դարձնելու ուղղությամբ:


-Ավտոմեքենաների պարկի համալրումից հետո նախատեսում ենք հրդեհաշեջ փրկարարական ջոկատներից հեռու գտնվող համայնքներում ստեղծել կամավորական հրշեջ հենակետեր և ավելացած մեքենաների որոշակի քանակ տրամադրել համայնքին, որպեսզի նրանք կարողանան լոկալացնել հրդեհը, մինչև կհասնի ԱԻՆ հիմնական ջոկատը: Սա շատ արդյունավետ միջոց կլինի հատկապես անտառներում կամ դաշտերում բռնկվող հրդեհների արագ մարման համար:

-Արդյո՞ք «Հիդրոմետ» ծառայությունը շարունակելու է մնալ ԱԻՆ կազմում:

-Պետք է նշեմ, որ մեր նախարարությունն իրականում ունի որոշակի խնդիրներ` գործառույթների հետ կապված, որոնք պետք է կարգավորվեն օրենսդրորեն, և ամեն կառույց իմանա իր անելիքը:
«Հիդրոմետ» ծառայության հետ կապված` նշեմ, որ ՀՀ կառավարության որոշմամբ` ՀՀ բնապահպանության նախարարության կողմից օրենքի նախագիծ է մշակվում, որ այդ ծառայությունը դուրս գա ԱԻՆ-ի կազմից և միանա բնապահպանության նախարարությանը: «Հիդրոմետ» ծառայությունը, բացի կլիմայի հետ կապված գործառույթներից, ունի նաև հիդրոլոգիական ծառայություն, որը կապված է օդի, ջրերի աղտոտվածության և այլնի հետ, իսկ դրանք ավելի շատ բնապահպանական խնդիրներ են: Մենք սկզբունքորեն դեմ չենք եղել այդ առաջարկությանը, սակայն դեռևս որոշակի չէ ակտիվ ներգործության ծառայություններից մեկի` կարկտակայանների հարցը:

-Ինչպե՞ս եք վերաբերվում «Լուսավոր Հայաստան» խմբակցության առաջարկին` ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը միացնել ոստիկանությանը և այն դարձնել ներքին գործերի նախարարություն:

-Լսել եմ այդ առաջարկություն մասին, ու թեև իմ պատասխանը սուբյեկտիվ կընկալվի, ամեն դեպքում, կհայտնեմ իմ դիրքորոշումը: Ես դեմ եմ այդ առաջարկին մի քանի պատճառներով. նախ` ԱԻՆ-ը և ոստիկանությունը, ըստ էության, տարբեր գործառույթներ են իրականացնում` ոստիկանությունն ունի պատժիչ գործառույթ, ԱԻՆ-ը` մարդասիրական: Երկրորդ` միանալու դեպքում ԱԻՆ-ը կզրկվի հումանիտար օգնություններից, որոնցով լուծում է իր տեխնիկական համալրման և այլ խնդիրները, իսկ մենք գիտենք, որ 1992թ. սկսած` ԱԻՆ-ը պետական միջոցներով տեխնիկական որևէ խնդիր չի լուծել, բոլոր խնդիրները լուծվել են հումանիտար օգնությունների միջոցով: Երկու կառույցների միաձուլման դեպքում հումանիտար օգնություններ ստանալը բացառվում է: Եվ, ի վերջո, պետք է գիտակցել, որ հումանիտար և պատժիչ գործունեությունները միմյանց չեն համապատասխանում: Կարծում եմ` ավելի ճիշտ է առանձին-առանձին որոշակիացնել երկու կառույցների գործառույթները: Ես սուպերնախարարություն ստեղծելու գաղափարին դեմ եմ:

-Նախարարությունում աշխատավարձերի բարձրացում սպասվո՞ւմ է, թե՞ ոչ:

-Այդ ուղղությամբ ևս քայլեր ենք ձեռնարկում` այժմ մեզ մոտ նախապատրաստվում է կառավարության որոշման նախագիծ, որով մենք առաջարկելու ենք փրկարար ծառայության ոչ սպայական` շարքայի կազմի աշխատավարձերի որոշակի բարձրացում: Ճիշտ է, պարգևավճարները փոքր-ինչ մեղմեցին իրավիճակը, սակայն խնդիրը չլուծվեց: Շարքային աշխատակիցները չափազանց ցածր աշխատավարձ են ստանում` իրենց կատարած դժվարին և կյանքի համար վտանգավոր աշխատանքի համար: Երկրներ կան, որտեղ հրշեջի մասնագիտությունը դասվում է ամենահարգի և բարձր վարձատրվող մասնագիտությունների շարքին, քանի որ հրշեջի աշխատանքը անչափ կարևոր է և արժանի բարձր գնահատականի:

-Սարի թաղի բնակիչները վերջերս բողոքում էին սողանքների և փլուզման դեպքերից, տեղի՞ն էին նրանց պնդումները:

-Հանրապետությունում 300-ից ավելի սողանքային գոտիներ կան, որոնցից 131-ը` ակտիվ: Այժմ ունենք առանձնացված 6 սողանք, որոնք ակտիվ են: Սարի թաղի հետ կապված` պետք է մեկ նկատառում անեմ` սողանքային այն գոտիները, որոնք գտնվում են համայնքների ներսում, համարվում են համայնքային խնդիրներ, այսինքն` մենք կարող ենք միայն անվտանգության հարց լուծել` եզրափակել տվյալ հատվածը, արգելափակման նշաններ դնել, մնացած հարցերով չենք կարող զբաղվել, քանի որ դրա համար հատկացված գումար չունենք, ինչպես նաև գործառույթներ: Ես կառավարության նիստին հարց եմ բարձրացրել, որ մեզ տրվի այդ գործառույթը:
ԱԻՆ-ի աշխատանքը պետք է շատ պարզ լինի, հստակ սահմանված` հասցված կատարյալի, քանի որ արտակարգ իրավիճակների հետ գործ ունենք:

-Արդյո՞ք չեք նախատեսում հրթիռային կայանների թիվն ավելացնել:

-Դա լրջագույն հարց է: Մեզ համար այսօր առաջնային խնդիր է գյուղացիների համար գտնել կարկուտից իրենց բերքը պաշտպանելու լավագույն լուծումը, քանի որ ըստ մասնագետների և արձանագրված ցուցանիշերի` հակակարկտային կայանները, հրթիռային կայանները ևս, չունեն արդյունավետության բարձր մակարդակ, և զարգացած երկրներում վաղուց հրաժարվել են լուծման այդ տարբերակներից` տուրք տալով գյուղատնտեսության ապահովագրությանը: Օրինակ` ԱՄՆ-ն անցել է գյուղատնտեսության 95 տոկոս ապահովագրության: Մենք հրավիրեցինք ՀՀ լավագույն ֆիզիկներին, լսեցինք նրանց կարծիքը, որը ևս փաստում է, որ հակակարկտային կայանները լավագույն լուծումը չեն: Բացատրեմ, թե ինչու: Խնդիրն այն է, որ կարկտաբեր ամպերը Հայաստանում հիմնականում գոյանում են մի քանի մարզերում` Արմավիր, Արարատ, Շիրակ և Արագածոտն: Արմավիրը մշտապես կարկուտից ամենաշատն է տուժել: Մենք գիտենք, որ Արմավիրի մարզում է գտնվում ատոմակայանը, որի գոտում հրթիռներ արձակել չի կարելի: Օդանավերի թռիչքուղին նույնպես Արմավիրի մարզով է անցնում, և օդանավերի առկայության դեպքում կրկին չի կարելի կրակել, քանի որ երկինքն ազատ չէ:
Ինձ ներկայացնում են պատճառաբանություններ, որ ԱԻՆ-ը պայմանագիր ունի ՀՀ պաշտպանության նախարարության և Ավիացիայի վարչության հետ, որով կանոնակարգվում է այս խնդիրը: Ես այդ պատճառաբանությունը չեմ ընդունում, որովհետև եթե ինքնաթիռը օդում է, կարկտաբեր ամպերը` նույնպես, և այդ պահին կրակել չի կարելի, բերքը միևնույնն է վնասվելու է: Այդ պատճառով մենք առաջարկում ենք ավելի շատ կենտրոնանալ գյուղատնտեսության ապահովագրության և հակակարկտային ցանցերի կիրառման վրա: Իհարկե, ցանցերը ևս չեն կարող օգտագործվել բոլոր վայրերում: Լավագույն լուծումը ապահովագրությունն է: Պետք է լուրջ աշխատանք տանել այդ ուղղությամբ, քանի որ ապահովագրական կազմակերպությունները ոլորտի ռիսկայնության հետ կապված չեն ցանկանում այդ ծառայությունը մատուցել, գյուղացիները ևս կարող են ընդդիմանալ, քանի որ ամեն նոր երևույթ դժվար է ընդունվում:
Կա ևս մեկ տարբերակ` փոխհատուցել գյուղացու վնասը: Պետք է հաշվարկներ կատարել և տեսնել, թե որ տարբերակը կարող է մեր երկրում առավել արդյունավետ լինել:

-Կցանկանայի մի փոքր ներկայացնեիք շենք-շինությունների, մասնավորապես` վթարային շենքերում տեղակայված դպրոցների սեյսմակայունության հետ կապված խնդիրները:

-ՀՀ-ում սեյսմիկ վիճակի հետ կապված բազում խնդիրներ կան: Եթե խոսենք դպրոցների մասին, իսկապես բավականին շատ դպրոցներ ունենք, որոնց կառույցները սեյսմակայուն չեն, և այսօր կառավարությունը խնդրի լուծմանն ուղղված լուրջ քայլեր է ձեռնարկում` խնդիր է դրված վերանորոգել և կառուցել 40 դպրոց, և դա միայն սկիզբն է, ծրագիրը շարունակական է լինելու:
Կառավարությունում քննարկումների ժամանակ առաջարկվել է կառուցել նոր դպրոցներ: Տարածքային կառավարման նախարարությունն է հիմնականում զբաղվում այդ հարցով: Պետք է նկատենք, որ ամենավատ վիճակը Երևանում է` կան մեծ թվով հին դպրոցներ, որոնք սեյսմակայունության տեսանկյունից առնվազն մտահոգություններ են առաջացնում:
Նշեմ, որ տարվա սկզբից սկսած, թույլ ուժգնությամբ, գրանցվել է մոտ 7 երկրաշարժ:

-Ի՞նչ վիճակում են ապաստարանները:

-Ապաստարանների վիճակը նույնպես բարվոք չէ: Ունենք մոտ 300 ապաստարան, որոնք մեծամասամբ անմխիթար վիճակում են: Դրանց մի մասն էլ մասնավորեցվել է: Մենք առաջարկել ենք պայմանագիր կնքել սեփականատիրոջ հետ, ըստ որի` նա կպարտավորվի վերակառուցել տվյալ ապաստարանը, օգտագործել այն, բայց մեր պահանջի դեպքում տարածքի 10 տոկոսը թողնելով իրեն` մնացածը տրամադրել մեզ:

-Պարո՛ն Ցոլակյան գո՞հ եք զարգացումներից, որքանո՞վ են Ձեր ակնկալիքները իրականանում:

-«Իրավիճակ է փոխվել» արտահայտությունը շատ առօրեական է դարձել, սակայն իրականում այդ արտահայտությունը շատ խորը իմաստ ունի: Ես գոհ եմ այն աշխատանքից, որն իրականացվել է Հայաստանում այս մեկ տարվա ընթացքում` նկատելով, որ դեռևս կան բազում չլուծված խնդիրներ: Չեմ սիրում չարախոսել, խնդիրները բարձրաձայնում եմ համապատասխան պաշտոնյաների մոտ, գերադասում եմ նրանց հետ քննարկել, առողջ քննադատություն հնչեցնել:
Հարցազրույցը՝
Սուսաննա Թամազյանի

 



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...