14:55
12/26/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Փորձում ենք անել հնարավոր ամեն ինչ` ժողովրդին ավելի լավ կյանք ապահովելու համար

2018-02-12 11:19

 
 «Դե Ֆակտո » N 140 ( 01/2018թ.) 

«Դե Ֆակտո» ամսագրի զրուցակիցն է Նոյակերտ համայնքի ղեկավար Հովհաննես Հարությունյանը:

 

-Պարո՛ն Հարությունյան, որքա՞ն ժամանակ է ինչ ղեկավարում եք համայնքը, այդ ընթացքում ի՞նչ փոփոխություններ են եղել համայնքում:

-Նոյակերտ համայնքի ղեկավար եմ արդեն 5 տարի` 2012 թվականից: Մինչև համայնքի ղեկավար դառնալը 8 տարի համայնքի ղեկավարի տեղակալ եմ եղել: Բազմաթիվ աշխատանքներ ենք իրականացրել այս տարիներին, լուծել համայնքի համար կարևոր նշանակություն ունեցող խնդիրներ: Աշխատում ենք զարգացնել համայնքը, փորձում ենք անել հնարավոր ամեն ինչ` ժողովրդին ավելի բարեկեցիկ կյանք ապահովելու համար:

 

-Ինչպե՞ս եք ընդունել համայնքը և այսօր այն ինչ տեսքի է հասցվել. արդյո՞ք կան ձեռքբերումներ:

-Համայնքում խմելու ջրի խնդիր ունեինք, որը լուծեցինք ժողովրդի և մեր համատեղ ուժերով, իհարկե` նաև մեր պատգամավորի աջակցությամբ: Կառուցել ենք համայնքի խմելու ջրի ներքին ցանցը, ասֆալտապատել ենք գյուղամիջյան ճանապարհներ` 2-3 փողոց, ասֆալտապատել ենք նաև մարզային նշանակության փողոց, որն իրականացնելու համար աջակցել է մարզպետարանը, կան նաև երկրորդական ճանապարհներ, որոնք մենք ենք ասֆալտապատել, բարեկարգվել են հուշարձանները: Մեր ուժերով` ընթացքի մեջ է մշակույթի տան վերանորոգման աշխատանքները, որը շատ կարևոր է համայնքում մշակութային կյանքը զարգացնելու համար

-Ի՞նչ հրատապ խնդիրներ կան համայնքում, որոնք դեռ չեն լուծվել: 

-Մեր համայնքի հրատապ խնդիրը հիմնականում վերաբերվում է ճանապարհաշինությանը, ունենք հանրապետական նշանակության ճանապարհ, որը պետք է շտապ ասֆալտապատվի: Մշակույթի տան առաջին հարկի ընդհանուր հարդարման աշխատանքները պետք է ավարտին հասցնենք, մնացածն արդեն արված է: Իհարկե, համայնքում դեռ կան շատ խնդիրներ, որոնք պետք է լուծվեն, բայց այս խնդիրները հրատապ լուծման կարիք ունեն:

-Որքա՞ն է բնակչության թիվը համայնքում. ինչո՞վ են զբաղվում այստեղ մարդիկ. ինչպիսի՞ն է սոցիալական վիճակը:

-Բնակչության թիվը համայնքում հասնում է 2200-ի, որոնք հիմնականում զբաղվում են գյուղատնտեսությամբ և բանջարաբուծությամբ, շատերը մեկնում են նաև արտագնա աշխատանքի, սակայն ընդմիշտ մեկնողները քիչ են: Իսկ համայնքում բնակիչների սոցիալական վիճակը կարելի է համարել բավարար:

 

-Ըստ Ձեզ, ի՞նչ աշխատելաոճ պետք է մշակի իր համար համայնքի ղեկավարը:

-Ինձ համար լավ ղեկավարը նա է, ով լսում է ժողովրդին և նրանց խնդիրներին լուծումներ տալիս: Մարդկանց խնդիրները չի կարելի առանց լուծումների թողնել: Լինում են դեպքեր, երբ համայնքի ղեկավարը ցանկանում է լուծել որևէ խնդիր, բայց չի կարողանում, այս դեպքում արդեն մարզպետարանը կամ պատգամավորն է լուծում այն:

 

-Ինչպիսի՞ն է մարզպետարանի հետ համագործակցությունը:

-Շատ լավ համագործակցության մեջ ենք մարզպետարանի հետ, նրանք ինչով կարողանում` օգնում են մեզ: Այն ծրագրերը, որոնց լուծման ճանապարհը դժվարանում ենք գտնել, որպես վերադաս մարմին, նրանք մեզ միշտ ճիշտ ուղղություն են ցույց տալիս:

 

-Պարո՛ն Հարությունյան, առաջիկայում ի՞նչ նախանշված ծրագրեր կան հաջորդ տարվա հետ կապված:

-Ինչպես նշեցի, այս տարի շատ ծրագրեր ենք իրականցրել, իսկ անավարտ աշխատանքները կավարտենք հաջորդ տարի: Հաջորդ տարի պետք է վերանորոգենք մանկապարտեզը, կահավորենք, հարդարենք, ինչպես նաև պետք է ասֆալտապատենք հանրապետական նշանակության ճանապարհը: Առայժմ այս ծրագրերն են նախատեսված, իհարկե տարվա ընթացքում նոր ծրագրեր ևս կունենանք:

-Եվ վերջում, ի՞նչ կմաղթեք համայնքի բնակիչներին:
-Համայնքի բնակիչներին կմաղթեմ համբերություն և առողջություն:


Լրագրող` Լուիզա Ավագյան



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...