03:59
12/27/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Մենք պետք է առավելագույնն անենք մեր հայրենիքի եւ ապագա սերունդների համար

2017-12-23 11:35

 «Դե Ֆակտո » N 138 (11/2017թ.) 

Ես լիովին գիտակցում եմ, թե ինչպիսի պատասխանատու աշխատանք է

ինձ վերապահված, ու գիշեր-ցերեկ աշխատում եմ այն պատվով կատարել:


                                    ԱՇՈՏ ՍԻՄՈՆՅԱՆ

                                    ՀՀ Արագածոտնի մարզպետ

 

-Պարո՛ն Սիմոնյան, կարճ ժամանակ է, ինչ նշանակվել եք ՀՀ Արագածոտնի մարզպետ: Դուք ծննդով Արագածոտնի մարզի Կաթնաղբյուր գյուղից եք, հաշվի առնելով նաև այդ հանգամանքը` ինչպիսի՞ պատասխանատվություն է Ձեզ համար այս պաշտոնը:


-Շատ լավ է, որ հարցազրույցի մեկնարկը տրվում է պատասխանատվության մասին հարցադրումից, քանի որ, իմ խորին համոզմամբ, դա կարևոր նախադրյալ է ոչ միայն մարզպետի, այլև ցանկացած բնագավառի մասնագետի համար աշխատանքում հաջողելու և կայուն արդյունավետություն ապահովելու առումով: Ինձ համար այս պաշտոնը կրկնակի պարտավորեցնող է: Նախ` ես պատասխանատու եմ ողջ մարզի ազգաբնակչության առջև, ովքեր մեծ հույսեր են կապում մարզի զարգացման, իրենց կյանքի որակի բարձրացման հետ, երկրորդ` ես պատասխանատու եմ իմ կուսակցության` ՀՅԴ-ի առջև, որն ինձ վստահել է այս պաշտոնը: Երբ դեռ նոր էի նշանակվել, շատ լուրեր էին շրջանառվում այն մասին, թե ով է այդ երիտասարդ մարզպետը, ինչ կենսագրություն ունի, և իմ մասին լուրեր շրջանառողներին առավելապես հետաքրքրում էին իմ նյութական, այլ ոչ թե մտավոր կարողությունները: Եվ երբ նրանց ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ ունեմ համեստ, սեփական քրտինքով վաստակած կարողություն, այդ ուղղությամբ որոնումները դադարեցվեցին: Բոլորը հավանաբար հասկացան, որ ՀՅԴ-ի համար կան չափանիշներ, սկզբունքներ, որոնք կապ չունեն ֆինանսական կարողությունների հետ: Այդ չափանիշները վերաբերում են մարդ տեսակի բնութագրին, ազնվությանն ու պրոֆեսիոնալիզմին, որ տարիների ընթացքում ձեռք է բերվում` դառնալով անձի կայացման հիմք:
Իմ առջև խնդիր է դրված զարգացնել մարզը` առաջնորդվելով ՀՀ կառավարության Տարածքների համաչափ զարգացման ծրագրով: Եվ ես լիովին գիտակցում եմ, թե ինչպիսի պատասխանատու աշխատանք է ինձ վերապահված, ու գիշեր-ցերեկ աշխատում եմ այն պատվով կատարել:

-Գո՞հ եք մարզի այս տարվա արձանագրած արդյունքներից:

-Մեր մարզի տնտեսության գերակա ճյուղը գյուղատնտեսությունն է: Այդ ոլորտում նոր մոտեցումների կիրառման արդյունքում այս տարի մեր մարզում արտադրված գյուղատնտեսական համախառն արտադրանքը ամբողջ հանրապետության համախառն արտադրանքի մոտ 10 տոկոսն է կազմել: Ընդհանուր առմամբ դա քիչ չէ, բայց մեր մարզը կարող է ավելին: Մենք մոտավորապես 100 մլրդ դրամի համախառն գյուղմթերք ենք արտադրում, բայց ես վստահաբար կարող եմ ասել, որ գյուղատնտեսության վարման գործընթացը ճիշտ կազմակերպելու դեպքում այդ թիվը կարելի է եռապատկել:
Պետք է նշեմ նաև, որ այս մեկ տարվա ընթացքում մարզպետարանին հաջողվել է նախորդ տարվա համեմատ սեփական եկամուտների հավաքագրման պլանը մոտ 23 տոկոսով բարձրացնել: Մենք 250 մլն դրամի սեփական եկամուտների լրացուցիչ հավաքագրման պլան ենք նախատեսել, ըստ որի` պետք է հավաքագրենք ընդհանուր առմամբ մոտ 1 մլրդ 250 մլն դրամի չափով սեփական եկամուտներ:

 

2017 թվականին Արագածոտնի մարզը նախորդ տարվա ցուցանիշների համեմատությամբ առաջընթաց է ապրել:

Եթե ճիշտ քայլերով առաջ գնանք, ապա մեր երկիրը կարճ ժամանակում զարգացման առավել մեծ տեմպ կարձանագրի:


-Ինչպե՞ս կգնահատեք ՀՀ վարչապետի այցը մարզ, ի՞նչ կարևոր շեշտադրումներ են արվել նրա կողմից, և հետաքրքիր է Ձեր գնահատականը կառավարության մեկ տարվա աշխատանքի վերաբերյալ:

-ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի այցը մարզ բավականին արդյունավետ անցավ: Նա պարբերաբար ստանում է տեղեկատվություն մարզում իրականացվող աշխատանքների, առկա խնդիրների մասին: Այցի ընթացքում նրա հիմնական շեշտադրումները վերաբերում էին գյուղատնտեսության, կրթության, առողջապահության ոլորտներին: Հատուկ անդրադարձ կատարվեց աղբահանության, սանիտարական մաքրման խնդիրներին:
Այս տարի գարնանը «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում լայնածավալ աշխատանքներ կազմակերպվեցին ամբողջ հանրապետությունում, այդ թվում` ՀՀ Արագածոտնի մարզում: Մեր մարզում կար 136 աղբավայր, որոնցից 125-ը փակվեց: Մնացել է 11 աղբավայր: Մեր կողմից կազմվել է համայնքների ցանկ, թե տվյալ աղբավայրը որ համայնքների համար է նախատեսված: Աղբի տեղափոխման խնդիրը ևս լուծված է:
Ինչ վերաբերում է ՀՀ կառավարության վերջին մեկ տարվա աշխատանքին, ապա կարծում եմ` մեր մարզում, և, առհասարակ, Հայաստանում, շնորհիվ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարության աշխատանքի, զգալի առաջընթաց է արձանագրվել: Օբյեկտիվ դիտարկմամբ ակներև է, որ 2017 թվականին Արագածոտնի մարզը նախորդ տարվա ցուցանիշների համեմատությամբ առաջընթաց է ապրել: Այլ հարց է, թե դա որքանով է գոհացուցիչ, և որքանով է ՀՀ ամեն մի բնակիչ զգում այդ փոփոխությունը: Բնական է, որ մեկ տարում հնարավոր չէ հասնել մեծ արդյունքների: Այստեղ կարևորվում է մեր կողմից դեպի զարգացում տանող ճիշտ ընտրված ճանապարհը: Եթե ճիշտ քայլերով առաջ գնանք, ապա անպայման մեր երկիրը կարճ ժամանակում զարգացման առավել մեծ տեմպ կարձանագրի:
Նշեմ նաև, որ ՀՀ կառավարության կողմից մի շատ կարևոր փաստաթուղթ ընդունվեց, այն է` ՀՀ մարզերի տարածքային զարգացման ռազմավարության 2017-2025թթ. ծրագիրը, որում առկա է հստակ վերլուծություն յուրաքանչյուր մարզի ուժեղ և թույլ կողմերի, առկա ռեսուրսների վերաբերյալ և նշված են այն ուղղությունները, որոնցով պետք է զարգանա մարզը առաջիկա տարիներին: Այն թույլ է տալիս հստակ պատկերացում կազմել, թե ինչ անելիքներ կան մարզում:


ՀՀ Արագածոտնի մարզը զարգանալու մեծ ներուժ ունի

գյուղմթերքի արտադրության, վերամշակման եւ արտահանման ուղղությամբ:


-Ի՞նչ հաջողություններ են արձանագրվել ՀՀ Արագածոտնի մարզի գյուղատնտեսության ոլորտում:

-ՀՀ Արագածոտնի մարզը զարգանալու մեծ ներուժ ունի, մասնավորապես` գյուղմթերքի արտադրության, վերամշակման և արտահանման ուղղությամբ: Օրինակ` մեր մարզում մեծ արդյունք են տվել հիմնված ժամանակակից ինտենսիվ այգիները, որոնք ոռոգվում են կաթիլային եղանակով և տալիս են հրաշալի բերք, որը կարելի է վստահաբար արտահանել: Այդ փաստը խթան է մեզ համար նախապատվություն տալու նման այգիների ստեղծմանը, քանի որ դրանց բերքն ավելի մեծ պահանջարկ է վայելում: Մենք պետք է հասկանանք, որ որոշ դեպքերում մեր գյուղացին ցորեն ու գարի ցանելու արդյունքում ավելի շատ վնաս է կրում, քան օգուտ ստանում: Փաստն այն է, որ միայն հացահատիկային մշակաբույսերի արտերի ոռոգման համար գյուղացու ծախսած գումարն ավելի մեծ է, քան նրա ամբողջ տարվա հասույթը: Դրանից պետք է հետևություններ անել և գումար ներդնել այն գյուղմթերքի արտադրության մեջ, որը եկամտաբեր է, մրցունակ նաև արտաքին շուկայում:
Քաջ գիտակցելով, որ մեր մարզում գերիշխում է գյուղատնտեսության ոլորտը, մենք խրախուսում ենք ինտենսիվ այգիների հիմնումը: Պետությունը բավական լուրջ քաղաքականություն է վարում այդ ուղղությամբ` տրամադրելով շահավետ վարկային միջոց, ըստ որի` պետության կողմից դոտացիայի տրամադրման և սուբսիդավորման արդյունքում վարկի տոկոսադրույքը հասցվել է տարեկան 2 տոկոսի: Վարկային միջոցը կարելի է օգտագործել կաթիլային ոռոգման համար նախատեսված նոր տեխնիկայի, կարկտապաշտպան ցանցային համակարգերի և այլ հնարավորությունների ձեռքբերման համար: Սա թույլ է տալիս գյուղացուն ստեղծել փոքր ֆերմերային տնտեսություններ, որոնք կունենան որակյալ արտադրանք ստեղծելու կայուն հնարավորություն:

-Դուք Ձեր խոսքում հատուկ շեշտում եք մրցունակ արտադրանքի ստացման կարևորությունը, մի՞թե հայկական արտադրանքը որակապես զիջում է այլ երկրների արտադրանքին:

-Հայաստանի բնակլիմայական պայմանները, արևը, հողն ու ջուրը յուրահատուկ համ և բույր են հաղորդում մեր արտադրանքին, սակայն ՀՀ-ում գյուղատնտեսությամբ դեռևս զբաղվում ենք հին մեթոդներով, մենք շարունակում ենք մեր այգիները մշակել և բերքը հավաքել նախորդ դարի ավանդույթներով ու տեխնիկայով, ինչի արդյունքում մեր արտադրանքի տեսքը մրցունակ չի լինում այնպես, ինչպես, օրինակ, թուրքական արտադրանքինը: Այդ պատճառով մենք խրախուսում ենք ժամանակակից այգիների հիմնումը, որոնք, ճիշտ է, ավելի մեծ ներդրում են պահանջում, սակայն դրան համապատասխան շահութաբերություն են ապահովում:

-Ներդրումային ի՞նչ ծրագրեր են իրականացվել մարզում և արդյո՞ք առաջիկայում նման ծրագրեր կան:

-Ներդրումները հիմնականում գյուղատնտեսության ոլորտում են կատարվել, մասնավորապես` ինտենսիվ այգիների, թռչնաբուծական և խոզաբուծական ֆերմերային տնտեսությունների հիմնման ուղղությամբ: Ներդրողը «Գնթունիք» խանութների ցանցի սեփականատերն է, որի հետ այժմ բանակցություններ ենք վարում այդ ցանցը ընդլայնելու նպատակով: Մենք ցանկանում ենք, որ այլ մթերքների արտադրություններ ևս ստեղծվեն մեր համայնքներում:
Մեր տարածաշրջանի նկատմամբ ներդրումային հետաքրքրություն են ցուցաբերել նաև արաբ գործարարները, որոնք մտադիր են բժշկական կենտրոն հիմնել այստեղ: Նրանց հետ դեռևս բանակցային փուլում ենք:
Ներդրումներ ունենք նաև նախկինում գործող, այժմ որոշ պատճառներով գործունեությունը դադարեցված ձեռնարկություններում, մասնավորապես` ադամանդի վերամշակման ընկերությունում, որը տարիներ առաջ գործում էր Թալինում ու ապահովում էր 1000 և ավելի աշխատատեղ: Արտադրության վերագործարկման հետ կապված դիմել ենք նույնիսկ վարչապետին ու խնդրել, որ հումքի հարցով օժանդակի, քանի որ սա համայնքային, քաղաքային կյանքի զարգացման առումով էական նշանակություն ունեցող նախագիծ է: Մենք նախատեսում ենք մոտավորապես 500 նոր աշխատատեղերի ստեղծում ու միջին և դրանից բարձր աշխատավարձերի ապահովում:
Ամսվա վերջին պատրաստ կլինի ևս 5 ներդրումային ծրագիր, որոնց կազմման ուղղությամբ աշխատում են մեր մարզպետարանի զարգացման ծրագրերի բաժինն ու գյուղատնտեսության վարչությունը: Դրանք գյուղմթերքների վերամշակման ձեռնարկությունների հիմնմանն ուղղված ծրագրեր են, որոնցից յուրաքանչյուրի ներդրումային գումարը կազմում է մոտավորապես 1 մլն դոլար:
Ավելացնեմ նաև, որ հունվար ամսին ներդրումային 11 ծրագիր է ներկայացվել ՀՀ կառավարությանը, որոնցից չորսին կառավարությունը հավանություն է տվել:

 

Կրթության եւ առողջապահության ոլորտներում կան խնդիրներ,

որոնց լուծման ուղղությամբ լուրջ քայլեր են ձեռնարկվում:


-Ի՞նչ վիճակում են մարզի կրթամշակութային օջախները, ի՞նչ խնդիրներ են առկա դրանցում:

-Շենքային առումով մենք գրեթե բոլոր ոլորտներում էլ խնդիրներ ունենք: Մասնավորապես` ունենք վերանորոգման կարիք ունեցող 37 դպրոց, որոնք ոչ բարենպաստ վիճակում են ոչ միայն շենքային, այլև գույքային պայմանների առումով:
Մեր ենթակայության տակ գտնվող 118 դպրոցների մեծ մասն ունի մինչև 100 աշակերտ: Բայց կան դպրոցներ, որոնք ունեն քիչ թվով աշակերտներ և ավելի մեծ թվով աշխատակազմ, կարծում եմ` նման դպրոցները պետք է օպտիմալացվեն, որպեսզի կարողանանք խոսել կրթության որակի մասին:

-Առողջապահությունն առաջնային կարևորություն ունի, հատկապես մարզերում որակյալ բուժծառայությունների մատուցման ոչ բավարար մակարդակի խնդիր կա: Ինչպիսի՞ իրավիճակ է տիրում Ձեր մարզում:

-Առողջապահության ոլորտը բավական խնդրաշատ է մեր մարզում: Պետությունից ստացվող ֆինանսավորումը բավարար չէ բժշկական կենտրոններն անհրաժեշտ բուժտեխնիկայով զինելու, կադրերով ու հարմարավետ պայմաններով ապահովելու համար: Արդյունքում` ԲԿ-ները մարզերում չեն զարգանում:
Վերջերս ՀՀ կառավարության որոշմամբ` Ծաղկահովիտի և Աշտարակի բժշկական կենտրոնները ընդգրկվեցին օպտիմալացման ծրագրի մեջ: Սակայն մեր խնդիրը տնտեսումը չէ: Մենք վերլուծություն ենք կատարել, թե որքան գումար է տրամադրում պետությունը ԲԿ-ին, որքան աշխատող ունի այն, ինչ ծառայություններ է մատուցում` նաև վճարովի, ինչպիսին է հիվանդների հաճախելիությունը, ինչ ֆինանսական մուտքեր են արվում ԲԿ-ի բյուջե, ինչի արդյունքում պարզ է դառնում, որ Ծաղկահովիտի բժշկական կենտրոնին պետությունը տրամադրում է տարեկան 170 մլն դրամ, կենտրոնն ունի 121 աշխատող, մատուցվող վճարովի ծառայությունների մակարդակը ցածր է, ցածր է նաև հիվանդների հաճախելիությունը, և կենտրոնում կատարվում է ամսական ընդամենը 1-2 վիրահատություն: Այսինքն` կենտրոնը` որպես այդպիսին, չի աշխատում այն ծանրաբեռնվածությամբ, որպեսզի դրա գոյությունն արդարացված լինի: Սակայն այստեղ կա նաև սոցիալական կողմը` 121 աշխատակցի աշխատատեղի խնդիրը: Դա առաջնահերթ խնդիր չէ, քանի որ բժշկական կենտրոնն առաջին հերթին կոչված է լուծելու առողջապահական խնդիրները և, միանշանակ, անհրաժեշտ է ամեն քայլ ձեռնարկել, որ ԲԿ-ն` որպես այդպիսին, կայանա և մատուցի բժշկական որակյալ ծառայություններ: Իսկ սոցիալական հարցերով պետք է զբաղվեն դրանք լուծելու կոչված հատուկ մարմինները: Այնպես որ, օպտիմալացման այս ծրագիրը, կարծում եմ, լիովին արդարացված է և խելամիտ քայլ է` մարզի բուժծառայությունների որակի բարձրացմանն ուղղված:
Բավական լավ պայմաններում է գործում Ապարանի բժշկական կենտրոնը, ինչն արդյունք է ներդրումների: Շենքում հսկայական աշխատանք է տարվել, ստեղծվել են հարմարավետ պայմաններ, ԲԿ-ն համալրվել է անհրաժեշտ բուժսարքավորումներով:
Թալինի ԲԿ-ն ևս լավ վիճակում է, աշխատում են նորմալ պայմաններում, ունեն որակյալ կադրեր:
Խնդիրներ կան Աշտարակի բժշկական կենտրոնում, սակայն օպտիմալացման արդյունքում կբարելավվեն շենքային պայմանները, ձեռք կբերվեն բուժսարքավորումներ, կներգրավվեն որակյալ կադրեր: Ծրագրում ենք համագործակցել երևանյան ԲԿ-ներից մեկի հետ:

Աշտարակ քաղաքն ունի բոլոր նախադրյալները զբոսաշրջության կենտրոն դառնալու համար:


-Ի՞նչ քայլեր են ձեռնարկվում զբոսաշրջության զարգացմանն ուղղված:

-Այժմ Աշտարակի քաղաքապետի հետ ծրագրեր ենք մշակում Աշտարակը զբոսաշրջության կենտրոն դարձնելու ուղղությամբ: Աշտարակն այդ առումով ունի բոլոր նախադրյալները` հարուստ լինելով հուշարձաններով, եկեղեցիներով, զբաղեցրած աշխարհագրական դիրքի շնորհիվ ունենալով գեղեցիկ կոլորիտ:
Քայլեր ենք ձեռնարկում նաև էկոտուրիզմը զարգացնելու ուղղությամբ: Կան ներդրողներ, որոնք պատրաստ են ներգրավվել այդ գործում:
Աշտարակում գտնվող հին ջրաղացի տարածքի հետ կապված մշակում ենք մի ծրագիր, որի իրականացման համար միջոցների ձեռքբերման վերաբերյալ հստակություն կլինի տարեվերջին: Քննարկում ենք նաև Աշտարակի ձորում զբոսաշրջության, ժամանցի կազմակերպման նախագիծ իրականացնել:
Արագածոտնի մարզում կան 5-րդ և 7-րդ դարերի եկեղեցիներ, որոնք հիացնում են հատկապես արտերկրից ժամանած մեր հայրենակիցներին և օտարերկրացիներին: Պետք է կարողանանք որոշակի տեղեկատվություն տրամադրել զբոսաշրջիկներին մեր մարզի պատմամշակութային հարստությունների, գրավիչ վայրերի վերաբերյալ և կազմակերպենք նրանց այցելությունը նշված վայրեր:
Զբոսաշրջությունը զարգացնելու համար անհրաժեշտ է բազմակողմանի և բազմաբնույթ ծրագրեր իրականացնել, համակարգային մոտեցում ցուցաբերել, որպեսզի զբոսաշրջիկը կարողանա միաժամանակ բավարարել հետաքրքրությունը մեր մարզի հանդեպ` տեսնելով հետաքրքիր վայրեր և կազմակերպի իր հանգիստն ու ժամանցը:

-Ի՞նչ խնդիրներ են ծառացած մարզի առջև, որոնք առավել առաջնահերթ եք համարում:


-2018թ. մեր գերակա խնդիրներից է մարզի ոռոգման համակարգի արդիականացումը: Մեր ոռոգման ցանցը հին է, ֆիզիկապես մաշված, ինչը հանգեցնում է ջրի կորուստների մեծացմանը:
Պետք է նկատել, որ հատկապես Աշտարակ համայնքում ցանքատարածություններն ավելացել են մոտ 100-120 հեկտարով, և ջրային պաշարների անբավարարության պատճառով լուրջ խնդիրներ են առաջանում: Այս տարին աննախադեպ չորային էր, և գաղտնիք չէ, որ ստիպված եղանք մեր խնդիրների լուծման նպատակով օգտվել Սևանա լճի ջրային պաշարներից:
Ոռոգման ջրի հետ կապված խնդիրների հիմնովին լուծման նպատակով ծրագրել ենք ջրամբարներ կառուցել Ոսկեվազ, Սասունիկ, Ավան համայնքներում:

-Պարո՛ն Սիմոնյան, հետաքրքիր է, ի՞նչ տեսակետ ունեք համայնքների խոշորացման ծրագրի հետ կապված:

-Կարծում եմ` համայնքների խոշորացումը համայնքների զարգացմանն ուղղված կարևոր և դրական ծրագիր է` թվով քիչ համայնքներ, մարդկային և ֆինանսական միջոցների կենտրոնացում, դրանց խելամիտ բաշխում, մեծածավալ ներդրումային ծրագրերի իրականացում, նոր աշխատատեղերի ստեղծում և այլն: Իսկ այն մարդիկ, ովքեր համայնքների խոշորացման արդյունքում կկորցնեն իրենց աշխատանքը, կարծում եմ, մեկ տարվա ընթացքում կվերագտնեն նոր աշխատանք, քանի որ տնտեսված ֆինանսական միջոցները կվերածվեն ներդրումային ծրագրերի, որոնց արդյունքում կբացվեն մեծաթիվ նոր աշխատատեղեր:

 

 

 Համայնքը, նրա յուրաքանչյուր անդամը պետք է պատրաստակամ լինի

հավելյալ արժեք ստեղծելու, ընտրելու այն գործելաոճը, որը հեռանկարային է

ե՛ւ իր, ե՛ւ պետության համար:


-Պարո՛ն մարզպետ, կա՞ հստակ գաղափարախոսություն կամ աշխատանքի բանաձև, որով առաջնորդվում եք:

-Իհարկե, յուրաքանչյուր պաշտոնյա ունի իր սկզբունքները, հաջողության հասնելու իր կողմից գծագրված ուղին:
Մենք անընդհատ դժգոհում ենք, որ մեր երկիրը դանդաղ է զարգանում, այդ զարգացումը գրեթե չենք զգում, հատկապես` շարքային քաղաքացին: Ես կարծում եմ, որ դրա պատճառը ոչ այնքան ֆինանսների սղությունն է, որը շատ հաճախ որպես արդարացում շահարկվում է, որքան զարգացման ուղիների ոչ ճիշտ ընտրությունը: Իմ կարծիքով թիվ մեկ խնդիրն այն է, որ մենք տարիներ շարունակ` անկախացումից ի վեր, ապրել ենք այն գիտակցմամբ, որ համայնքին, մարզին, գյուղացուն պետությունը պետք է անընդհատ տա, պետությունից ստանալու ակնկալիքը մեր համայնքներին դարձրել է անգործ: Ես համաձայն եմ, որ պետությունը պետք է ֆինանսավորի համայնքները, բայց պետությունը պետք է նաև ստանա իր տվածի արդյունքը, իսկ դա նշանակում է, որ համայնքը պետք է լինի պետությանը օգնող, հավելյալ արժեք ստեղծող միավոր, ինչը գրեթե բացակայում է մեր երկրում: Եվ երբ համայնքը, նրա յուրաքանչյուր անդամը պատրաստակամ լինի հավելյալ արժեք ստեղծելու, աշխատելու այն ուղղությամբ կամ ընտրելու այն գործելաոճը, որը հեռանկարային է և՛ իր, և՛ պետության համար, մեր մարզերը, նաև երկիրը կսկսեն զարգանալ: Ես ուրախ եմ, որ այս մոտեցումը վերջին մեկ տարվա ընթացքում որդեգրել է մեր կառավարությունը: Այդ մոտեցմամբ մենք համայնքին ասում ենք` եթե ուզում ես, օրինակ, ավելի մեծ չափով դոտացիա ստանալ, ապա դու պետք է զարգացման ծրագրեր իրականացնես, որից կշահես թե՛ դու, թե՛պետությունը: Այսինքն` համայնքները պետք է ծրագրեր մշակեն, թե ինչպես կարելի է առավել արդյունավետ ծախսել պետության գումարները, գյուղատնտեսության որ ճյուղը զարգացնել, որն առավել որակյալ և մրցունակ արտադրանք կտա:
Իմ պաշտոնավարման առաջին իսկ օրվանից ես այս գաղափարը փորձում եմ ներկայացնել մեր համայնքապետերին, որպեսզի նրանց մեջ տարիներ շարունակ բույն դրած սպառողի հոգեբանությունը վերափոխվի ստեղծողի հոգեբանության: Պահանջում եմ նրանցից, որ ներկայացնեն զարգացման ծրագրեր, որպեսզի ես դրանցից ամենահաջողվածները ներկայացնեմ ՀՀ կառավարությանը:


 Պաշտոնյայի աթոռը ոչ թե վայելքի, այլ պատասխանատվության, տքնաջան աշխատանքի եւ

բարիք ստեղծելու աթոռ է: Մենք պետք է գանք այդ գիտակցության, այլընտրանք չունենք:

 

-Ինչպիսի՞ն եք ուզում տեսնել Ձեր փոքր հայրենիքը Ձեր պաշտոնավարման ավարտին:

-Նախ և առաջ ուզում եմ, որ մեր մարզի բնակիչները փոխեն իրենց պատկերացումները չինովնիկների նկատմամբ: Եվ՛օբյեկտիվ, և՛սուբյեկտիվ պատճառներով ժողովրդի ընկալման մեջ պետական պաշտոնյաների նկատմամբ բացասական վերաբերմունք կա: Սակայն բոլորս պետք է ընդունենք, որ պաշտոնյայի աթոռը ոչ թե վայելքի, այլ պատասխանատվության, տքնաջան աշխատանքի և բարիք ստեղծելու աթոռ է: Մենք պետք է գանք այդ գիտակցության, այլընտրանք չունենք: Մենք պետք է այնքան խոհեմ գտնվենք, որ գիտակցենք պահի լրջությունը, մեկ բռունցք դառնանք և պայքարենք:
Կցանկանայի, որ մարզում մեծ թվով աշխատատեղեր ստեղծվեին, ստեղծող և արարող մարդիկ շատ լինեին, ովքեր պետության համար կդառնային օգնող ձեռքեր:
Կցանկանայի, որ մեր գիտակցության մեջ ամրանար պետականաշինության գաղափարը, այսինքն` մենք ամեն քայլ կատարելիս մտածենք ոչ միայն մեր անձի, այլև մեր պետության մասին:
Ես լավատես եմ, ասում են` երբեմն շատ, բայց մենք պետք է առավելագույնն անենք մեր հայրենիքի և ապագա սերունդների համար:


Հարցազրույցը` Սուսաննա Թամազյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...