10:25
03/29/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Աշխարհասփյուռ մնացած հայերից յուրաքանչյուրը թող յուրովի ավարտի թափառումների իր քարտեզը

2018-07-14 12:45

Սոնա Վան

«Դե Ֆակտո » N 144 ( 05-06/2018թ.) 

 

Ամենահրաշալի քաղաքը այն քաղաքն է, որտեղ ապրող մարդիկ երջանիկ են:


-Հարգելի Սոնա, երեք տարի առաջ կանանց կալանավայր կատարած Ձեր այցելությանը հաջորդեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված Ձեր բաց նամակը, որտեղ դուք խնդրում էիք վաղաժամկետ ազատ արձակել որոշ կանանց, որոնց հանցագործության հիմքում վերջին տասնամյակներում գործող ամենաթողությունն էր ու բարոյական անկումը (նամակը ամբողջությամբ կարող եք ընթերցել «Դե Ֆակտո» ամսագրի 2016 թվականի մարտի համարում` հ.118, կամ Սոնա Վանի կայքէջում): Ավելի ուշ, ապրիլյան քառօրյա պատերազմին հաջորդող օրերին Արցախ կատարած այցելությունից հետո լրագրող Վարդ Սիմոնյանի տված հարցազրույցում Դուք այդ նույն անբարո ու ամենաթող իրականությանն էիք վերագրում նաև նկարագրած «Սպիտակ ջարդն ու կալանավայրի սկզբունքներով ապրող Հայաստանը»:
Մեջբերում եմ հարցը և պատասխանը.

 

Վ.Ս.- 1993 թվականից սկսած Թուրքիան ի պատասխան Քարվաճառի ազատագրման շրջափակեց Հայաստանը` մեզ ստիպելով ապրել փակ տարածքների հատուկ ռեժիմով, որով ապրում են ասենք` կալանավայրում, հոգեբուժարանում կամ մանկատներում: Ցեղասպանության ավելի գործուն մոդել, ուղղակի հնարավոր չէ պատկերացնել` դուռը կողպում ես դրսից և Հայաստանը դարձնում մի մեծ կալանավայր բաց երկնքի տակ: Արդյո՞ք սա յուրօրինակ ճերմակ ջարդ չէ:

 

Սոնա Վան – Անհավասարակշիռ թագավորների, գենոցիդների, պատերազմների և ոխերիմ աստվածների մեր ժամանակներում, երբ երկնքի և երկրի միջով մի տիտանական ողբաքամի է անցնում` և ոչ ոք չգիտի, թե վաղը ի՞նչ է սպասվում մոլորակին և մարդ տեսակին ընդհանրապես, ես դժվարանում եմ մտածել 1993 թվականից սկսած թուրքական շրջափակման ու մինչ օրս կալանավայրի ռեժիմով ապրող Հայաստան աշխարհի մասին` որպես ցնցող իրավիճակ: Դժվարանում եմ շրջափակումն ու իրավիճակը միանշանակ իրար հետ կապելուց, որովհետև այդպիսի գնահատականից շատ կշոյվեր թուրքական կառավարության ինքնասիրությունը: Չէ որ մենք նախկինում ավելի հզոր թշնամիներ ենք հաղթահարել: «Բաբելոնն է եղել մեր ախոյանը` տես.- Անհետ կորել անցել է - չամ մշուշի պես: Ասորիքն է եղել մեր թշնամն - ահա՛. Դաշտ է տեղը և չկա քար քարի վրա...». այսպիսի մի բան է ասել Տերյանը: Բայց միայն սա չէ, որ ինձ համոզում է այս իրականության արմատները կապել ոչ միայն արտաքին, այլ, նախ և առաջ ներքին թշնամու հետ, որին ևս շատ ձեռնտու է ողջ պատասխանատվությունը թուրքական շրջափակման վրա բարդելը: Մինչև իսկ աշխարհագրական, տնտեսական, քաղաքական շրջափակման պարագայում շրջափակված տարածքն ունի իր ընտրությունը - դառնալ կալանավա՞յր, որբանո՞ց, թե դպրոց կամ լույսի գործարան: Ինչպե՞ս փակ տարածքը լավագույնս օգտագործել այնպես, որ չտուժի այդ տարածքում ակամայից հայտնված մարդու ամենօրյա արժանապատվությունը, որպեսզի հնարավորինս պահպանվի նրա ապրելու իրավունքն ու երջանկության հնարավորությունը: Ճիշտ է` դրսից մեր վրա դուռը փակողը մեր թշնամին էր (այսպիսին է պատերազմի օրենքը` կամ դու ես փակում, կամ նա), բայց ովքե՞ր են ներսի՛ց լույսը հանգցնողները և ժողովրդին անհուսության ու ընկճվածության մատնողները: Այսօրվա իրավիճակն այդ օրերի տրամաբանական շարունակությունն է և իր վրա պատասխանատվություն չվերցնող այն իշխանության, որին` թույլ տվեք հիշեցնել, մենք ինքներս ենք ընտրում: Ու գնալով հեշտանում է այդ սխալ ընտրությունը, որովհետև գոյությունը պահպանելու գերխնդիր ունեցող անհատը դեռևս լիարժեք քաղաքացի չէ և նրան շատ հեշտ է գայթակղել մեկ օրվա հացով կամ նպաստի փշրանքներով: Փակ տարածքի հիվանդագին վախը` կլաուստրոֆոբիան, ոչ այնքան արտաքին, որքան ներքին հոգեբանական խնդիր է և մինչև իսկ ազատ ու անսահմանափակ տարածքում մարդը կարող է ունենալ այդ երևակայության վախը ` իր բոլոր ախտանիշներով - սրտի արագացած խփոց, շնչարգելություն, ներքին խուճապ, մահվան վախ և այլն, որը երևակայական վախի պատճառով արտադրվող ադրենալինի հետևանքն է: Հակառակը նույնպես ճիշտ է: Առողջ հոգու տեր մարդը մինչև իսկ սահմանափակ տարածքում (հիվանդանոց, կալանավայր, ինքնաթիռ, վերելակ, ամուսնություն և այլն) կարող է ազատ ու անսահմանափակ տարածքի զգացողություն որդեգրել, ապրել ու ապրեցնել, արարել ու երջանկացնել: Համաշխարհային գրականությունը լի է անկողնուն գամված գրողների ու գիտնակաների հանճարեղ ստեղծագործություններով և հատորներով, որոնք վերասահմանում են փակ ու բաց տարածքը: Ի՞նչ խոսք, որ եթե փակ տարածքը տնօրինողը զոնի մտածողություն ունի ու կալանավայրի հիշողություն, նա հակված կլինի իրեն վստահված տարածքը, որպես զոն օգտագործելու միջոցով իր սեփական բարդույթներին հագուրդ տալու, դաժանության ու բռնության: Դրա համար ճիշտ կլինի հետագա ընտրությունների ժամանակ ուղղորդվել ոչ թե «լավ տղա» հասկացությամբ, այլ նրա կենսագրության, ընտանեկան դաստիարակության, կրթության և հոգեկերտվածքի մանրամասներով, նրա մտահոգությունների ու մտադրությունների թափանցիկությամբ, տեսլականով ու այն իրագործելու ինտելեկտուալ և հոգևոր պոտենցիալով: Ճիշտ ընտրություն կարող է կատարել միայն լավ տեղեկացված, ճիշտ ձևով կողմնորոշված, հասուն, գիտակից, մտահոգ ու փոփոխության հնարավորությանը հավատացող անհատը, որոնց թիվը ահագնացող արտագաղթի պատճառով գնալով նվազում է, ընտրությունը թողնելով կիսամութ լուսամուտներով «մերսեդեսատերերին» և «կիսաբաց լուսամուտներ»-ի հերոսներին, որոնցից առաջինները don’t care են, իսկ վերջինները` don’t know: Ինձ իրապես անհանգստացնում է խավարի մեջ երկրաչափական պրոգրեսով բազմացող այս նոր տեսակը: Սա սոցիոլոգիական աղետ է և ուսումնասիրության նյութ: Ո՞վ կարող էր մտածել, որ էկոնոմիկ ճեղքվածքի որոշակի կրիտիկական չափից հետո էվոլյուցիոն անիվը ընդունակ է ետ պտտվել` ընդդեմ ժամանակի և ընդամենը քսանհինգ տարվա մեջ առաջ բերել մարդանման նոր մուտանտ, նոր նախամարդ, որն ապրում է սոցիալական ու իրավական կոդեքսից դուրս, չունի հիշողությունը ավանդական բարոյական նորմերի և գոյատևում է բացառապես բնազդների հաշվին: Առավել ևս, որ այս մուտանտը կհայտնվի նաև կառավարական աթոռի վրա` թելադրողի ու հրամանատարի դերում: Ամենավտանգավորն այն է, որ այս տեսա՛կն է համալրելու մեր բանակի շարքերը` լրացնելով օտար ափերում իրենց երազը հետապնդող օլիգարխների որդիներին, որ 1991-ի հոգևոր ու լուսավոր տղաներին փոխարինելու են Հայրենիք բառի իմաստը չհասկացող, Հայրենիքի կողմից լքված և նրա հանդեպ վրեժով լցված այս նոր տղաները` հընթացս լրացնելով ազգաբնակչության թիվը կրկնապատկելու կառավարական խոստումը: Չեմ կարծում, որ սա փրկություն է: Վաստակավոր ռաբիսները խրախուսվում են հանուն մեծ ընտրաբանակի, մտավորականությունը շահախնդրորեն լուռ դաշինքի մեջ է իշխանությունների հետ և այս իրավիճակում ավելի հոգևոր, ազգային ու բարձր բան սպասելը համարյա անիրատեսական է: Այդ առումով ուզում եմ ասել, որ կալանավայր կատարած իմ այցելությունը ինձ կրկին անգամ համոզեց, որ կինը` մինչև իսկ փակ տարածքում կարողանում է պահպանել իր արդարամտությունը, գոյության էսթետիկան, հույսի կենսունակությունը` ավելի առողջ մեխանիզմներով, քան հայ տղամարդը: Կինն ավելի դժվարությամբ է ընդունում երջանկության ու հույսի պարտությունը:

 Ցանկացած ընդվզում ժողովրդի հեղափոխական գիտակցության թատերականացումն է:

-2016-ին Ձեր տված վերոհիշյալ հարցազրույցի մեջ դուք հատկապես շեշտադրում եք երկրի ներքին իրավիճակը: Թավշյա հեղափոխությունից հետո մեր երկրում իրադրություն է փոխվել: Որքանո՞վ է այն հասցեագրում Ձեր մտահոգությունները: Ակնկալում էիք արդյո՞ք այսպիսի ելք և ո՞րն եք համարում մինչ օրս գրանցված ամենամեծ ձեռքբերումն այն հեղափոխության, որին հետևեց ողջ քաղաքակիրթ աշխարհը:

-Օտար դիտորդի կամ քաղաքակիրթ աշխարհի համար սա կարող էր դիտվել որպես թավշյա հեղափոխություն, բայց խորքում կատարվածն ավելին էր, քան պարզ իշխանափոխությունը: Բռնությունից ու զենքից ավելի հզոր է այն գաղափարը, որի ժամանակը եկել է: Այս հեղափոխությունը նախ և առաջ երկու տարբեր գենետիկ կոդերի ու հիշողությունների պայքար էր: Հայի մեջ ապրող արևելքի ու արևմուտքի միջև, քաղաքակրթության և տգիտության միջև, ստրուկի և արքայի միջև, Կոմիտասի և նամազի միջև, բայց, նախ և առաջ` կենդանական բնազդի և աստվածատուր բանականության, ֆիզիկական գոյության ու գոյության էսթետիկայի միջև, որն ավարտվեց վերջինիս հաղթանակով: Եվ սա՛ է հեղափոխության ամենամեծ ձեռքբերումը: Նոր մթնոլորտի ձևավորումը (ես այն նոր Աստված եմ անվանում), որի պահանջը ոչ թե ալիքի վրա մի կերպ մնալն ու գոյատևելն է, այլ գոյության ձևը, էսթետիկան, պարը` ալիքի վրա: Խոսքը գոյության որակի մասին է և պարզապես չխեղդվելը արդեն բավարար չէ: Կյանքը շատ թանկ նվեր է` այն պարզապես գոյատևելուն տրամադրելու համար: Իսկ գոյության որակը ենթադրում է մթնոլորտ, որը բարենպաստ է մարդու բնատուր շնորհների դրսևորման, իրավական պաշտպանվածության և խաղաղ, ստեղծագործ աշխատանքով արժանապատիվ ապրելու համար, միջավայր, որը կքաջալերի ոչ թե բռնությունն ու կոշտ մրցակցությունը, այլ վստահությունը, փոխհասկացողությունը: Կարժևորի ոչ թե բռնի ուժը և իշխանությունը, այլ ինտելեկտը, բանականությունը, բառը: Դեռ Ավետարանում է ասված: «Ի սկզբանէ էր Բանն. եւ Բանն էր առ Աստուած. եւ Աստուած էր Բանն»: Ամբողջ Քրիստոնեությունը բառի ուժը շեշտադրող ուսմունք է: Երեսուն տարի շարունակ լուսանցք հրված «Բառը» այսօր վերադառնում է: Սա՛ է հեղափոխության ամենամեծ ձեռքբերումը: Պոետի համար սա իսկական երազ է: Մի շրջվեք տեսեք, թե ի˜նչ բառեր են շրջանառության մեջ վերադարձել. «սեր, վստահություն, թավիշ, բաց ձեռքեր, խիղճ, արդարություն, օրենք, հավասարություն, եղբայրություն, զոհաբերություն...»: Մի տեսեք ի՜նչ բառերով են փոխարինվել «կըսիլլեմը, կըգյուլլեմն ու կըցխեմը»: Այս հեղափոխությունը նաև նոր հերոսի ծնունդով է արժևորվում: Հերոս, որը ապավինում է ոչ թե բռնի ուժին ու կենդանական բնազդին, այլ աստվածային նախասկզբին` բառի հեղափոխական ուժին: Սրտդողանքով պետք է պաշտպանել հերոսի այս նոր տեսակը, որովհետև ոչ միայն հայրենիքում, այլ ողջ մոլորակի վրա աշխարհի փրկությունը սպասվում է ոչ թե ատոմային նոր զենքի կամ բռնության նոր ձևի հայտնաբերողից, այլ բառի պոտենցիալ հրաշքը տիրապետողից: Խոսքս բառի և ինտոնացիայի այն համադրության մասին է, որով կասվի «եղիցի երջանկություն» և կլինի այդ երջանկությունը: Քրիստոսի երկրորդ գալստյանը ես սպասում եմ ակադեմիայի դռների մոտ: Այս անգամ նա կլինի նաև տնտեսագետ և փոքր-ինչ գոնե կտիրապետի համակարգչին: 

Ինչ վերաբերվում է այս հեղափոխությանը կանխատեսելուն, իհարկե` ոչ: Ո՞վ կարող էր հավատալ, որ իր հույսն ու վստահությունը բազմիցս կորցրած ժողովուրդն այսքան անվերապահորեն կհավատա ինչ-որ մեկին և մահապարտի հեգնանքով ընդդեմ կգնա իր «ամենայն վեհ ու կատարյալ բան ճնշելու» հանճարը վաղուց ապացուցած կառավարման մեքենային և` կհաղթի: Թեպետ ընդվզումն ու պայթյունը ոչ միայն տրամաբանական էին, այլ նաև գիտականորեն արդարացված, քանի որ երկարատև ճնշման տակ պահված ամենայն ինչ ի վերջո պայթում է` լինի դա երկրի ընդերքում, թե` հոգու մեջ: Թեպետ այս պահին դժվարանում եմ գուշակել նախկին նախագահի հոգու խորքում կատարված ալքիմիայի մանրամասները, որոնց արդյունքում նա հռչակեց իր հրաժարականը, բայց ուզում եմ հավատալ, որ դա ևս ենթարկվել է ֆիզիկայի միևնույն օրենքին, որպես երկարատև ճնշման տակ պահված արդարամտության, խղճի կամ մարդկային մեկ այլ գործոնի անակնկալ պայթյուն, օրինակ երջանիկ հայրենիք արարելու իրեն տրված եզակի հնարավորությունը վատնողի ուշացած ափսոսանքի արտահայտություն: Ո՞վ գիտի: Սիրում եմ շանս տալ մարդուն: 


Բռնությունից ու զենքից ավելի հզոր է այն գաղափարը, որի ժամանակը եկել է:


-Հարգելի՛ Սոնա, մայիսին տոնեցինք համաժողովրդական շարժման երկար սպասված հաղթանակը, որը սիրո, երջանկության հաղթանակ էր: Շատերի համար այն զուտ պոետական զգացում է, ինչ-որ տեղ անիրական կամ չափազանցված: Ո՞րն է երջանկության Ձե՛ր ֆենոմենը:

-Որքան էլ անիրական կամ աբսուրդ թվա երջանկության զգացումը, նրանք, ովքեր այն ունեցել են, գիտեն, որ երջանկության արցունքները նույն քիմիական բաղադրությունն ունեն, ինչ տառապանքի՛ արցունքները ու եթե տառապանքն իրո՛ք ունի ինչ-որ առաքելություն, ապա դա երջանկության տեղը մատնացույց անելն է, քանի որ նույն ներվաթելն է զգում թե՛ մեկը և թե՛ մյուսը: Անատոլ Ֆրանսը վստահ էր, որ վեհի ու աստվածայինի զգացում ունենալու համար հատուկ զգայարան է պահանջվում, որը, ցավոք, տրված չէ բոլորին: Երջանկության զգացումը, որը իր մեջ ներդաշնակում է վեհի, գեղեցիկի, ճշմարտության, սիրո, արդարության, խղճի, կարեկցանքի, հումորի էլեմենտները, նույնպես էվոլյուցիոն ձեռքբերում է, որը որոշ մարդկանց մոտ դեռևս չի ավարտվել: Մեր դեդուկտիվ ժամանակներում, երբ սովորական հաշվարկի չենթարկվող և բանկային քարտերի համար անմատչելի կամ անշոշափելի ամեն բան համարվում է անիրական կամ անկարևոր, հարկավոր է զգուշանալ կիսավարտ հոգիներով այն մարդկանցից, ովքեր երջանկության սեփական փորձ չունենալու պատճառով (ասել է թե նաև տառապանքի) հակված են չեղյալ համարել ընդհանուրի երջանկության բացառապես մարդկային պահանջը` միաժամանակ ունենալով հասարակության պահանջները ներկայացնողի հավակնություն: Այլապես այս նույն տրամաբանությամբ կարելի է անիրական կոչել նաև ստորացվածության, մեղքի և ամոթի զգացողությունը` զգայադարանում թողնելով միայն ջունգլիներում գոյատևելու համար անհրաժեշտ կենդանական բնազդները, բռնի ֆիզիկական ուժն ու պնդաճակատությունը` որպես տեսակը պահպանելու միջոց: Այն բնազդները, որոնք քաջալերվում են պատերազմի ու վտանգի վայրում, թշնամու հետ դեմ-դիմաց, բայց կարող են կործանարար լինել խաղաղ պայմաններում և յուրայինի հետ շփվելիս: Այն, ինչ տեղի է ունեցել երեսուն տարի: Երջանկությունը որպես իրական զգացում տեսնելու համար բավական է շրջվել և նայել Հայաստանի նոր քաղաքացու աչքերի մեջ` աշխարհի ամենահրաշալի քաղաքում, քանի որ ինչպես Ռեմարկն է ասել` ամենահրաշալի քաղաքը այն քաղաքն է, որտեղ ապրող մարդիկ երջանիկ են: Իսկ երջանկությունը տխմարության հետ կապելու հակվածներին պատասխանում է Պաբլիլիոս Սիրոսը. «Երջանիկը նա չէ, ով այդպես թվում է կողքից, այլ նա, ով այդպես զգում է»: Ես սա կարող եմ վավերացնել հոգեբանի իմ փորձով: Ես բազում տխմարների եմ լսել, բայց մինչ օրս նրանցից և ոչ մեկն ինձ չի ասել, որ ինքը երջանիկ է: Երջանկությունը գոյության պայքարի բաղադրամասը չէ, այն զուտ գոյության էսթետիկայի մասին է: Իմաստի ու նպատակի, որը հատուկ է բացառապես մարդուն և բացառապես երկրի վրա: Որպես բանաստեղծ երջանկությունը ես կսահմանեի որպես հոգու հռետորական հանճար, որի էներգետիկայի շնորհիվ ամեն բան վերածվում է երգի, ներառյալ կյանքը: Որքան էլ տարածքային կամ էկոնոմիկ թվա քաղաքական պահանջը, ցանկացած հեղափոխության հիմքում ընկած է կոլեկտիվ անբավարարվածության կամ ապերջանիկ լինելու զգացողությունը, անձնական և կոլեկտիվ երջանկության ծարավը: Մարդն արտադրում է այն, ինչով ինքը լցված է և այդ պարունակության ճիշտ բաղադրությունը կարևոր է մթնոլորտի առողջության համար, քանի որ ինչպես Բեռնարդ Շոուն է ասել. «Մենք իրավունք չունենք սպառել երջանկությունը` առանց այն վերարտադրելու»: Այսօր, ավելի քան երբևէ, մարդկության ու մոլորակի ճակատագիրը կախված է բարոյական ու հոգևոր այն արժեքներից, որը տվյալ գլոբալ առաջնորդը կարող է արտադրել: Երջանկության հանդեպ «կախվածություն» առաջացնելու ցանկությունը, իմ կարծիքով, ամենամարդասիրական մղումն է ու եթե անգամ անիրագործելի թվա այդ ճանապարհը (ինչպես օրինակ տասը պատվիրաններով ապրելը), այնուամենայնիվ երջանկության ձգտելու ընթացքը կիմաստավորի մարդու երկրային կյանքը` այն դարձնելով ապրելու արժան: Իսկ սա արդեն քաղաքական խոստում է: Թե՞` ոչ:

      Ամենահրաշալի քաղաքը այն քաղաքն է, որտեղ ապրող մարդիկ երջանիկ են:


  -Ձեր բաց նամակում` ուղղված Հայաստանի նախորդ իշխանություններին, գրել էիք հայրենադարձության մասին: Պատրաստվու՞մ եք վերադառնալ Հայաստան մշտական բնակության:

  -Ես արտագաղթել եմ 70-ականների վերջին, հարաբերական կոմունիզմի օրերին, կամովի և սիրահարվածության պատճառով: Գաղթական բառը հալածանքի, յաթաղանի զոհի հիշողություն ունի և այդ առումով ես ինձ երբեք գաղթական չեմ զգացել: Եթե դրան հավելեմ նաև այն, որ գրողի համար օտարական լինելը աշխարհագրության հետ կապ չունի և մշտապես պահպանված է եղել իմ հոգու գոյության նախապայմանը` լեզուն, ապա պարզ կդառնա, որ ինձ համար առանձնապես արցունք թափել պետք չէ: Գաղթը ողբերգություն է դառնում, երբ այն քեզ պարտադրվում է որպես ֆիզիկական գոյությունն ու արժանապատվությունը փրկելու միակ միջոց, վախի ու անվստահության միջավայրից ընտանիքդ ու զավակներիդ ազատելու միակ հույս: Այն` ինչ տեղի ունեցավ 1915-ին և այն` ինչ կատարվում է անկախությունից հետո: Այնքա՜ն երկար սպասված անկախությունից հետո: Անցումային տարիները, որոնք այդպես էլ չանցան, որովհետև երկրում պատերազմի վախը պահելը ձեռնտու էր երկու կողմերին, որպեսզի պղտոր ջրում ավելի հեշտությամբ կատարվի թալանը, դատարկվեն գործարաններն ու հանքերը, որպեսզի վիրավորված արժանապատվությամբ հոգևոր մարդն ավելի հեշտությամբ հայտնվի արտագաղթի ճանապարհին: Մյուսները օտարվեցին հենց սեփական արյամբ ազատագրված հողի վրա, գաղթեցին իրենք իրենցից, իրենց երազներից, բայց` մնացին: Յուրայինների և ոչ յուրայինների բաժանված օլիգարխիկ սանձարձակության տասնամյակների ընթացքում, շարունակաբար հոգեբանական հալածանքի է ենթարկվել հոգևոր ու մտավոր արժանապատվություն ունեցող մարդը, հետևողաբար օտարվել` գովազդային հոլովակի մեխանիզմով նրա ուղեղը ռմբահարող պատգամներով. «դու մերոնքական չես ... դու ոչինչ ես... դու օտար ես... այս քաղաքը քեզ չի պատկանում»: Այսպիսի պայմաններում կոմպրոմիսի չենթարկվող բարձրագույն ես-ը կամ հոգին ստիպված է հեռանալ, արտագաղթել ու սպասել: Սեփական քաղաքից օտարված այս մարդկանց համար այսօր ներգաղթի հնարավորություն է բացվել` հոգու և ֆիզիկական մարմնի միավորման շանս: Այդ առումով շատ ճիշտ է գտնված հեղափոխության կարգախոսը. «Ե՛ս եմ տերը իմ երկրի»: Դեռ քանի անգամ պիտի կրկնեն նրանք` մինչև հավատան: Այսօր հայրենադարձությունը պիտի սկսվի հենց նրանցով` սեփական հողի վրա օտարական դարձած այն մարդկանցով, ովքեր չունեցան արտագաղթի կամ այլ վայրում նոր կյանք սկսելու հույսն ու հնարավորությունը: Արժանապատիվ կյանքի ու ծերության հնարավորությունը պիտի տրվի նախ նրանց` հայրենի հողի հետ ակամայից կամ կամովի նույնացած այն գիտնականին, օդաչուին, նկարչին, գրողին, մասնագետին, հողագործին ու բանվորին, որոնցից «բռնի ուժի թագավորության ժամանակը» խլել է լաբորատորիան, գործարանը, երկինքը, լեզուն, այգին, ամբիոնը, մետաղաթափոնի վերածել մարդկությանն ու իր ժողովրդին ծառայելու իր երկաթյա կամքն ու ոսկե երազը: Ինչպե՞ս է փոխհատուցվելու նրանց կյանքի կորած ժամանակն ու նրանց մարդկային ողբերգությունը: Նրանցից շատերի համար ժամանակը թշնամի գործոն է: Ներգաղթի նախապատվությունը նախ պիտի տրվի սիրիահայերին, իրաքահայերին և ընդհանրապես բոլոր նրանց ում երկրում այսօր անհնարին է դարձել ապահով ու արժանապատիվ կյանքը: Այն ժողովուրդը, ով ջարդ է տեսել, ում երկիրը հյուրընկալում է «Ավրորա» մրցանակաբաշխություն, նաև պարտավո՛ր է մարդասիրության կղզյակ դառնալ: Չմոռանանք` աշխարհը շարունակում է դիտել մեզ: Իսկ աշխարհասփյուռ մնացած հայերից յուրաքանչյուրը թող յուրովի՛ ավարտի թափառումների իր քարտեզը: Ես վստահ եմ, որ ազատ ու երջանիկ հայրենիք ունենալու գիտակցությունը մարդկանց, անպայման տուն կբերի:

 

 


Հարցազրույցը`
Սյուզաննա Ղուկասյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...