16:09
10/28/2021
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Իմ աշխատանքային ձեռքբերումը վերափոխված Բյուրական համայնքն է

2017-12-23 13:24

Իմ աշխատանքային ձեռքբերումը վերափոխված Բյուրական համայնքն է.

ԶԱՐԶԱՆԴ ԲԱԲԱՅԱՆ

Բյուրական համայնքը գտնվում է Արագածոտնի մարզի Արագած լեռան հարավ-արևելյան լանջին: Համայնքը հայտնի է իր պատմամշակութային հարուստ ժառանգությամբ, այստեղ է գտնվում 10-րդ դարի սկզբներին կառուցված թաղածածկ դահլիճ տիպի Սուրբ Հովհաննես եկեղեցին: Բյուրականի շրջակայքում պահպանվել է նաև Ամբերդ ամրոցը, որը կառուցվել է 7-13 դդ, Արտավազդիկ եկեղեցին և բազում խոնարհած խաչքարեր:
Բյուրական համայնքի ղեկավար Զարզանդ Բաբայանի կատարած աշխատանքների, համայնքին նրա անմնացորդ նվիրվածության, բնակիչների նկատմամբ հոգատար վերաբերմունքի և պատասխանատվության շնորհիվ, համայնքն աստիճանաբար վերափոխվել է, և քրտնաջան աշխատանքի շնորհիվ համայնքի խնդիրներն օր օրի հասցվում են նվազագույնի, իսկ պատմամշակութային հարուստ ժառանգությանն ուղղված պահպանման և վերանորոգման ջանքերի շնորհիվ, տարեց տարի բավականին մեծանում է համայնք այցելող զբոսաշրջիկների թիվը` տեսնելու Բյուրականի աստղադիտարանը և նրա հարուստ պատմամշակութային ժառանգությունները:

-Պարո՛ն Բաբայան, 2012 թվականից ղեկավարում եք համայնքը, ինչպիսի՞ աշխատանքներ եք կարողացել իրականացնել համայնքում և այժմ ի՞նչ տեսք ունի Բյուրականը:


-Այս տարիների ընթացքում կարգավորվել են համայնքի համար կարևորագույն համարվող բազում խնդիրներ: Ընտրվելուց հետո առաջին նախաձեռնությունը, որն իրականացվել է, ուսանողների ճանապարհածախսի ֆինանսավորումն էր` մոտավորապես 50 տոկոսի չափով:
Միայն այս տարի համայնքում 3500 քառակուսի մ. ճանապարհների ասֆալտապատման աշխատանքներ են կատարվել, փոխվել են խմելու ջրի ջրագծերը, վերջին տարիներին համայնքում կառուցվել են խաղահրապարակներ: Անցյալ տարի համայնքում բացվել է ամբուլատորիա:
Այսօր Բյուրական համայնքն ապահովված է նորմալ ապրելակերպի համար անհրաժեշտ պայմաններով, սակայն դեռ ունենք բազում անելիքներ, որոնց ուղղությամբ հետևողականորեն աշխատում ենք:

-Բավականին աշխատանքներ են կատարվել այս տարիների ընթացքում, դա տեսանելի է հենց առաջին իսկ վայրկյանից երբ այցելում ես Բյուրական, կներկայացնեք` ի՞նչ չլուծված խնդիրներ կան համայնքում:

-Առանցքային խնդիր է համայնքի համար խմելու ջրի ֆիլտրումը: Խմելու ջուրը ստանում ենք Արագածի լանջերից, գարնան հալոցների ժամանակ ջուրը պղտորվում է: Խնդրի լուծման համար պետք է կատարվի ջրի ֆիլտրում, որի հնարավորությունը Հայաստանի Հանրապետությունը չունի, չկա ջրի ֆիլտրացմամբ զբաղվող որևէ ընկերություն, ուստի փորձում ենք համագործակցել արտասահմանյան ընկերությունների հետ, որպեսզի կարողանանք սեղմ ժամկետներում այդ հարցին լուծում տալ, չնայած ասեմ, որ այդ ջուրը վնասակար չէ առողջության համար:


-Ինչպիսի՞ն է կրթամշակութային կյանքը համայնքում:


-Կրթական ոլորտի զարգացման ուղղությամբ մի հետաքրքիր ծրագիր ենք իրականացնում համայնքում. այն երիտասարդները, ովքեր ընդունվում են Երևանի Պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ, Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան կամ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա` նրանց ուսման վարձը ամբողջությամբ վճարում է համայնքապետարանը:
Երկու տարի առաջ «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի կողմից Բյուրականում բացվեց արվեստի ակադեմիա, որի բացման արարողությանը ներկա էր նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Այս յուրահատուկ կառույցի առաքելությունն է նպաստել երիտասարդ և կայացած հայ երաժիշտների, ինչպես նաև` արվեստի այլ ոլորտների ներկայացուցիչների և իրենց օտարերկյա գործընկերների հետ սերտ համագործակցության համար անհրաժեշտ պայմանների և հնարավորությունների ստեղծմանը և Հայաստանում արվեստի զարգացման խթանմանը: Ակադեմիայում անցկացվում են հայ մտավորականների հանդիպումներ և քննարկումներ` արդի կարևորության թեմաներով, անցկացվում են վարպետության դասընթացներ, համերգներ, շնորհանդեսներ և ցուցադրումներ` բոլոր արվեստագետների համար: Կառույցն իր տեսակով միակն է նաև ողջ տարածաշրջանում և աշխարհի մի քանի հանրահայտ փառատոների ակադեմիաներից է, որոնց միավորում է երիտասարդ սերնդի երաժիշտ-կատարողներին բարձրակարգ երաժշտական մասնագիտական հմտությունների փոխանցման և միջազգային հռչակ ունեցող երաժիշտների հետ համատեղ արվեստի կերտման գաղափարը` հատուկ միջավայրում:
Ակադեմիայում արդեն տեղի են ունեցել մի շարք կարևոր միջոցառումներ` երաժշտության, կինոյի, թատրոնի, գրականության և գեղանկարչության հայ մտավորականության ականավոր ներկայացուցիչների մասնակցությամբ:
Բացի դա, աստղադիտարանի շնորհիվ Բյուրական համայնքը ճանաչված է ամբողջ աշխարհում: Բյուրականի արվեստի ակադեմիայի հիմնադիր, կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյանի հետ համատեղ աշխատում ենք անել ամեն ինչ մեր համայնքը նաև մշակութային համայնք դարձնելու համար:

-Շրջելով Բյուրականում նկատեցինք պաստառներ` «Բյուրականը միշտ հայ զինվորի կողքին է», ի՞նչ է այն խորհրդանշում:

-Մենք միշտ մեր զինվորի, նրա ընտանիքի կողքին ենք, քանի որ նրանք են մեր վաղվա օրվա, խաղաղ երկրի երաշխավորը: Ծառայության, հատկապես Արցախ մեկնած ցանկացած զինվորի ընտանիքի ֆինանսապես օգնում ենք, ցանկացած հարցով աջակցում, նրանք միշտ մեր ուշադրության կենտրոնում են:

-Պարո՛ն Բաբայան, ո՞րն եք համարում այսքան տարիների աշխատանքային ձեռքբերումը:

-Իմ աշխատանքային ձեռքբերումը` դա վերափոխված Բյուրական համայնքն է և նրա բնակիչների գոհունակությունը, իսկ այն նոր ուժ և լիցք է հաղորդում էլ ավելի լավ, արդյունավետ աշխատելու և արարելու համար:

 

Հարցազրույցը` Սյուզաննա Ղուկասյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...