15:11
12/26/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
ԻՄ ՆԿԱՐՆԵՐՈՒՄ ԼԱՎԱՏԵՍՈՒԹՅՈՒՆ ԿԱ ԵՎ ՄԻՇՏ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ՚

2013-01-15 10:59

Վառ գույներ, պայծառություն, լավատեսություն...  Նկարիչ Նիկօյի կարծիքով, սրանք են այսօր պակասում մեր ժողովրդին: Իրողություններ, որոնց օգնությամբ կարելի է հաղթահարել բազմաթիվ դժվարություններ:

Նկարիչը չի սահմանափակվում որևէ ոճով, այլ առաջնորդվում է զգացմունքներով և միաժամանակ ներկայացնում մեր արդի ապրելակերպը, մեր էությունը: Արվեստն ինքնանպատակ չպետք է լինի, ուստի Նիկօն վրձինը ձեռքն է վերցնում միայն այն ժամանակ, երբ կոնկրետ ասելիք ունի: Ներկայացնենք մեր հարցազրույցը նկարչի հետ:

-Նիկօ՛, պատմեք, խնդրեմ, Ձեր մասին:

-Ստորագրում եմ Նիկօ, անուն-ազգանունս` Նիկոլայ Մանուկյան: Ծնվել եմ Թբիլիսիում: Ավարտել եմ տեղի հայկական դպրոցը էքստեռն կարգով,ապա նկարչական ուսումնարանը£ Ընդունվել եմ Լենինգրադի (այժմ Սանկտ Պետերբուրգ) Ռեպինի անվան գեղարվեստի ակադեմիա£ Ավարտել եմ Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիան£ Աշխատել եմ ՙՀայֆիլմ՚ կինոստուդիայի մուլտիպլիկացիոն խմբում: Ձևավորել եմ 1000-ից ավելի գրքեր: Մամուլի հետ կապված եմ ուսանողական տարիներից, կատարել եմ ձևավորումներ թերթերում, նկարել եմ ծաղրանկարներ: Ներկայումս ՙԻրատես de facto՚ թերթի գեղարվեստական խմբագիրն եմ: Ցուցահանդեսներ ունեցել եմ ավելի շատ դրսում` Բրազիլիայում, ՈՒրուգվայում, Արգենտինայում, Գերմանիայում: Մասնակցել եմ մրցույթների, Ճապոնիայում ստացել եմ մրցանակներ:  14 տարի Սփյուռքի կոմիտեում եղել եմ գլխավոր նկարիչ:

-Ի՞նչ ոճով եք հիմնականում ստեղծագործում:

-Հենց ուսանողական տարիներից սկսած ոճ չեմ ընտրել, որովհետև, երբ ինչ-որ ոճ ես գտնում, նույնատիպություն է ստացվում: Գերմանիայում լրագրողներ էին եկել իմ արվեստանոց, ինձ նույն հարցը տվեցին, ես էլ, չգիտես ինչու, պատասխանեցի` ֆանտասմագորիկ-իմպրեսիոնիզմ: Ասացի, թե ես եմ ստեղծել, բայց ընդամենը լեզվիս եկած խոսք էր: Նրանք տարբեր թերթերում այդպես էլ գրեցին` Նիկօն ֆանտասմագորիկ-իմպրեսիոնիզմի ներկայացուցիչ է£ Անցավ մոտ 10 տարի£ Մի օր տեսա, որ մամուլում արդեն օգտագործվում է այդ տերմինը: Նկարչության մեջ ինձ համար գլխավորը զգացմունքն է. լինում է, որ էսքիզ եմ անում, բայց հետո շատ եմ հեռանում այդ էսքիզից, որովհետև երբ վրձին ես վերցնում, արդեն կտավն ինքն է քեզ տանում: Եթե դու հետը գնում ես, ուրեմն ստեղծագործում ես: Զարմանում եմ, երբ նկարիչներն իրենց հարցազրույցներում ասում են. առավոտյան ժամը 8-ին արթնանում եմ, 9-ին սուրճ եմ խմում, գնում շնիկիս հետ զբոսնելու ու նոր գալիս կանգնում նկարակալի մոտ, հետո ընդմիջում եմ տալիս, ճաշում եմ, նորից վերադառնում և այլն: Նույնիսկ աթոռ սարքողն այդպես չի կարող աշխատել, պարզապես կհոգնի: Հետո, երբ մոտենում ես կտավին, պետք է բան ունենաս ասելու, իսկ եթե ինչ-որ ոճ ես ընտրել ու չես զարգացնում, արդեն հետաքրքիր չի լինում, դառնում է տրաֆարետային աշխատանք: Ինձ հետաքրքիր է, երբ միշտ փնտրում եմ:

-Ինչպե՞ս են ծնվում նոր կտավ ստեղծելու գաղափարները:

-Լինում է նախօրոք և հանկարծակի, տարբեր տեղերում: Հանում եմ թղթերը և փոքր կոմպոզիցիաներ, էսքիզներ եմ անում,  հետո ընտրում եմ, թե դրանցից որն արժե զարգացնել: Բայց երբ նույն այդ կոմպոզիցիան ամրացնում եմ նկարակալի վրա և սկսում  շարել դետալները, աշխատանքի ընթացքում կարող եմ այնքան հեռանալ այդ կոմպոզիցիայից, որ բոլորովին այլ բան  ստացվի: Լինում է և այնպես, որ կտավն ինքն է հուշում` ինչպես աշխատել և ինչ անել:

-Ցանկացած արվեստագետ իր ասելիքն ունի: Ո՞րն է Ձեր ասելիքը:

-Այն, ինչն ինձ շրջապատում է, անպայման ազդում է և° իմ աշխատանքի, և° մտածելակերպի վրա: Ես ունեմ ՙԴոնկիխոտների՚ շարք: Դոնկիխոտներ այսօր էլ կան, այդ տիպաժն այնպիսի մեծ դիապազոն ունի, որ կարող ես անընդհատ զարգացնել: Այդ թեմայով 15-20 աշխատանք ունեմ դրսում, հինգն էլ` Երևանում: Ես սիրում եմ պայծառ գույներ. նույնիսկ սևը, երբ դնում ես մեկ ուրիշ գույնի հետ,  դառնում է գունավոր և հնչեղ: Սակայն երբ աշխատում ես խամրած գույներով, կանգնում ես, էլ չես կարողանում շարժվել, շարժառիթ չի լինում: Եթե աշխատելու պահին կտրվում ես հողից, մտնում ստեղծագործության մեջ, նա քեզ տանում է. եթե գնացիր, ուրեմն նպատակիդ կհասնես: Նույնիսկ նատյուրմորտով կարող ես այնպիսի պատկերներ ստանալ, որ ավելի շատ բան կասեն, քան թե ավելի տեսանելի, ֆիգուրային պատկերները: Իմ նկարներում լավատեսություն կա և միշտ պետք է լինի: Եթե բան չունեմ ասելու, վրձին չեմ վերցնում:

-Ինչի՞ վրա եք աշխատում ներկա պահին:

-Ներկա պահին ստեղծագործական կանգառ է: Կոմպոզիցիաների վրա եմ մտմտում, ուզում եմ էլի մի փոքր դոնկիխոտային շարք անել, նաև մանկական գրքեր կան ձեռքիս տակ, ձևավորում եմ:

-Ամանորի կապակցությամբ ի՞նչ կմաղթեք մեր ընթերցողներին:

-Բնականաբար, շնորհավորում եմ մեր ժողովրդի Ամանորն ու Սուրբ ծնունդը, ցանկանում եմ, որ հասնենք այնպիսի մակարդակի, որ մտամոլոր դեմքերն ավելի քիչ լինեն, և Նոր Տարին իսկապես տոն լինի բոլորի համար: Գիտեմ նաև, որ նշում եք Ձեր ամսագրի հնգամյակը. շնորհավորում եմ ողջ անձնակազմին, ցանկանում եմ ստեղծագործական հաջողություններ: Որպես մեդիա, դուք աճելու և տարածվելու մեծ ունակություն ունեք, և կցանկանամ, որ միշտ այդպես լինի:

Կարեն Վարդանյան

«Դե Ֆակտո» N67 (էքսկլյուզիվ 2011թ.)

 

 

 



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...