21:49
10/16/2021
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Պատմամշակութային հզոր ժառանգությունը` Դաշտադեմում էթնո եւ էկոտուրիզմի զարգացման գրավական

2017-12-23 13:06

Դաշտադեմ համայնքի ղեկավար ԱՆԴՐԱՆԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ

«Դե Ֆակտո » N 138 (11/2017թ.) 

-Պարո՛ն Ավետիսյան, մեր հանրապետությունում մեծ չէ այն համայնքապետերի թիվը, ովքեր ՀՀ անկախության հռչակումից ի վեր` 1991 թվականից, զբաղեցնում են համայնքի ղեկավարի պաշտոնը: Դուք այդ քչերից մեկն եք: Կպատմե՞ք` զարգացման ինչ փուլեր է անցել Դաշտադեմը:


-Հայաստանի Հանրապետության անկախացումից հետո մեր երկիրն անցավ կառավարման նոր համակարգի, որը ենթադրում էր մեծ աշխատանք: Այդ ժամանակ Դաշտադեմ համայնքը ավանային խորհուրդ կամ գյուղապետարան չուներ, այստեղ գործում էր խորհտնտեսությունը, ավանային խորհուրդ ուներ Թալին քաղաքը: 1990 թ. ես Թալինի ավանային խորհրդի դեպուտատ էի, իսկ 1991թ. ընտրվեցի Դաշտադեմի գյուղխորհրդի նախագահ: Նույն թվականին ես ներկայացա Թալինի ավանային խորհուրդ, այնտեղից վերցրի երկու գիրք, որոնցից կարող էի տեղեկություններ ստանալ Դաշտադեմի բնակչության մասին: Այդ երկու գրքում նշված տվյալների հիման վրա ես ստեղծեցի Դաշտադեմի գյուղխորհուրդը: Իսկ 1996թ., երբ վարչատարածքային փոփոխությունների իրականացման արդյունքում ավանային խորհուրդները վերածվեցին գյուղապետարանների, ես ընտրվեցի Դաշտադեմի գյուղապետ:


Դաշտադեմում որևէ նորմալ կենսապայման ստեղծված չէր բնակիչների համար: Գյուղը չուներ ոչ ջուր, ոչ գազ: Ջուրը բերում էին Թալին քաղաքից: Ես առաջին հերթին ձեռնամուխ եղա համայնքն ապահովել խմելու ջրով, գազաֆիկացմամբ, մսուր մանկապարտեզի, գրադարանի, մշակույթի տան, արևելյան մարզաձևի խմբակի գործունեությամբ, բուժկետով: Համայնքում անցկացված է նաև փողոցային լուսավորության համակարգ, ճանապարհները լավ վիճակում են, աղբահանությունը կանոնավոր կերպով կատարվում է, իհարկե, դեռևս մեր ուժերով, անվճար:


-Ի՞նչ խնդիրներ ունի համայնքը:

-Ունենք ոռոգման ջրի խնդիր, այն չի բավարարում համայնքի պահանջները: Իհարկե, հետևողական աշխատանքի միջոցով մենք փորձում ենք արդյունավետ կատարել ջրի բաշխման գործընթացը՝ «Թալին» ՋՕԸ-ի հետ համատեղ, որպեսզի բոլոր տնտեսություններին ջուր հասնի, հնարավորինս կանխում ենք ջրի կորուստները, ձգտում ֆինանսներ տրամադրել ներքին ցանցի վերանորոգմանը: Համայնքն ունի բարձրագույն և մասնագիտական կրթությամբ մեծ թվով երիտասարդներ, փորձում ենք նրանց օգնել գտնել իրենց տեղը կյանքում և աշխատանքում:

-Գյուղատնտեսության ո՞ր ճյուղերն են զարգացած համայնքում:

-Պետք է նշեմ, որ մեր համայնքի ուժեղ կողմերից մեկը աշխարհագրական բարենպաստ դիրքն է: Մեր ժողովուրդը կարողանում է զբաղվել թե՛ բանջարաբոստանային կուլտուրաների մշակմամբ, թե՛ այգեգործությամբ: 

-Դաշտադեմը նաև պատմամշակութային ժառանգությամբ հարուստ համայնք է, և Դուք լուրջ քայլեր եք ձեռնարկել այդ հարստությունը Հայաստանին և աշխարհին ներկայացնելու համար:

-Այո՛, Դաշտադեմն ունի պատմամշակութային մեծ ժառանգություն: Ունենք 4-րդ դարից պահպանվող կլոր խաչքար, 7-րդ դարից մեզ փոխանցված մեծ համալիրներ, որոնք վկայում են այն մասին, որ Հայաստանը ունեցել է ոչ միայն եկեղեցիներ, այլ նաև կառույցներ, շինություններ, որտեղ մեր իշխանավորներն են ապրել, դրանք նրանց դղյակներն են եղել: Կառույցը զբաղեցնում է 31 հա տարածություն, միայն բերդ-ամրոցը տեղակայված է 5 հա տարածության վրա, ներսում եկեղեցին է, միջնաբերդը, պարիսպը: Սակայն, ցավոք, դրանք մնացել էին գետնի տակ, Խորհրդային Միության ժամանակահատվածում անտեսվել էր այդ ժառանգությունը, անգամ երկու եկեղեցիներից մեկը վերածվել էր պարարտանյութերի, թունաքիմիկատների պահեստի:


Իմ պաշտոնավարման առաջին իսկ օրվանից ես իմ առաքելությունն եմ համարել նախ Հայաստանի ներսում, ապա դրա սահմաններից դուրս ներկայացնել մեր պատմական ժառանգությունը: Շատ դռներ եմ թակել, դիմել տարբեր պետական և հասարակական կառույցների, ինչպես նաև արտերկրյա ներդրողների և կազմակերպությունների: Պետք է նշեմ, որ ինձ լսեց և աջակցեց ՀՀ երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Նա 2000թ. այցելեց մեր համայնք, իր աչքով տեսավ Հայոց պատմության էջերից մեզ փոխանցված ժառանգությունը և գումարներ տրամադրեց պեղումների և վերականգնման աշխատանքների համար:


Այդ տարածքում պահպանվել է նաև պարսկական կառույց, ինչը գրավեց նաև Իրանի ուշադրությունը: Նրանց մշակույթի նախարարի տեղակալն այցելեց մեր համայնք, տեսավ, թե ինչպես ենք մենք խնամքով պահպանել իրենց կառույցը, գերեզմանները: Նա դրական տպավորություններ ստացավ և մեծ ոգևորություն ապրեց:


Մեզ աջակցություն ցուցաբերեց նաև ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը, ում ես դիմել էի խնդրանքով` աջակցել մեզ: Նա պատրաստակամություն հայտնեց ներդրումներ կատարել պեղումների և վերականգնման աշխատանքների համար, և նախանցյալ տարվանից սկսած` ՀՀ մշակույթի նախարարության հետ համատեղ, ներդրումներ են կատարում այդ ուղղությամբ, այս երկու ամսվա ընթացքում պետք է աշխատանքներ կատարվեն, սպասում ենք դրանց մեկնարկին:


Ես նաև մասնակցել եմ տարբեր միջազգային համաժողովների, օրինակ, հայ-ֆրանսիական, ներկայացրել մեր համայնքի գանձերը: Մենք նաև 1 օրով հյուրընկալել ենք «Եվրոպայի ժառանգության օրերը Հայաստանում» խորագրով ծրագրի շրջանակներում մեր երկիր ժամանած հյուրերին:
Ես քայլեր եմ ձեռնարկում նաև մեր համայնքում էթնո և էկոտուրիզմի զարգացման ուղղությամբ: Այդ նպատակով մենք բացել ենք կայքէջ:

-Կարծում եմ` այսքան սեր դեպի հայրենիքը և հայրենի ժողովուրդը Ձեզ փոխանցվել է ծնողներից, պատմեք Ձեր ընտանիքի մասին:

-Մեծացել եմ հայկական, ավանդական ընտանիքում, հայրս բժիշկ է եղել, մայրս` ուսուցչուհի: Նրանք ինձ արժեքային մեծ ժառանգություն են փոխանցել: Ես նույնպես կազմել եմ գեղեցիկ ընտանիք, ունեմ սիրելի կին և չորս հրաշք զավակներ` 3 դուստր և 1 որդի: Իմ ծնողները միշտ ասում էին, որ մարդու մեծագույն արժեքը մարդ մնալն է, որին ես, կարծում եմ, հասել եմ և փոխանցել եմ երեխաներիս:

Հարցազրույցը`
Սուսաննա Թամազյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...