10:07
05/12/2021
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Պատմական մայրաքաղաք Արտաշատը պետք է պահպանի իր ավանդույթներն ու դերակատարումը

2018-01-23 12:07

 
ԿԱՐԵՆ ԲԵՆԻԱՄԻՆՅԱՆ
Արտաշատ քաղաքային համայնքի նորընտիր ղեկավար

 «Դե Ֆակտո » N 140 ( 01/2018թ.) 

 

-Պարո՛ն Բենիամինյան, նախ շնորհավորում ենք Ձեզ Արտաշատ քաղաքային համայնքի ղեկավար ընտրվելու առթիվ: Հետաքրքիր է, ինչո՞ւ որոշեցիք առաջադրվել որպես Արտաշատի քաղաքապետի թեկնածու:


-Շնորհակալ եմ շնորհավորանքի համար: Պետք է նշեմ, որ Արտաշատի համայնքապետի ընտրություններին թեկնածությունս առաջադրելու որոշումը կայացվել է ՀՀԿ-ի կողմից, որի անդամն եմ 2005թ. և ակտիվ գործունեություն եմ ծավալում կուսակցության շրջանակներում: Իսկ իմ ցանկությունը` Արտաշատ համայնքի ղեկավար դառնալու, պայմանավորված է ծննդավայրիս` Արտաշատ քաղաքի նկատմամբ ունեցածս սրտացավությամբ, այն ավելի գեղեցիկ, մաքուր ու լուսավոր տեսնելու ձգտումով: Եվ այսօր ուրախ եմ, որ այդ հնարավորությունն ինձ տրվել է, որը, անշուշտ, պետք է առավելագույնս օգտագործեմ իմ երազանքների քաղաքը կերտելու համար:

-Մինչև Արտաշատի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնելը ի՞նչ գործունեություն եք ծավալել, և հետաքրքիր է, ի՞նչ մասնագիտություն եք ստացել

-Գուցե անհավատալի թվա, բայց առաջին մասնագիտությամբ սպորտսմեն եմ, երկար տարիներ զբաղվել եմ պրոֆեսիոնալ ֆուտբոլով, ներգրավված եմ եղել Հայաստանի ֆուտբոլի մանկապատանեկան ազգային հավաքականում, ավարտել եմ Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի մարզչամանկավարժական բաժինը, իսկ երկրորդ մասնագիտությամբ ֆինանսիստ-տնտեսագետ եմ:
Աշխատանքային գործունեություն եմ ծավալել «Էյ-Ի-Ջի Սերվիս» ՍՊԸ-ի Արտաշատի մասնաճյուղում` որպես ծառայության պետ, 2004թ. ընտրվել եմ Արտաշատի ավագանու անդամ, 2005թ. անդամագրվել եմ ՀՀԿ-ին, 2012թ. ընտրվել եմ Արտաշատի ՀՀԿ շրջանային կառույցի երիտասարդական թևի նախագահ, 2014թ.` մարզային կառույցի ղեկավար:
Աշխատանքս հիմնականում ուղղված է եղել երիտասարդությանը, իրականացրել ենք բազում սպորտային, մշակութային, պատմամշակութային արժեքների պահպանմանն ուղղված ծրագրեր, որոնց նպատակն էր զարգացնել երիտասարդ սերնդի ազգային մտածողությունը, նրանց մեջ ամրապնդել ազգային արժեքները, Հայոց պետականությանը ծառայելու ձգտումը: Այսօր ինձ համար Արտաշատի քաղաքապետի պաշտոնը առաջին հերթին ծառայություն է իմ հայրենիքին ու ժողովրդին, և ես պետք է ձգտեմ հնարավորինս արդյունավետ իրականացնել այն:


Ծրագրերը շատ են, խնդիրները` նույնպես, պետք է ձգտեմ խթանել յուրաքանչյուր ոլորտի զարգացումը:


-Նախընտրական ի՞նչ ծրագրեր եք ներկայացրել Արտաշատի բնակչությանը, և պատրա՞ստ եք այսօր արդեն ի պաշտոնե իրականացնելու դրանք:

-Քանի որ ես ավագանու անդամ եմ եղել, ապա խորապես ծանոթ եմ Արտաշատի խնդիրներին, որոնք ամբողջությամբ ներառված են իմ նախընտրական ծրագրում: Այսօր արդեն որպես քաղաքապետ` պատրաստ եմ իրականացնելու իմ առջև դրված խնդիրները:
Համայնքում առաջնահերթ լուծում պահանջող խնդիրներ կան բազմաբնակարան շենքերի տանիքների, նկուղների, երկրորդական ճանապարհների վերանորոգման և վերակառուցման հետ կապված: Մենք պետք է կարողանանք բեռնաթափել գլխավոր ճանապարհը` շնորհիվ երկրորդայինների բարեկարգման, քանի որ աշխատանքային ծանրաբեռնված ժամերին` առավոտյան և երեկոյան, քաղաքի գլխավոր ճանապարհը գերբեռնվում է ավտոմեքենաներով, առաջանում են խցանումներ:
Պետք է աշխատանք տանենք նաև համայնքի բնակիչների հետ աղբահանության գործընթացն ավելի արդյունավետ իրականացնելու ուղղությամբ: Պետք է նշեմ, որ մեր համայնքում կանոնավոր կերպով կատարվում է աղբահանության գործընթացը, աղբամաններ են տեղադրված բազմաբնակարան շենքերի հարակից հատվածներում, սակայն խնդիրն այն է, որ աղբամանների մեջ շատ հաճախ մեր քաղաքացիները ոչ կենցաղային, օրինակ, շինարարական աղբ են լցնում` վնասելով և կոտրելով դրանք: Եթե ցանկանում ենք, որ մեր քաղաքը մաքուր և գեղեցիկ լինի, ուրեմն` պետք է փոխենք այդ վարքագիծը, լինենք համախմբված ամեն հարցում:
Մյուս խնդիրը վերաբերում է լուսավորությանը: Արտաշատ քաղաքային համայնքի գրեթե ողջ տարածքում անցկացված է լուսավորության համակարգ, սակայն իմ ցանկությունն է այն փոխարինել էներգախնայող համակարգով, և խնայողությունների հաշվին լուծել համայնքի դեռևս լուսավորությունից զուրկ հատվածները լուսավորելու խնդիրը:
Ծրագրերը շատ են, խնդիրները` նույնպես, պետք է ձգտեմ խթանել յուրաքանչյուր ոլորտի զարգացումը:

-Աշխատանքային ի՞նչ սկզբունքներով եք առաջնորդվելու առաջիկա տարիներին:

-Նախ առաջին հերթին Արտաշատի յուրաքանչյուր բնակիչ պետք է իմանա, որ ես իր կողքին եմ, ես բոլորի քաղաքապետն եմ` անկախ այն հանգամանքից, թե ով է ինձ ընտրել, ով` ոչ: Ես հետաքրքրված եմ բոլորի խնդիրներով, և ես պատրաստ եմ դրանց լուծում տալ իմ լիազորության սահմաններում:
Մեծապես կարևորում եմ համայնք-համայնքի ղեկավար փոխադարձ ամուր կապն ու համախմբված աշխատանքը, մենք պետք է ամեն ինչ միասին անենք, որպեսզի շոշափելի արդյունքների հասնենք:
Ես չեմ հանդուրժի միմյանց նկատմամբ ոչ բարեհաճ վերաբերմունք թե՛ համայնքապետարանի ներսում, թե ՛համայնքի: Ես ամեն ջանք գործադրելու եմ, որ Արտաշատում տիրի խաղաղ և ջերմ մթնոլորտ:

-Արտաշատ համայնքը ՀՀ ամենազարգացած քաղաքներից է, որը նաև պատմական կենսագրություն ունի: Համագործակցության ի՞նչ ծրագրեր ունի Արտաշատը:

-Այո՛, Արտաշատը Հայաստանի պատմական ամենահզոր մայրաքաղաքներից է եղել, որը հիմնադրվել է Արտաշեսյան արքայության` Արտաշես Ա արքայի օրոք: Քաղաքի կառուցման աշխատանքները սկսվել են մ.թ.ա. 197 թ. և տևել 30 տարի: Արտաշատցիները հպարտանում են իրենց քաղաքի պատմությամբ:
Այսօր Արտաշատ քաղաքն ունի համագործակցության լայն շրջանակ: Մասնավորապես` բարեկամական հարաբերություններ ունի Ֆրանսիայի Քլամեր քաղաքի հետ, որը նաև Արտաշատի քույր քաղաքն է: Այնտեղ կառուցվել է Արտաշատին նվիրված հրապարակ:

-Ինչպիսի՞ն կցանկանայիք տեսնել Արտաշատը:

-Ես կուզենայի, որպեսզի Արտաշատը լիներ, լուսավոր, մաքուր, անհոգ քաղաք, և արտաշատցիները ապրեին իրենց երազանքների քաղաքում, որը նաև իմ երազանքների քաղաքը կլիներ:

 

Հարցազրույցը` Սուսաննա Թամազյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...