04:45
12/27/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Համայնքի ղեկավար լինելը միայն աշխատանք չէ, դա մեծ պատասխանատվություն է համայնքի եւ նրա բնակիչների նկատմամբ

2017-12-23 12:57

Այսօր երիտասարդ սերունդը բավականին առաջադեմ և նախաձեռնող է: Ցանկացած բնագավառում նրանց ներգրավվածությունը միմիայն օգնում է աշխատանքին: Երիտասարդ, գործունյա և պատասխանատու անձնավորություն է Կարբի համայնքի ղեկավար Կարո Բաղդասարյանը:

Համայնքում կատարված աշխատանքների, խնդիրների և առաջիկա ծրագրերի մասին զրուցեցինք Կարբի համայնքի ղեկավար Կարո Բաղդասարյանի հետ:

«Դե Ֆակտո » N 138 (11/2017թ.) 

-Պարո՛ն Բաղդասարյան, կխնդրեի ներկայացնեք` ի՞նչ աշխատանքային ուղի ենք անցել մինչև Կարբի համայնքի ղեկավարի պաշտոնում աշխատելը:


-Սովորել եմ Երևանի Պետական տնտեսագիտական համալսարանում, այնուհետև ուսումս շարունակել եմ Գերմանիայի Դաշնության Հանովենի տնտեսագիտական ինստիտուտում: Երեք տարի անց վերադարձել եմ Հայաստան և ընդունվել Պետական կառավարման ակադեմիա: Ուսման հետ զուգահեռ աշխատել եմ «Աշտարակի պտուղ-բանջարեղենի գրասենյակ» ԲԲԸ-ում որպես փոխտնօրեն:
2012 թվականից մինչ օրս ղեկավարում եմ Կարբի համայնքը:

-Արդեն հինգ տարի է ինչ ղեկավարում եք Կարբի համայնքը, այս տարիների ընթացքում ի՞նչ դրական փոփոխություններ են եղել համայնքում:

-Ուրախությամբ նշեմ, որ 2012 թվականից մինչ օրս համայնքում բավականին արդյունավետ ծրագրեր են կյանքի կոչվել: Ճանապարհաշինության ոլորտում ունենք տեսանելի փոփոխություններ, այս տարիների ընթացքում ասֆալտապատվել են մի շարք գլխավոր և երկրորդային փողոցներ: Համայնքում կարգավորվել են խմելու և ոռոգման ջրի խնդիրը, այսօր արդեն փոխված են համայնքի 80 տոկոս ջրագծերը, ինչն էլ նպաստում է որպեսզի համայնքում կատարվի անխափան ջրամատակարարում: Համայնքն ամբողջությամբ գազաֆիկացված է: Համայնքի ենթակայության տակ գտնվող մանկապարտեզում կատարվել են վերանորոգման աշխատանքներ, նաև մասնակի վերանորոգման աշխատանքներ են կատարվել համայնքապետարանի շենքում:
Կարբի համայնքը էլ ավելի հետաքրքիր և էլ ավելի գրավիչ դարձնելու համար համայնքի կենտրոնում կառուցվել են այգիներ, որտեղ բնակիչները կկարողանան իրենց ազատ ժամանակն անցկացնել:
Այս տարիների ընթացքում մեծ ուշադրություն ենք դարձրել զբոսաշրջության զարգացմանը, լայնածավալ աշխատանքների արդյունքը եղավ այն, որ միայն այս տարի Կարբի համայնք է այցելել շուրջ 100.000 զբոսաշրջիկ:

-Ինչպես նշեցիք, տարեկան կտրվածքով շուրջ 100.000 զբոսաշրջիկներ են այցելում համայնք, առաջիկայում ի՞նչ նախանշված ծրագրեր կան զբոսաշրջության զարգացման ուղղությամբ:

-Մեզ մոտ զարգացած է ներգնա և արտագնա զբոսաշրջությունը: Հայաստանի տարբեր շրջաններից ունենում ենք զբոսաշրջիկներ, որոնց հիմնական ուղղությունը Կարբի ձորն է, իսկ արտերկրից ժամանած զբոսաշրջիկներն այցելում են պատմամշակութային վայրեր:
Զբոսաշրջության զարգացման ուղղությամբ մի շարք բարենպաստ և կարևոր ծրագրեր կան, որոնք մոտ ապագայում կիրագործենք: Մինչ այս տարվա վերջ նախատեսված է ճանապարհների եզրին տեղադրել ճանաչողական ցուցանակներ, նաև ծրագիր ունենք պատմամշակութային օջախներում տեղադրելու պատմողական ցուցանակներ, որպեսզի զբոսաշրջիկները տեղեկացված լինեն տվյալ վայրի նախապատմությանը: Կազմակերպվում են նաև արշավներ, որի ժամանակ զբոսաշրջիկները մոտավորապես 7-10 կմ քայլում են համայնքի վայրի բնության տարածքով. պետք է նպաստավոր պայմաններ ստեղծենք տվյալ արշավների համար:

-Պարո՛ն Բաղդասարյան, խոսեցինք կատարված աշխատանքներից, այսօր դեռ ի՞նչ չլուծված խնդիրներ կան համայնքում:

-Դեռ մի շարք խնդիրներ կան, որոնց լուծման ուղղությամբ մշակում ենք ծրագրեր: Մեզ համար առաջնային խնդիրը մշակութային և սպորտային ոլորտների թերի զարգացումն է, դա պայմանավորված է այն հանգամանքով, որ համայնքում չկա սպորտ դպրոց, մշակույթի տան շենքային պայմաններն էլ գտնվում են ոչ բարվոք վիճակում: Առաջիկայում պետք է կարողանանք կառուցել մեզ համար այդ երկու շատ կարևոր օջախները:

-Ինչպիսի՞ն է բնակիչների սոցիալական վիճակը, կա՞ն աշխատատեղեր:

-Ցավով նշեմ, որ համայնքում վերջին տարիներին բնակիչների սոցիալական վիճակն այդքան էլ բարվոք վիճակում չէ: Կարբի համայնքում ունենք երկու մեծ արտադրամաս «Թամարա Ֆրուտ»-ը և «Կարբի ֆրուտ»-ը, որտեղ մեր համայնքից բավականին մեծ թվով բնակիչներ են աշխատում:
Համայնքի բնակիչներն իրենք իրենց համար ստեղծում են աշխատատեղեր և դա շատ ողջունելի է:

-Ի՞նչ նոր ծրագրեր կան, որոնք պետք է կյանքի կոչեք 2018 թվականին:

-Նախատեսված է մեր տարածաշրջանում բացելու նոր բժշկական կենտրոն, որը կսպասարկի ոչ միայն Կարբի համայնքին, այլ նաև հարակից համայնքներին` Օհանավան, Ուշի, Արտաշավան և Սաղմոսավանք: Տարածքը տրամադրվել է համայնքի կողմից, այժմ ընթացքի մեջ են նախագծային աշխատանքները: Բժշկական կենտրոնի մի հատվածի աշխատանքները կֆինանսավորվեն Արաբական Միացյալ էմիրությունների դեսպանատան կողմից, իսկ մյուս հատվածը՝ համայնքապետարանի:

-Պարո՛ն Բաղդասարյան, աշխատանքում ի՞նչ սկզբունքներով եք առաջնորդվում:

-Բարություն, հավասարակշռվածություն, խստապահանջություն, լավատեսություն և աշխատասիրություն. հենց այս սկզբունքներն եմ որդեգրել, որոնցով առաջնորդվում եմ աշխատանքում: Համայնքի ղեկավար լինելը միայն աշխատանք չէ, դա մեծ պատասխանատվության է համայնքի և նրա բնակիչների նկատմամբ:

-Եվ վերջում, ի՞նչ կմաղթեք Ձեր ղեկավարած համայնքի բնակիչներին:

-Առաջին հերթին առողջություն, այնուհետև լավատեսություն, յուրաքանչյուր ոք կյանքում պետք է կարողանա տեսնել դրականը:


Հարցազրույցը`
Սյուզաննա Ղուկասյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...