10:19
05/12/2021
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Որակյալ եւ բարեխիղճ աշխատանք, որն արժանացավ «Ոսկե մրցանակի»

2018-01-16 12:23

 «Դե Ֆակտո » N 139 ( 12/2017թ.)

2017թ. բեղմնավոր, ձեռքբերումներով լի եւ, միեւնույն ժամանակ, ծանրաբեռնված տարի էր, որի ընթացքում մեր ընկերության կողմից իրականացվել է որակյալ եւ բարեխիղճ աշխատանք:

ԱԶԱՏ ԳԱՍՊԱՐՅԱՆ
«Մեղրու ճանապարհների շահագործման և
շինարարության ձեռնարկություն» ՍՊԸ տնօրեն

 

-Պարո՛ն Գասպարյան, «Մեղրու ճանապարհների շահագործման և շինարարության ձեռնարկություն» ՍՊԸ-ն տասնամյակների գործունեության պատմություն ունի, որի ընթացքում ապահովել է անվտանգ երթևեկություն, կառուցել հուսալի ու որակյալ շինություններ և արժանացել բարձր գնահատականների: 2017թ. մոտենում է ավարտին, հետաքրքիր է, ինչպիսի՞ն էր այն ընկերության համար, գո՞հ եք կատարված աշխատանքից:


-2017թ. մեր ընկերության համար բեղմնավոր, ձեռքբերումներով լի և, միևնույն ժամանակ, ծանրաբեռնված տարի էր: Ողջ տարվա ընթացքում ընկերությունն աշխատել է հագեցած աշխատանքային գրաֆիկով, կատարել մեծածավալ աշխատանքներ, որոնք փորձում ենք մինչև տարեվերջ ավարտին հասցնել:
Ինչ վերաբերում է ողջ տարվա ընթացքում կատարված աշխատանքի վերաբերյալ իմ գնահատականին, ապա պետք է նշեմ, որ գոհ եմ իմ անձնակազմի աշխատանքից, որում ընդգրկված են իրենց գործի գիտակ, նվիրյալ մարդիկ, և ինձ հետ միասին ամեն ջանք գործադրում են, որ իրականացվի որակյալ աշխատանք, և որ մեր ճանապարհները իսկապես անվտանգ լինեն:

-Ի՞նչ կարևոր ծրագրեր եք իրականացրել 2017թ.:

-2017թ. կառուցել ենք (Մ-2) Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի 4.6 կմ միջպետական ճանապարհահատվածը, «Հորիզոն-95» ՍՊԸ-ի հետ համատեղ ավարտել ենք Մեղրու ազատ տնտեսական գոտում իրականացվող շինարարական աշխատանքները, ընթացքի մեջ են ՀՀ պաշտպանության նախարարության համար կառուցվող 20 բնակարան ունեցող սպայական շենքի շինարարական աշխատանքները, որի ավարտը նախատեսված է 2018 թ.: ՀՀ ՊՆ-ի պատվերով իրականացնում ենք նաև շատ կարևոր հենակետերի կառուցման աշխատանքներ:
Այժմ ընթացքի մեջ են ՀՀ էներգահամակարգի համար կարևոր նշանակություն ունեցող «Ագարակ-2» ենթակայանի վերակառուցման աշխատանքները, որը խոշոր շինարարական նախագիծ է, և մենք մեծ պատասխանատվությամբ ենք այն իրականացնում:
Ողջ տարվա ընթացքում մենք կատարում ենք ճանապարհների ձմեռային և ամառային պահպանության աշխատանքներ: Արդեն ձմեռ է, և մենք լիովին պատրաստ ենք և՛ մեր տեխնիկայով, և՛ աղի ու ավազի կուտակած պաշարով, և՛
24-ժամյա աշխատանքային հերթապահությամբ ապահովել ճանապարհների անցանելիություն նույնիսկ ամենախստաշունչ ձմռան պայմաններում: Մեղրիի լեռնանցքը, որի բարձրությունը 2535 մ է, ձմռանը լինում է վտանգավոր երթևեկության համար: Մենք իրականացնում ենք շուրջօրյա պահպանություն, ապահովում դրա անցանելիությունը և մեքենաների անվտանգ երթևեկությունը:

-Որքա՞ն ճանապարհահատված է սպասարկվում «Մեղրու ՃՇՇՁ» ՍՊԸ-ի կողմից:

-Մեր ընկերությունն իր գործունեությունն իրականացնում է հիմնականում Սյունիքի մարզի Մեղրիի տարածաշրջանում, որն իր մեջ ընդգրկում է 13 գյուղ, սպասարկում ենք 104 կմ միջպետական, 47.2 կմ հանրապետական և 48.6 կմ մարզային նշանակության ճանապարհահատված՝ սկսած Քաջարանից մինչև Մեղրի, Մեղրիից մինչև Կապան, որը այլընտրանքային ճանապարհահատված է:

 

Մենք ձգտում ենք զարգացնել եւ ընդլայնել մեր գործունեության ոլորտները,

մեր կատարած որակյալ աշխատանքով հնարավորինս ավելի

շատ օգտակար լինել մեր հայրենիքին:


-Պարո՛ն Գասպարյան, «Մեղրու ՃՇՇՁ»-ն ներգրավված է ինչպես ճանապարհաշինարարական, այնպես էլ քաղաքացիական և էներգետիկ շինարարության իրականացման ոլորտներում: Կնշե՞ք՝ ինչ աշխատանքներ եք իրականացրել այդ ոլորտներում:

-Մեր աշխատանքներն իսկապես բազմաոլորտ են: Պետք է նշեմ, որ մենք 10 տարուց ավելի է` ակտիվ համագործակցում ենք ՀՀ պաշտպանության նախարարության հետ և իրականացնում զորանոցների, սպայական շենքերի կառուցման աշխատանքներ: Բանակաշինության գործին ծառայող մեր աշխատանքները ես հատկապես կարևորում եմ, քանի որ դրանք, ինչպես միջպետական ճանապարհները, ռազմավարական նշանակություն ունեն մեր երկրի համար: Մենք իրականացրել ենք նաև «Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի շենքի կառուցման աշխատանքները, ինչպես նաև Մեղրիի տարածաշրջանի ջրամատակարարման համակարգի վերակառուցման և այլ աշխատանքներ:
Մենք ձգտում ենք զարգացնել և ընդլայնել մեր գործունեության ոլորտները, մեր կատարած որակյալ աշխատանքով հնարավորինս ավելի շատ օգտակար լինել մեր հայրենիքին: Կարծում եմ՝ դրանից ավելի կարևոր բան չի կարող լինել հայ մարդու համար:

-Հետաքրքիր է, ինչպե՞ս եք կարողանում ճիշտ համակարգել ընկերության բազմաոլորտ աշխատանքները և հասնել լավագույն արդյունքի:

-Ինչպես վերը նշեցի, ես ունեմ պրոֆեսիոնալ ինժեներա-տեխնիկական անձնակազմ, նեղ մասնագետներ, ովքեր ունեն բարձր պատասխանատվության զգացում և ձգտում են իրենց աշխատանքը առավելագույն որակով կատարել: Ինչպես նաև, ընկերությունը հագեցած է անհրաժեշտ տեխնիկական բոլոր միջոցներով, բարձրորակ շինանյութերով. որոնք ապահովում են մեր աշխատանքի բարձր արդյունավետությունը: Սա թիմային աշխատանք է, որը ես վերահսկում եմ խիստ հետևողականությամբ, անընդհատ շրջում եմ բոլոր տարածքներով, որտեղ մեր ընկերության կողմից աշխատանք է կատարվում:

Մեր ստացած բոլոր մրցանակներն էլ կարեւոր ու թանկ են մեզ համար,

դրանք մեր աշխատանքի գնահատականներն են, որոնք անչափ պարտավորեցնող են

եւ մեզ մղում են ամեն օր էլ ավելի բարձրացնել մեր աշխատանքի որակը:

-«Մեղրու ՃՇՇՁ»-ն առանձնանում է ՀՀ-ում գործող ճանապարհաշինարարական ընկերությունների շարքում և գտնվում է դրանց առնվազն լավագույն եռյակում: Դուք բազում մրցանակներ եք ստացել, այս տարի ևս շատ կարևոր և նշանակալի մրցանակի արժանացաք: Կպատմե՞ք այդ մասին, և հետաքրքիր է, ի՞նչ կարևորություն ունեն դրանք Ձեզ համար:

-Այս տարի Եվրասիական տնտեսական միության Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացիայի Միջպետական խորհրդի
(ՍՉՍ-ՄԽ), Հայաստանի ստանդարտների ազգային ինստիտուտի (ՀՍԱԻ) և «Համազգային վստահություն» խորհրդի կողմից Գործարարի օրվա առթիվ միջազգային ստանդարտների ներդրման բնագավառում նշանակալի դերակատարման և ակտիվ մասնակցության համար մեզ շնորհվեց ոսկե մրցանակ:
«Մեղրու ՃՇՇՁ»-ն իր երկարամյա գործունեության ընթացքում արժանացել է բազմաթիվ մրցանակների: 2008թ. Մեղրի-Շվանիձոր-Վերիշեն-Ծավ-Կապան ավտոճանապարհի կառուցման աշխատանքների գործում մասնակցելու համար արժանացել ենք «Անանիա Շիրակացի» մեդալի, 2009 թ. Շինարարի օրվա կապակցությամբ՝ ՀՀ վարչապետի շնորհակալագրի, 2011թ. պարգևատրվել ենք ՀՀ քաղաքաշինության նախարարության ոսկե մեդալով քաղաքաշինության բնագավառում նշանակալի ավանդի համար, 2012թ-ին՝ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի պատվոգրի, բանակաշինության գործին ակտիվ նպաստելու համար ՀՀ պաշտպանության նախարարի հրամաններով 2012 թ. արժանացել ենք «Հոբելյանական», 2016թ-ին` «Վազգեն Սարգսյան» և «Դրաստամատ Կանայան» մեդալներին: 2015 թ. ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի կողմից արժանացել ենք «Մերկուրի» մրցանակին՝ որակի ապահովման բնագավառում: 2016թ. «Համազգային վստահություն» խորհրդի կողմից «Վստահության վարկանիշ-2016» անվանակարգում արժանացել ենք «Հայաստանում որակյալ ճանապարհաշինարարական աշխատանքներ իրականացնող տարվա հմուտ ղեկավար» անվանակոչմանը: 2017թ. «Համազգային վստահություն» խորհրդի կողմից «Տարվա հանրային ծառայող և տարվա ապրանքանիշ» ամենամյա անվանակարգում արժանացել ենք «Ճանապարհաշինարարական և շահագործական ձեռնարկության տարվա ղեկավար» անվանակոչմանը: «Համազգային վստահություն» խորհրդի և Ստանդարտների ազգային ինստիտուտի կողմից Որակի համաշխարհային օրվան նվիրված միջոցառմանը «Խելացի կառավարման» բնագավառում և «Խելացի կառավարիչ» անվանակարգերում արժանացել ենք «Ոսկե մրցանակ 2017» և «Միջազգային որակ 2017» մրցանակներին:
2017թ. ավարտեցինք «Բարձր վարկանիշ ունեցող ճանապարհաշինարար» մրցանակով:
Բոլոր մրցանակներն էլ մեզ համար կարևոր ու թանկ են, դրանք մեր աշխատանքի գնահատականներն են, որոնք մեզ անչափ պարտավորեցնում են և մղում ամեն օր էլ ավելի բարձրացնելու մեր աշխատանքի որակը:

 

 Տարիների ընթացքում մենք ձեռք ենք բերել մեր հանդեպ

վստահություն, հավատ, որոնք կարեւոր արժեքներ են մեզ համար:

 

-Ի՞նչ ծրագրեր կան նախատեսված 2018թ. համար:

-Կարծում եմ, որ 2018թ. ևս ծանրաբեռնված տարի է լինելու: Նախատեսված է իրականացնել (Մ2) Երևան-Մեղրի մայրուղու ևս 5 կմ ճանապարհահատվածի շինարարություն, նույն ճանապարհի վրա` կամրջի հիմնանորոգում և սողանքային հատվածի վերակառուցման աշխատանքներ: Բոլոր շինարարական ծրագրերն էլ իրականացվում են մրցութային կարգով, թե դրանցից որոնք մեզ կվերապահվեն, ցույց կտան մրցույթի արդյունքները:

-Որպես ճանապարհաշինարար՝ ի՞նչ սկզբունքներով եք առաջնորդվում և ո՞րն է Ձեր հաջողության գաղտնիքը:

-Ինձ համար աշխատանքային կարևոր սկզբունք է բարձր որակի ապահովումը և բարեխիղճ աշխատանքը: Մենք երբեք աշխատանքի արժեքը չենք իջեցնում որակի հաշվին: Տարիներ շարունակ այդ սկզբունքով առաջնորդվելով՝ ձեռք ենք բերել մեր հանդեպ վստահություն, հավատ, որոնք կարևոր արժեքներ են մեզ համար: Այդ ամենի հավաստիքն է այն, որ ունենք հավատարիմ գործընկերներ, որոնց հետ երկար տարիներ աշխատում ենք:

-Առջևում Ամանորն է, ինչպիսի՞ տոն է այն Ձեզ համար և ի՞նչ կբարեմաղթեք ժողովրդին:

-Ամանորը գեղեցիկ, ընտանեկան տոն է, որը ես տոնում եմ ընտանիքիս և հարազատներիս հետ միասին: Շնորհավորում եմ բոլորի Ամանորը և Սուրբ ծնունդը, մաղթում առողջություն, խաղաղ երկինք և երջանիկ կյանք:

 

Հարցազրույցը՝
Սուսաննա Թամազյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...