07:08
12/23/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Վեհության եվ նրբագեղության կնոջ տեսակը` Նարինե Պետրոսյանի օրինակով

2018-06-05 11:54

 «Դե Ֆակտո » N 143 ( 04/2018թ.)   

Կինն առեղծվածային էակ է, ով զարդարում է մարդկությանն իր գեղեցիկ ներկայությամբ, ոգեշնչում շրջապատին և անսահման սեր փոխանցում, իսկ հայ կինը` առավել ևս. հայ կնոջ կերպարը դեռ հնագույն ժամանակներից հայտնի է եղել որպես ամուր կամքի, հզոր ուժի, ինչպես նաև նրբության և կատարելության մարմնացում: Հենց այսպիսին է Նարինե Պետրոսյանը, ով թե՛ աշխատանքում և թե՛ ընտանիքում փորձում է յուրաքանչյուրին հոգատարություն և սեր նվիրել: Նրա օգնությամբ հազարավոր մարդիկ դուրս են գալիս հոգեբանական ծանր իրավիճակներից և վերագտնում իրենց երջանկությունը:
Մեր զրուցակիցն է «Շենգավիթ» բժշկական կենտրոնի կլինիկական հոգեբան Նարինե Պետրոսյանը:


-Տիկի՛ն Պետրոսյան, արդեն շուրջ 18 տարի է աշխատում եք «Շենգավիթ» բժշկական կենտրոնում որպես կլինիկական հոգեբան, ինչպե՞ս եղավ որոշումն ընտրել այս բարդ և պատասխանատու աշխատանքը:

-Դեռ մանուկ հասակից ինձ միշտ հետաքրքրել է մարդկանց ներաշխարհը, նրանց հոգեբանական ապրումները և շրջակա միջավայրում կատարվող իրադարձությունները:
Ընտրեցի հենց հոգեբանի մասնագիտությունը, քանի որ մեծ էր ցանկությունս, որպեսզի կարողանամ բացահայտել մարդկանց հոգեբանությունը, դրանց փոփոխությունների դրդապատճառները` փորձելով օգնել նրանց դուրս գալ այդ հոգեբանական ծանր վիճակից:

-Ի՞նչ խնդիրներով են սովորաբար Ձեզ դիմում:

-Խնդիրները տարբեր են, դիմում են անձնային, միջանձնային խնդիրներով...

-Հիմնականում, ինչո՞վ կարող է պայմանավորված լինել հոգեբանական ճնշվածությունը և արդյո՞ք ճիշտ է այն պնդումը, որ կանայք ավելի դյուրագրգիռ են քան տղամարդիկ:

-Ընդհանրապես անձի ձևավորումը կենսաբանական (հատկապես ժառանգական) զարգացման, սոցիալական պայմանների տևական փոխներգործությունների արդյունք է:
Հոգեբանական ճնշվածությունն առաջանում է, երբ անձի պահանջմունքները չեն բավարարվում, որն արտահայտվում է նրա հուզա-կամային դրսևորումներով: Դրանք բազմաթիվ են` կապված մարդու ֆիզիոլոգիական, հոգեբանական, կենսաբանական, հոգևոր և սոցիալական պահանջմունքների հետ, և դրանցից որևէ մեկի բացակայության դեպքում առաջանում է հոգեբանական ճնշվածություն:
Իսկ Ձեր այն հարցին թե՞ կանայք են ավելի դյուրագրգիռ, թե՞ տղամարդիկ` ասեմ, որ դա խիստ հարաբերական է:

-Եթե տարիներ առաջ մարդիկ կաշկանդվում էին դիմել հոգեբանին, ապա այսօր ինչպիսի՞ն է մարդկանց հոգեբանությունը:

-Այսօր վստահաբար կարող եմ ասել, որ այդ խնդիրը հաղթահարված է, եթե տաս տարի առաջ, նույնիսկ այցելուների խնդրանքով, աշխատասենյակիս դռան վրա չէի փակցնում մասնագիտությանս անվանումը, ապա այսօր ուրախությամբ պետք է նշեմ, որ նման խնդիր այլևս չկա: Մարդիկ եկան այն գիտակցության, որ հոգեբանը հոգեբույժ չէ, հոգեբանին դիմում են խնդիրների քաղաքակիրթ լուծման նպատակով:

-Այսօր բավականին շատացել են մարդկանց մոտ դեպրեսիվ վիճակները, ի՞նչ խորհուրդ կտաք, որպեսզի մարդիկ ավելի քիչ հայտնվեն սթրեսային վիճակներում:

-Ես միշտ իմ այցելուներին ասում եմ` վերցրեք թուղթ և գրիչ, այն բաժանեք երկու մասի և գրեք` ինչ ունեք և ինչ չունեք: Երբ գրում են իրենց ունեցածը, մի պահ պատկերացնում են, որ եթե չունենային այն ինչ ունեն այդ ժամ ի՞նչ հոգեվիճակում կլինեին...
Հարկավոր է հաճախ վերարժեքավորել ունեցածը:

-Իսկ եղանակային պայմանները կարո՞ղ են կապված լինել մարդու դեպրեսիվ վիճակի հետ:

-Միանշանակ այո, որովհետև գարնան և աշնան եղանակային կտրուկ փոփոխություններն ուղիղ համեմատական են մեր հոգեբանական և ֆիզիոլոգիական փոփոխությունների հետ, որովհետև մենք բոլորս բնության մի մասնիկն ենք:

-Կլինիկական հոգեբանության բնագավառում միջազգային փորձի կիրառման և նորարարական մոտեցումների համար ունեք բավականին պարգևներ, օրեր առաջ էլ «Համազգային վստահության» խորհրդի նախաձեռնությամբ ստացաք «Հայուհի 2018» մրցանակը, ի՞նչ խորհուրդ ունեն այդ պարգևները Ձեզ համար:

-Յուրաքանչյուր մրցանակ մեծացնում է պատասխանատվությունս իմ և ինձ շրջապատող մարդկանց նկատմամբ: Այն ինձ ստիպում է էլ ավելի աշխատել` արդարացնելով սպասումները:
Գիտեք, ինձ համար մշտապես հպարտություն է եղել, որ ես հայ եմ, որ իմ նախնիներն այստեղ են ծնվել և «Հայուհի 2018» մրցանակն ինձ համար ոչ միայն իմ աշխատանքի գնահատական էր, այլ նաև հայ կնոջ տեսակի գնահատումն ու մեծարումը, այդ մրցանակն ինձ համար, թերևս, ամենաարժեքավորն ու թանկն է:

-Ի՞նչ կարգախոսով եք կյանքում առաջնորդվում:

-Երբևէ չվնասել (չցավեցնել, չնեղացնել) և լինել առավելագույնս օգտակար:

-Ի՞նչն է կյանքում Ձեզ ուժ տալիս:

-Կյանքում ինձ ուժ է տալիս սերը. սերն իմ կատարած յուրաքանչյուր աշխատանքի կենսաղբյուրն է և յուրաքանչյուր սիրո դրսևորում ինձ մեծագույն ուժ և էներգիա է հաղորդում` ապրելու, արարելու և առաջ գնալու համար:
Ընտանիքիս անդամներին, հարազատներիս, ընկերներիս, այցելուներիս ես փոխանցում եմ իմ սերն ու հոգատարությունը և փոխադարձ ստանում այն, և կարող եմ փաստել, որ կյանքում իմ մասնագիտական և անձնական հաջողության գրավականը հենց սերն է:

-Որո՞նք են կյանքում այն սկզբունքները, որոնց անդավաճան եք մնում:

-Կյանքում առաջնորդվում եմ հետևյալ սկզբունքներով. երբեք չընկճվել, չհուսահատվել և չչարանալ մարդկանց հանդեպ: Սրանք այն սկզբունքներն են, որոնց ցանկացած իրավիճակում անդավաճան եմ մնում:

-Ո՞րը կարող եք համարել կյանքում Ձեր ամենամեծ ձեռքբերումը:

-Կյանքիս ամենամեծ ձեռքբերումն ու մեծագույն արժեքը` տղաս է: Ես միշտ ասում եմ, որ նա Աստծո նվերն է ինձ, ցանկացած դժվարին իրավիճակում նա միշտ իմ կողքին է:
Գիտեք, դեռ փոքր տարիքից արդեն մեծանում է որպես իսկական հայ տղամարդ և ես համոզված եմ, որ հետագայում միշտ հպարտանալու եմ իր մարդ տեսակով:

-Դուք գեղեցիկ, հմայիչ, նորաձև կին եք, հետաքրքիր է` ի՞նչ դեր ունի զգեստապահարանը Ձեր կյանքում և արդյո՞ք հաճախ եք ոճային փոփոխություններ կատարում:

-Շնորհակալ եմ: Իմ կյանքը համեմված է գույներով, այն անդրադառնում է նաև իմ ոճում, շատ եմ սիրում կտրուկ փոփոխություններ կատարել: Բավականին շատ ժամանակ եմ ծախսում զգեստներիս ընտրության հարցում, սիրում եմ ոճային փոփոխություններ: Իմ կարծիքով կինը միշտ պետք է հետևի իր արտաքին տեսքին` լինի խնամված, քանի որ այն նաև հարգանք է իրեն շրջապատող մարդկանց նկատմամբ:

-Ինչպիսի՞ն է Նարինե Պետրոսյանը աշխատանքից դուրս:

-Աշխատանքից դուրս աշխույժ, կենսուրախ եմ: Շատ եմ սիրում ազատ ժամանակս անցկացնել ընտանիքիս, ընկերներիս հետ, սակայն ժամանակի սղության պատճառով այդքան էլ չեմ հասցնում: Շատ եմ կարոտում հարազատներիս, ընկերներիս հետ շփմանը, այդ իսկ պատճառով, ցանկացած առիթ օգտագործում եմ որպեսզի ժամանակս անցկացնեմ ընտանիքիս անդամների և ընկերներիս հետ:

-Չեք կարող ապրել առանց…

-Առանց իմ ընտանիքի, տղայիս, ընկերներիս, հարազատներիս և, առհասարակ, առանց մարդկանց: Ես սնվում եմ մարդկանցով` իրենց տեսակով և գույներով:

-Երազում եք…

-Երազում եմ, որ բոլորս ապրենք մեր երազած երկրում և գնահատված լինենք մեր երկրում:

-Կինը իրեն երջանիկ է զգում այն ժամանակ...

-Երբ սիրված և գնահատված է իր հարազատների, ընկերների և սիրած մարդու կողմից:

-Տիկի՛ն Պետրոսյան, որպես հոգեբան` Ձեր խորհուրդը մեր հասարակությանը:

-Բոլորին խորհուրդ կտամ, որ ամեն ինչում լինեն լավատես, ներողամիտ և հանդուրժող:
Պետք է նույնիսկ սարսափելի վատ իրավիճակներում հավատան իրենց ուժերին. իմ կյանքի փորձից կարող եմ համոզված ասել, որ երբ հավատում ես ինքդ քեզ, քո ուժերին` հաղթահարում ես ցանկացած դժվարին իրավիճակ:
Սիրում եմ Ալբերտ Էյնշտեյնի այս խոսքերը մեջբերել. երբ նրան հարցնում են` ո՞րն է Ձեր հաջողության գրվականը, արդյո՞ք գիտելիքն է, նա պատասխանում է` ոչ, երևակայությունը: Մենք` հայերս, էմոցիոնալ ազգ ենք, խնդիրները լուծելու համար օգտագործելով մեր վառ երևակայությունը՝ կարող ենք հասնել բազում ձեռքբերումների, սակայն մեզ խանգարում է մեր վատատեսությունը: Պետք է լավատես լինել ցանկացած իրավիճակում, այդ ժամանակ կհասնենք հաջողության:


Հարցազրույցը` Սյուզաննա Ղուկասյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...