10:24
12/08/2022
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Մարզում ունենք բազում խնդիրներ, սակայն այդ ամեն հետ մեկտեղ ունենք մեծ կամք եւ վճռականություն այդ խնդիրները լուծելու եւ մարզը զարգացնելու համար

2018-09-28 14:13

«Դե Ֆակտո» N 145 ( 07-08/2018թ.) 

Թև այս 100 օրը շատ կարճ ժամանակահատված է, սակայն այն ամուր հիմք է ստեղծել կենսական կարևոր ծրագրերի իրականացման և հետագա ներդրումային ծրագրերի համար:

«Դե Ֆակտո» ամսագրի զրուցակիցն է Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը, ով ներկայացրեց իր պաշտոնավարման 100 օրվա ընթացքում մարզպետարանում և մարզի համայնքներում կատարված աշխատանքները, ձեռքբերումները, առաջիկա հրատապ անելիքները, արձանագրված հիմնախնդիրները:

-Պարո՛ն Սաղաթելյան, արդեն լրացել է Ձեր պաշտոնավարման 100 օրը` որպես ՀՀ Գեղարքունիքի մարզպետ: Դուք բավականին ակտիվ աշխատել եք այդ օրերի ընթացքում, եթե փորձեք ամփոփել, ապա ի՞նչ կարևոր աշխատանքներ կնշեք, որոնք կատարվել են:

-100 օրվա ընթացքում մենք ունեցել ենք աշխատանքային հագեցած գրաֆիկ, փորձել ենք ոլորտ առ ոլորտ ուսումնասիրել խնդիրներն ու հնարավորինս լրացնել առկա բացթողումները:
Մեր առաջին քայլով, նախ ուսումնասիրել և ցուցակագրել ենք մարզում տարիներով կուտակված բոլոր հիմնախնդիրները: Ունեցել ենք աշխատանքային 32 հանդիպում, քննարկում, համայնքային 45 ճանաչողական և աշխատանքային այց, 7 անգամ կազմակերպել ենք քաղաքացիների ընդունելություն, յուրաքանչյուր հանդիպմանն ընդունելով մոտ 50 քաղաքացու:
Այս ընթացքում քաղաքաշինության բնագավառում, 2018 թվականի գործունեության ծրագրով, շարունակվել է դպրոցների, մշակույթի տների, մանկապարտեզների, բազմաբնակարան շենքերի, մարզական օբյեկտների հիմնանորոգման աշխատանքները: Մարզի զարգացման ծրագրերի ներդրման բնագավառում իրականացվել է սուբվենցիոն 26 ծրագիր, ևս 13-ը այս պահին գտնվում են ընթացքի մեջ` ընդհանուր առմամբ ներդրվել է 1 միլիարդ 486 միլիոն դրամ` համայնքների համաֆինանսավորմամբ: ՀՀ կառավարության կողմից հրատապ լուծում պահանջող հիմնախնդիրների ցանկում մարզից ընդգրկվել և առաջիկայում կտրվի 19 զարգացման ծրագրերի մեկնարկը, որի ընդհանուր արժեքը կազմում է 550 մլն դրամ: Այստեղ ևս համայնքն ունի ներդրման իր բաժինը: Գավառ քաղաքում կառուցվում է թիվ 2 հիմնական դպրոցի շենքը և արդեն մյուս տարի Գավառը կունենա նոր դպրոց:
Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամը (IFAD)-ը Ծովինարում, Վարդենիկում, Նորատուսում Վերին Գետաշենում, Զոլաքարում ոռոգման և խմելու ջրի ներքին ցանցերի վերակառուցման աշխատանքներ է կատարել, որը բավականին մեծ ներդրում էր այդ համայնքների համար: Բոլոր խոշոր ծրագրերը իրականացվել են համայնքների, մարզպետարանի և կառավարության արդյունավետ աշխատանքի արդյունքում:
Թև այս 100 օրը շատ կարճ ժամանակահատված է, սակայն այն հիմք է ստեղծել կենսական կարևոր ծրագրերի իրականացման և հետագա ներդրումային ծրագրերի համար:

-Անդրադառնանք մարզի կրթական համակարգին` դպրոցաշինության հետ կապված, ի՞նչ ծրագրեր կան:

-Մարզում ունենք 125 հանրակրթական դպրոց, որից 118 գտնվում է մարզպետարանի ենթակայության ներքո: Ունենք երկու տարրական, 26 հիմնական, 89 միջնակարգ դպրոց: Դպրոցաշինությունը մեր հիմնական խնդիրներից մեկն է: Դպրոցաշինության ծրագրով մարզից ընտրվել են ամենավատթար վիճակում գտնվող 3 դպրոցներ, որոնք ունեն 300-ից ավելի աշակերտներ: Երեք տարվա ընթացքում այդ դպրոցները պետք է հիմնանորոգվեն:
Նաև ունենք դպրոցներ, որտեղ ուսուցիչների քանակը գերազանցում է աշակերտների քանակին, դա ևս խնդիր է մեզ համար: Ունենք բնական գիտությունների գծով մասնագետների խնդիր:

-Պարո՛ն Սաղաթելյան, մարզի զարգացման գերակա ուղղություններից մեկը գյուղատնտեսության ոլորտն է, ի՞նչ քայլեր են ձեռնարկվում այդ ուղղությամբ:

-Մարզի տնտեսության հիմնական ճյուղերից է նաև գյուղատնտեսությունը: Չնայած ոչ բարենպաստ կլիմայական պայմաններին, մարզում շատ արագ տեմպով զարգանում է այգեգործությունը: Միայն մեզ անհրաժեշտ են ժամանակակից գյուղ տեխնիկա:
Հսկայական աշխատանք ունենք կատարելու, որպեսզի մեր մարզում գյուղատնտեսության ոլորտը զարգանա:

-Դուք Ձեր խոսքում նշել եք, որ մեծապես կարևորում եմ առողջապահական ոլորտի դերն ու նշանակությունը, ի՞նչ աշխատանքներ պետք է տարվեն առողջապահական ոլորտի զարգացման ուղղությամբ:

-ՀՀ Գեղարքունիքի մարզում գործում են 38 բուժհաստատություն, որոնք մարզպետարանի ենթակայության տակ են, 3 բժշկական կենտրոն, 2 պոլիկլինիկա, 1 հիվանդանոց, 1 ծննդատուն, 1 առողջության կենտրոն, 30 ամբուլատորիա և առողջության առաջնային պահպանման կենտրոններ, 53 ԲՄԿ-ներ:
Այս ընթացքում, այցելել ենք տարբեր բուժհաստատություններ` մեր աչքով տեսնելու, գնահատելու ստեղծված իրավիճակը և տեղում պարզելու առկա խնդիրները: Ճամբարակում և Գավառում ունենք լավ շենքային պայմաններով, բուժտեխնիկայով հագեցած բժշկական կենտրոններ: 2018 թվականի օգոստոսի 1-ից մարզի առողջության պահպանման առաջնային օղակի աշխատակիցների աշխատավարձերը բարձրացվել է շուրջ 15 տոկոսով, որը բավականին լուրջ ձեռքբերում է:
Սևանում առաջիկայում տեղի կունենան նոր բժշկական կենտրոնի բացումը, որը հագեցած կլինի ժամանակակից բուժսարքավորումներով և ստեղծված կլինի բոլոր հարմարավետ պայմաններն այցելունների համար:
Մարտունու բժշկական կենտրոնը գտնվում է անմխիթար վիճակում, սակայն, ի ուրախություն մեզ, կառավարության կողմից հաստատված ծրագրի շրջանակներում առաջիկայում Մարտունի քաղաքում ևս կկառուցվի նոր բժշկական կենտրոնի շենք: Առողջապահության ոլորտի խնդիրները երկուսն են` որակյալ մասնագետների ներգրավվածություն և բարձր որակի բուժծառայությունների մատուցում: Հնարավոր ամեն ինչ անելու ենք, որպեսզի մոտ ապագայում Գեղարքունիքի մարզում ունենանք որակյալ առողջապահական համակարգ:

-Ամռանը ՀՀ Գեղարքունիքի մարզը` իր գեղեցկուհի Սևանա լճով, դառնում է տուրիզմի կենտրոն, այդ հետաքրքրվածությունը, կարծես թե, սեզոնային բնույթ է կրում: Ի՞նչ քայլեր եք ձեռնարկելու մարզում զբոսաշրջությունը զարգացնելուն ուղղված:

-Մարզում զբոսաշրջության ոլորտը տնտեսության զարգացման հիմնական ուղղություններից մեկն է:
Այո, համաձայն եմ Ձեզ հետ, պետք է կարողանանք երկարացնել Սևանի սեզոնայնությունը,այդ իսկ պատճառով առաջնահերթ քայլը, որ պետք է անենք, դա ձմեռային ենթակառուցվածքների ստեղծումն ու զարգացումն է: Սևանը ձմեռային տուրիզմի զարգացման համար ունի լիարժեք հնարավորություններ և եթե մենք առաջիկա մեկ երկու տարվա ընթացքում Սևանում կարողանանք կառուցել սպորտկոմպլեքսներ, ապա մոտ ապագայում մեծ ծավալի ներդրումներ կունենանք Սևանում:

-Գավառի պետական դրամատիկական թատրոնի կառուցումը մոտենում է ավարտին, շուտով Գավառը կունենա նոր թատրոն, որը մարզի թատերական ու մշակութային կյանքի զարգացման համար մեծ հեռանկարներ կստեղծի, առաջիկայում ի՞նչ ծրագրեր ունեք նախատեսված մշակութային կյանքի զարգացման ուղղությամբ:

-Այս ընթացքում մշակութային կյանքը եղել է մեր ուշադրության կենտրոնում: Կազմակերպել ենք բազմաթիվ միջոցառումներ, փառատոներ, ցուցահանդեսներ: Մշակութային կյանքում ամենամեծ իրադարձությունը կարող ենք համարել Գավառի պետական դրամատիկական թատրոնի կառուցումը:
Ուզում եմ ասել նաև, որ անկախության տարիների ընթացքում սա Հայաստանում առաջին թատրոնի շենքն է, որ կառուցվում է հիմքից:
Կարծում եմ այս իրադարձությունը մշակութային կյանքում շատ մեծ ձեռքբերում է և այն ամբողջական կփոխի մարզի թատերական և մշակութային կյանքը` պահպանելով և շարունակելով թատերական ավանդույթները:

-Վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս կոչ է արել օտարերկրյա ներդրողներին` Հայաստանում ներդրումներ իրականացնել: Արդյո՞ք Գեղարքունիքի մարզը հետաքրքիր է ներդրողների համար:

-Կարող եմ ասել, որ արդեն իսկ Գեղարքունիքի մարզում ունենք ներդրումային ծրագրերի հնարավորություն և ուրախությամբ պետք է նշեմ, որ գնալով դրանց թիվը ավելանում է:
Կան օտարերկրյա ներդրողներ, ովքեր հետաքրքրված են մեր մարզում չիպսի արտադրամաս հիմնելու հեռանկարով: Ունենք նաև գրեթե պատրաստի վիճակում գտնվող բրդի և բամբակի վերամշակման գործարան, և կան գործարարներ, ովքեր միջոցներ են ձեռնարկում գործարանը շահագործելու ուղղությամբ:


Հարցազրույցը` Սյուզաննա Ղուկասյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...