10:22
12/10/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Հոգեկան առողջության պահպանման մեջ շատ մեծ դեր ունեն հիվանդի հարազատները

2018-05-05 13:05

ԳԱԳԻԿ ՄԻՐԻՋԱՆՅԱՆ

«Դե Ֆակտո » N 142 ( 03/2018թ.) 

Ամբողջ աշխարհում միլիոնավոր մարդիկ տառապում են հոգեկան խանգարումներով: Հոգեկան հիվանդությունը մարդու օրգանիզմի կենսագործունեության ընդհանուր խանգարում է, որը բնորոշվում է գլխուղեղի և նրա հիմնական ֆունկցիայի` հոգեկան գործունեության փոփոխություններով:
Ըստ Համաշխարհային առողջապահության կազմակերպության տվյալների, յուրաքանչյուր չորս մարդուց մեկը իր կյանքի որևէ հատվածում ձեռք է բերում հոգեկան խանգարում:
Յուրաքանչյուր երկրում բնակչության մոտ 10%-ն ունի հոգեկան խնդիրներ: Հայաստանում նման մարդկանց թիվը կազմում է մոտ 45-50 հազար:
Հոգեկան հիվանդությունների առաջացման պատճառների, կլինիկական տարբեր ձևերի, կենտրոնի շենքային պայմանների և առաջիկա ծրագրերի մասին զրուցեցինք Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի տնօրեն Գագիկ Միրիջանյանի հետ:


 -Պարո՛ն Միրիջանյան, մեծ է Ձեր ներդրումն առողջապահության ոլորտում, լինելով երիտասարդ` բավականին հարուստ աշխատանքային կենսագրություն ունեք, մի փոքր կներկայացնե՞ք Ձեր անցած աշխատանքային ուղին:

-Ծնվել եմ բժշկի ընտանիքում, ինձ համար դեռ մանկուց հոգեհարազատ էր բժշկի մասնագիտությունը և համոզված էի, որ ընտրելու եմ հենց այդ մասնագիտությունը:
Ավարտելով Լև Տոլստոյի անվան թիվ 128 միջնակարգ դպրոցը ընդունվել եմ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի բուժական ֆակուլտետը, որից հետո ընդունվել և ավարտել եմ հենց նույն համալսարանի օրդինատուրան` հանրային առողջություն և առողջապահության կառավարման բաժնում: Աշխատանքային կենսագրությունս սկսել եմ բԺշկական համալսարանից` զբաղեցնելով տարբեր պաշտոններ` լաբորանտից մինչ փոխդեկան:
Այնուհետև` տարիներ անց, աշխատանքային ուղիս ուսումնական հաստատության կառավարման մարմնից շարունակեցի գործադիր մարմնում: 2015 թվականի փետրվարին նշանակվեցի Առողջապահության փոխնախարարի պաշտոնում, երկու տարի անց` 2017 թվականին տեղափոխվեցի «Նորք» հոգեբուժական կենտրոն, չանցած կարճ ժամանակ ստանձնեցի «Նուբարաշեն» հոգեբուժական կենտրոնի տնօրենի պաշտոնը, որն այժմ կոչվում է Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն:

-Երկու հոգեբուժական կենտրոնների («Նորք» և «Նուբարաշեն») միաձուլման արդյունքում ստեղծվեց Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնը, ինչո՞ւ երկու բուժհաստատությունները միաձուլվեցին, ո՞րն էր նպատակը:

-Միաձուլման արդյունքում մեր կենտրոնը դուրս եկավ հիվանդանոց հասկացողությունից, այստեղ այսուհետև բացի բուժական պրոցեսներից, կատարվելու են հետազոտական աշխատանքներ, ներդրվելու է աշխատանքային թերապիա, և որ ամենակարևորն է, այս բոլոր աշխատանքները պետք է վերանայել գործող իրավական նորմատիվ ակտի դաշտում: Երկու հոգեբուժական կենտրոնների միաձուլումից հետո, մենք ուշադրություն ենք դարձրել, որ անվան մեջ չշեշտենք հոգեբուժարան բառը, քանի որ հոգեկան առողջությունը բազմաշերտ, բազմաֆունկցիոնալ հասկացողություն է և կախված է ոչ միայն բուժական պրոցեսից, այլ նաև հարազատների իրավիճակից, հիվանդի սոցիալական վիճակից, հասարակության տրամադրվածությունից և արդյունքում փորձելու ենք կոտրել ստիգման:
Ցանկանում ենք, որ մեր կենտրոնում լինի կոլեկտիվ բուժում, այսինքն` հոգեկան խնդիր ունեցող հիվանդի հետ աշխատի ոչ միայն հոգեբույժը, այլ նաև թերապևտը, նյարդաբանը և կլինիկական հոգեբանը: Կենտրոնում նախատեսել ենք կատարել հոգեբուժության կլինիկական հետազոտություններ, պարզել հոգեկան հիվանդությունների պատճառները, դրսևորման ձևերը, ընթացքը և մշակել բուժման, կանխարգելման միջոցներ, ստեղծել հիվանդների օգնության կազմակերպման համակարգ` ներառելով աշխատանքային և արտ թերապիան: Արտ թերապիան դա հիվանդի շփումն է արվեստի` նկարչության, երաժշտության, և աշխատանքի հետ, այսինքն` այն հիվանդները ովքեր գործունակ, են կարող են աշխատել և իրենց ժամանակը հագեցած անցկացնել:
Բուժական հիմնարկների միաձուլման արդյունքում ունեցանք նաև ֆինանսական միջոցների մեծ տնտեսում, որոնք կուղղորդենք այս ոլորտների զարգացմանը:
Աշխատելով ՀՀ առողջապահության նախարարության և գլխավոր հոգեբույժի ինստիտուտի հետ միասին կձեռնարկենք բոլոր հնարավոր քայլերը, որպեսզի փորձենք շտկել այն իրավիճակը, որն այժմ ունենք և մոտակա ժամանակներում կունենանք շոշափելի արդյունքներ այս բնագավառում:

 

-Պարո՛ն Միրիջանյան, մասնագետների խնդիր ունե՞ք:

-Ասեմ, որ այս պահին կենտրոնում մասնագետների խնդիր չունենք: «Նորք» հոգեբուժական կենտրոնից գրեթե բոլոր մասնագետները տեղափոխվել են այստեղ:

 

-Եթե համեմատենք տարիներ առաջ և այսօր, արդյո՞ք հոգեկան առողջության հետ խնդիրներ ունեցող հիվանդների թիվն ավելացել է:


-Շատ ցավալի է, սակայն հոգեկան առողջության հետ խնդիրներ ունեցող մարդկանց թիվը գնալով աճում է: Ժամանակակից կյանքի առանձնահատկությունները, նյարդային գերծանրաբեռնվածությունը, կյանքի սոցիալական պայմանների բարդացումը, ինչպես նաև ժառանգական նախատրամադրվածությունը, գլխուղեղի վնասվածքները, հոգեկան տրավմաները, թունավորումները (ալկոհոլ, նարկոտիկ) առաջացնում են հոգեկան հիվանդության կլինիկական տարբեր ձևեր և նպաստում այդ հիվանդությունների աճին: Եթե համեմատենք այս տարվա տվյալները անցյալ տարվա տվյալների հետ, ապա այսօր 55 տոկոս հիվանդների աճ ենք ունեցել, և դա բնավ կապված չէ «Նորք» հոգեբուժական կենտրոնի միացման հետ, քանի որ այնտեղից տեղափոխվել են ընդամենը 30 հիվանդ:

-Ըստ նորմատիվային դաշտի, հիվանդը հոգեբուժարանում կարող է մնալ 24-36 օր սուր դեպքերի ժամանակ, եթե այդ ժամանակահատվածում հիվանդը լիովին չի ապաքինվում, ապա արդյո՞ք հավելյալ մնալու դեպքում հարազատները պետք է վճարեն:

-Շատ է խոսվում այս թեմայով. ես հաստատակամ ասում եմ, օր 36 օրը լրանալուց հետո հավելյալ մնալու համար հիվանդի հարազատները չեն վճարում, սակայն ունենք վճարովի ծառայություններ, որը հիվանդի հարազատների նախընտրությունն է, ըստ օրենքի բուժօգնությունն ամբողջությամբ անվճար է:
Վճարովի ծառայություններից կօգտվեն այն մարդիկ, ովքեր օրենքի սահմանում չեն ցանկանում օգտվել իրենց հատկացված անվճար օգնությունից: Այժմ մշակվում են այլ վճարովի ծառայությունների մեխանիզմներ, որը նաև հարազատների ցանկությունն է: Վճարովի ծառայություններից գանձված գումարները կկարողանանք օգտագործել կենտրոնի բարեկեցության և զարգացման համար:

-Ի՞նչ քայլեր են ձեռնարկվում, որպեսզի հիվանդության վաղ շրջանում մարդիկ դիմեն հոգեբույժի, քանի որ ուշ դիմելու պարագայում, ինչպես բոլոր հիվանդությունների ժամանակ, դժվարանում է բուժումը:

-Ցանկացած հիվանդին ընդգրկել բուժման գործընթացում շատ բարդ է, պետք է փորձենք հասարակության մեջ կոտրել այն կարծրատիպը, որ հոգեբույժին դիմելն ամոթ է: Բավականին բարդ աշխատանք պետք է տարվի այդ կարծրատիպը կոտրելու համար, մենք այժմ փորձում ենք քայլեր ձեռնարկել հիվանդին ավելի վաղ բուժման գործընթացում ընդգրկելու համար:

-Այսօր ինչպիսի՞ վիճակում են շենքային պայմանները և կենտրոնում կա՞ն համապատասխան բուժ. սարքավորումներ:

-Այսօր կենտրոնն ունի բժշկական սարքավորումների խնդիր, մասնավորապես լաբորատոր հետազոտություններ իրականացնելու համար, ինչպես նաև չունենք մինիմալ գործիքային հետազոտություններ իրականացնելու համար համապատասխան սարքավորումներ` էլեկտրասրտագիր, սոնոգրաֆիա, ռենտգեն, լաբորատորիա:
Այս տարի նախատեսել ենք տնտեսված գումարներով կատարել շենքային պայմանների, ինչպես նաև համապատասխան բուժ.սարքավորումների բարելավում: Հունիսի մեկին արդեն կունենանք վերանորոգված զորակոչային բաժանմունք, առողջանային բաժանմունք` հիսուն մահճակալային ֆոնդով, ընդունարան և out-source վերը նշված ծառայություններ:

-Այժմ բավականին շատացել են ինքնասպանություն գործողների թիվը, ի՞նչ աշխատանքներ պետք է տարվեն կրճատելու այդ ցուցանիշը:

-Պետք է ասեմ, որ ամբողջ աշխարհում է ինքնասպանության դեպքերը շատացել, փորձը ցույց է տալիս, որ ինքնասպանության գործող մարդկանց մեծ տոկոսն ունեն առողջ բանականություն:
Այդ քայլին դիմելիս մարդու վրա ազդում են տարբեր գործոններ. այդ դեպքերը պետք է մանրամասն ուսումնասիրվեն, այդ իսկ պատճառով, մենք կփորձենք համագործակցել այլ գերատեսչությունների հետ խնդիրը փոքր-ինչ մեղմելու համար: Խնդիրն իրոք համաշխարհային բնույթ ունի և ցավալի է, որ այն նաև ակտուալ է մեր երկրի համար:

-Ձեր կենտրոնում բուժվում են միայն մեծահասակնե՞րը, թե՞ երեխաններ էլ կան:
-Մենք սպասարկում ենք թե՛ երեխաններին և թե՛ մեծահասակներին: Այսօր բոլոր հիվանդությունները գնում են դեպի երիտասարդացում: Նույնը նաև վերաբերվում է հոգեկան հիվանդություններին:

-Բավականին բարդ աշխատանք է կատարում կենտրոնի մասնագիտական աշխատակազմը, ինչպիսի՞ պայմաններ են այսօր ստեղծված նրանց համար:

-Բավականին բանիմաց և նվիրյալ աշխատակազմ է այստեղ աշխատում, մոտ 292 հոգի, ովքեր, վստահաբար կարող եմ ասել, որ ցանկացած իրավիճակում մշտապես պատրաստ են օգնել դիմացինին: Աշխատանքային առաջին իսկ օրվանից փորձեցի բարելավել նրանց ֆինանսական պայմանները: Իրականացված աշխատանքների արդյունքում կենտրոնում աշխատավարձերի բարձրացում գրանցվեց, այսօր բաժանմունքի ղեկավար հոգեբույժների աշխատավարձը բարձրացել է 20%-ով, հոգեբույժներինը` 25%-ով, իսկ քույրերինը 15%-ով: Օրինակ` հերթապահող հոգեբույժի միջին աշխատավարձը կազմում է 300-350 հազար դրամ: Գնալով աշխատավարձի այս ցուցանիշները կբարձրանան:

-Պարո՛ն Միրիջանյան, 2018 թվականի հետ կապված ի՞նչ նոր ծրագրեր կան:

-Առաջին ծրագիրը, որը ցանկանում ենք իրականացնել, դա առողջարանային բաժանմունքի ստեղծումն է, որտեղ կիրականացնենք վճարով ծառայություններ, և ինչպես նշեցի, կենտրոնում կընդգրկենք աշխատանքային և արտ թերապիան: Այն մասնագետները, ովքեր անմիջական կապ ունենք հոգեբուժության հետ, նրանց համար կկազմակերպվի կրթական ծրագրեր:
Փորձելու ենք բակային պայմանները բարեկարգել, որտեղ կլինեն խաղահրապարակներ, այդ իսկ ձևով փորձելու ենք զարգացնել մարզաթերապիան:
Պետք է առաջիկայում նաև մեծ ուշադրություն դարձնենք մասնագետների վերապատրաստման խնդրին: Մեր կենտրոնի մասնագետները մասնագիտական գիտելիքների պաշարը կլրացնեն արտասահմանյան առաջավոր երկրներում:
Ցանկանում եմ ավելացնել, որ հոգեկան առողջության պահպանման մեջ շատ մեծ դեր ունեն հիվանդի հարազատները: Մեր կենտրոնի աշխատակազմի հետ միասին փորձում ենք այնպես անել, որ մեզ մոտ բուժվող հիվանդները իրենց զգան հասարակության լիարժեք անդամ: Մեծ ուշադրություն ենք դարձնելու նաև սոցիալական աշխատողի ինստիտուտին:

-Վերջին շրջանում ՀՀ առողջապահության ոլորտում բազում փոփոխություններ են տեղի ունեցել, ըստ Ձեզ որքանո՞վ այն կանդրադառնա առողջապահական համակարգի վրա:

-Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ՀՀ առողջապահության նախարարության ողջ անձնակազմին. յուրաքանչյուր բարեփոխում, ըստ իս, տանում է ոլորտի զարգացմանն ու առաջխաղացմանը: Մեծ աշխատանք է տարվում օր օրի ոլորտում դրական տեղաշարժերի համար:

-Ամուր ընտանիքն ազգի հենասյունն է, հետաքրքիր է, մի փոքր կպատմե՞ք Ձեր ընտանիքի մասին:

-Ծնվել եմ բժշկի ընտանիքում` հայրս, ով մասնագիտությամբ վիրաբույժ է, իմ ամենալավ ուսուցիչն է:
Ամուսնացած եմ արդեն վեց տարի, ունեմ հրաշալի կին, ում անսահման սիրում եմ, և երկու հրաշք աղջիկներ:
Ես միշտ ժամանակ գտնում եմ նրանց համար և երբեք չեմ թողնում, որ աշխատանքս ներխուժի տուն:

Հարցազրույցը` Սյուզաննա Ղուկասյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...