06:09
12/23/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
«Մենք ոչ թե ծովից ծով, այլ օվկիանոսից օվկիանոս հայություն ենք»

2018-05-10 11:33

ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆ
Տարվա նախարար 2017

«Դե Ֆակտո » N 143 ( 04/2018թ.)  

Երբ Հայրենիքին ծառայելը դառնում է գերնպատակ, նրա զարգացած եւ հզոր կերպարը գծագրվում որպես երազանք, սեփական կյանքը, ժամանակը, գաղափարները, մտավոր ողջ ներոժն այդ ամենի իրականացմանը ծառայեցնելը չնչին զոհաբերություն է թվում, իսկ այդ ճանապարհին հանդիպող դժվարություններն ու փորձությունները` հաղթահարելի արգելքներ: Եվ երբ հետադարձ հայացք ես գցում ու վերաիմաստավորում ձեռքբերումներն ու բացթողումները, երջանկության եւ հպարտության անասելի զգացողություն է պատում, քանի որ հաղթանակներն ավելի շատ են լինում, քան պարտությունները: Այդպիսին է ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի անցած ուղին, ում հայրենանվեր աշխատանքի արդյունքում վերջին տասը տարիների ընթացքում ստեղծվեց ՀՀ սփյուռքի նախարարությունը` ամրապնդելով Հայրենիք-Սփյուռք կապերը, ներգրավելով Սփյուռքին հայաստանյան իրականության մեջ եւ խթանելով հայապահպանությունն ու հայրենադարձությունը:
«Դե Ֆակտո» ամսագիրը, բարձր գնահատելով ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի արդյունավետ գործունեությունը, մեծ ավանդը Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման գործում, նրա ղեկավարությամբ նախարարության կողմից իրականացված լայնամասշտաբ, նպատակային ծրագրերը, նրան ճանաչել է «Տարվա նախարար 2017»:
Պետք է նկատել նաեւ, որ Հրանուշ Հակոբյանը ոչ միայն ՀՀ սփյուռքի նախարարության ստեղծման ու կայացման, այլ նաեւ Հայաստանի երրորդ Հանրապետության հիմնադիրներից մեկն է, ով խորհրդարանական իր երկարամյա գործունեության ընթացքում հեղինակել է մեր երկրի օրենսդրության հիմքը հանդիսացող 100-ից ավելի օրենքներ, ներգրավվել տարբեր ոլորտներում եւ իր ներդրումն ունեցել դրանց զարգացման գործում:
Մեզ հետ հարցազրույցում «Տարվա նախարարն» ամփոփում է տարին, առանձնացնում ձեռքբերումները, խոսում առաջիկա ծրագրերի մասին, ինչպես նաեւ հետադարձ հայացք գցում իր անցած ուղուն, որը նրա ներկայիս գործունեության հաջողությունների կարեւոր գրավականներից է:

 

-Տիկի՛ն Հակոբյան, ինչպիսի՞ տարի էր 2017-ը Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման առումով, գո՞հ եք արդյունքներից:


-Ընդհանրապես, ես աշխատանքում միշտ ձգտում եմ ավելիին և մտածում, որ կարելի էր ավելին անել: Սակայն, եթե գնահատելու լինեմ նախարարության նախորդ տարվա աշխատանքը, ապա պետք է նշեմ, որ 2017 թվականը շատ արդյունավետ տարի էր. մեր գործոնեության բոլոր ոլորտները` հայապահպանությանը միտված ծրագրեր, գիտական հետազոտություններ, սփյուռքյան կառույցների, համահայկական կազմակերպոթյունների հետ աշխատանք, նոր մեկօրյա դպրոցների հիմնում, մշակութային միջոցառումների կազմակերպում և այլն, եղել են արդյունավետ ու ձեռքբերումներով լի: Արդյունքում` Սփյուռքն ավելի է մոտեցել Հայաստանին, դարձել հայաստանակենտրոն, մեծացել է սփյուռքահայերի ներգրավվածությունը հայաստանյան տարբեր ծրագրերում, ինչի արդյունքում զարկ է տրվել նաև զբոսաշրջության զարգացմանը, արձանագրվել է 20 և ավելի տոկոս աճ:
Մեր ամենօրյա աշխատանքի ընթացքում տարեց տարի ստանում ենք և հղում ավելի շատ նամակներ, շնորհավորանքներ, ուղերձներ մեր սփյուռքյան կառույցներին, կազմակերպություններին, դպրոցներին, մշակույթի կենտրոններին և համոզվում, որ բոլորը սպասում են Հայրենիքի ձայնին` այդ թվում սփյուռքի նախարարության միջոցով: Դա վկայում է այն մասին, որ մեր տասը տարիների աշխատանքի արդյունքում նախարարությունը դարձել է վստահելի գործընկեր սփյուռքահայության համար: Չկա այնպիսի մի օր, որ մեր նախարարություն չայցելեն տասնյակ սփյուռքահայեր, էլ չեմ խոսում այն օրերի մասին, որոնց ընթացքում մենք ծրագրեր ենք իրականացնում:
Սփյուռքի հետ կապերի ամրապնդման առումով մեզ շատ են օգնում նաև մեր 6 տարբեր կայքերը: Միայն «Հայերն այսօր» թերթը տարեկան 1,6 մլն այցելու է ունենում, ովքեր ընթերցում են 12 մլն էջում զետեղված նյութեր:

-Տարվա կարևոր իրադարձություններից էր Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովը, որի բացմանը ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը համահայկական նշանակության կարևոր գաղափարներ և պահանջ հնչեցրեց, մասնավորապես` ներգաղթի ապահովման հետ կապված: Կխնդրեմ Ձեր գնահատականը համաժողովի վերաբերյալ, և ուզում եմ հարցնել, արդյո՞ք քայլեր ձեռնարկում եք հայրենադարձության հետ կապված` ՀՀ 3-րդ նախագահի հանձնարարականի իրականացմանն ուղղված:

-Կարծում եմ` ողջ տարվա ընթացքում նախարարոթյան կողմից իրականացված աշխատանքների շարքում ամենաառանցքային ծրագիրը և ձեռքբերումը Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովն էր, որն ամփոփեց մեր տարիների կատարած աշխատանքը: Համաժողովն աննախադեպ էր իր մեծոթյամբ` թե՛ մասնակիցների, թե՛ երկրների թվով: Երբևէ չէր եղել այնպես, որ Հայաստանում հավաքվեին, մեկտեղվեին և փորձեին միմյանց ճանաչել, ընկերանալ, գաղափարներ ներկայացնել ու ծրագրեր առաջարկել 71 երկրներից 1837 հայ մասնակիցներ: Համաժողովին ներկա էին սփյուռքահայեր այնպիսի երկրներից, ինչպիսիք են` Սինգապուրը, Չինաստանը, Եթովպիան, Սոդանը, Բիրման: Դա, իհարկե, մեր ամենօրյա գործոնեության արդյունքն էր ու գնահատականը, քանի որ եթե մենք չաջակցեինք նրանց, չամրապնդեինք կապերը Հայրենիքի հետ, չստեղծեինք ջերմ և բարեկամական հարաբերություններ, ապա միանշանակ Սփյուռքի նման ներկայություն չէինք ունենա համաժողովին: Ես անչափ ուրախ եմ նման ներկայացուցչական համաժողովի համար, քանի որ դրանք նաև քաղաքական կարևոր նշանակություն ունեն մեզ համար:
Ինչպես նկատեցիք, համաժողովի ժամանակ մեր երկրի 3-րդ նախագահը ոչ միայն ուղերձ հղեց Հայաստանում, Սփյուռքում և Արցախում ապրող մեր հայրենակիցներին, այլև առաջադրեց մի տեսլական, համաձայն որի` մինչև 2040 թ. երկրի բնակչության թիվը հասցնել 4 մլն-ի: Սա նշանակում է, որ մենք հայրենադարձոթյան խնդիր պետք է լուծենք, ինչին ուղղված քայլեր ենք ձեռնարկում:

-Կմանրամասնե՞ք` ինչ քայլերի մասին է խոսքը:

-Նախ և առաջ մշակել ենք հայրենադարձության ռազմավարության նախագիծը, դրանից բխող օրենքի նախագծի նախնական տարբերակը, որը դեռևս լրամշակման կարիք ունի, ինչպես նաև պետք է կազմենք ծրագիր, որը սահմանելու է մեր կողմից իրականացվելիք քայլերի հաջորդականությունը: Օրենսդրական հիմքերի ստեղծմանը կհաջորդի հայրենադարձոթյանը միտված նախապայմանների, հայրենադարձների աջակցության ծրագրերի մշակումը:
Պետք է շեշտեմ, որ հայրենադարձության գաղափարի իրականացման գործում կարևոր դերակատարոթյուն ունի քարոզչությունը. մենք պետք է փորձենք համախմբել Սփյուռքի, Հայրենիքի լրագրողական ողջ ներուժը, և նրանց միջոցով լրատվության մեջ առանցքային ուղղություն դարձնել հայրենադարձոթյան քարոզչությունը: Ես դեմ եմ այն կարծիքին, թե եթե կա արտագաղթ, ինչպե՞ս մտածել ներգաղթի մասին: Կարծում եմ` մեկը մյուսին չպետք է հակադրել, որովհետև միգրացիան համաշխարհային ծավալների է հասել. այն դանդաղեցնելը մեծ ջանքեր է պահանջում, և դրա պատճառով չի կարելի հրաժարվել հայրենադարձոթյան կազմակերպման և այն խթանելու գաղափարից:

-Ի՞նչ նախապայմաններ, երաշխիքներ են ստեղծվելու, որպեսզի սփյուռքահայությունը ցանկանա վերադառնալ Հայրենիք:

-Հայրենադարձությունը պետք է իրականացնել երեք ուղղությամբ` ընդհանուր հայրենադարձություն, հայրենիք վերադարձողներ (խոսքը Հայաստանի նախկին բնակիչների մասին է) և մասնագիտական հայրենադարձություն: Դա նշանակում է, որ մենք յուրաքանչյուր շերտի համար պետք է ստեղծենք նախապայմաններ, սահմանենք արտոնություններ, որպեսզի նրանք ցանկանան վերադառնալ, ապրել և արարել մայր հայրենիքում: Կլինեն արտոնություններ, որոնք կտարածվեն բոլորի վրա, և կլինեն նաև այնպիսիք, որոնք կտրամադրվեն` ըստ որոշակի կարգավիճակի գնահատման: Օրինակ, եթե խոսենք մասնագիտական հայրենադարձության մասին, ապա մենք պետք է ճշտենք, թե Հայաստանի տարբեր ոլորտներում ինչ մասնագետների կարիք կա, այնուհետև գտնենք այդ մասնագետներին Սփյուռքում և հրավիրենք նրանց Հայաստան` ներդնելու իրենց գիտելիքներն ու կարողությունները Հայաստանի զարգացման գործում: Իհարկե, այս դեպքում պետք է լուծենք նրանց բնակարանի, աշխատավարձի հարցը, այնպիսի պայմաններ առաջարկենք, որպեսզի նրանք ցանկանան հաստատվել Հայաստանում: Մենք պետք է հասկանանք, որ բարձրակարգ մասնագետը, ով ունի լավ աշխատանք և կայուն եկամուտ, միայն հայրենասիրոթյոնից դրդված չի գա Հայաստան: Նա պետք է ստանա իր ապրելակերպին և մասնագիտական որակներին համապատասխանող վարձատրություն և կենսապայմաններ:
Այժմ ՀՀ սփյուռքի նախարարությունում քննարկման փուլում են հայրենադարձության բոլոր ուղղոթյուններին առնչվող հարցերն ու խնդիրները, որոնք պետք է վերածվեն ծրագրերի և, անշուշտ, իրագործվեն սփյուռքյան կառույցների հետ միասին:
Մենք նախատեսում ենք ստեղծել հայրենադարձոթյանը նվիրված հիմնադրամ և նաև դրա միջոցներով աջակցել Հայրենիք վերադարձողներին` ըստ նրանց կարիքների: Ինչպես նաև պետք է ստեղծենք գործակալություն, որը կիրականացնի հայրենադարձների ընդունման և ինտեգրման ողջ գործընթացը:
Ուզում եմ շեշտել նաև, որ մենք արդեն իսկ ունենք հազարավոր հայրենադարձներ, ովքեր եկել են Հայաստան ոչ թե հանգստանալու, այլ մասնակցելու Հայրենիքի կառուցմանը` իմանալով Հայաստանի և՛ առավելոթյունների, և՛ թերությունների մասին: Ես նրանցից շատերի հետ եմ հանդիպում և ուրախությամբ պետք է նկատեմ, որ նրանց գրավում է հատկապես Հայաստանի ապահով երկիր լինելը, որտեղ իրենց երեխան մեծանում է ազգային, բարոյական առավել բարձր արժեքներ ունեցող հասարակության մեջ, որ շատ ու շատ հարցեր այստեղ իրենք առավել հեշտությամբ են կարողանում լուծել, և որ Հայրենիքում առավել բարենպաստ է հարկային քաղաքականությունը, մատչելի է բնակարան ձեռքբերելը, բիզնես հիմնելը: Նրանք հետաքրքրված են նաև եվրասիական շուկայով: Գուցե մենք` հայաստանցիներս, չենք զգում այդ առավելոթյունները, բայց նրանք նկատում և գնահատում են: Նրանց թվում կան և՛ գործարարներ, և՛ մշակույթի գործիչներ, և՛ գիտնականներ, և՛ դասախոսներ, և՛ ուսանողներ:

-Տարվա ընթացքում Դուք այցելում եք տարբեր երկրներ, հանդիպումներ ունենում հայ համայնքների հետ: Հետաքրքիր է, Սփյուռքում առկա ո՞ր խնդիրներն են հատկապես Ձեր ուշադրությունը գրավում:

-Ընդհանրապես, Սփյուռքը բազմաշերտ, բազմակարծիք, բազմակարիք իրողություն է, Սփյուռքը մի մարմին չէ, որ նրա դրական կամ բացասական կողմերը միարժեքորեն գնահատենք, որովհետև մեծ տարբերություն կա ԱՄՆ-ում, Եվրոպայում, Միջին Արևելքում կամ Ռուսաստանում ապրողների պահանջների, ցանկոթյունների, մոտեցումների միջև: Այդ տարբերոթյան մեջ մենք պետք է գտնենք ընդհանուր հայտարարը` հային Հայրենիքից դուրս հայ պահելը, իսկ դրա գրավականը մայրենի լեզուն է, մշակույթը, հավատը, պատմոթյունը, ազգային ավանդույթները: Յուրաքանչյուր հայ պետք է իմանա, թե որտեղից են սերում իր արմատները, նա պետք է գիտակցի, որ անկախ այն հանգամանքից, թե որ երկրում է ապրում, իր բնօրրանը Հայաստանն է, իսկ դրա համար նա պետք է ներշնչանք ու ոգևորություն ստանա Հայրենիքից: Մեր աշխատանքն ուղղված է այդ ամենի ապահովմանը հատկապես երիտասարդության շրջանում: Մենք փորձում ենք նրանց մեջ ներարկել աշխարհի քաղաքակրթությանը մեծ նպաստ բերած հպարտ հայի գաղափարը, ազգային արժեքները, ոգևորել նրանց, արթնացնել և զարգացնել նրանց ազգային ինքնագիտակցությունը: Եվ նրանք, մասնակցելով մեր ծրագրերին, այցելելով Հայաստան, այստեղից հեռանում են ոգեշնչված, ուժ ստացած ու ամենակարևորը` անընդհատ ուզում են վերադառնալ Հայրենիք: Ես կատակով ասում եմ` դուք ձեր սրտի մի մասը թողնում եք այստեղ, ուստի` պետք է միշտ ձգտեք վերադառնալ:

-Նախորդ տարվա ընթացքում հայ-հունա-կիպրական եռակողմ ակտիվ հանդիպումներ են տեղի ունեցել, ի՞նչ նպատակ է հետապնդում այդ համագործակցությունը:

-2017թվականի կարևոր ձեռքբերումներից էր նաև Սփյուռք ունեցող մեր բարեկամ երկրների հետ համագործակցության խորացումը: Հայաստանի, Հունաստանի, Կիպրոսի նախագահների և այլ բարձր պաշտոնյաների փոխադարձ այցերի արդյունքում ստեղծվեցին բարենպաստ պայմաններ այդ երկրների սփյուռքյան կառույցների միջև հորիզոնական կապերով համագործակցության ձևավորման ու ակտիվացման համար: Այդ նպատակով նախորդ տարվա հունիս ամսին համատեղ հուշագիր ստորագրեցինք Կիպրոսի Հանրապետոթյան նախագահի արտասահմանյան հարցերի գծով հանձնակատարի հետ, իսկ դեկտեմբերի 15-ին նմանատիպ հուշագիր ստորագրվեց Հոնաստանի արտաքին գործերի փոխնախարարի հետ, որը զբաղվում է Սփյուռքի հարցերով: Միաժամանակ` Կիպրոսում ու Հայաստանում կազմակերպեցինք եռակողմ քննարկումներ, որոնց գլխավոր նպատակը հայկական, հոնական, կիպրական սփյուռքներին ուղղորդելն էր` միասին տոնելու հայկական ազգային և պետական տոները, նշելու հիշատակի օրերը, կազմակերպելու Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառումներ, զբաղվելու իրենց իրավունքների պաշտպանությամբ: Այսինքն`այս համագործակցությունը նպատակ ունի մշակելու հիշյալ երկրների սփյուռքների միջև կապերի ամրապնդմանն ուղղված կառոցակարգեր:

-ՀՀ սփյուռքի նախարարությունը ծրագիր ունի ստեղծելու Տեղեկատվության և հեռահաղորդակցոթյան տեխնոլոգիաների համահայկական ընկերակցոթյուն, ի՞նչ է այն իրենից ներկայացնելու:

-ՀՀ սփյուռքի նախարարության ստեղծման առաջին իսկ օրվանից մենք հասկացանք, որ թեև աշխարհում գործում են հազարավոր հայկական, դրանց թվում` համահայկական 38 կազմակերպություններ, որոնք ունեն իրենց մասնաճյուղերը աշխարհի տարբեր երկրներում, և որոնք շատ մեծ ներդրում ունեն հայապահպանության գործում, այդուամենայնիվ, սփյուռքը պետք է կազմակերպել ըստ մասնագիտությունների: Դա էր պատճառը, որ մենք սկսեցինք գումարել ճարտարապետների, իրավաբանների, գրողների, լրագրողների, գործարարների, արվեստի գործիչների, լոբբիստական գործունեությամբ զբաղվողների, քաղաքագետների, միջազգայնագետների, սրտաբանների բազում համաժողովներ: Այդ համաժողովների միջոցով տարբեր մասնագիտությունների տեր, տեղի և այլ երկրներում ապրող հայ մասնագետները հնարավորություն են ստանում ծանոթանալու, միմյանց հետ քննարկելու մասնագիտական հարցեր և իրականացնելու համատեղ նախագծեր ու ծրագրեր:
Եվ քանի որ բարձր տեխնոլոգիաներն այսօր մեծ նշանակություն ունեն ոչ միայն աշխարհում` որպես ‹‹հինգերորդ իշխանություն››, այլ նաև մեզ համար` որպես հայապահպանության խնդիրը լուծելու կարևոր գործիք, նպատակահարմար ենք գտնում ստեղծել նաև այս ոլորտի կառույցները միմյանց հետ կապող ընկերակցություն: Այդ գաղափարը ողջունվեց ինչպես տեղի, այնպես էլ, օրինակ, ամերիկյան մի շարք ընկերոթյունների կողմից: Կարծում եմ` այս տարվա առաջին կեսին կհաջողվի ստեղծել Տեղեկատվության և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների համահայկական ընկերակցություն:

-Ի՞նչ ծրագրեր են իրականացվում` հայապահպանությանն ուղղված:

-Հայապահպանության ամենակարևոր գործոնը հայոց լեզվի պահպանությունն է, որը մեր ամենադժվար խնդիրներից է աշխարհասփյուռ օտարախոս հայոթյան շրջանում: Վտանգավորն այն է, որ հայոց լեզուն դառնում է տնային լեզու հատկապես երիտասարդոթյան համար: Դա ունի թե՛ օբյեկտիվ, և թե՛ սուբյեկտիվ պատճառներ: Օբյեկտիվ պատճառներից մեկն այն է, որ ապրելով այլ երկրում` երիտասարդը պետք է տիրապետի բնակության վայրի պետական լեզվին, ինտեգրվի կրթական, մշակութային, տնտեսական և այլ ոլորտներում, դառնա տվյալ երկրի լավագույն քաղաքացի, ինչի արդյունքում մայրենի լեզուն կորցնում է իր էական դերակատարությունը նրա կյանքում: Մյուս կողմից պետք է նշենք, որ եթե այսօր հայ երիտասարդը մի քանի լեզուների է տիրապետում, ապա ինչու դրանցից մեկը չլինի իր մայրենի լեզուն: Եվ որպեսզի նրա գիտակցության մեջ ամրապնդվի այդ գաղափարը, մենք և սփյուռքյան կառույցները դրան ուղղված բազում ծրագրեր ենք իրականացնում, քարոզում, ներկայացնում, ոգևորում հայ երիտասարդությանը, որ պետք է պարտադիր տիրապետել հայոց լեզվին, պատմությանը, զգալ իր արմատի ուժը: Պատահական չէ, որ մեր բոլոր ծրագրերում ներառված է մայրենի լեզվի ուսուցումը:
Մենք ստեղծել ենք «Հեռուստադպրոց» հաղորդաշարը, որը սփյուռքահայությանը մայրենի լեզուն սովորելու հիանալի հնարավորություն է ընձեռում: Այն ցուցադրվում է Հանրային հեռուստաընկերության արբանյակային հեռարձակմամբ:
ՀՀ սփյուռքի նախարարությունը մեծապես կարևորում է ՀԲԸՄ-ի վիրտուալ քոլեջի (AVC) գործոնեոթյունը, որը ևս ուղղված է հայոց լեզվի ուսուցմանը:
Հաջորդ ծրագիրը մենք իրականացրել ենք Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հետ: Ստեղծել ենք «translater.am» փոխարկիչը, որը հնարավորություն է տալիս արևմտահայերենը փոխարկել արևելահայերենով և հակառակը: Դրա միջոցով բավականին հեշտացել է լեզվի ուսուցման գործընթացը: Մյուս կողմից` մենք Երևանում ստեղծել ենք ամառային դպրոց, որտեղ վերապատրաստում ենք ուսուցիչներին` խորացնելով նրանց գիտելիքները:
Կարևորում եմ նաև երիտասարդների հայերենի արագացված ուսուցման ծրագիրը, որը կազմակերպում ենք մեր ամառային դպրոցում, և պետք է նշեմ, որ գնալով աճում է հայերեն սովորել ցանկացող երիտասարդների թիվը:
Մենք լուծում ենք նաև 1000-ից ավելի սփյուռքյան հայկական դպրոցները հայերեն գրականությամբ ապահովելու հարցը` տրամադրելով տարեկան 70-80 հազար կտոր գրականություն: Նախարարությունը զբաղվում է այնպիսի առանցքային հիմնախնդիրներով, ինչպիսին արևմտահայերենի պահպանության հարցն է:
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի լեզվի ինստիտուտի հետ համատեղ` աշխատանքներ ենք իրականացնում` ուղղված արևմտահայերենի և արևելահայերենի մերձեցմանը: ՀՀ 3-րդ նախագահի հանձնարարականով` պատրաստել ենք արևմտահայերենի անաղարտության պահպանման ու զարգացման ռազմավարության նախագիծ: Այդ ճանապարհով մենք փորձում ենք ավելի մոտեցնել հայոց լեզվի երկու ճյուղերը և օգտակար լինել հատկապես արևմտահայերենին, քանի որ այն, գործածվելով Հայաստանից դուրս, պետական հոգածության կարիք ունի:

-Նախարարությունում գործում է սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող բաժին, ի՞նչ խնդիրներ են վերապահված լուծելու նախարարությանն այդ բաժնի միջոցով:

-Հայաստանի Հանրապետության պետական քաղաքականության, երկրի ղեկավարության հիմնական նպատակն է սիրիական հակամարտության արդյունքում Հայաստանում հաստատված սիրիահայերին սահուն կերպով ինտեգրել հայաստանյան կյանքին: Գլխավորը` նրանք դառնան ՀՀ քաղաքացիներ և Հայրենիքում չունենան փախստականի կարգավիճակ: Այդ նպատակով սիրիահայերին պարզեցված կարգով շնորհվում է քաղաքացիություն, ինչի արդյունքում Հայաստանում ապաստան գտած շուրջ 22 հազար սիրահայերից այսօր արդեն 19 հազար 800-ը դարձել է ՀՀ քաղաքացի, 1500-ը ստացել կացության կարգավիճակ և միայն 300-ին է տրվել փախստականի կարգավիճակ: Մեզ հաջողվել է նրանց ինտեգրել ՀՀ կրթական, մշակութային, տնտեսական, առողջապահական և այլ ոլորտներում: Ուրախալի է, որ սիրիահայերն այսօր Հայաստանում իրենց լավ են զգում: Նրանք ստեղծող, արարող մարդիկ են, ովքեր իրենց աշխատանքային մշակույթն են ներդրել մեզանում, ընդգրկվել են տարբեր ոլորտներում, ստեղծել իրենց բիզնես ծրագրերը և հաջողությամբ զարգացնում են դրանք:
Մեր երկրի բարձր ղեկավարությունը ոչ միայն ՀՀ-ում, այլ նաև Հալեպում է սիրիահայերին աջակցություն ցուցաբերել` իրականացնելով մի շարք ծրագրեր. միայն 4 օդանավով մեծ քանակությամբ օգնություն է հասցվել Սիրիա: Այդ օգնությունը տրամադրվել է ոչ միայն հայերին, այլև արաբներին:
Դեռևս շարունակվում է սիրիահայերի հոսքը Հայաստան, ամեն օր մեզ այցելում է 20-30 սիրիահայ: Մեր նախարարությունում գործում է աշխատանքային խումբ, միջգերատեսչական հանձնաժողով` իմ գլխավորությամբ, որի մասնակիցն են ՀՀ բոլոր նախարարոթյունները ներկայացնող փոխնախարարները: Հանձնաժողովում քննարկվում և լուծումներ են տրվում սիրիահայերի հիմնախնդիրներին:

-Որքանո՞վ է նախարարության գործունեությունը նպաստում Հայաստանում ներդրումներ ներգրավելուն:

-Հատկապես վերջին երկու տարիներին մեր ձեռքբերած վստահության կապիտալը մենք փորձում ենք օգտագործել դեպի Հայաստան ներդրումներ ներգրավելու նպատակով` սփյուռքահայ գործարարներին ներկայացնելով Հայաստանի ներդրումային գրավչոթյունը: Մեր կայքում բացել ենք «Ներդրումներ Հայաստանում» պատուհանը, որում առկա են հարյուրավոր բիզնես ծրագրեր: Դրանց միջոցով ներկայացնում ենք, թե Հայաստանում որ ոլորտներն են զարգանում, որտեղ կարելի է ներդրում կատարել:
Կարևորում եմ նաև «Հայաստան-Սփյուռք» 6-րդ համաժողովի ծրագրերում Հայաստանի տնտեսական զարգացմանն ուղղված բաղադրիչի ներգրավվածոթյունը, որի շրջանակներում քննարկվեցին ՀՀ ներդրոմային քաղաքականությանն առնչվող հարցեր ու խնդիրներ:
Չմոռանանք նաև, որ նախարարության աջակցոթյամբ 21 երկրներում ստեղծվել են առևտրական պալատներ, որոնք միասին կազմել են «Հայ առևտրական ցանցը» (ՀԱՑ), որն արդեն չորրորդ համաժողովն է գումարել: Փաստորեն` մեզ հաջողվել է համախմբել տարբեր երկրների բիզնեսմեններին, ովքեր միմյանց հետ համագործակցելով` փորձում են ներդրումներ կատարել Հայաստանում:
2017 թվականին ՀՀ վարչապետի հանձնարարոթյամբ` մենք արդեն պատկան մարմիններին ներկայացրել ենք բիզնեսմենների 6 հազար և ավելի անուններ, որոնց պատրաստվում ենք հոկտեմբերին հրավիրել Հայաստան` բիզնես ֆորումին մասնակցելու նպատակով:
Մենք վերջին քսանհինգ տարվա ընթացքում սփյուռքահայ մեծահարուստների կողմից Հայաստանում կատարված ներդրումների վկան ու ականատեսն ենք: Նրանք Հայրենիքում իրականացրել են բազում ծրագրեր, նպաստել տարբեր ոլորտներում առկա խնդիրների լուծմանը: Այսօր ժողովուրդն ակնածանքով է խոսում ազգային հերոս Քըրք Քրքորյանի, Էդուարդո Էռնեկյանի, ինչպես նաև Սամվել Կարապետյանի, Վարդան Սրմաքեշի, Սարկիսով եղբայրների, Կարո Արմենի և այլոց մասին: Նրանք հայրենասեր հայերի լավագույն օրինակներ են, ում ազգանվեր գործունեությունը ոգևորիչ է և վստահություն է ներշնչում հայազգի մյուս գործարարներին` առանց երկմտելու ներդրում կատարել Հայաստանում:

-Տիկի՛ն Հակոբյան, 2017թ. լույս տեսավ Ձեր հեղինակած «Հայկական սփյուռքը հարափոփոխ աշխարհում» ստվարածավալ գիրքը, որը մեծ արձագանք գտավ ինչպես ՀՀ-ում, այնպես էլ Սփյուռքում` արժանանալով բարձր գնահատականների: Այն հայկական սփյուռքի մասին պատմական, գիտական արժեքավոր ձեռնարկ է: Կպատմե՞ք` ինչպես որոշեցիք նման կարևոր հետազոտություն իրականացնել, ո՞րն էր նպատակը, քանի՞ մասից է այն բաղկացած:

-Գրքի ստեղծման նախապատմությունն այսպիսին է. ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանն ինձ հանձնարարություն տվեց պատրաստել զեկույց` «Հայերի վիճակն աշխարհում»: Դա բավականին ընդգրկուն թեմա է: Մենք փորձեցինք դրա վերաբերյալ հավաքել նյութեր, ամփոփել, վերլուծել դրանք, կատարել հետևոթյուններ, և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պետական հանձնաժողովի նիստի ժամանակ ես հանդես եկա համապատասխան զեկույցով:
Ու քանի որ հսկայածավալ նյութեր էինք հավաքել ու վերլուծել, բացի այդ, ես արդեն 8 տարի շարունակ ամեն օր աշխատում էի Սփյուռքի հետ և զբաղվում էի Սփյուռքի հիմնախնդիրներով, ապա նպատակահարմար գտա այդ ամենն ամբողջացնել գրքի ձևով, հատկապես այն պարագայում, որ հայկական այս կամ այն համայնքի մասին գրված պատմություններ շատ կային, բայց բոլոր համայնքների մասին մեկ ընդգրկուն և հավաքական նյութ չկար: «Հայկական սփյուռքը հարափոփոխ աշխարհում» գիրքը եկավ լրացնելու այդ բացը, որը, ինչպես նշեցիք, նաև գիտական արժեք ունի և կարող է ծառայել որպես ուղեցույց համայնքային գործիչների, յուրօրինակ հանրագիտարան` ուսանողների և ոլորտի գիտական հետազոտոթյուններով զբաղվողների համար:
Գիրքը բաղկացած է երեք մասից, առաջին մասում ներկայացված են Սփյուռքի պատմությունը և արդի բնոթագիրը, երկրորդ մասում` ներկա մարտահրավերները, իսկ երրորդ մասում` ՀՀ պետական քաղաքականությունը: Գրքում կան նաև տասնյակ հավելվածներ, որոնք լրացնում են գրքի բովանդակությունը: «Հայկական սփյուռքը հարափոփոխ աշխարհում» հետազոտությունում ներառվել են նաև ապագային միտված ծրագրեր, առաջարկություններ ու եզրահանգումներ:
Ինձ համար ուրախալի է, որ գիրքը բավականին մեծ ջերմոթյամբ ընդունվեց հայկական սփյուռքի տարբեր կազմակերպոթյունների կողմից: Այժմ պատրաստվում է գրքի անգլերեն, ռոսերեն, ֆրանսերեն տարբերակների տպագրոթյունը:

-Իսկ ինչո՞ւ «Հայկական սփյուռքը հարափոփոխ աշխարհում»:

-Աշխարհն անընդհատ փոփոխվում է, փոխվում է նաև Սփյուռքը, նրա կառուցվածքը, անգամ բնավորոթյունն ու կերպարը: Օրինակ` եթե մենք Միջին Արևելքում ունեինք հզոր, ավանդական Սփյուռք, որն ապրում էր Սիրիայում, Լիբանանում, Իրանում, ապա այսօր նշված երեք երկրներում ապրող 600 հազարանոց Սփյուռքից կեսն է մնացել, մյուս մասն արտագաղթել է այլ երկրներ` տարբեր պատճառներով: Մեր խնդիրն է հետևել այդ ընթացքին ու կատարել մեր գործառույթները` հարմարեցնելով նախարարության ծրագրերը հարափոփոխ աշխարհում ապրող Սփյուռքի պահանջներին:

-2018թ.-ը հոբելյանական տարի է Հայաստանի, ինչպես նաև ՀՀ սփյուռքի նախարարության համար, քանի որ տոնում եք նախարարության գործունեության 10-ամյակը: Ի՞նչ կարևորություն ունի այս տարին Ձեզ համար:

-2018 թ. հոբելյանական տարի է, նախ և առաջ մեր պետության համար, որովհետև մենք ազգովի պետք է նշենք Հայոց պետականության և մայիսյան հաղթանակների 100-րդ տարեդարձը: Նախարարությունը դիմել է սփյուռքյան բոլոր կառույցներին` մայիսյան վերջին շաբաթը նվիրել այս պատմական հոբելյաններին և գեղեցիկ միջոցառումներով տարին դարձնել հիշարժան:
Երկրորդ հիասքանչ հոբելյանը, որ պետք է հպարտորեն տոնենք, մեր մայրաքաղաք Երևանի 2800-ամյակն է: Այն ևս մեծ շուքով կտոնենք` կարևորելով մեր պետության խորհրդանիշերից մեկի արժեքն ու նշանակությունը: 2018 թվականին լրացավ նաև Արցախի ազգային ազատագրական շարժման 30-ամյակը:
Եվ վերջում` 2018 թվականին մենք տոնում ենք ՀՀ սփյուռքի նախարարության 10-ամյակը, որի շրջանակներում ի մի կբերենք 10-ը տարվա ընթացքում մեր կատարած աշխատանքի արդյունքները, կներկայացնենք դրանք և կլսենք կարծիքներ ու առաջարկներ:

-Ի՞նչ կարևոր ծրագրեր են իրականացվելու 2018 թվականին:

-Այս տարվա կարևոր ծրագրերից են «Իմ Հայաստան» փառատոնը, վերը նշված խոշոր հոբելյաններին նվիրված միջոցառումները, ինչպես նաև կարևոր ծրագիր եմ համարում Լրագրողների 9-րդ համահայկական համաժողովը, որի ընթացքում մեր քննարկման գլխավոր թեման լինելու է «Հայոց պետականությունը և հայ լրագրությունը», միաժամանակ` գումարելու ենք Ճարտարապետների և ճարտարագետների համահայկական համաժողով, որի բացումը կկայանա Երևանում, իսկ փակումը` Արցախում:
Ծրագրում ենք կազմակերպել նաև համահայկական երիտասարդական հավաք, մեծ ֆորում, որտեղ Սփյուռքի և Հայաստանի երիտասարդները հնարավորություն կունենան ծանոթանալ միմյանց հետ և տեղեկանալ Հայաստանի ձեռքբերումների մասին:

-Տիկի՛ն Հակոբյան, եթե հետադարձ հայացք գցեք դեպի այն ժամանակահատված, երբ դեռևս չէր ստեղծվել Սփյուռքի նախարարությունը և համեմատեք այսօրվա հետ, երբ 10-ը տարի է, ինչ այն գործում է, ի՞նչ կարևոր ձեռքբերումներ կարձանագրեք:

-Այդ տարբերությունն ակնհայտ է ինչպես ինձ, այնպես էլ ՀՀ և այլ երկրներում ապրող յուրաքանչյուր հայի համար: Այս տասը տարիների ընթացքում նախարարոթյունը դարձել է սփյուռքահայի տունը, նա գիտի, որ ցանկացած խնդրի դեպքում կարող է դիմել մեզ, որ կա մի դուռ, որը միշտ բաց է իր առջև, այսինքն` ունի հենարան Հայրենիքում:
Սփյուռքը վստահ է նաև, որ եթե ցանկություն ունի որևէ նախաձեռնություն իրականություն դարձնել, ապա կարող է դիմել իր նախարարություն և ստանալ համապատասխան աջակցություն:
Մյուս ակնհայտ ձեռքբերումն արտացոլվում է լրատվության մեջ, որում մշտապես առկա է Սփյուռքի թեման: Եթե նախկինում շաբաթը մեկ անգամ էր Սփյուռքը հիշատակվում հայաստանյան լրատվության մեջ, ապա այժմ չկա այդպիսի օր, որ չխոսվի Սփյուռքի մասին: Դրան նպաստող ամենակարևոր հանգամանքը հայաստանյան ծրագրերում սփյուռքյան բաղադրիչի առկայությունն է, այսինքն` դրանք համահայկական են դարձել, ինչը նշանակում է Սփյուռքի հավերժ ներկայություն Հայաստանում: Սփյուռքը և Հայաստանը մերձեցել են, ներթափանցել միմյանց մեջ` ուժ ստանալով իրարից: Այդ ուժն ակներև դարձավ Ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում, և բոլորը համոզվեցին, որ Արցախը նաև Սփյուռքի Հայրենիքն է, և Սփյուռքը պատրաստակամ է պայքարելու Արցախի պաշտպանության համար: Դա Հայրենիք-Սփյուռք միասնականության արդյունքն էր, որը դրսևորվեց վտանգի պահին: Եվ ՀՀ 3-րդ նախագահի այն խոսքը, որ «Սփյուռքը Հայաստանի շարունակությունն է», իրականություն է դարձել: Եկե՛ք արձանագրենք, որ մենք ոչ թե ծովից ծով, այլ օվկիանոսից օվկիանոս հայություն ենք:

-Պետք է խոստովանել, որ Հայաստան-Սփյուռք կապերի և միասնականության ամրապնդման գործում մեծ է Ձեր անձի դերակատարությունը: Ինչպե՞ս եք կարողանում այդքան արդյունավետ աշխատել բազմաշերտ և բազմակարծիք Սփյուռքի հետ:

-Շնորհակալ եմ նման գնահատականի համար: Սփյուռքը շատ նուրբ և զգայուն է, որի հետ պետք է խոսել մեղմ, ջերմ, մարդկային և, ինչու ոչ, նաև կանացի լեզվով: Սփյուռքին չի կարելի պարտադրել, հրամայել, պահանջներ ներկայացնել, ընդհակառակը` Սփյուռքին պետք է ոգևորել և հայրենասիրություն բորբոքել, Սփյուռքը պետք է զգա, որ անհրաժեշտ է Հայրենիքին: Մեր նախարարությունը ձգտում է այդ մոտեցմամբ աշխատել Սփյուռքի հետ, և հավատացեք, եթե մենք այս տասը տարիների ընթացքում անտարբեր և անոշադիր լինեինք Սփյուռքի հանդեպ, ապա մեր ծրագրերն այդքան չէին ընդարձակվի:

-Տիկի՛ն Հակոբյան, ՀՀ-ն անցում է կատարում քաղաքական կառավարման նոր համակարգի, փոփոխվել է Սահմանադրությունը: Որպես երկար տարիների պառլամենտական և սահմանադրագետ` ի՞նչ կարծիք ունեք իրականացված սահմանադրական փոփոխոթյունների մասին, որոնց անհրաժեշտության մասին Դուք խոսել եք դեռևս 2006թ. տպագրված Ձեր «Պառլամենտը և պառլամենտարիզմը Հայաստանի Հանրապետությունում» գրքում:

-Հայաստանի պետական կառավարման համակարգը կիսանախագահականից անցում է կատարում խորհրդարանականի: Որպես սահմանադրագետ և պառլամենտական իրավունքի մասնագետ` ուրախ եմ, որ ժամանակին հնարավորություն եմ ունեցել զբաղվելու այդ ոլորտով և հեղինակելու «Պառլամենտը և պառլամենտարիզմը Հայաստանի Հանրապետոթյունում» մենագրությունը, որից որպես դասագիրք այսօր սիրով օգտվում են ուսանողները: Նաև շատ ուրախ եմ, որ այդ գրքում արված իմ վերլոծոթյուններից, եզրակացություններից ու հարցադրումներից շատերը տեղ են գտել 2015թ. դեկտեմբերի 6-ին փոփոխված ՀՀ Սահմանադրության մեջ: Կարծում եմ` կառավարման նոր մոդելի ներդրումը կապահովի ՀՀ զարգացման կայուն և ձեռքբերումներով լի ուղի:

-Չե՞ք կարոտում խորհրդարանական աշխատանքին և կուզենայի՞ք արդյոք վերադառնալ:

-Շատ եմ կարոտում պառլամենտական աշխատանքին, այն շատ հետաքրքիր է, հատկապես այն պարագայում, երբ գործընկերներդ ևս ոգևորված և արդյոնավետ են աշխատում: Կցանկանայի՞ վերադառնալ` այո:

-Տիկի՛ն Հակոբյան, Դուք անկախ Հայաստանի կերտման ակտիվ մասնակիցներից եք, որո՞նք եք համարում անկախության տարիների Ձեր ամենակարևոր ձեռքբերումները:

-Ամենահիշարժան տարեթիվն ու օրն իմ կյանքում 1991թ. սեպտեմբերի 21-ն է, քանի որ մասնակցել եմ անկախ Հայաստանի Հանրապետության հռչակմանը ոչ միայն որպես քվեարկող, այլ նաև որպես հանրաքվեի արդյունքները հաստատող պառլամենտի անդամ: Ես չեմ կարող նկարագրել հոգեկան, բարոյական, քաղաքական, համազգային այն ոգևորությունը, որ ապրում էր այդ պահին ողջ հայ ժողովուրդը աշխարհի տարբեր ծագերում: Եվ, բնականաբար, ես իմ առջև նպատակ դրեցի ծառայելու իմ երկրին` արդեն անկախ Հայաստանի պայմաններում: Այդ ժամանակ ես ընտրվել էի ՀՀ գերագույն խորհրդի պատգամավոր, իսկ դա նշանակում էր, որ պետք է մասնակից լինեի անկախ պետության կառուցմանը, օրենսդրական հիմքերի ստեղծմանը, այսինքն` պետք էր մշակել օրենքների նախագծեր: Լինելով մաթեմատիկոս` իմ գլխավոր նպատակը դարձավ ձեռք բերել նաև իրավաբանական գիտելիքներ: Այդ նպատակով ընդունվեցի և գերազանցությամբ ավարտեցի ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը, որին հաջորդող 20 տարիների ընթացքում որպես պառլամենտի անդամ` հեղինակեցի 100-ից ավելի օրենքներ: Կարծում եմ` դա է եղել իմ գլխավոր ներդրումը ՀՀ պետականության կայացման գործում:
Իմ կարևոր գործերից մեկը փառահեղ հորս գաղափարի իրականացմանն օժանդակելն էր: Նա կարողացավ իր գիտելիքներով, փորձով, իր մարդկային կերպարով 1993 թվականին, երբ երկիրը գտնվում էր սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակում, Գավառում ստեղծել պետական համալսարան: Նրա նպատակն էր հիմնադրել հենց պետական համալսարան, քանի որ ժողովուրդը հավատում էր պետական համալսարանի գաղափարին, իսկ այդ տարիներին Գեղարքունիքի մարզից գալ, հասնել Երևան և կրթություն ստանալ, քչերն էին կարողանում: Այդ պատճառով նա որոշեց ստեղծել պետական բուհ հենց մարզում: Արդյունքում` ստեղծվեց կրթական, գիտական, մշակութային, երիտասարդական կենտրոն, որն իրականացնում է բազմաթիվ եվրոպական ծրագրեր: Տարիներ շարունակ ես սիրով դասավանդում եմ Գավառի պետական համալսարանում: Իմ հպարտության առարկան նաև անօրինականությունից, կոռուպցիայից և այլ անընդունելի երևույթներից զերծ ուսումնական հաստատությունն է:
Չեմ կարող չնշել ամերիկահայ բարերար Ռիթա Պալյանի հետ հայ կանանց առողջության խնդիրները լոծելու, հայ ընտանիքին նպաստ բերելու նպատակով Հայ ամերիկյան առողջության կենտրոնի հիմնադրման փաստը: Ուրախ եմ, որ տարիների ընթացքում փոքրիկ կենտրոնը վերաճեց հզոր առողջապահական հաստատության, որը ցուցաբերում է միջազգային չափանիշներին համապատասխանող առողջապահական օգնոթյուն և սպասարկում հայ կանանց, ինչպես նաև տղամարդկանց` փրկելով բազում կյանքեր: Կենտրոնը շահել է բազում մրցանակներ եվրոպական բարձր չափանիշերին համապատասխան գործունեություն ծավալելու համար: Կենտրոնի առաքելություններից է նաև կրթող գործառույթի իրականացումը` հասարակական գիտակցության մեջ արմատավորելով այն գաղափարը, որ պետք է պարբերաբար` տարին մեկ անգամ, չունենալով անգամ որևէ գանգատ, այցելել բժշկի և ստուգվել` խուսափելով հետագա հնարավոր բարդոթյուններից:
Հաջորդը, որի մասին կուզենայի խոսել, երիտասարդական պառլամենտի ստեղծումն էր Հայոց խորհրդարանում, որը նախաձեռնեցի` որպես ՀՀ Ազգային ժողով գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ: Պատգամավորական երկարամյա գործոնեոթյունը հոշեց, որ երիտասարդներին պետք է պատրաստել պառլամենտական աշխատանքին, քանի որ որևէ կրթական հաստատություն չկա, որը սովորեցնում է պառլամենտական աշխատանքի սկզբունքները, իսկ սկսնակ պատգամավորից իսկական պատգամավոր դառնալու համար երկար տարիներ են պետք:
Եվ վերջապես` անկախության տարիների ձեռքբերումն եմ համարում ՀՀ սփյուռքի նախարարության ստեղծումը, խոշոր կառույց, որը և՛ պետական-քաղաքական, և՛ համազգային նշանակություն ունի: Մեր մշակումները, օրենսդրության ստեղծումը միտված են լուծելու նախագահի կողմից մեր առջև դրված երեք կարևորագույն խնդիրները` նպաստել հայապահպանոթյանը, բացահայտել Սփյուռքի ներուժը և այն ուղղել ՀՀ տնտեսության զարգացմանը և երրորդ` մշակել հայրենադարձությանը աջակցող ծրագրեր: Ահա այս երեք քաղաքական, պետական, ռազմավարական խնդիրներից ելնելով` մենք սկսեցինք իրականացնել մեր ծրագրերը: Ես ուրախ եմ, որ ստեղծվեց այս կառույցը, որը մենք պետք է փորձենք էլ ավելի զարգացնել, հզորացնել և դարձնել համահայկական:

-Տիկի՛ն Հակոբյան, յուրաքանչյուր տարի մարտի 8-ից ապրիլի 7-ը նշում ենք կանանց նվիրված գարնանային միամսյակը: Ձեր կարծիքով` ի՞նչ փոփոխոթյուններ է կրել հայ կինը և ի՞նչը` պահպանել:

-Հայ կինը բոլոր ժամանակներում եղել է առաջադեմ, ընտանիքում ստանձնել թե՛ Անահիտի, թե՛ Աստղիկի դեր. հայ կինը մայրոթյան և պտղաբերոթյան, սիրո և հանդուրժողականության խորհրդանիշ է, նա միշտ եղել է իր ամուսնու, իր հոր, եղբոր ու որդու կողքին, նրանց զորակիցն ու ընկերը: Եվ կարծում եմ` հայ կնոջ փայլուն օրինակները, ինչպիսին Փառանձեմը, Ռոզանը, Սոսե մայրիկն են, Արցախյան ազատամարտի մերօրյա հերոսուհիները, խոսում են այն մասին, որ հայ կինն օժտված է բարոյական բարձր արժեքներով, նվիրվածությամբ, հայրենասիրությամբ:
Մյուս կողմից` պետք է նկատել, որ խորհրդային տարիները, ապա անկախ Հայաստանը հնարավորություն տվեցին հայ կնոջը որոշակիորեն թոթափել կենցաղային հոգսերը և ավելի շատ ժամանակ հատկացնել կրթությանը: Հայ կանայք դարձան ավելի կիրթ, կարող, զարգացած, կայացան` որպես գիտնականներ, մասնագետներ, մշակույթի և այլ ոլորտների գործիչներ, և, իհարկե, թեթևացրին նաև տղամարդկանց հոգսը: Ներգրավվելով տարբեր ոլորտներում` կանայք մասնակից դարձան Հայաստանի պետականաշինության գործին, և այսօր չկա որևէ ոլորտ, որտեղ մենք չտեսնենք հայ կնոջ ասելիքն ու ձեռագիրը:
Սիրով շնորհավորում եմ աշխարհի բոլոր ծայրերում ապրող ու արարող հայ կանանց տոնական միամսյակը, մաղթում խաղաղ, ներդաշնակ ու երջանիկ կյանք: Թող հայ կինը շարունակի մշտապես նեցուկ լինել հայ տղամարդուն, գործընկերոջը, զինվորին, սպային, մեր քաղաքական-պետական ղեկավարոթյանը` օգնելով հզորացնել Հայոց պետությունն ու պետականությունը: Հայ կինը պահպանել է ազգային ավանդույթներն ու դիմագիծը և այսօր էլ շարունակում է լավագույնս իրականացնել իր կարևորագույն առաքելությունը` կրթել ու դաստիարակել նոր սերունդ` զինված այն բարձր արժեքներով, որոնք դարեր շարունակ մեզ հայ են պահել, ավելացնելով սեր, բարություն ու հանդուրժողականություն:

-Դուք Ձեր օրինակով ցույց եք տալիս, թե ինչպես կարող է հայ կինն օգտակար լինել իր Հայրենիքին, զբաղվել ժողովրդի, պետության համար կարևոր գործունեությամբ, խնդիրներ լուծել: Որպես հայ կին գործիչ` ինչպե՞ս է ընթացել Ձեր ճանապարհը, և կխնդրեմ մի փոքր պատմեք Հայ կանանց միջազգային միության աշխատանքների մասին, որի նախագահն եք:

-Ընդհանրապես, ես այն կարծիքին եմ, որ կին, թե տղամարդ, պետք է իր կարողությունների, գիտելիքների, ընդունակությունների, հնարավորությունների սահմաններում գործի: Ես չեմ ընդունում այն գաղափարը, որ կինը զուտ իր սեռային պատկանելության համար պետք էառավելություններ ունենա և զբաղեցնի պաշտոններ: Առավել կարևոր է այն խնդիրը, թե տվյալ անձը` որպես մասնագետ, իր տեղում է, թե ոչ: Ես` որպես կին, իմ աշխատանքային կենսագրոթյունը կառուցել եմ այդ սկզբունքով, և երբևէ չեմ կարծել, թե եթե ես կին եմ, ուրեմն ինձ պետք է արտոնություններ տրվեն: Եթե կինն իր աշխատանքը լավ է կատարում, իր գործի գիտակն է, ապա ցանկացած տղամարդ ղեկավար կամ գործընկեր հարգանքով ու լուրջ է վերաբերվում նրան, չի փորձում թերագնահատել: Ես դա կարող եմ փաստել իմ աշխատանքային փորձով: Չեմ հիշում որևէ դեպք, որ տղամարդիկ ինձ խոչընդոտեն, ուշադրություն չդարձնեն իմ բարձրացրած հարցերին կամ չգործակցեն ինձ հետ: 

Ինչ վերաբերում է Հայ կանանց միջազգային միոթյան աշխատանքներին, ապա պետք է նշեմ, որ միոթյան շրջանակներում ևս մենք հաճախ ենք քննարկումներ ունենում հասարակության մեջ կնոջ դերի բարձրացման վերաբերյալ: Մենք տարբեր ձևաչափերով ծրագրեր ենք իրականացնում հատկապես Սփյուռքի կանանց հետ: Ես նաև Հայ կանանց միջազգային միության հիմնադիրներից եմ Բոստոնում: Նմանատիպ կառույց գործում է նաև Հայաստանում: Հայ կանանց միջազգային միությունը յուրաքանչյուր երեք տարին մեկ անգամ համաժողովներ է գումարում, որոնք համախմբում են աշխարհի տարբեր ծագերում ապրող հայուհիներին: Սա շատ կարևոր ցանց է, որի շնորհիվ հայ կանայք շփվում են միմյանց հետ և համագործակցում:

-Տիկի՛ն Հակոբյան, մի ամբողջ կյանք եք ապրել, երջանկության և ափսոսանքի ինչպիսի՞ խոհեր ունեք:

-Ես երջանիկ եմ, որ ծնվել եմ Հրանտ Հակոբյանի և Թերեզա Օհանյանի ընտանիքում, ունեցել օրինակելի, տաղանդավոր ծնողներ, ովքեր իրենց երեխաներին ճիշտ են դաստիարակել: Իմ անցած ճանապարհը և՛ բարդ է եղել, և՛ հետաքրքիր: Ես երբեք չեմ հեռացել իմ ընտանիքից ինձ փոխանցված արժեքներից և չեմ ընկճվել: Եվ այսօր կարող եմ ասել, որ կրկին կանցնեի նույն ճանապարհը: Իմ անցած ճանապարհի որևէ հատվածի համար չեմ ափսոսում, որովհետև եթե անգամ սխալներ եմ թույլ տվել, ապա դրանք աշխատանքի արդյունք են եղել, քանի որ միայն չաշխատող մարդը չի սխալվում: Ես քչով բավարարվող մարդ եմ կենցաղային հարցերում, սակայն ձգտում եմ առավելագույնին աշխատանքում:
Երջանիկ եմ, որ այն մեծ ընտանիքի անդամն եմ, որ կազմել են քույրերս ու եղբայրս: Ես, մեծ հաշվով, ունեմ 8 երեխա` իմ քույրերի և եղբոր երեխաները, ում հետ ամեն օր շփման մեջ եմ, տեղյակ եմ նրանց կրթական, աշխատանքային և այլ խնդիրների մասին, ինչպես նաև նրանց ավագ խորհրդատուն եմ, և նրանք ինձ ավելի շատ են լսում, քան իրենց ծնողներին (ժպտում է): Ափսոսում եմ, որ ժամանակս չի բավարարում նրանց հետ ավելի շատ ժամանակ անցկացնելու համար:
Երջանկությունն անընդհատ կամ կայուն հոգեվիճակ չէ: Երջանկության պահերն ըմբոշխնում ես, երբ օգտակար գործ ես կատարում, օգնում կարոտյալին, աշխատանքիդ արդյունքն ես տեսնում: Ես այն երջանիկ մարդկանցից եմ, ով բախտ է ունեցել մասնակցելու անկախ Հայաստանի կառուցմանն առաջին օրերից, ոգևորվելու Հայրենիքի հաջողություններով և ափսոսալու կորուստների ու թերությունների համար:

-Եվ վերջին հարցը. եթե կախարդական փայտիկ ունենայիք, ի՞նչը կփոխեիք կյանքում:

-Եթե կախարդական փայտիկ ունենայի, ապա սեր, ջերմություն, բարություն և խաղաղություն կավելացնեի մեր երկրում, ողջ հայությանը կհամախմբեի մեկ գաղափարի շուրջ, որն է` Հայաստանի հզորացում և Արցախի անվտանգության ապահովում: Եվ ինչպես Շիրազն է ասում` «Միակ ճամփան փրկության` հայե՛ր դեպի Հայաստան»:


Հարցազրույցը` Սուսաննա Թամազյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...