03:56
12/27/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
40-ամյա փորձ, վստահություն և բարձրակարգ բուժսպասարկում, թիվ 3 կլինիկական հիվանդանոց

2013-01-18 11:18

 

«Դե Ֆակտո» N77 (2012թ.)

«Թիվ 3 կլինիկական հիվանդանոց» ԱՓԲԸ հիմնադրվել է 1972թ.` նախատեսված 350 մահճակալի համար: Սկզբնական շրջանում հիվանդանոցում գործել են 5 մասնագիտական պրոֆիլներ` թերապիա, սրտաբանություն, ընդհանուր վիրաբուժություն, կրծքաին վիրաբուժություն, անոթային վիրաբուժություն /ֆլեբոլոգիա/: Հանդիսանալով Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ընդհանուր վիրաբուժության, սրտաբանության, պրոպեդևտիկայի, ինչպես նաև բժիշկների վերապատրաստման ինստիտուտի անեսթեզիոլոգիայի և վերակենդանացման ամբիոնների բազա` հիվանդանոցը միշտ համարվել է կադրերի պատրաստման և վերապատրաստման դարբնոց: Այստեղ գործել և դասավանդել են հայ բժշկության այնպիսի պայծառ դեմքեր ինչպիսիք են ակադեմիկոսներ Ս. Ավդալբեկյանը, Լ. Բադալյանը, դոկտոր պրոֆեսորներ Ֆ.Դռամփյանը, Վ. Ափոյանը, Հ. Սարուխանյանը, դոցենտներ Ժ. Վեմյանը, Ռ. Ադամյանը, Ա. Բադալյանը, ներկայումս գործող ակադեմիկոս, պրոֆեսոր Պ. Անանիկյանը:

40 տարիների ընթացքում հիվանդանոցը ղեկավարվել է առողջապահության կազմակերպման լավագույն մասնագետների կողմից` Ս.Պ. Մարտիրոսյան, Ն.Տ. Նադիրովա, Ա.Մ. Սիրունյան: Վերջիններս մեծ ներդրում են ունեցել հիվանդանոցի զարգացման գործում, ինչի արդյունքում թիվ 3 կլինիկական հիվանդանոցն այսօր համարվում է ինչպես Երևան քաղաքի, այնպես էլ ՀՀ առողջապահական համակարգի առաջատար հիվանդանոցներից մեկը: 1997 թվականից հիվանդանոցը ղեկավարում է Սամվել Մելիքի Հարությունյանը: Հենց վերջինիս ղեկավարման ընթացքում հիվանդանոցում իրականացվեցին լուրջ կառուցվածքային փոփոխություններ, այն տեխնիկապես հագեցվեց ժամանակակից սարքավորումներով, ուժեղացվեց և երիտասարդացվեց կադրային ներուժը:

Ձեզ ենք ներկայացնում «Դե Ֆակտո» ամսագրի հարցազրույցը «Թիվ 3 կլինիկական հիվանդանոց» ԱՓԲԸ գլխավոր տնօրեն Սամվել Հարությունյանի հետ

-Հարգելի՛ պարոն Հարությունյան, այս տարի լրանում է հիվանդանոցի 40-ամյակը: Կխնդրեի ներկայացնել հիվանդանոցի գործունեությունը ընդհանուր գծերով:

- 3-րդ կլինիկական հիվանդանոցը հիմնադրվել է 1972թ.: Ի սկզբանե հիվանդանոցում գործել են 5 մասնագիտական բաժանմունքներ, այս տարիների ընթացքում ավելացվել են 5 նոր մասնագիտացված բաժանմունքներ` վնասվածքաբանական, քիթ-կոկորդ-ականջի, դիմածնոտային վիրաբուժության, գինեկոլոգիայի և ինտերվենցիոն սրտաբանության, թարմացվել և զարգացել է նյութատեխնիկական բազան, իրականացվել է կադրերի աննախադեպ թարմացում: Այսօր մեր հիվանդանոցում աշխատում է 296 աշխատակից, որոնցից 93-ը բժիշկներ են (3-ը` բժշկական գիտությունների դոկտոր, 12-ը` բժշկական գիտությունների դոցենտ և 116 բուժքույր): Բաժանմունքները և ծառայությունները ղեկավարում են ազգաբնակչության և բժշկական հանրության շրջանում  մեծ հարգանք և վստահություն վայելող մասնագետներ Լ.Լ. Ղարիբջանյանը` Բ.Գ.Թ., տնօրենի տեղակալ վիրաբուժության գծով, Պ.Պ. Անանիկյանը` Բ.Գ.Դ., պրոֆեսոր, տնօրենի տեղակալ գիտական գծով, Գ.Ա Պիվազյանը` Բ.Գ.Թ., բժիշկ վիրաբույժ, ընդհանուր վիրաբուժության բաժանմունքի վարիչ, Ա.Ս. Սոֆյանը` Բ.Գ.Թ., բժիշկ-վնասվածքաբան, վնասվածքաբանության բաժանմունքի վարիչ, Ա.Ռ. Ջուղանյանը` Բ.Գ.Թ., դոցենտ, ընդհանուր թերապիայի բաժանմունքի վարիչ, Գ.Է. Խաչատրյանը` Բ.Գ.Թ., դոցենտ, դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքի վարիչ, Ա.Մ. Մուրադյանը` Բ.Գ.Թ. դոցենտ, քիթ-կոկորդ-ականջ բաժանմունքի վարիչ, բժիշկ օտորինոլարինգոլոգ, Բ.Բ. Մկրտչյանը` Բ.Գ.Թ., դոցենտ, էնդոսկոպիկ և ռեկոնստրուկտիվ գինեկոլոգիայի բաժանմունքի վարիչ, Ս.Մ. Նանյանը` Բ.Գ.Թ., անոթային վիրաբուժության բաժանմունքի վարիչ, Վ.Կ. Սաբունջյանը` անեսթեզիոլոգիայի և վերակենդանացման բաժանմունքի վարիչ, Ա.Մ. Մանուկյանը` Բ.Գ.Թ., օպերացիոն բլոկի վարիչ, Մ.Յու. Ադամյանը` կարդիոլոգիական կլինիկայի վարիչ, ինվազիվ կարդիոլոգիայի ծառայության ղեկավար, Գ.Խ. Ստեփանյանը` պլաստիկ վիրաբուժության ծառայության ղեկավար: Հենց նրանց անմիջական ղեկավարությամբ հիվանդանոցում աշխատում է երիտասարդ և հեռանկարային մասնագետների կոլեկտիվը, որը պատրաստ է մայրաքաղաքի և հանրապետության բնակչությանը մատուցելու  բարձրակարգ շուրջօրյա բուժօգնություն: Ներկայումս շարունակվում է ծրագրային զարգացումը հիվանդանոցի նյութատեխնիկական բազայի հագեցման և կադրային ներուժի զարգացման և ամրացման ուղղությամբ:

-Որքա՞ն ժամանակ է, ինչ  ղեկավարում եք հիվանդանոցը:

-1997թ. ստանձնելով հիվանդանոցի տնօրենի  պարտականությունները` հասկացա, որ հիվանդանոցը բազմաթիվ լուրջ խնդիրներ ունի, որոնք լուծելու համար բավական շատ ֆինանսական միջոցներ, համբերություն և, իհարկե, նվիրվածություն է պետք: Հիվանդանոցը ավելի քան 15 տարի չէր վերանորոգվել, նյութատեխնիկական բազան մաշված, արդիականությունը կորցրած, անմխիթար վիճակում էր, ինչը բժշկության զարգացման տեսանկյունից անընդունելի էր:

-Ի՞նչ եք հասցրել անել այդ տարիների ընթացքում:

-Մասնագիտական փորձն ու հմտություններս ինձ օգնեցին ճիշտ և արդյունավետ կազմակերպել հիվանդանոցի կառավարումը: Այս տարիների ընթացքում կարողացանք լիովին վերանորոգել հիվանդանոցը, բաժանմունքների մեծ մասը վերազինել ժամանակակից բժշկական սարքավորումներով: Ամենամեծ ձեռքբերումը ես համարում եմ այն, որ մեզ հաջողվեց գործող մասնագիտական բաժանմունքներին ավելացնել ևս 5-ը: Այսօր արդեն հիվանդանոցը ունի 9 մասնագիտական բաժանմունք և 12 ախտորոշիչ կաբինետ: Վստահորեն կարող եմ ասել, որ 3-րդ կլինիկական հիվանդանոցն այսօր լավագույն  հիվանդանոցներից մեկն է:

 

Բարձրակարգ բուժանձնակազմ,

բարձրորակ բժշկական և լաբորատոր տեխնիկա

 

 

-Ո՞րն է հիվանդանոցի գլխավոր ձեռքբերումը այս պահին:

-Գլխավոր ձեռքբերումներից մեկն այս պահին համարում եմ սրտաբանական բաժանմունքում ինտերվենցիոն-ինվազիվ սրտաբանության ներդրումը, ինչն, ըստ էության, ավելի հզորացրեց սրտաբանական ծառայությունը, որը միշտ համարվել է առաջատարներից մեկը Երևանում: Սրա շնորհիվ այսօր մենք իրականացնում ենք ոչ միայն կոնսերվատիվ բուժում, այլ նաև սրտի կորոնար անոթների կոնտրաստային  նկարահանում  և  ստենտավորում: Իսկ կարևորագույն ձեռքբերում համարում եմ այն, որ այսօր մենք ունենք վերանորոգված, լավագույն մասնագետներով և մասնագիտական սարքավորումներով հագեցած հիվանդանոց:

-Բժշկությունն այսօր մեծ արագությամբ զարգանում և առաջ է ընթանում: Հիվանդանոցի տեխնիկական հագեցվածության մակարդակը ի՞նչ չափով է համապատասխանում միջազգային պահանջներին և նորագույն տեխնոլոգիաներին:

-Ես պետք է նշեմ, որ աշխատանքում իմ սկզբունքը հետևյալն է` նոր, արդիական մասնագիտական տեխնիկա և անպայման բարձրակարգ մասնագետ: Կարծում եմ, որ մարդկային գործոնը ևս չափազանց կարևոր է: Այս իմաստով մեր հիվանդանոցում պահպանված է հավասարակշռությունը: Հիվանդանոցի գրեթե բոլոր բաժանմունքները հագեցած են նորագույն սարքավորումներով, ունենք ոլորտի առաջատար, լավագույն մասնագետներ, որոնք պարբերաբար վերապատրաստվում են տարբեր երկրներում, տարբեր առողջապահական ծրագրերի շրջանակներում:

-Իսկ ինչպիսի՞ գնային քաղաքականություն է իրականացվում Ձեր հիվանդանոցում:

-Բժշկական ծառայությունների արժեքները ֆիքսված են, աշխատում ենք անել այնպես, որ ծառայությունները մատչելի լինեն բոլորի համար: Եթե հիվանդը չունի բավականաչափ միջոցներ, իսկ բժշկական միջամտությունն այդ պահին պարտադիր է, ապա անշուշտ մենք ընդառաջում ենք, արվում են զեղչեր: Քննարկվում և լուծվում է նախ հիվանդի առողջական վիճակը, ապա նոր միայն անդրադառնում ենք խնդրի ֆինանսական կողմին, չէ՞ որ գործ ունենք մարդկանց կյանքի հետ:

-Լինելով մասնագիտությամբ բժիշկ-թերապևտ` դժվար չէ՞ր արդյոք անցնել ադմինիստրատիվ աշխատանքի:

-Սկզբնական շրջանում դժվար էր, սակայն ժամանակի հետ հասկացա, որ կարող  եմ և  ինձ  մոտ  կստացվի: Տարբեր առողջապահական կազմակերպություններում աշխատելն ու տարիների փորձն ի վերջո ինձ բերեցին 3-րդ կլինիկական հիվանդանոց, որտեղ և աշխատում եմ շուրջ 15 տարի:

-Իսկ ինչպիսի՞ն է բժիշկ Հարությունյանը աշխատանքից դուրս` առօրյա կյանքում:

-Առօրյա կյանքում ես երաժշտասեր, սպորտասեր մարդ եմ, ավարտել  եմ  երաժշտական  դպրոցի  ջութակի բաժինը, զբաղվել  եմ  բադմինտոնով: Ի դեպ, եղել եմ բադմինտոնի Հայաստանի չեմպիոն,  ֆեդերացիայի նախագահ: Ես ի սկզբանե որոշել էի երաժշտագետ դառնալ, սակայն 10-րդ դասարանում մորս հետ լուրջ զրույց ունեցանք, երկար խոսեցինք բժշկի բարդ ու պատասխանատու աշխատանքի մասին, և այդ զրույցը ճակատագրական եղավ. ես որոշեցի բժիշկ դառնալ: Ունեմ երկու զավակ, որոնք երկուսն էլ գնացել են իմ  ճանապարհով և կարծում  եմ  լավ մասնագետներ կդառնան. տղաս ինտերվենցիոն կարդիոլոգիայի մասնագետ է, աղջիկս` քիթ-կոկորդ-ականջի:

-Դուք ՀՀ ԱԺ պատգամավոր, նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանի եղբայրն եք: Մի առիթով պարոն Հարությունյանն ասաց, որ Դուք գիտեք ճիշտ ապրելու բանաձևը, կկիսվեք մեր ընթերցողների հետ:

- Կարծում եմ` ճիշտ ապրելու բանաձևը գիտեն բոլորը, սակայն ոչ բոլորն են կիրառում այն: Բանաձևը առանձնապես լուրջ գաղտնիքներ չունի. առաջին հերթին պետք է հիշել ծնողների պատգամները, կիրառել դրանք կյանքում, երկրորդը` լինել բարի և կամեցող, դիմացինին լսող, հասկացող և նրա դրության մեջ մտնող: Ճիշտ ապրելու և երջանիկ լինելու համար պետք է անմնացորդ նվիրվես ընտանիքիդ, որպեսզի ծնողիցդ ստացած պատգամները փոխանցես զավակներիդ. այս դեպքում միայն կարելի է վստահորեն ասել, որ գերդաստանիդ շարունակականությունն ապահովված է: Ի վերջո կյանքը մեկ անգամ է մեզ տրված և այդ կյանքը պետք է ճիշտ ապրել, հնարավորինս օգտվել կյանքի հաճույքներից: Ինձ համար կյանքի հաճույք է երաժշտությունը, սպորտը, ընտանիքիս հետ անցկացրած ժամանակը: Այս ամենը լցնում է մարդու էությունը, դարձնում է նրան հարուստ և ներդաշնակ սեփական ես-ի հետ:

-Ի՞նչ նմանություններ ունեք Ձեր եղբոր հետ:

- Նույն ծնողների զավակներն ենք, նույն դաստիարակությունն ենք ստացել, և փառք Աստծո, երկուսս էլ վերցրել ենք նրանցից այն կարևորն ու գլխավորը, որ անհրաժեշտ է կյանքում ճիշտ ապրելու համար (Ժպտում է): Հորիցս ժառանգել ենք ճշտապահություն, պատասխանատվություն, որոնք սերմանել է մեր մեջ իր սեփական օրինակով, խստապահանջությամբ և լրջությամբ: Իսկ մորիցս ժառանգել ենք բարությունն ու կամեցողությունը: Մայրս մասնագիտությամբ բուժքույր էր, հերթապահությունների օրերին ինձ հետը տանում էր հիվանդանոց, որտեղ ես տեսնում էի, թե ինչպես է նա վարվում հիվանդների ու նրանց հարազատների հետ: Անցել են տասնյակ տարիներ, սակայն այդ ժամանակվա սերունդը դեռ հիշում է մորս` որպես լավ բուժքույր, բակի ու թաղամասի հիվանդներին օգնության ձեռք մեկնող ու հասնող կին` տիկին Մարգոն: Մայրս սերմանել է մեր մեջ սերն առ երաժշտություն և արվեստ. և չորս զավակներից երեքս երաժշտական կրթություն ունենք: Երկուսս էլ չափազանց նվիրված ենք մեր աշխատանքին: Հիշում եմ, երբ նա ՀՀ վարչապետն էր, մնում էր աշխատավայրում մինչ ուժ գիշեր, զանգահարում ու ասում էի նրան, որ ոչ թե որպես եղբայր, այլ որպես բժիշկ պահանջում եմ խնայել առողջությունդ և տուն գնալ:

Լրագրող- հետաքրքիր է` և՛ Սամվել Հարությունյանը, և՛ Խոսրով Հարությունյանը գրեթե նույն պատասխանն են տվել վերոնշյալ հարցին:

 

Ինձ համար կարևորը սիրած գործ ունենալն ու

մարդկանց օգտակար լինելու զգացումն է:

 

-Երբևէ չե՞ք հավակնել ավելի բարձր պաշտոնի, օրինակ` առողջապահության նախարար դառնալու:

-Բանակում որպես բժիշկ ծառայելուց հետո երեք տարի աշխատել եմ շտապօգնությունում, որից հետո պարբերաբար հրավեր ստանալով առաջ եմ գնացել աշխատանքում, նախ` հրավիրվել եմ առղջապահության վարչություն` որպես մասնագետ, այնուհետև առաջարկեցին ղեկավարել պոլիկլինիկա, ապա հրավիրեցին շրջանի առողջապահության բաժինը ղեկավարելու, այնուհետև` վարչության պետի տեղակալ, 3 տարի անց` վարչության պետ, որից հետո անցել եմ 3-րդ հիվանդանոցի ղեկավարմանը, և, ինչպես տեսնում եք, արդեն 15 տարի է` դեռ այս պաշտոնում եմ: Ինքս երբևէ չեմ հավակնել առաջ գնալու, հատկապես նախարար դառնալու, թեև գուցե կարող էի` օգտագործելով կապերս, եղբորս գործոնը, սակայն ինձ համար կարիերիզմը առաջնային չէ, ինձ համար կարևորը սիրած գործ ունենալն ու մարդկանց օգտակար լինելու զգացումն է: 

-Իսկ ինչո՞վ եք զբաղվում ազատ ժամանակ:

-Ազատ ժամանակ սիրում եմ  նվագել, երաժշտություն լսել, աշխատել  համակարգչի  վրա, ժամանակ անցկացնել ընկերներիս հետ: Սիրում եմ զբաղվել տնային գործերով` նորոգել կոտրված կամ փչացած իրերը (ծիծաղում է):

-Պարո՛ն Հարությունյան, ինչ կմաղթեք Ձեր աշխատակիցներին, մեր ընթերցողներին, և ընդհանրապես հայ հասարակությանը հիվանդանոցի 40-ամյա հոբելյանի հետ կապված:

-Օգտվելով առիթից` ցանկանում եմ շնորհավորել հիվանդանոցի ողջ անձնակազմին, բժշկական հանրությանը և հանրապետության բնակչությանը հիանալի տոնի` հիվանդանոցի ստեղծման 40-ամյակի կապակցությամբ: Բոլորին մաղթում եմ առողջություն, երջանկություն, բարություն և հաջողություններ: Ցանկանում եմ առանձնահատուկ ընդգծել հիվանդանոցի անձնակազմի  անձնանվեր գործունեությունը և մաղթել վերջինիս հաջողություն իր բարդ և բազմակողմանի աշխատանքում:

Հարցազրույցը` Թեհմինա Արզումանյանի

 

 



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...