12:48
04/24/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
60-ամյակի միջոցառումները անակնկալ կլինեն քաջարանցիների համար

2018-10-01 10:56

 «Դե Ֆակտո» N 145 ( 07-08/2018թ.) 

Քաջարան համայնքի համար այս տարին հոբելյանական է` լրանում է համայնքի 60-ամյակը: ՀՀ Սյունիքի մարզի Ողջի գետի ափին գտնվող այս քաղաքը հիմնվել է 1958 թվին Քաջարան և Ողջի ավանների միացումով: Իսկ Քաջարանի, որպես քաղաքի, ձևավորումը կապված է Քաջարանի պղինձ-մոլիբդենային հանքավայրի շահագործման և կոմբինատի ստեղծման հետ: Տարբեր տարիներին կոչվել է ավան, քաղաքային ավան, քաղաք, իսկ 2017 թվից կոչվում է բազմաբնակավայր համայնք: Համայնքն իր կազմում ընդգրկում է 21 բնակավայր` Քաջարան քաղաքը և 20 գյուղական բնակավայրեր: Բնակչության թիվը կազմում է 8296: Տնտեսության հիմնական և առաջատար ճյուղը հանքարդյունաբերությունն է:
Համայնքի խնդիրների, բնապահպանական ներկա և ապագա ծրագրերի, մարզամշակութային կյանքի, բնակիչների սոցիալական վիճակի և քաջարանցիների զբաղմունքի մասին «Դե Ֆակտո» ամսագիրը զրուցեց Քաջարան քաղաքային համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի հետ:

 

 -Պարո՛ն Փարամազյան, այս տարին Քաջարանի համար հոբելյանական է` լրանում է Քաջարանի 

60-ամյակը` ի՞նչ միջոցառումներ են նախատեսված այդ տոնի կապակցությամբ:


-Անցած տարի մեծ շուքով նշեցինք Քաջարանի 59-ամյակը, 60-ամյակը նույնպես պատշաճ կնշվի: Միջոցառումների ծրագիրը դեռ քննարկման փուլում է, նաև չեմ ուզում մանրամասնել, որպեսզի անակնկալ լինի քաջարանցիների համար:

-Արդեն երկու տարի է ինչ ՏԻՄ ընտրությունների արդյունքում ընտրվել և ղեկավարում եք Քաջարանը` ի՞նչ խնդիրներ եք լուծել այս տարիների ընթացքում:

-Իմ գործունեությունը պլանավորել ու կազմակերպել եմ` համաձայն Քաջարան համայնքի հնգամյա զարգացման ծրագրի: Այս երկու տարիների ընթացքում քաղաքն ակնհայտորեն փոխվել է, բազմաթիվ խնդիրներ են լուծվել` քաղաքի բարեկարգում (մասնավորապես` համայնքային փողոցների բարեկարգում, հենապատերի վերակառուցում, շենքերի ամրացում, մակերևութային ջրերի ջրահեռացման համակարգերի վերականգնում, մանկական խաղահրապարակների, պուրակների կառուցապատում, կանաչապատ տարածքների ընդլայնում, արվեստի դպրոցի շենքի կապիտալ հիմնանորոգում, մանկապարտեզի սննդի բլոկի առանձնացված մասնաշենքի կառուցում, Զոհված ազատամարտիկների հուշահամալիրի բարեկարգում, նոր մարզահրապարակի կառուցում, մշակույթի պալատի հիմնանորոգում), խմելու ջրի մաքրման կայանի հիմնանորոգում, քաղաքային սանհանգույցի կառուցում, կոմունալ ծառայությունների որակի բարելավում, նոր տեխնիկայի ձեռքբերում, համայնքի բնակչության սոցիալական աջակցության կազմակերպում, աշխատանքի տեղավորում, երեխաների և մեծահասակների ժամանցի կազմակերպում, մարզական ու մշակութային միջոցառումներ... Չկա համայնքային մի ոլորտ, որտեղ փոփոխություն, առաջընթաց չլինի:

 

Չկա համայնքային մի ոլորտ, որտեղ փոփոխություն, առաջընթաց չլինի:


-Իսկ որո՞նք են Քաջարան քաղաքի առջև ծառացած հիմնահարցերը:

-Հիմնահարցերն առնչվում են բնակարանաշինությանը, կոյուղու նոր համակարգի և աղբավայրերի կառուցմանը: Եթե կա համայնքային կյանք, ուրեմն կլինեն նաև հիմնախնդիրներ, դա օրինաչափ է: Փորձում ենք, ըստ առաջնահերթության, լուծում տալ բոլոր խնդիրներին:

-Դուք Ձեր նախընտրական ծրագրում նշել էիք, որ պետք է լուծեք Քաջարանի դպրոցահասակ երեխաների ամառային հանգստի և ժամանցի կազմակերպման հիմնախնդիրները, պետք է վերականգնեք ճամբարային հանգստի գեղեցիկ ավանդույթը: Ստացվե՞ց: Արդյո՞ք վերագործարկվեց «Գանձասար» ճամբարը:

-Մեր ունեցած միջոցներով առավելագույնս արդյունավետ կազմակերպում ենք երեխաների ամառային հանգիստն ու ժամանցը, այս պահին էլ գործում է ամառային հանգստի բակային ճամբարը: «Գանձասար» ճամբարի վերագործարկման ծրագիրը շարունակում է մնալ օրակարգում, սակայն դա մեծ ռեսուրս և ժամանակ պահանջող հիմնահարց է, կարծում եմ` լուծում կգտնվի, անձամբ խիստ շահագրգիռ եմ ու կլինեմ հետամուտ:

-Պարո՛ն Փարամազյան, Դուք նաև նշել էիք, որ Ձեր հրատապ և կարևորագույն հարցերի շարքում են երիտասարդության ժամանցի, զբաղվածության, կադրերի պատրաստման, աշխատատեղերի ապահովման հիմնախնդիրները` արդյո՞ք հաջողվել է որևէ լուծում տալ այդ հարցերին:

-Իմ պաշտոնավարման ընթացքում բազմաթիվ երիտասարդ կադրեր եմ ընդունել աշխատանքի: Անում եմ հնարավորը` երիտասարդներին համայնքային կյանքի տարբեր ոլորտներում ընդգրկելու համար: Համայնքում էապես ակտիվացել է մարզամշակութային կյանքը, ինչը երիտասարդների համար ազատ ժամանակի կազմակերպման և ժամանցի հնարավորություն է ստեղծում: Արդեն մեկնարկել է «Ուսանողական ամառ» ծրագիրը, որտեղ ուսանողներն ակտիվ ներգրավված են: Խրախուսում ենք երիտասարդների ձևավորած նախաձեռնող խմբերի, հասարակական կազմակերպությունների ու միավորումների գործունեությունը:

 

Համայնքում էապես ակտիվացել է մարզամշակութային կյանքը,

ինչը երիտասարդների համար ազատ ժամանակի կազմակերպման եւ ժամանցի հնարավորություն է ստեղծում:

 

-Բնակիչների սոցիալական վիճակն ինչպիսի՞ն է, ինչո՞վ է զբաղվում քաջարանցին, ինչպիսի՞ն է նրա առօրյան:

-Հայաստանյան չափանիշներով` բնակիչների սոցիալական վիճակն առավել, քան ապահով է: Կա աշխատանքային զբաղվածության բարձր ցուցանիշ: Աշխատավոր քաջարանցին ունի բավարար հնարավորություն` աշխատանքից հետո իր հանգիստն ու ժամանցը կազմակերպելու: Համայնքապետարանի նախաձեռնությամբ հաճախ են իրականացվում մարզամշակութային ժամանցային ծրագրեր համայնքի բնակիչների համար: Շուտով կվերագործարկվի կապիտալ վերանորոգված մշակույթի պալատը, որտեղ նորովի կկազմակերպվի քաջարանցիների ժամանցային առօրյան:

-Քաջարանում դեռևս Խորհրդային Միության ժամանակներից գործում է հանքարդյունաբերական հսկան` Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը: Ինչպիսի՞ համագործակցություններ ունեք կոմբինատի հետ:

-Համայնք-կոմբինատ հարաբերություններն ու համագործակցությունը կարելի է որակել կառուցողական և արդյունավետ: ԶՊՄԿ ղեկավարությունը պատրաստակամ է համայնքի զարգացմանն ուղղված ցանկացած նախաձեռնության իրականացման հարցում: Բազմաթիվ ծրագրեր կյանքի են կոչվում կոմբինատի հովանավորության ու աջակցության շնորհիվ: Անձամբ բարձր եմ գնահատում երկուստեք ստեղծված վստահության ու հարգանքի մթնոլորտը, որի շրջանակներում ձևավորվել է համայնք- կոմբինատ համագործակցությունը:


Բազմաթիվ ծրագրեր կյանքի են կոչվում կոմբինատի հովանավորության ու աջակցության շնորհիվ:



-Ինչպիսի՞ բնապահպանական ծրագրեր են իրականացվում այժմ համայնքում, և ունե՞ք մշակված արդի բնապահպանական ծրագրեր մոտ ապագայի համար:

-  Ներկայում բնապահպանական մի քանի ծրագրեր են իրականացվում Քաջարան համայնքում`
• «Քաղաքային կանաչ լուսավորություն» ծրագիր
•  Պուրակի հիմնանորոգում Լեռնագործների փողոցում
•  Կանաչ տնկարկների բարեկարգում և ընդլայնում
• Փողոցների ջրահեռացման համակարգի կառուցում
•  Քաղաքի սելավատարների մաքրում:


Իրականացվում են համայնքի բնակավայրերի փողոցային լուսավորության էներգաարդյունավետ համակարգերի արդիականացման միջոցառումներ, փողոցների պարբերական մաքրում փոշեկուլ ավտոմեքենայով:
Էկոկրթական ծրագրերի իրականացում քաղաքի դպրոցներում (համայնքապետարանի կողմից դպրոցներում հիմնվել են էկոլոգիական լաբորատորիաներ, դասավանդվում է «Քաջարան. բնությունը և էկոլոգիան» ուսումնական առարկան), որը շարունակական ծրագիր է

Պլանավորված բնապահպանական ծրագրեր`

1. Կեղտաջրերի մաքրման կայանի հիմնանորոգում և արդիականացում
2. Շիրվանզադե փողոցի զբոսայգու վերակառուցում
3. Նախատեսվում է երեք տարում ավարտել համայնքի բոլոր բնակավայրերի փողոցային լուսավորության էներգաարդյունավետ համակարգերի արդիականացումը
4. Արևային ֆոտովոլտաիկ կայանի կառուցում համայնքի արվեստի դպրոցի տանիքում
5. Բրիկետներով աշխատող բարձր արդյունավետ վառարանների տրամադրում բարձր լեռնային գյուղական բնակավայրերին
6. Խախտված և դեգրադացված հողերի ռեկուլտիվացման աշխատանքների կազմակերպում
7. Աղբավայրի կառուցում
8. Մթնոլորտային օդի աղտոտվածության դիտարկման կայանի կառուցում:

-Մի փոքր կպատմե՞ք` ինչպիսի բարելավման աշխատանքներ են իրականացվում քաղաքում:

-Այս պահին շարունակվում են բարեկարգման աշխատանքները, հիմնանորոգման աշխատանքներ են ընթանում մանկապարտեզի շենքում, կառուցվում է նոր մարզահրապարակ, շուտով կավարտվի արվեստի դպրոցի շենքի հիմնանորոգումը, մարզամշակութային միջոցառումներ են կազմակերպվում, ավարտվեց դպրոցահասակ երեխաների ամառային հանգստի համար կազմակերպված բակային ճամբարի երկրորդ հերթափոխը, մեկնարկել է «Ուսանողական ամառ» ծրագիրը, գյուղական բնակավայրերի գյուղատնտեսական աշխատանքներն են կազմակերպվում: Հնարավոր չէ թվարկել բոլոր աշխատանքները, որոնք իրականացվում են Քաջարան խոշորացված համայնքում:

-Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի ժամանակ նշել էր, որ իր այցի արդյունքներով ունեն կոնկրետ որոշումներ, համայնքներում սուբվենցիաների միջոցով իրականացնել շոշափելի ծրագրեր` ճանապարհաշինության, ոռոգման համակարգերի կառուցման և այլ ուղղություններով: Ի՞նչ ծրագրեր եք ներկայացրել կառավարությանն այդ ուղղությամբ:

-Կառավարության տրամադրած սուբվենցիաների շնորհիվ կյանքի են կոչվել երեք` մարզահրապարակի կառուցման, Գայի փողոցի բարեկարգման, ասֆալտապատման, մանկապարտեզի սննդի նոր բլոկի կառուցման ծրագրերը: Վարչապետը Սյունիքի մարզ կատարած այցի ժամանակ խոստացավ, որ սուբվենցիաների միջոցով ֆինանսական նոր ռեսուրսներ կուղղվեն համայնքների զարգացմանը: Այդ նպատակով այժմ մենք քննարկում ենք մի քանի ծրագրեր` համայնքի հիմնախնդիրների ուղղությամբ: Առավել հրատապ ենք համարում կոյուղաջրերի մաքրման կայանի կառուցումը, ներհամայնքային ճանապարհների հիմնանորոգումը, նոր զբոսայգու կառուցումը Շիրվանզադեի փողոցում:


Լուիզա Պողոսյան



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...