10:55
04/24/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Մեր դպրոցի սաները երկրի հետագա զարգացման գործում մեծ ներդրումներ կունենան

2018-05-04 11:14

ՀԱՅԿԱԶՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ

«Դե Ֆակտո » N 142 ( 03/2018թ.)

52 տարի առաջ Երևանում ստեղծվեց առաջին մասնագիտացված դպրոցը, որտեղ ի սկզբանե ներկայացված էին այլ սկզբունքներ` ֆիզիկամաթեմատիկական առարկաների բարձրակարգ ուսուցում, ստեղծագործական մտքի զարգացում, անհատի ինքնուրույն մտածողություն:
Դպրոցի ամենամեծ նվաճումներից մեկն այն է, որ դաստիրակել է գիտակից և զարգացած շրջանավարտներ, ովքեր իրենց իսկ բնագավառում մշտապես եղել են լավագույնը` տարբերվելով իրենց գիտելիքներով և աշխարհընկալմամբ:
2017 թվականի ձեռքբերումների, դպրոցում սպասվող փոփոխությունների և կրթական համակարգի բարեփոխումների մասին զրուցեցինք Ֆիզմաթ դպրոցի տնօրեն Հայկազն Նավասարդյանի հետ:

 

-Պարո՛ն Նավասարդյան, եթե ամփոփելու լինենք նախորդ` 2017 թվականը, ապա ինչպիսի՞ ձեռքբերումներ կառանձնացնեք և արդյո՞ք աշակերտների մոտ գիտելիքների ձեռքբերման ձգտումը մեծացել է և ուսման որակի բարձրացում նկատվում է:

-Ամփոփելով 2017 թվականը ասեմ, որ բավականին ձեռքբերումների և միևնույն ժամանակ բարդ տարի էր մեզ համար: Բավականին շատ էին այն աշակերտները ովքեր ցանկանում էին իրենց ուսումը շարունակել մեզ մոտ. պատկերացրեք մենք ունեինք ընդունելության 120 տեղ, իսկ մեզ դիմել էին 750 դիմորդներ: Ասեմ, որ համեմատած նախորդ տարիների հետ, դիմորդների գիտելիքների որակը բարձրացել էր: Ուրախալի է այն փաստը, որ այսօր մեզ մոտ սովորող աշակերտներն արդեն իսկ կողմնորոշվել են իրենց հետագա մասնագիտացման հարցում, իսկ ցավալին այն է, որ այդ դիմորդների քանակը շատ է, իսկ մենք չունենք համապատասխան պայմաններ մեծ մասին ընդունելու համար: Ապագայում հույս ունենք, որ ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ համատեղ կկարողանանք լուծել տարածքի ընդլայնելու խնդիրը: Եթե երեխան ցանկանում է շարունակել ուսումը բնագիտական առարկաների ուղղվածությամբ, ապա ինչո՞ւ չտալ հնարավորություն: Եթե մենք ցանկանում ենք լինել աշխարհում գիտության ասպարեզում մրցունակ, բնականաբար պետք է ունենանք ժամանակակից լաբորատորիաներ` համապատասխան սարքավորումներով:

 

-Ձեր դպրոցի սաների նվաճումներն այսօր անքննելի են, տարբեր միջազգային օլիմպիադաներից վերադառնում են բազում մրցանակներով, հետաքրքիր է, այդ աշակերտները բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունվելիս որևէ առավելություն ունենո՞ւմ են:

-Մեր սաները մշտապես մասնակցում են տարբեր միջազգային օլիմպիադաների և գրանցում բազմաթիվ նվաճումներ: Փորձում ենք մեր աշակերտներին ոգեշնչել` մասնակցելու տարբեր մրցույթների թե՛ Հայաստանում, թե՛ Հայաստանից դուրս: 2017 թվականի մարտ ամսին Մայկոպ քաղաքում կազմակերպված օլիմպիադայից մեր բոլոր 4 մասնակիցները Հայաստան վերադարձան առաջին կարգի դիպլոմներով, նրանցից մեկը բացարձակ հաղթող էր ճանաչվել: Վերջերս` 2018թ. հունվարի 10-ից 16-ը, Ղազախստանի Ալմաթի քաղաքում տեղի ունեցավ Ժաուտիկովյան միջազգային 14-րդ օլիմպիադան, որտեղից ֆիզմաթցիները վերադարձան 2 ոսկե և 3 բրոնզե մեդալներով: Դպրոցականների առարկայական օլիմպիադաների կազմակերպումը ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հանձնարարել է մեր դպրոցին:
Տարեց տարի առցանց օլիմպիադաներին մասնակցողների թիվը աճում է, եթե 2012 թվականին մաթեմատիկա առարկայից ունեինք 9000 մասնակից, ապա այսօր այդ ցուցանիշը հասել է 32.000 և ընդհանրապես, 7 բնագիտամաթեմատիկական առարկաների գծով մենք հասանք այն բանին, որ մասնակիցների թիվը 19.000-ից այսօր հասել է 60.000-ի: Դա նշանակում է, որ աշակերտների հետաքրքրվածությունն ուսման նկատմամբ տարեց տարի մեծանում է. Ասեմ, որ այն աշակերտները, ովքեր մասնակցել են միջազգային օլիմպիադաներին և ճանաչվել են հաղթողներ, ՀՀ կառավարության որոշմամբ, համապատասխան բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվում են առանց քննությունների:

 

 Կարծում եմ՝ 9-րդ դասարանից արդեն հիմնական կրթությունը պետք է համարենք ավարտված,

և դրանից հետո թողնենք, որ աշակերտներն իրենք կատարեն իրենց մասնագիտական ընտրությունը:


-Ձեր դպրոցի սաները խորացված ուսումնասիրում են գիտությունը, հետաքրքիր է` ուսման ընթացքում արվեստով և սպորտով զբաղվո՞ւմ են:

-Մեր նպատակն է աճող սերնդին զինել ոչ միայն գիտելիքներով և մտավոր կարողություններով, այլ նաև կրթել բազմակողմանի զարգացած ակտիվ շրջանավարտների` նպաստելով նաև նրանց ֆիզիկական և գեղագիտական դաստիրակությանը: Համոզված կարող եմ ասել, որ այո, այսօրվա սերունդը բազմակողմանի զարգացած է: Մեր դպրոցում հաճախակի կազմակերպվում են մշակութային և սպորտային տարբեր միջոցառումներ:

 

-Պարո՛ն Նավասարդյան, կրթության ոլորտում բազում փոփոխություններ են կատարվում` որակյալ կրթություն մատուցելու, նորարարական ծրագրեր ներդնելու ուղղությամբ, ըստ Ձեզ որքանո՞վ է այն իրատեսական:

-2016 թվականից 12-րդ դասարանցիների համար կատարվեցին մի շարք փոփոխություններ: Մասնավորապես, պետական ավարտական վեց քննությունների փոխարեն այժմ շրջանավարտները հանձնում են ընդամենը երեք քննություն, ընդ որում առաջին կիսամյակի վերջում:
Ցանկալի կլիներ, որ ավագ դպրոցի ուսումնական պլանը վերանայվեր, վերացվեին ավարտական քննությունները: Նրանք ովքեր շարունակելու են ուսումը բուհերում, միևնույն է, հանձնելու են միասնական քննություններ, իսկ ովքեր չեն դիմելու բարձրագույն ուսումնական հաստատություն, նրանք արդեն ուսումնական պլանով նախատեսված դասընթացներն ուսումնասիրել են, ունեն իրենց տարեկան գնահատականները: Հետևաբար` նորից պահանջել ավարտական քննություններ, ես համարում եմ ավելորդ: Կարծում եմ 10-րդ դասարանից սկսած պետք է թեթևացնել կրթության նկատմամբ պահանջներն այն երեխաների համար, ովքեր բարձրագույն ուսումնական հաստատություններում չեն ցանկանում շարունակել իրենց ուսումը, և հակառակը, պետք է ավելի շատ մասնագիտական գիտելիքներ տալ այն աշակերտներին, ովքեր կողմնորոշվել են մասնագիտության հարցում:
Կարծում եմ` 9-րդ դասարանից արդեն հիմնական կրթությունը պետք է համարենք ավարտված, և դրանից հետո թողնենք, որ աշակերտները կատարեն իրենց ընտրությունը` թեթևացնելով ուսումնական գործընթացը: Պետք է ավագ դասարաններում կրճատվեն առարկաները` թողնելով նեղ մասնագիտական և ընդհանուր ուսուցման առարկաներ, որի արդյունքում մենք ուսման որակի մեջ միայն կշահենք:
Մենք աշխարհին ճանաչելի ենք դառնում մեր գիտնականներով` մեր կրթված սերնդով, ուստի պետք է ավելի շատ ուշադրություն դարձնենք բնական գիտությունների զարգացմանը: Համոզված եմ, որ մեր դպրոցի սաները, մեր երկրի հետագա զարգացման գործում մեծ ներդրումներ կունենան:

 
Իմ կարծիքով մենք պետք է ավելի շատ ուշադրություն դարձնենք բնական գիտություններին,

քանի որ մենք աշխարհում կարող ենք մրցունակ լինել հենց այս բնագավառում:

-Պարո՛ն Նավասարդյան, աշխատանքային հարուստ կենսագրություն ունեք, մշտապես եղել եք կրթության ոլորտում, որո՞նք եք համարում այսքան տարիների ընթացքում Ձեզ համար կարևոր ձեռքբերումները:

-Արժանացել եմ ՀՀ նախագահների բարձր գնահատականներին, «Վաստակավոր մանկավարժ» եմ, մանկավարժական գիտությունների թեկնածու: Այսօր ինձ համար մեծ հպարտություն է, որ շարունակում եմ Ֆիզմաթ դպրոցի լավագույն ավանդույթները, մեծ պատասխանատվությամբ և նվիրումով եմ մոտենում իմ աշխատանքին: 1997 թվականին հիմնադրեցի «Ուսում» ոչ պետական հանրակրթական դպրոցը: Այսօր դպրոցն իրականացնում է որակյալ կրթություն. աշակերտներին զինում է գիտելիքներով, հմտություններով, նպաստում նրանց ֆիզիկական և գեղագիտական դաստիարակությանը:
Սակայն կարծում եմ, որ յուրաքանչյուր մարդու համար ամենամեծ ձեռքբերումներից պետք է լինի նաև իր ստեղծած ներդաշնակ և համերաշխ ընտանիքը. ես ունեմ այդպիսի գեղեցիկ ընտանիք և չորս թոռնիկներ:

Հարցազրույցը` Սյուզաննա Ղուկասյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...