05:25
12/27/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Թալինցիները կյանքի ցանկացած իրավիճակում հեշտ չեն հանձնվում` տեսակով պայքարող են

2017-12-23 12:35

«Դե Ֆակտո» ամսագրի զրուցակիցն է Թալինի քաղաքապետ Սարգիս Արամյանը:


-Պարո՛ն Արամյան, 2012 թվականից Թալինի քաղաքապետն եք, ի՞նչ ձեռքբերումներ կառանձնացնեք այս տարիների ընթացքում:

-Այս տարիների ընթացքում բազմաթիվ ծրագրեր են իրականացվել համայնքի բյուջեի, պետական ծրագրերի և դոնոր կազմակերպությունների միջոցներով: Վերջին տարիներին փոխվել են համայնքի մոտ 80% խմելու ջրի ջրագծերը, որի արդյունքում այսօր համայնքում ունենք 24 ժամյա ջրամատակարարում: ԻՖԱՏ միջազգային կազմակերպության հետ իրականացրել ենք գազաֆիկացման լայնածավալ աշխատանքներ, որի արդյունքում քաղաքի 95%-ը գազաֆիկացված է: Եթե 2012 թվականին լուսավորված էր միայն քաղաքի գլխավոր փողոցները, ապա այսօր երկրորդային փողոցները նույնպես լուսավորված են: Այս ընթացքում վերանորոգվել են քաղաքում գործող երկու դպրոցները` ստեղծելով համապատասխան պայմաններ աշակերտների համար:

Ամբողջությամբ վերանորոգվել է գեղարվեստի դպրոցը, որի արդյունքում սաների թիվը կրկնապատկվել է: Հիմնանորոգվել է Թալինի թիվ 3 մանկապարտեզի շենքը:
Այս ընթացքում կատարվել են ճանապարհաշինարարական բազում աշխատանքներ, ասֆալտապատվել են մի շարք փողոցներ: Այս պահին ընթացքի մեջ է Սայաթ-Նովա փողոցի մի հատվածի ասֆալտապատման աշխատանքները:
Քաղաքում ավարտվեց 1 ՄՎտ հզորությամբ արդյունաբերական արևային էլեկտրակայանի կառուցումը, այն առաջինն է, որը կգործարկվի Հայաստանում:

-Կատարված աշխատանքների հետ մեկտեղ, ի՞նչ առաջնային խնդիրներ կան քաղաքում:

-Ինչպես բոլոր քաղաքներում, այնպես էլ մեզ մոտ, կան բազում չլուծված խնդիրներ: Թիվ մեկ խնդիրը քաղաքում գործազրկությունն է, այս խնդիրը կարգավորելու ուղղությամբ պետք է ներդրումային ծրագրեր լինեն քաղաքում, որը կնպաստի գործազրկության տոկոսի նվազմանը:
1988 թվականի ավերիչ երկրաշարժից հետո, քաղաքում ընթացող բնակելի շենքերի շինարարական աշխատանքներն անավարտ մնացին, ունենք կիսակառույց բնակելի շենքեր, որոնք այսօր քայքայման եզրին են: Վերակառուցման ծրագիրը ներկայացված է կառավարություն, հույս ունենք, որ հնարավորության դեպքում այդ շենքերի կառուցման խնդիրն իր լուծումը կստանա, քանի որ բնակիչների համար այդ բնակարանները կենսական նշանակություն ունեն:

-Ինչպիսի՞ն է քաղաքում մշակութային, սպորտային կյանքը:

-Դառնալով քաղաքապետ իմ առաջին ցանկությունը եղել է քաղաքում զարգացնել մշակութային և սպորտային կյանքը, ավելի մեծ ուշադրություն դարձնել այդ ոլորտներին:
Ունենք մշակույթի տուն, որտեղ հաճախում է մոտ 150 երեխա, նշեմ որ բոլոր խմբակներն անվճար են. փորձում ենք պահպանել մեր ազգային երգն ու պարը:
Քաղաքում գործում է սպորտ դպրոց, որն ապահովված է համապատասխան բոլոր պայմաններով: Սպորտ դպրոցում գործում են տարբեր խմբակներ, փորձում ենք, որքան հնարավոր է, երիտասարդ սերնդի մեջ սեր և հետաքրքրություն առաջացնել սպորտի նկատմամբ և ներգրավել նրանց այդ խմբակներում զբաղվելու իրենց նախընտրած որևէ մարզաձևով: Պարսկահայերի աջակցությամբ քաղաքում կառուցվեց մինի ֆուտբոլի դաշտ, որտեղ մարզվում են ոչ միայն երիտասարդները, այլ նաև մեծերը: Ներկա պահին քաղաքի ծայրամասում կառուցվում է ևս մեկ մինի ֆուտբոլի դաշտ:

-Պարո՛ն Արամյան, ինչպե՞ս կբնութագրեք թալինցիներին:

-Թալինցիները հայրենասեր և աշխատասեր մարդիկ են: Թալինցիները կյանքի ցանկացած իրավիճակում հեշտ չեն հանձնվում` տեսակով պայքարող են:

-Ի՞նչ նախանշված ծրագրեր կան 2018 թվականին:

-Առաջիկայում յուրաքանչյուր քայլ անելու ենք, որպեսզի մեր քաղաքում ներդրումային ծրագրերն ավելանան, որն էլ խթան կհանդիսանա նոր աշխատատեղերի ստեղծման համար: Տեխնոլոգիաների այս ժամանակաշրջանում պետք է քայլենք ժամանակին համահունչ:

-Յուրաքանչյուր քաղաքապետ պետք է...

-Յուրաքանչյուր քաղաքապետ պետք է քաջատեղյակ լինի քաղաքում առկա խնդիրներին ու կարողանա հմուտ գիտելիքների շնորհիվ լուծել այդ խնդիրները և ձգտի դրանք հասցնել նվազագույնի:

 

Հարցազրույցը` Սյուզաննա Ղուկասյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...