15:49
03/28/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Մենք էներգետիկայի բնագավառում իրականացնում ենք վերջին 15 տարիների ամենախոշոր ռեֆորմը

2018-04-13 10:48

 Հարցազրույց` ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանի հետ

  «Դե Ֆակտո » N 142 ( 03/2018թ.)


  

 ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության ռազմավարությունն ու հայեցակարգային առաջնահերթությունները:  

 


-Պարո՛ն Հարությունյան, վերջին մեկ տարվա ընթացքում ՀՀ էներգետիկայի ոլորտում լուրջ բարեփոխումներ են իրականացվում: Ի՞նչ ուղի է ընտրվել Հայաստանի էներգետիկ ոլորտի զարգացման համար ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության կողմից:


-Եթե խոսենք ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության էներգետիկայի բնագավառում որդեգրած ռազմավարության մասին, ապա այդ ուղղությամբ զգալի փոփոխություններ չեն իրականացվել: Էներգետիկ անվտանգության ապահովման հայեցակարգի համաձայն` մենք ունենք չորս առաջնահերթություն` վերականգնվող էներգետիկա, էներգաարդյունավետություն, տարածաշրջանային ինտեգրացում և էներգակիրների մատակարարման ուղիների դիվերսիֆիկացում ու ատոմային էներգետիկայի զարգացում: Մեր բոլոր ծրագրերը միտված են այս չորս ուղղությունների զարգացմանը:
Նախորդ տարի մենք հիմք դրեցինք Հայաստանի էներգետիկայի բնագավառում վերջին 15 տարիների ամենախոշոր ռեֆորմի իրականացմանը, խոսքը ՀՀ էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացման և միջպետական առևտրի զարգացման ծրագրի և դրան միտված քայլերի մասին է, ըստ որոնց` նախատեսվում է առաջիկա տարիներին իրականացնել Հայաստանի էներգետիկ շուկայի աստիճանական ազատականացում, որի համար անհրաժեշտ է անցում կատարել շուկայի նոր մոդելի, ինչը կնպաստի մեծածախ և մանրածախ շուկաների արդյունավետության բարձրացմանը, իսկ միջպետական առևտրի խթանումը հնարավորություն կընձեռի ներքին շուկայում ունենալ մրցակցության որոշակի տարրեր:

Անցումն էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացմանը` կոնկրետ քայլերով:


-Ի՞նչ է դա ենթադրում, խնդրում եմ ներկայացնեք կոնկրետ քայլերը:


-Տեսեք` արտադրության հատվածում մենք ունենք մի քանի հարյուր խաղացող` 184 փոքր ՀԷԿ, 300-ից ավել ինքնավար (արևային) արտադրող, 2 մեծ հիդրոէլեկտրակայանների համալիր, 1 ատոմակայան, 3 ջերմային կայաններ: Շուկայի ազատականացում ասելով` նկատի ունենք դասական բիզնես միջավայրի, շուկայական պայմանների ապահովում: Դա ենթադրում է, որ առաջինը` մեր էներգետիկ շուկայում բացի «Հայկական էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ից, կլինեն այլ մատակարարներ, այսինքն` սպառողը կարող է ընտրել, թե ումից գնել էլեկտրաէներգիա: Երկրորդ` ՀԷՑ-ը կմնա երաշխավորված մատակարար, այսինքն` եթե սպառողը ցանկություն չունի օգտվել այլընտրանքային մատակարարից, ապա նա մշտապես կունենա ՀԷՑ-ից օգտվելու հնարավորություն, որը կշարունակի շուկայի կարգավորվող գներով էլեկտրաէներգիա մատակարարել:
Երրորդը` խոշոր սպառողներին, ում օրենքում կոչում ենք որակավորված սպառողներ, թույլ է տրվելու պայմանագրային հիմունքներով ուղղակիորեն էլեկտրաէներգիա գնել արտադրողից, ներմուծել այն, եթե ավելցուկ են ունենում, վաճառել մեծածախ շուկայում, և այստեղ «Հայկական էլեկտրական ցանցերը» ծառայելու է միայն որպես բաշխիչ, այլ ոչ մատակարար, և հետևաբար` վճարում կատարվելու է միայն բաշխման գործառույթի համար: Այսինքն` տարանջատվելու են ՀԷՑ-ի բաշխման և մատակարարման գործառույթները, և դրանցից յուրաքանչյուրի իրականացման համար սահմանվելու է առանձին սակագին:
Չորրորդը` ձևավորվելու է էլեկտրաէներգիայի շուկա, այսպես ասած` էլեկտրաէներգիայի բորսա: Այսինքն` եթե արտադրող ընկերություններն ունենան էլեկտրաէներգիայի ավելցուկ, ապա կկարողանան այն օր առաջ վաճառել այդ շուկայում:
Հաջորդը` թրեյդերները ստանալու են նոր լիցենզիա, որը կոչվելու է մեծածախ առևտրով զբաղվող ընկերության լիցենզիա: Վերջինիս առանձնահատկությունն այն է, որ ընկերությունը մեկ լիցենզիայով հնարավորություն կունենա էլեկտրաէներգիա ներմուծել, արտահանել և վաճառել մեծածախ շուկայի մասնակիցներին: Այսինքն` մենք միավորել ենք ներմուծման և արտահանման լիցենզիաները, սահմանել մեկը` երկուսի փոխարեն, ինչպես նաև նվազեցրել լիցենզիայի արժեքը: Եթե նախկինում յուրաքանչյուր լիցենզիան արժեր 5 միլիոն դրամ, ապա այժմ երկու գործառույթ իրականացնող լիցենզիայի արժեքը ընդամենը 1 միլիոն դրամ է: Այսինքն` նույն գործառույթը, որը նախկինում իրականացվում էր 10 միլիոն դրամով, այժմ այն կազմում է 1 միլիոն դրամ: Այս բարեփոխմամբ մենք խթանում ենք մասնավոր ընկերությունների մուտքը էլեկտրաէներգետիկական շուկա: Դա նաև կնպաստի հարևան երկրների հետ առավել արդյունավետ աշխատելուն և ավելի էժան գնով էլեկտրաէներգիա ներմուծելուն ու ավելի թանկ գնով արտահանելուն:
Սրանք են էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացմանը միտված այն հիմնական փոփոխությունները, որ մենք կատարել ենք և որոնցից պետք է բխեն մի շարք նոր փաստաթղթեր, որոնք կմշակվեն մինչև 2020թ. հունվարի 1-ը և շուկան կսկսի գործել նոր մոդելով:
Վերականգնվող էներգետիկայի ոլորտում ՀՀ օրենսդրական կարգավորումներն աշխարհում լավագույնն են:

-Բարեփոխումներ են իրականացվել նաև վերականգնվող էներգետիկայի ոլորտում: Ի՞նչ են ենթադրում դրանք:

-Մենք վերականգնվող էներգետիկայի ոլորտում 2017թ. իրականացրել ենք օրենսդրական բարեփոխումներ` ուղղված ինքնավար էներգաարտադրողների գործունեության իրականացման վարչարարության պարզեցմանը և գործող մեխանիզմների կատարելագործմանը: Նրանք ազատված են հարկերից, լիցենզավորումից: Բացի դրանից, եթե մինչև այդ վերջիններիս համար առկա էր առավելագույնը 150 կիլովատ դրվածքային հզորությամբ սահմանափակում, ապա, ըստ օրենսդրական բարեփոխումների, ֆիզիկական անձանց համար պահպանվել է 150 կիլովատտ դրվածքային հզորությունը, իսկ իրավաբանական անձանց համար այն հասցվել է մինչև 500 կիլովատի: Այդպիսով` հնարավորություն է ընձեռվում էլեկտրական էներգիայի խոշոր սպառում ունեցող տնտեսություն վարող սուբյեկտներին իրականացնելու ինքնավար էներգաարտադրողի գործառույթներ:
Ի դեպ, ինքնավար են կոչվում այն արտադրողները, որոնք արևային վահանակներ կամ հողմակներ են տեղադրում իրենց բնակելի կամ այլ տարածքներում, արտադրում էլեկտրաէներգիա` սեփական կարիքների համար և ավելցուկը վաճառում ՀԷՑ-ին:
Կարող եմ վստահաբար հայտարարել, որ վերականգնվող էներգետիկայի ոլորտում մեր օրենսդրական կարգավորումները աշխարհում լավագույնն են: Եվ պետք է նշեմ, որ արդյունքն ակնհայտ է: Անցյալ տարվա ընթացքում ունեցել ենք 208 արևային ֆոտովոլտային համակարգերի տեղադրում, իսկ 2018 թվականի միայն հունվար-փետրվար ամիսներին` այդ թիվը 100-ով ավելացել է: Ըստ մեր նախնական հաշվարկների` մինչև 2020թ., ունենալու ենք մոտ 10 հազար տանիք` համալրված արևային ֆոտովոլտային համակարգերով:
Միաժամանակ տեղեկացնեմ նաև, որ 2017թ. կառուցվել է երեք արևային կայան` «Թալին 1», «Շենիկ», «Արևիկ»: Նմանատիպ 8 կայան կգործարկենք այս տարի` նոր ազդակներ հաղորդելով ոլորտի զարգացմանը: Անշուշտ, նպատակ ունենք նաև ավելի մեծ կայաններ կառուցելու, որոնցից մեկի կառուցման մրցույթն արդեն իսկ հայտարարված է: Խոսքը ՀՀ Գեղարքունիքի մարզում 55 մեգավատ հզորությամբ արևային կայանի կառուցման նախագծի մասին է: Նման հզորության արևային կայան չկա Հայաստանում և տարածաշրջանում: Մենք մրցույթ ենք հայտարարել լավագույն սակագնի համար, և այն ներդրողը, որը կառաջարկի արտադրված էլեկտրաէներգիայի նվազագույն սակագին, իրավունք կստանա կառուցել այդ կայանը: Հատկանշական է, որ կայանի կառուցման մրցույթի հայտարարությունը հետաքրքրել է այս ոլորտում գործունեություն ծավալող աշխարհի լավագույն ընկերություններին:
Ըստ մեր կանխատեսումների` առաջիկա տարիներին մեր սեփական սպառման կառուցվածքում վերականգնվող էլեկտրաէներգիան կազմելու է առնվազն 50 տոկոս:

Նախարարության 2017-2018թթ. ծրագրերը:


-Ի՞նչ կարևոր ծրագրեր են իրականացվել 2017թ. ընթացքում:


-2017թ. մեկնարկել է երկու խոշոր ծրագիր` հողմաէներգետիկայի ոլորտում իսպանական «Աքսիոնա էներջի» և էմիրաթական «Աքսես Ինֆրա Սենթրալ Էյժա Լիմիթեդ» ընկերությունների հետ համատեղ: Արդեն սկսվել է քամու ռեսուրսի չափման գործընթացը Գեղարքունիքի մարզում: Ծրագրերից յուրաքանչյուրի ներդրումային արժեքը կազմում է 100-150 մլն եվրո, դրանք պետք է իրականացվեն 3-4 տարվա ընթացքում:
Նախորդ տարի ավարտվել է Հրազդան-Շինուհայր 220 կՎ լարման գծի շինարարությունը, որն ամրացրել է մեր էներգետիկ համակարգի ողնաշարը` ստեղծելով երկրի ներսում ավելի մեծ ծավալով էլեկտրաէներգիայի տեղափոխման հնարավորություն:
Շարունակվել է Հայաստան-Իրան 400 կՎ էլեկտրահաղորդման գծի շինարարությունը, որը 3-4 անգամ ավելացնելու է էլեկտրաէներգիայի արտահանման հնարավորությունները: Անցյալ տարի մեզ հաջողվել է նաև 17.1 տոկոսով ավելացնել արտահանման ծավալները: Ցանկանում ենք այս տարի կրկնապատկել կամ եռապատկել այդ ձեռքբերումը:
Պետություն-մասնավոր հատված գործընկերության արդյունքում մեկնարկել են «Շնող» ՀԷԿ-ի նախագծային-նախահաշվարկային աշխատանքները: 76 ՄՎտ նախնական դրվածքային հզորությամբ ՀԷԿ-ն ամբողջությամբ կօգտագործի Դեբեդ գետի չօգտագործված ջրային ներուժը:
Մեծ ներդրում է կատարվում` շուրջ 300 մլն. ԱՄՆ դոլար, Հայաստանի ատոմային էլեկտրակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման կյանքի տևողության երկարաձգման նպատակով: Մենք նախատեսում ենք առնվազն 10 տարով երկարացնել ատոմակայանի 2-րդ էներգաբլոկի աշխատանքը: Ներդրումների խոշոր մասն ուղղվում է անվտանգության չափորոշիչների ու արդյունավետության բարձրացմանը և ակնկալվում է արձանագրել հզորության 10 տոկոս աճ:
Նշեմ նաև, որ Վրաստանի հետ կնքվել են առևտրի նոր պայմանագրեր, որի շրջանակներում կարողացել ենք շատ ավելի արդյունավետ դարձնել մեր էլեկտրաէներգիայի արտադրության կառուցվածքը:

-Ի՞նչ ծրագրեր պետք է իրականացվեն 2018թ. ընթացքում:

-Այս տարվա ընթացքում կշարունակվեն այն բոլոր ծրագրերը, որոնց մասին արդեն խոսեցինք, մասնավորապես կամփոփվի Մասրիկի արևային մեծ կայանի մրցույթը, կմեկնարկեն կառուցման աշխատանքները, հողմային էներգետիկայի ոլորտում կիրականացվեն ևս մի քանի ներդրումային ծրագրեր: Բավական մեծ աշխատանք ունենք կատարելու էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացման ոլորտում:
2018թ. ակտիվ վերակառուցման աշխատանքներ կընթանան նաև Հայաստանի ատոմային էլեկտրակայանում: Մենք պատրաստակամ ենք նախապայմաններ ստեղծել մեր երկրում էլեկտրական մեքենաների լայն կիրառման համար:

 

Հարցազրույցը` Սուսաննա Թամազյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...