04:42
12/27/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
ՏԱՐՎԱ ԵՐԻՏԱՍԱՐԴԸ` իր հաջողության բանաձեւի, ձեռքբերումների և առաջիկա ծրագրերի մասին

2018-01-15 16:43

«Դե Ֆակտո » N 139 ( 12/2017թ.)

Աշխատանքային 25 տարիներ, որոնք եղել են կայուն զարգացման, նոր բիզնես նախաձեռնությունների իրականացման և սկզբունքներին հավատարիմ գործունեություն ծավալելու ժամանակահատված: Խոսքը «Լյուքս Գրուպի» մասին է, որը, հայաստանյան փոքր շուկայում պաշտոնապես ներկայացնելով համաշխարհային բրենդներ, լյուքս դասի բարձրակարգ ապրանքներ, սրճարանային ցանց, կարողացել է 25 տարի ոչ միայն պահպանել առաջատարի դիրքերը, այլ նաև ընդլայնել գործունեությունը` ձգտելով հասնել իր համար սահմանած բարձր նշաձողին: Այդ ամենը հնարավոր չէր լինի` առանց կառավարման պրոֆեսիոնալ հմտությունների կիրառման, որով հատկապես աչքի է ընկնում «Լյուքս Գրուպի» գործադիր տնօրեն Արման Գևորգյանը: Նրա սկզբունքային աշխատանքի արդյունքում այսօր «Լյուքս Գրուպի» կողմից Հայաստանում ներկայացված համաշխարհային բրենդների թիվը հատել է 50-ի սահմանագիծը:
Բարձր գնահատելով Արման Գևորգյանի բիզնես գործունեության հաջողությունները, հեռանկարային ծրագրերը` «Դե Ֆակտո» ամսագիրը նրան ճանաչել է «Տարվա երիտասարդ 2017»:
Իսկ թե որն է Արման Գևորգյանի գործունեության հաջողության գրավականը, ինչպես է կարողանում դեպի հայաստանյան փոքր շուկա ուղղել համաշխարհային ընկերությունների ուշադրությունը, և ի վերջո, ինչ նվիրական երազանք ունի, որ դեռ չի իրականացրել, կպարզենք նրա հետ հարցազրույցի ընթացքում:

 

25 տարիների ընթացքում «Լյուքս» խանութ-սրահների գործունեությունն ընդլայնվել է,

բարձրակարգ նվերների եւ հուշանվերների մասնագիտացված ուղղություններին ավելացել են նորերը:

 


 -Հարգելի՛ Արման, Դուք բավականին երիտասարդ եք, և հասցրել եք հասնել բազում հաջողությունների, ձեռք բերել համագործակցություններ համաշխարհային ճանաչում ունեցող արտադրողների հետ և դրանց արտադրանքը պաշտոնապես ներկայացրել Հայաստանում: Ինչպե՞ս է դա Ձեզ հաջողվել:


-Նախ պետք է նշեմ, որ յուրաքանչյուր մարդ պետք է զբաղվի այն գործով, որը սիրում է և իրենն է համարում, աշխատանքը պետք է հաճելի պարտականությունների շղթա լինի, որի ամեն փուլը հաղթահարելիս նոր հորիզոններ տեսնես, որ դեռ չես նվաճել: Կարծում եմ` իմ հաջողության ամենակարևոր գրավականը գործը սիրելն է, առաջ ընթանալու մոտիվացիան և խիստ հետևողականությունը: Մյուս հանգամանքը համապատասխան կրթությունն է, լեզուների իմացությունը, որին գումարվում է աշխատանքային փորձը, առանց որոնց` երևի թե չէի կարողանա տարիներ շարունակ համագործակցել աշխարհում լավագույնը համարվող բրենդների ներկայացուցիչների հետ` արժանանալով նրանց վստահությանը: Մյուս կարևոր բաղադրիչը աշխատանքային թիմն է, որում պետք է հավաքվեն համախոհ մարդիկ` կրկին մասնագիտական բարձր գիտելիքներով և գործի նկատմամբ ունեցած մեծ նվիրումով:
Ինչպես նաև շատ կարևոր է ճիշտ հաշվարկներ կատարել, կարողանալ կանխատեսել բոլոր ռիսկերը և կարողություններդ համադրել դրանց հետ:

-Ի՞նչ մասնագիտություն եք ստացել, և ե՞րբ ու ինչպե՞ս է սկսվել Ձեր աշխատանքային կենսագրությունը:

-Ես, գերազանցությամբ ավարտելով Ն. Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցը, ընդունվել եմ ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետ: Ուսումնառության չորս տարիների ընթացքում կարճաժամկետ վերապատրաստումներ եմ անցել Քեմբրիջի և Օքսֆորդի քոլեջներում: Բուհն ավարտելուց հետո զորակոչվել եմ բանակ, այնուհետև ավարտել եմ նաև մագիստրատուրան:
Պետք է նշեմ, որ «Լյուքս Գրուպը» ստեղծվել է իմ ընտանիքի կողմից 1992թ., այն ընտանեկան բիզնես է, որում ես ներգրավվել եմ 2009թ.` դեռ շատ երիտասարդ հասակում, շարունակել ընտանիքիս գործը, հիմնել «Ռիվոլի դե Լյուքս» շվեյցարական ժամացույցների և զարդերի խանութ-սրահը:

 

-«Լյուքս Գրուպը» 25 տարեկան է, ինչի առթիվ շնորհավորում ենք Ձեզ, կպատմե՞ք` զարգացման ի՞նչ փուլեր է այն անցել, արդյո՞ք շատ բան է փոխվել 25 տարիների ընթացքում:

-Շնորհակալություն:
Բոլորին հայտնի է, որ «Լյուքս» խանութ-սրահները ստեղծման օրվանից հայտնի են եղել` որպես անկախ Հայաստանի առաջին բարձրակարգ նվերների, հուշանվերների խանութներ: Մինչև այժմ մեր խանութ-սրահների ցանցը պահպանում է իր այդ ուղղվածությունը, որին ավելացել են տնային դեկորների, սպասքի, խոհանոցային պարագաների և այլ ուղղություններ: Այսինքն` 25 տարիների ընթացքում հաջողվել է ոչ միայն պահպանել առաջատարի դիրքերը շուկայում, այլ նաև ընդլայնել գործունեությունը:
Այս տարի մենք, զգալով սպասարկման ոլորտում հյուրանոցա-ռեստորանային ծառայությունների պահանջվածությունը, բացեցինք գործունեության նոր ճյուղ` համաշխարհային ամենահայտնի և որակյալ ապրանքանիշերի ռեստորանային սպասքի մատակարարում հյուրանոցներին և ռեստորաններին` գնային տարբեր սանդղակներում: Եվ պետք է նշեմ, որ մեծ հաջողություն ունեցանք նաև այս ոլորտում, քանի որ մեր տարիների փորձն ու համագործակցությունների լայն շրջանակը թույլ են տալիս առավել հեշտությամբ համագործակցել համաշխարհային հայտի ընկերությունների հետ և դրանց արտադրանքը հասու դարձնել հայաստանյան շուկային:

 

 

Արման Գեւորգյանի՝ գործարար դաշտում ունեցած առաջին եւ կարեւոր հաջողությունը «Ռիվոլի դե Լյուքս»

շվեյցարական ժամացույցների խանութ-սրահի հիմնումն էր,

որին հաջորդեց «Coffeeshop Company» ավստրիական սրճարանների ցանցի ներդրումը Հայաստանում:


-Ինչպե՞ս ստեղծվեց «Ռիվոլի դե Լյուքս» շվեյցարական ժամացույցների և աքսեսուարների խանութ-սրահը:

-Ամեն նոր բիզնես նախագիծ ծնվում է շուկայի պահանջարկի հիման վրա: Ինքս ժամացույցների սիրահար եմ, և մեծ ցանկություն ունեի Հայաստանում հիմնելու ժամացույցների բարձրակարգ խանութ-սրահ, որտեղ նման նախասիրություններ ունեցող մարդկանց հասու կլինեին աշխարհահռչակ բրենդային ժամացույցներ: Ի դեպ, մինչ այդ` դեռևս 2000-ականներին, «Լյուքս» խանութներում արդեն իսկ ներկայացված էին շվեյցարական ժամացույցների որոշ բրենդներ, սակայն 2009թ., նկատելով, որ շուկայում դրանց պահանջարկը մեծացել է, և մասնագիտացված խանութ-սրահի ստեղծման անհրաժեշտություն կա, նախաձեռնեցինք «Ռիվոլի դե Լյուքս» շվեյցարական ժամացույցների և աքսեսուարների խանութ-սրահի ստեղծումը: Դա հետաքրքիր, ծանրաբեռնված աշխատանքային փուլ էր, որը հաճույքով եմ անցել և գոհ եմ ստացված արդյունքից: Խանութ-սրահում ներկայացված են աշխարհում ամենահայտնի ապրանքանիշերի բազմաոճ ժամացույցների և հեռախոսների լայն տեսականի: Պետք է շեշտեմ, որ մենք այդ բրենդների պաշտոնական և բացառիկ ներկայացուցիչն ենք Հայաստանում, որոնցից է, օրինակ, «TAGHeuer»-ը: Այն աշխարհում ամենաշատ վաճառվող ժամացույցների հնգյակում է գտնվում: Այժմ արդեն մենք պաշտոնապես ներկայացնում ենք նաև «Ulysse Nardin» ապրանքանիշը, որը ժամագործության ոլորտի առաջատարներից մեկն է և դասվում է աշխարհի ամենաթանկ ժամացույցների շարքին: Մեր խանութ-սրահում ներկայացված են նաև մրցակիցը չունեցող «Vertu» լյուքս կարգի ապրանքանիշի բջջային հեռախոսները:

2017թ. մենք նախաձեռնեցինք մեր խանութ-սրահում նոր` երկրորդ, առանձին սրահի բացումը, որտեղ ներկայացված են ավելի ցածր գնային սանդղակ ունեցող համաշխարհային ապրանքանիշերի ժամացույցներ և զարդեր: Այս նախաձեռնությունը ևս շուկայի պահանջարկին ընդառաջ գնացող քայլ էր:

-«Լյուքս Գրուպի» բաղկացուցիչ մաս է կազմում նաև «Coffeeshop Company» ավստրիական սրճարանների ցանցը: Ինչո՞ւ որոշեցիք ներդրում կատարել նաև ծառայությունների մատուցման ոլորտում:

-Ինչպես վերը նշեցի, միշտ պետք է առաջ նայել և ընդլայնել գործունեությունը, պահպանել և զարգացնել այն, ինչ ստեղծել ես: Ես առաջնորդվում եմ այդ սկզբունքով: Ինքս սիրում եմ ազատ ժամանակս անցկացնել մեկ գավաթ սուրճի ներքո` ընկերներիս հետ միասին: Իսկ սուրճը պետք է բարձրակարգ լինի, ինչպես և դրա մատուցումը, ապահովված լինի ներդաշնակ ու խաղաղ մթնոլորտ: Այդպիսի հատկանիշներով է հատկապես աչքի ընկնում «Coffeeshop Company» ավստրիական համաշխարհային հայտնություն ունեցող սրճարանային ցանցը, որն ունի ավելի քան 300 սրճարան աշխարհի տարբեր երկրներում: 2013թ. մեզ հաջողվեց այդ բրենդը ներդնել Հայաստանում, առայժմ ունենք համանուն երկու սրճարան, նախատեսում ենք բացել նորերը: Արդեն քայլեր ենք ձեռնարկում «Coffeeshop Company» ապրանքանիշը ներկայացնել նաև այլ երկրներում:

-Արմա՛ն, հետաքրքիր է, ինչպե՞ս եք կարողանում Հայաստանի նման փոքր շուկա ունեցող երկրում աշխարհահռչակ ընկերություններ ներկայացնել, արդյո՞ք նրանք հեշտությամբ են համաձայնում դառնալ Ձեր գործընկերը:

-Կյանքում, ինչպես և գործարար աշխարհում, ոչինչ հեշտությամբ չի տրվում, պետք է ջանասիրաբար աշխատել նպատակիդ հասնելու համար: Բնական է, որ նման բրենդների ներկայացուցիչների հետ աշխատելը բավականին բարդ է, նրանք ևս իրենց հաշվարկներն ունեն, պետք է համոզիչ առաջարկ ներկայացնել, որպեսզի իրենք համաձայնեն: Ես Հայաստանը ներկայացնում եմ` որպես հեռանկարային երկիր, որը թեև փոքր է, սակայն ունի զարգանալու մեծ պոտենցիալ և համագործակցության լայն շրջանակներ: Մենք շատ գրագետ և ազնիվ ենք աշխատում մեր գործընկերների հետ, ինչի արդյունքում մի հաջողությանը հետևում է մյուսը: Չէ՞ որ, եթե «TAGHeuer»-ի, «Ulysse Nardin»-ի, «Cofeeshop Company»-ի նման ապրանքանիշերը ներկայացված են Հայաստանում, դա հնարավորություն է ստեղծում մեզ համար նվաճելու այլ ապրանքանիշերի հետ համագործակցություններ: Ի դեպ` մենք լավ ճանապարհ ենք հարթել նաև այլ գործարարների համար` արտաքին շուկային ներկայանալու, քանի որ համաշխարհային մեծ կազմակերպությունները շուկա մտնելուց առաջ հաշվի են առնում դրանում առկա ապրանքանիշերը:

-Ովքե՞ր են Ձեր գնորդները:

-Եթե նախկինում մեր աշխատանքն ուղղված էր միայն բարձր խավին, ապա այսօր մենք աշխատում ենք հասարակության գրեթե բոլոր շերտերի համար: Սակայն պետք է նշեմ, որ մեր գործունեության 25 տարիների ընթացքում ձևավորվել է հավատարիմ հաճախորդների մի խումբ, որը տարիներ շարունակ իր գեղեցիկ առիթներն առավել հիշարժան է դարձնում մեր խանութ-սրահներից գնված գեղեցիկ և եզակի նմուշներով: Նրանց թվում են քաղաքական, բիզնես, շոու-բիզնեսի ոլորտի հայտնի ներկայացուցիչներ:

-Առաջիկա ի՞նչ ծրագրեր ունեք:

-Մեր առաջնային ծրագրերում կարևոր տեղ է զբաղեցնում մեր գործունեության ընդլայնումը ծառայությունների մատուցման ոլորտում` սկսելով Հայաստանից և շարունակելով այլ երկրներում:

                                                                                                                                  

 Ամանորին ընդառաջ` «Ռիվոլի դե Լյուքս» խանութ-սրահն անակնկալ մատուցեց իր հաճախորդներին՝

 

ստանալով «Ulysse Nardin» բրենդը Հայաստանում պաշտոնապես ներկայացնելու իրավունքը:

 

-Առջևում Ամանորն է, ի՞նչ անակնկալներ եք մատուցելու Ձեր հաճախորդներին:

-Ինչպես նշեցի, Ամանորին ընդառաջ` մեզ հաջողվել է ստանալ «Ulysse Nardin» բրենդը Հայաստանում պաշտոնապես ներկայացնելու իրավունքը: «Ulysse Nardin»-ի գեղեցիկ և ոճային ժամացույցների շնորհանդեսը հանդիսավոր կերպով տեղի ունեցավ «Ռիվոլի դե Լյուքս» խանութ սրահում, որի հատուկ հյուրերն էին Շվեյցարիայից ժամանած բրենդի ներկայացուցիչները: Շնորհանդեսին հրավիրված էին նաև մեր լավագույն հաճախորդները, ում «Ulysse Nardin»-ի ներկայացուցիչները ներկայացրեցին բրենդի ստեղծման պատմությունը:
Մյուս անակնկալն այն է, որ այս տարի առաջին անգամ «Լյուքս» խանութ-սրահներում ներկայացված է ամանորյա զարդարանքի բարձրակարգ տեսականի` տոնածառներ և տոնական աքսեսուարներ, նախատեսում ենք նաև ամանորյա զեղչեր, նվերներ մեր բոլոր գնորդների համար:

-Դուք հաջողակ գործարար եք, հետաքրքիր է, կա՞ մի անձնավորություն, ով հեղինակություն է Ձեզ համար և ումից շատ բան եք սովորել:

-Ինձ համար դեռ փոքր տարիքից մեծ հեղինակություն է հայրս: Ես նրանից մշտապես սովորելու բան ունեմ` թե՛ որպես մարդ, թե՛ որպես գործարար: Նա ինձ համար ուսուցիչ է, ում ցանկանում եմ գոհացնել, հիացնել իմ աշխատանքով: Ես շարունակում եմ նրա գործը և ձգտում եմ դա պատվով կատարել:

-Արմա՛ն, հետաքրքիր է, աշխատանքից դուրս ի՞նչ նախասիրություններ ունեք:

-Ազատ ժամանակ սիրում եմ զբաղվել սպորտով, հաճախում եմ մարզասրահ, ինչպես նաև զբաղվում եմ սիրողական բռնցքամարտով: Առանձնահատուկ համակրանք ունեմ ձմեռային մարզաձևերի հանդեպ, որոնք ձմռանը վայելում եմ ինչպես Հայաստանում` Ծաղկաձորում, այնպես էլ արտերկրյա ձմեռային հանգստավայրերում:

 

 

 Արման Գեւորգյանը ամանորյա երազանքներին նպատակներ է կոչում,

սակայն կա մի երազանք,

որին նպատակ անվանել չի ցանկանում:

 

 

-Ինչպիսի՞ տոն է Ամանորը Ձեզ համար, ինչպե՞ս եք այն տոնում և սիրո՞ւմ եք նվերներ ստանալ ու նվիրել:

-Ամանորը ընտանեկան, գեղեցիկ տոն է, որը ես նախընտրում եմ անցկացնել ընտանիքիս, ընկերներիս և հարազատներիս հետ միասին: Այդ օրերին սիրում եմ նվերներ ստանալ և դրանից առավել շատ` մատուցել: Կարծում եմ` ամանորյա տոների հմայքը հիմնականում անակնկալ նվերների մատուցումն է և բարձր տրամադրության ապահովումը: Միգուցե այդպես եմ մտածում, քանի որ տնօրինում եմ նվերների խանութների ցա՞նց (ժպտում է):

-Ունե՞ք չիրականացված երազանք, որը կցանկանայիք 2018թ. իրականություն դառնար:

-Ես ավելի շատ սիրում եմ երազանքներին նպատակներ կոչել և իրագործել: Սակայն կա մի երազանք, որը նպատակ անվանել չեմ ցանկանում: Ես երազում եմ հայկական, ավանդական, գեղեցիկ ու ներդաշնակ ընտանիք, երեխաներ ունենալու մասին:
Իմ մեծագույն ցանկությունն է եղել նաև արտերկրյա բուհական երկարատև կրթություն ստանալը, որի ժամանակը ես չունեցա, քանի որ աշխատանքային զբաղվածությունս շատ մեծ էր, սակայն իմ զավակները, անպայման, ստանալու են արտերկրյա բարձրակարգ համալսարանական կրթություն և վերադառնալու են հայրենիք` իրենց գիտելիքները ներդնելու Հայաստանում:

-Ձեր ամանորյա բարեմաղթանքը:

-Շնորհավորում եմ բոլորի Ամանորը և Սուրբ ծնունդը, մաղթում ամենայն բարիք, սեր, խաղաղություն, նորանոր ձեռքբերումներ գալիք տարում:

 

Հարցազրույցը` Սուսաննա Թամազյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...