17:47
03/29/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Կարեւոր խթան ԲՀՊՏ-ի զարգացման համար

2017-06-14 10:58

«Դե Ֆակտո » N 131(04/2017թ.)

 

Աշխարհի ամենակարևոր բնապահպանական կենտրոններից մեկում՝ Հարավային կովկասում, սկսվել են էկոմիջանցքների ստեղծման աշխատանքները, որոնք իրականացվում են «Հարավային Կովկասում էկոլոգիական միջանցքների ստեղծմանն աջակցություն» տարածաշրջանային ծրագրով: Հայաստանի տարածքում ընտրվել է ամենահարուստ կենսաբազմազանությամբ տարածքը, որը սկիզբ է առնում «Խոսրովի անտառ» արգելոցից և ավարտվում Զանգեզուր արգելավայրի սահմանագծում:
Ծրագիրն իրականացվում է Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի (WWF-Հայաստան) կողմից, որը ֆինանսավորում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (BMZ) KfW բանկը, իսկ ծրագրի խորհրդատվությունը տրամադրվում է GOPA Consultants, DSF և Hessen-forst գերմանական կազմակերպությունների կոնսորցիումի կողմից:
Ծրագիրը ֆինանսական միջոցներ կտրամադրի Հայաստանում` էկոլոգիական միջանցքում գտնվող համայնքներին էկոլոգիապես կայուն հողօգտագործման փորձը ներդնելու նպատակով, որի հիմնական նպատակն է նպաստել կենսաբազմազանության պահպանությանը և համայնքների կայուն զարգացմանը:


«Ծրագիրը կնպաստի պահպանվող տարածքների միջև կապուղիների ձևավորմանը և դրանց բնապահպանական կայունության ընդլայնմանը, որը կիրականանա «Էկոլոգիական միջանցքների հիմնադրամ»-ի ստեղծման միջոցով՝ որպես էկոլոգիական միջանցքներում էկոլոգիապես կայուն հողօգտագործման փորձը խթանող գործիք»,- ասաց Հայաստանում ծրագրի համակարգող Կարեն Ճենտերեճյանը:
Ծրագրի նպատակների մասին խոսելիս Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարեն Մանվելյանը նշեց, որ ծրագրի նպատակն է նպաստել կենսաբազմազանության պահպանությանն ու հողերի կայուն կառավարմանը; Այդ նպատակին հասնելու համար էկոմիջանցքում գտնվող թիրախային համայնքներում կկատարվեն ներդրումներ, որոնք կլինեն շարունակական 10 տարվա ընթացքում: Ըստ նրա` ծրագիրը կիրականանա երկարաժամկետ «Բնապահպանական համաձայնագրերի» միջոցով, որոնք կկնքվեն հողերի կառավարիչների հետ և հիմնված կլինեն շահառուների մասնակցությամբ մշակված համապատասխան հողօգտագործման ծրագրերի վրա:
«Մենք այսօր ունենք բնության հատուկ պահպանվող տարածքների համակարգ, բայց չունենք ամբողջական էկոլոգիական ցանց: Եթե ասում ենք` ցանց, դա նշանակում է, որ բնության հատուկ պահպանվող տարածքները (ԲՀՊՏ) միմյանց հետ պետք է ունենան անմիջական կապ, և էկոմիջանցքների ստեղծման գաղափարը հենց ԲՀՊՏ-ների ցանցի ձևավորմանն է վերաբերում»,- մեզ հետ զրույցում ասաց ՀՀ բնապահպանության նախարարության հատուկ պահպանվող տարածքների և դենդրոպարկերի կառավարման բաժնի պետ Արամ Աղասյանը` հավելելով, որ դա միջազգայնորեն ընդունված ձևաչափ է, որ ԲՀՊՏ-ներն ունենան կենդանիների ազատ տեղաշարժի համար միգրացիոն ուղիներ: «Երկրորդ կարևորագույն հանգամանքն այն է, որ այսօր էլ գիտենք, որ մեր ԲՀՊՏ-ի սահմանները, ինչ-որ չափով չեն ներառում տարբեր տեսակների արեալների ամբողջականություն»,- նշեց նա:


Ըստ մասնագետների` շատ կարևոր հանգամանք է, որ էկոմիջանցքներն ընտրվեն այն տեսքով, որ ընդգրկեն մաքսիմալ կենսաբազմազանություն, և կենդանիների (խոսքը միայն միգրացիոն տեսակների մասին չէ, այլ, օրինակ, սողունների, կրծողների, միջատների և այլ տեսակների) արեալները դառնան ավելի ամբողջական: «Այսինքն` տեսակի գոյությունն ու պահպանությունը պոպուլյացիայի մակարդակով է կատարվում»,- ասաց Ա. Աղասյանը:
Նշենք, որ ծրագրի իրականացման և էկոմիջանցքների զարգացման արդյունքում կունենանք թիրախային կենդանատեսակների՝ բեզոարյան այծ, հայկական մուֆլոն, գորշ արջ, ընձառյուծ, և դրանց ապրելավայրերի կայուն զարգացում: Արդեն իսկ իրականացվել է էկոլոգիական միջանցքի թիրախային կենդանատեսակների ապրելավայրերի պիտանելիության գնահատում՝ օգտագործելով MAXENT համակարգչային ծրագիրը՝ աշխարհագրական տեղեկատվական համակարգի (GIS) 17 շերտերի հիման վրա:
Կ. Մանվելյանը, ծրագրից ակնկալվող արդյունքների մասին խոսելով, մատնանշեց, որ ԷՄՀ-ն հատուկ գործիք կդառնա էկոմիջանցքներում կայուն հողօգտագործման փորձի խթանման համար: Շահառուների մասնակցությամբ արդեն իսկ մշակվել են հողօգտագործման երկարաժամկետ պլաններ, որոնք նպատակ ունեն աջակցել բնական պաշարների էկոլոգիապես կայուն օգտագործմանը: «Ելնելով հողօգտագործման պլաններից՝ ծրագիրը կարող է տրամադրել միջոցներ անհետաձգելի կարճաժամկետ միջոցառումների համար, որոնք կապահովեն միջանցքների էկոլոգիական ամբողջականությունը»,- ասաց Մանվելյանը:


Ֆինանսական մասնակցային մոտեցման (ՖՄՄ)` բնակչության համար համայնքային փոքր դրամաշնորհների վերաբերյալ ծրագրի պատասխանատուները նշում են, որ ծրագրի շրջանակներում իրականացվել են մրցույթներ՝ անձնական, ընտանեկան և համայնքային մակարդակներով, ինչպես նաև փոքրամասշտաբ գործարարության համար: «ՖՄՄ-ը օգտագործում է ուղղակի ֆինանսական միջոցներ՝ մոբիլիզացնելու տեղի բնակչությանը իրենց սեփական զարգացման համար պատասխանատվություն կրելու համար»,- ասում է Կ. Ճենտերեճյանը` նշելով, որ ՖՄՄ-ն իրականացվել է Արարատի մարզում (Վեդիի տարածաշրջան), Վայոց ձորի մարզում (Եղեգնաձորի և Վայքի տարածաշրջաններ) և Սյունիքի մարզում (Սիսիանի տարածաշրջան): Ի դեպ, ՖՄՄ-ի մրցույթներին մասնակցած, ընդհանուր առմամբ, 418 անհատների, 438 ընտանիքների, 25 համայնքների և 118 սկսնակ գործարարների կողմից ներկայացված գաղափարների 25 տոկոսը եղել է բուսաբուծության, 21-ը՝ անասնապահության, 15-ը՝ մեղվապահության, 13-ը՝ գյուղմթերքի վերամշակման, 4-ը՝ ուտելի, բուժական և դեկորատիվ վայրի բույսերի հավաքման վերաբերյալ:


«Գաղափարների 8 տոկոսը զբոսաշրջային գործունեությանը, այդ թվում` ագրոզբոսաշրջությանն են վերաբերել: Բիզնես առաջարկները` հիմնականում տեղական տարբեր ծառայությունների մատուցում, կազմել են գաղափարների 14 տոկոսը»,- ասում է Կ. Մանվելյանը` նշելով, որ ոչ մի գաղափար չի ներկայացված որսի կամ որսի կենդանիների բուծման վերաբերյալ:


«Այսօր մենք գիտենք, որ մեր ԲՀՊՏ տարածքներում պահպանվում է Հայաստանի ընդհանուր կենսաբազմազանության 60-70 %-ը: Իսկ այս էկոմիջանցքների ծրագիրը շատ կարևոր է, այն մաքսիմալի կհասցնի այդ ընդգրկվածության աստիճանը»,- ասում է Արամ Աղասյանը:
Անմիջական ֆինանսավորման համար նախատեսվում է 3 կլաստեր, որոնցից առաջինը «Նորավանքի» կլաստերն է (Վայոց ձորի մարզի Խաչիկ, Արենի, և Ագարակաձոր համայնքներ): «Նորավանքի» կլաստերում առանձին ուշադրություն կհատկացվի բեզոարյան այծի, հայկական մուֆլոնի և ընձառյուծի թիրախային տեսակների և դրանց ապրելավայրերի պահպանությանը, արածեցման կանոնակարգմանը և արոտավայրերի կենսաբազմազանության կայուն օգտագործմանը: Գնդասարի լեռնազանգված (Վայոց ձորի մարզի Աղնջաձոր, Հորս, Թառաթումբ, Ելփին, Չիվա, Ռինդ համայնքներ)` այստեղ հատուկ ուշադրություն կդարձվի բեզոարյան այծ, գորշ արջ և ընձառյուծ թիրախային տեսակների ակտիվ պահպանությանը համայնքների կողմից, արածեցման կանոնակարգմանը և արոտավայրերի կենսաբազմազանության կայուն օգտագործմանը, ինչպես նաև մարդ-վայրի բնություն կոնֆլիկտի մեղմացմանը: Արտավանի լեռնային անտառ (Զառիթափի համայնքի Արտավան գյուղ)` անտառը մեծ դեր ունի որպես գորշ արջի ապրելավայր:
Ակնկալվում է, որ 2017-2018 թթ. կստորագրվեն եռակողմ պայմանագրեր տարբեր կլաստերներում ընդգրկված համայնքների հետ, որտեղ և կիրականանան տարաբնույթ ծրագրեր` ի շահ վայրի բնության պահպանության և համայնքների զարգացման: Այսօր դեռ համաձայնեցվել և ստորագրվել է միայն Նորավանքի կլաստերի՝ Խաչիկ համայնքի, և Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի միջև Խաչիկ համայնքի վայրի կենդանիների ապրելավայրերի կայուն կառավարման
10- ամյա պայմանագիրը` ընդհանուր առմամբ 236 հազար եվրո արժողությամբ:


Խաչիկ համայնքի համար ձեռք է բերվել գյուղատնտեսական տեխնիկա` մոտ 75 հազար եվրո արժողությամբ: Յուրաքանչյուր կլաստերում նախատեսվում է ծախսել մոտ 400 հազար եվրո, իսկ դրական արդյունքների դեպքում ծրագիրը կշարունակվի, և լրացուցիչ ֆինանսական միջոցներ կտրամադրվեն հաջողակ համայնքներին:


Գալուստ Նանյան
Լուսանկարները՝ հեղինակի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...