06:47
12/23/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Հայաստանի արեւային քարտեզն ուրվագծում է երկրի էներգետիկ անկախության հեռանկարները

2018-04-19 11:28

ՌՈՒԲԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հայաստանի վերականգնվող էներգետիկայի եւ
էներգախնայողության հիմնադրամի տնօրեն

«Դե Ֆակտո » N 142 ( 03/2018թ.)  

-Պարո՛ն Գևորգյան, վերջին տարիներին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության կողմից զարկ տրվեց վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության ոլորտների զարգացմանը, որին ուղղված ծրագրերի իրականացման գործառույթը վերապահված է Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամին, որո՞նք են այն ամենանշանակալի ծրագրերը, որ իրականացվել են հիմնադրամի կողմից:

-Իսկապես, վերջին տարիներին իրականացված բարեփոխումները էական նոր առաջընթացի և զարգացման ուղի են հաղորդել ոլորտին: Եթե երկու-երեք տարի առաջ Հայաստանում հազիվ թե կարողանայինք գտնել գեթ մեկ, քիչ թե շատ արդյունավետ աշխատող արևային ֆոտովոլտային կայան, ապա այսօր արդեն ունենք հարյուրավոր ինքնավար և չորս մինչև 1 ՄՎտ հզորությամբ կայաններ` ընդհանուր մոտ յոթ մեգավատ գումարային հզորությամբ: Վստահ եմ, որ առաջիկայում զարգացման տեմպերը ոչ միայն կպահպանվեն, այլ նաև կաճեն, քանի որ տեղացի և օտարերկրյա ներդրողները տեսնում են ոլորտում ՀՀ կառավարության կողմից իրականացվող հետևողական քայլերն ու արձանագրած արդյունքները, հասկանում են, որ վերականգնվող էներգետիկայի ոլորտում այսօր արդեն հնարավոր է և ձեռնտու է կատարել երկարաժամկետ ներդրումներ և, որ դրա համար ստեղծված են բավարար գրավիչ պայմաններ:
Ինչ վերաբերվում է հիմնադրամի կողմից իրականացված նշանակալի ծրագրերին, կուզենայի առանձնացնել Արդյունաբերական մասշտաբի արևային ֆոտովոլտային ծրագիրը: Այն իրականացվում է Համաշխարհային Բանկի ֆինանսական և տեխնիկական աջակցությամբ: 2015 թվականից ի վեր ծրագրի շրջանակում իրականացվել են Հայաստանի արևային ներուժի գնահատման ծավալուն աշխատանքներ: Ձեռք են բերվել ժամանակակից չորս լիարժեք չափիչ կայաններ, որոնք հնարավորություն տվեցին համադրելով արբանյակային տվյալները ստանալ Հայաստանի արևային ներուժի ճշգրիտ քարտեզները: Այսօր այդ քարտեզները անվճար հասանելի են բոլորին, և հնարավորություն են տալիս գնահատել արևային կայանի էլեկտրաէներգիայի արտադրությունը կոնկրետ տեղանքում և կայացնել համապատասխան ներդրումային որոշումներ: Պետք է ասեմ, որ Հայաստանը իսկապես ունի հզոր արևային ներուժ և ինձ համար ակնհայտ է, որ այդ ներուժը առավել, քան հնարավոր է և անհրաժեշտ է վերածել էներգետիկ հարստության:
Արևային ֆոտովոլտային ծրագրի շրջանակում մենք իրականացրել ենք նաև հեռանկարային տեղանքների ընտրություն, որտեղ նախատեսվում է կառուցել արդյունաբերական մասշտաբի արևային կայաններ` ընդհանուր 120 ՄՎտ հզորությամբ: Բոլոր տեղանքների համար իսպանական «Արիես» ընկերությունը պատրաստել է տեխնիկա-տնտեսական հիմնավորումների հաշվետվություններ, որոնցում մանրամասն տեղեկատվություն կարելի է գտնել ապագա կայանների կարևորագույն պարամետրերի վերաբերյալ:
Առաջին փուլում հիմնադրամը հայտարարեց ներդրողների մրցույթ 55 ՄՎտ հզորությամբ Մասրիկ-1 կայանի համար: Կայանը նախատեսվում է կառուցել Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ համայնքում և ամբողջությամբ օտարերկրյա ներդրումների ձևաչափով: Օտարերկրյա ներդրողների կողմից աննախադեպ հետաքրքրություն արձանագրվեց: Ձեռք բերվեցին յոթ տասնյակից ավել մրցույթային փաթեթներ, մրցույթի առաջին փուլին հայտ ներկայացրեցին քսան ընկերություն և կոնսորցիում, նախաորակավորման շեմը հաղթահարեցին տասը, որոնք և հնարավորություն ստացան առաջարկել իրենց տեխնիկական և ֆինանսական առաջարկները: Այն ընկերությունը կամ կոնսորցիումը, ով կառաջարկի ամենացածր էլեկտրաէներգիայի սակագինը, այն էլ կճանաչվի հաղթող: ՀՀ կառավարությունը երաշխավորում է արտադրված էլեկտրաէներգիայի գնումը հաղթող սակագնով քսան տարվա ընթացքում:
Մասրիկ-1 ծրագրի շրջանակում իրականացված ծավալուն քննարկումները և ընդունված օրենսդրական փոփոխությունները ստեղծում են նոր բարենպաստ իրավական դաշտ հետագա ծրագրերի համար և միտված են դյուրինացնել օտարերկրյա ներդրումների մուտքը տվյալ ոլորտ: Վստահ եմ, որ Մասրիկի հաջողությունը էական դրական ազդեցություն է ունենալու ընդհանուր ոլորտի զարգացման վրա:

 

-Ի՞նչ քայլեր է իրականացնում հիմնադրամը էներգախնայողության ոլորտում:

-ՀՀ կառավարությունը Համաշխարհային Բանկի օժանդակությամբ դեռ 2012 թվականից ձեռնամուխ է եղել իրականացնելու հանրային նշանակության օբյեկտների (դպրոցներ, մանկապարտեզներ, հիվանդանոցներ, վարչական շենքեր, մշակույթի տներ, բնակավայրերի արտաքին լուսավորություն և այլն) էներգախնայողության ծրագիրը: Ծրագրի շրջանակներում, ընդհանուր առմամբ իրականացվել են էներգախնայողական միջոցառումներ 64 հանրային օբյեկտներում (մոտ 160 շենքերում և 9 արտաքին լուսավորության համակարգերում): Ընդհանուր ներդրումը կազմել է 4702 մլն. ՀՀ դրամ (10.35 մլն. ԱՄՆ դոլար), տարեկան էներգախնայողությունը` 28174420 կՎտժ, CO2 արտանետումները տարեկան կրճատվումը` 7223 տոննա:
Ներկայումս հիմնադրամը ընթացիկ ծրագիր է իրականացնում չգազաֆիկացված համայնքների համար: Մենք փորձում ենք սոցիալական խնդիր լուծել այն համայնքներում, որտեղ գազի մատակարարման ենթակառուցվածք չկա: Այս ծրագրով չգազաֆիկացված համայնքների բնակիչները բանկերի և այլ ֆինանսական կառույցների միջոցով կարող են օգտվել 7-8 տոկոս տարեկան տոկոսադրույքով ու 8 տարի մարման ժամկետով արևային վահանակներ և արևային ջրատաքացուցիչներ տեղադրելու վարկավորման առաջարկից: Ծրագրի առաջին երեք ամսում արդեն բավարարվել է 320 հայտ:

-Պարո՛ն Գևորգյան, կխնդրեի մի փոքր խոսեիք հիմնադրամի հեռանկարային ծրագրերի մասին` որո՞նք են առավելապես կարևոր ուշադրության արժանի ուղղությունները:

-Տեսեք, հիմնադրամը վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության ոլորտների զարգացման միջավայր ձևավորող այն պետական կառույցն է, որի առջև դրված է կայուն էներգետիկայի լավագույն փորձառությունը ներդնելու խնդիր` Հայաստանի էներգետիկ անվտանգության և անկախության ապահովմանը նպաստելու համար: Այդ առումով բոլոր այն հեռանկարային ծրագրերը և գաղափարները, որոնք ուղղակի կամ անուղղակի բերում են նշված արդյունքին մեր ուշադրության կենտրոնում են: Մենք փորձում ենք նորարարական ֆինանսական գործիքներ ստեղծել շուկայում, որպեսզի խթանենք շուկայի զարգացմանը և ոլորտում ներդրումների ներգրավմանը: Մենք փորձում ենք լայնացնել համագործակցության շրջանակը մեր գործընկերոջ հետ, որպեսզի կարողանանք միջազգային լավագույն փորձը և տեխնոլոգիաները բերենք Հայաստան: Մենք շարունակական տեխնիկական և ֆինանսական աջակցություն ենք տրամադրում համայնքներին, բնակչությանը և տնտեսվարողներին վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողական առավելություններից օգտվելու համար: Մենք շարունակելու ենք ակտիվորեն աշխատել Հայաստանում փոքր հիդրոէլեկտրակայանների, երկրաջերմային և հողմային էներգետիկայի զարգացման ուղղությամբ, փորձելու ենք մեր լուման ունենալ ոլորտում հայկական նորարարական լուծումների ստեղծման և տարածման գործում: Շարունակելու ենք էներգախնայողական ծրագրեր իրականացնել մարզերում, դրանով իսկ անուղղակիորեն բարելավելով մեր երկրի բնակչության կյանքի որակը:
Վստահ եմ, որ հիմնադրամի տաս տարուց ավելի գործունեության կուտակած փորձը, ֆինանսական, տեխնիկական և մասնագիտական կարողությունները հնարավորություն կտան մեզ արձանագրել նոր հաջողություններ ի նպաստ մեր երկրի զարգացման:

Հարցազրույցը` Սուսաննա Թամազյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...