18:12
04/08/2020
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Ես չեմ ձգտում պաշտոնի, իմ նպատակն է օգտակար լինել հայրենիքիս`հաղթահարելու առկա մարտահրավերները

2017-03-22 14:19

ՖԵԼԻՔՍ ՑՈԼԱԿՅԱՆ

ՀՀ ԱԺ պատգամավորության

թեկնածու ՀՀԿ վարկանիշային

ցուցակով ՀՀ Շիրակի մարզից

(թիվ 11 ընտրատարածք), նախագահի վերահսկողության ծառայության ղեկավար, գեներալ-լեյտենանտ


« Դե Ֆակտո» N 130 (2017թ.)

-Պարո՛ն Ցոլակյան, ինչո՞ւ որոշեցիք մասնակցել խորհրդարանական ընտրություններին:

-Պետք է նշեմ, որ իմ մասնակցությունն առաջիկա խորհրդարանական ընտրություններին ինքնանպատակ չէ, դա մտածված, կշռադատված որոշում է: Սահմանադրական բարեփոխումների ընդունումից հետո, նոր սահմանադրության համաձայն, մեր երկիրը որդեգրեց կառավարման նոր` խորհրդարանական, մոդել, ըստ որի` առավել արժևորվեց խորհրդարանի դերը մեր երկրում, ինչն ավելի է բարդացնում և պատասխանատու դարձնում Աժ պատգամավորի աշխատանքն ու դերակատարությունը: Ինձ բոլորը հարցնում են, թե ինչու եմ ցանկանում մասնակիցը դառնալ ՀՀ Աժ օրենսդիր աշխատանքին, չէ՞ որ ունեմ սիրելի և նշանակալի աշխատանք, սակայն ինձ համար այս պահին կարևոր է լինել այնտեղ, որտեղ ես առավել օգտակար կլինեմ: Եվ քանի որ ես երեք տարի աշխատել եմ որպես ՀՀ Շիրակի մարզպետ և շատ լավ տիրապետում եմ մարզի խնդիրներին, ունեմ լավ փոխհարաբերություններ բնակչության հետ, և կապի մեջ եմ եղել նրանց հետ նաև մարզպետի պաշտոնը թողնելուց հետո, այսինքն` չեմ էլ հեռացել Շիրակից, կարծում եմ` կարող եմ առավելագույնս օգտակար լինել մարզին` ներդնելով իմ աշխատանքային ողջ կենսագրության ընթացքում կուտակած փորձը, գիտելիքները և մարզում առկա խնդիրների լուծման ճանապարհների իմ տեսլականը: Եվ երբ ՀՀԿ կողմից ստացա առաջարկություն` մասնակցել խորհրդարանական ընտրություններին, առաջադրվել ՀՀ Շիրակի մարզում ՀՀԿ վարկանիշային ցուցակով, համաձայնեցի, քանի որ իմ մեծագույն ցանկությունն է, որպեսզի օրենսդիր մարմնում աշխատելով` կարողանամ օգտակար լինել ինձ հարազատ շիրակցիներին:

-Որքանով տեղյակ եմ, Դուք կուսակցական չեք, բայց ուզում եմ, ամեն դեպքում, հարցնել` դա իրո՞ք այդպես է:

-Դուք ճիշտ եք, ես կուսակցական չեմ, սակայն խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար պետք է հանդես գալ քաղաքական որևէ ուժի նախընտրական ցուցակով, անհատը չի կարող առաջադրել իր թեկնածությունը: Ուստի ՀՀԿ կողմից ստանալով առաջարկություն, տվեցի իմ համաձայնությունը առաջադրվելու որպես պատգամավորության թեկնածու ՀՀԿ վարկանիշային ցուցակով:

-Բացի ՀՀԿ կարգախոսից, ունե՞ք Ձեր սեփական կարգախոսը կամ գաղափարական ուղերձը ժողովրդին:

-Կարծում եմ` ՀՀԿ «Անվտանգություն և առաջընթաց» կարգախոսը բովանդակային առումով բավականին դիպուկ է արտացոլում մեր երկրում առկա հրատապ խնդիրների լուծման բանալին: Ես դրան կավելացնեի «Իշխանության առողջացում» կարգախոսը, որի իրականացումը, ըստ էության, արդեն սկիզբ է առել սահմանադրական բարեփոխումների ընդունմամբ, նոր կառավարության ձևավորմամբ: Իշխանության առողջացման տարրեր են պարունակում նաև ՀՀԿ ընտրացուցակները, որոնցում ներկայացված են նոր, երիտասարդ ուժեր:

-Շիրակի մարզում առաջադրված է միայն 13 թեկնածու ՀՀԿ վարկանիշային ցուցակով: Ինչպիսի՞ ընտրապայքար է սպասվում:

-Ես կարծում եմ, որ «պայքար» բառը այս համատեքստում ճիշտ չէ ընտրված, ես հակված եմ օգտագործելու «քաղաքական մրցակցություն» բառակապակցությունը: Կուզենայի, որ քաղաքական մրցակցությունն ընթանար ազնիվ, բաց ու թափանցիկ և ոչ թե՝ կոշտ, դաժան, խարդախ, իսկ դրա համար ամեն նախապայման ստեղծված է ամբողջ հանրապետությունում, առավել ևս՝ Շիրակի մարզում:

-Ինչպիսի՞ կազմ եք ուզում տեսնել նոր ձևավորվելիք խորհրդարանում:

-Ձեր հարցին ի պատասխան` ուզում եմ հիշել մի անգլիացու, ով Առևտրի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչն էր Հայաստանում, նա հետաքրքիր միտք հնչեցրեց, ասաց` ձեզ մոտ պառլամենտարիզմը նոր է ձևավորվում, իսկ մենք 100 տարվա փորձ ունենք, բայց, այնուամենայնիվ, կրկին շատ դժվարությունների ենք հանդիպում, թերացումներ ենք ունենում:

Կարծում եմ` մեր ցանկություններն ավելի մեծ են, քան հնարավորությունները` նկատի ունենալով այն հանգամանքը, որ մեր պետականությունն ունի 25 տարվա պատմություն: Սակայն, կարծում եմ, այսօր մենք պետք է առավել զգոն և պատասխանատու լինենք: Խորհրդարանում պետք է աշխատեն մարդիկ, ովքեր ունակ են մեր երկրին լուրջ առաջընթաց ապահովել, ովքեր օժտված են մտավոր հարուստ կարողություններով, ունեն համապատասխան փորձառություն: Շատ կուզենայի, որպեսզի խնդիրների լուծման դեպքում կիրառվեին բժշկական լեզվով ասած` ավելի շատ «թերապևտիկ», քան «վիրաբուժական» մեթոդներ: Մենք շատ են տուրք տալիս վիրաբուժական մեթոդներին, սակայն ժամանակն է փոխել այդ մոտեցումը, որդեգրել ավելի ժամանակակից ու քաղաքակիրթ գործելաոճ:

Ես կցանկանայի նաև, որ մեր բոլոր օրենքները լինեին ավելի պարզ և գործնականում կիրառելի:

-Դուք երեք տարի եղել եք ՀՀ Շիրակի մարզպետ, բավականին աշխատանք եք իրականացրել, Ձեզ ճանաչում են, հարգում: Որո՞նք եք համարում Ձեր կողմից իրականացված ամենանշանակալի ծրագրերը:

-Ես չեմ սիրում խոսել իմ կատարած աշխատանքի մասին: Միշտ ասում եմ` մարզում բավականին աշխատանք է իրականացվել, բայց դեռ շատ անելիքներ կան: Կարծում եմ` ամենակարևորը, որ ես արել եմ, Շիրակի մարզում հաշտության և համերաշխության մթնոլորտի ստեղծումն է: Ինձ վիրավորում էին այն բնորոշումները, թե Գյումրին կրիմինալ քաղաք է, ոչ, դա բնավ էլ այդպես չէ: Ոստիկանության Շիրակի մարզի վիճակագրական տվյալներին ծանոթանալուց հետո և դրանք համեմատելով այլ մարզերի տվյալների հետ, տեսանելի է դառնում, որ նման բնորոշումը ճիշտ չէ Գյումրիի կամ Շիրակի համար: Պարզապես մեկ առանձնահատկություն կա. Շիրակցին կամ գյումրեցին ինչ-որ բան անելիս կամ դա անում է շատ լավ, կամ` վատ, լինում է կամ շատ լավ գյումրեցի, կամ` շատ վատ, միջինը հազվադեպ է լինում: Այդ պատճառով Շիրակի մարզում կատարված բոլոր իրադարձությունները` լավ կամ վատ, մեծ հնչեղություն են ունենում:

-Դուք ձեռք եք բերել «անկաշառ մարզպետի» համբավ, ինչպե՞ս է դա Ձեզ հաջողվել:

Ես փորձել եմ իմ մարդկային լավ վերաբերմունքով, բոլորի հետ առանց պաշտոնական դիրքի չարաշահման, հավասարության սկզբունքով շփվելով` աշխատել ու փոխադարձաբար ստանալ հարգանք իմ անձի և աշխատանքի նկատմամբ: Երբևէ միտված չեմ եղել կադրային ջարդ սկսել մարզպետարանում, որևէ մեկին աշխատանքից չեմ հեռացրել կամ վատ վերաբերմունքի արժանացրել: Մշտապես ձգտել եմ լսել և օգտակար լինել ինձ դիմող շիրակցիներին, կիսել նրանց հոգսը: Բնականաբար, ոչ բոլորին և ոչ բոլոր դեպքերում եմ կարողացել օգնել, սակայն իմ բացասական պատասխանն էլ փորձել եմ այնպես տալ, որպեսզի դիմացինս իրեն վիրավորված չզգա: Ինչ վերաբերում է «անկաշառ մարզպետի» համբավի ձեռքբերմանը, ինձ շատ հաճելի է, որ շիրակցիներն ինձ ճիշտ են ընկալել, և ես իսկապես երբեք որևէ մեկի հետ գործարքի մեջ չեմ մտել, առհասարակ, դեմ եմ նման ձևով աշխատելուն: Այդ ամենը իմ սկզբունքներն են, որոնցով ես առաջնորդվում եմ աշխատանքում:

Ինչ վերաբերում է կատարած այլ աշխատանքներին, ապա, բնականաբար, իրականացվել են ասֆալտապատման, ջրագծերի անցկացման, սոցիալապես անապահով ընտանիքներին աջակցության և այլ ծրագրեր: Երբ նոր էի ստանձնել ՀՀ Շիրակի մարզպետի պաշտոնը, առաջին մեկ ամսում փորձեցի, նախ և առաջ բարեկարգել մարզկենտրոնը` Գյումրին: Նախաձեռնեցի կենտրոնական հրապարակի և նրան հարող փողոցների` Գայի, Չերազի, Սպանդարյան, Համբարձումյան, ասֆալտապատման աշխատանքները: Շիրակի մարզի համար կարևոր ձեռքբերում էր օդանավակայանի գործարկումը, որի արդյունքում ասֆալտապատվեց նաև դեպի օդանավակայան տանող ճանապարհը:

-Հրատապ ի՞նչ աշխատանքներ պետք է իրականացնել ՀՀ Շիրակի մարզում:

-Կարծում եմ` պետք է առանձնացնել Գյումրին` իր խնդիրներով և գյուղական բնակավայրերը` իրենց խնդիրներով: Գյումրիում առաջնահերթություն է աշխատատեղերի ստեղծման, բնակչությանը բնակարաններով ապահովելու խնդիրը: Իսկ այդ ամենը հնարավոր է արտադրական ձեռնարկությունների ստեղծման, տնտեսության զարգացմանը միտված ամենատարբեր ծրագրերի իրականացման արդյունքում:

Այսօր ամեն ինչ կենտրոնացված է Երևանում, մեր երկրի ազգաբնակչության մեծամասնությունն ապրում է մայրաքաղաքում, իսկ մնացած մասն էլ, չգտնելով իրենց տեղը մարզերում, ձգտում են դեպի Երևան: Դա լավ երևույթ չէ, որի դեմ պետք է նպատակային պայքար մղել` բեռնաթափելով Երևանը մարզերի հաշվին: Գյումրին ունի մարդկային հզոր ռեսուրս, այստեղ ապրում են եզակի տաղանդավոր մարդիկ, որոնց շնորհը կարելի է օգտագործել ամենատարբեր ոլորտներում: Պարզապես կառավարությունը պետք է կամք դրսևորի, ներդրումային բարենպաստ պայմաններ ստեղծի գործարարների համար, որպեսզի նրանք շահագրգռված լինեն արտադրություններ հիմնել մարզում, այլ ոչ մայրաքաղաքում կամ հարակից շրջաններում:

Այսօր ՀՀ կառավարությունը քայլեր է ձեռնարկում Գյումրիում զարգացնել տուրիզմը: Դա հիանալի ծրագիր է, քանի որ Գյումրին կոլորիտով քաղաք է, այստեղ ապրում է բնիկ գյումրեցին, այստեղ կարելի է տեսնել դեռևս 1800-ականներին կառուցված շենքեր, թաղամասեր, պահպանված է քաղաքի ճարտարապետական ողջ տեսքը: Գյումրին ունի եզակի արգելոց-թանգարան, որի պահպանումն ու զարգացումը նույնպես շատ կարևոր խնդիր է: Պատահական չէ, որ Հայաստան ժամանող շատ դեսպաններ հյուրընկալվում են Գյումրիում, նախընտրում այստեղ անցկացնել իրենց ժամանակը Հայաստանում: Գյումրին իսկապես Հայաստանի մշակութային մայրաքաղաքն է, պարզապես պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնել նրան, նրա գեղեցկությունն առավել տեսանելի դարձնել, այդ դեպքում, ես վստահ եմ, Գյումրին իր գրավչությամբ կգերի բոլորի սրտերը:

ՀՀ Շիրակի մարզի գյուղական բնակավայրերը ևս խնդրաշատ ու հոգսաշատ են, այնտեղ առկա է կենսական կարևորության խնդիրների մեծ պաշար, որը հրատապ լուծում է պահանջում: Մարզի որոշակի գյուղական համայնքներում դեռևս լուծված չէ խմելու, ոռոգման ջրի խնդիրը, ոչ բարվոք վիճակում են գյուղական ճանապարհները: Չեմ խոսում աշխատատեղերի բացակայության մասին, քանի որ դա, թերևս, ոչ միայն Շիրակի մարզի, այլ ողջ հանրապետությունում առաջնային կարևորության խնդիր է, որի լուծման համար մեծ ջանքեր պետք է գործադրի նոր ձևավորվելիք խորհրդարանը:

-Պարո՛ն Ցոլակյան, ի՞նչ խոստումներ եք տվել Ձեր ընտրողներին:

-Մի մեջբերում անեմ, Օտտո ֆոն Բիսմարկն ասում էր. «Մարդիկ երբեք այնքան սուտ չեն խոսում, որքան որսից հետո և ընտրություններից առաջ»: Այսօր շատ խոստումներ կարելի է լսել, որոնց հավատալը դժվար է, և ես չեմ ուզում նրանցից մեկը լինել: Ինձ անգամ դիմել են առաջարկությունով` խոստանալ լուծել այս կամ այն խնդիրը, և ամբողջ համայնքը կընտրի ինձ, բայց ես հրաժարվել եմ մեծ-մեծ խոստումներ տալուց, քանի որ եթե խոստացա, պետք է անեմ, իսկ եթե լիովին վստահ չեմ, ապա երբեք չեմ խոստանա: Այսպիսի մի խոսք էլ կա. «Քանի դեռ խոսքը քո բերանում է, խոսքը քո գերին է, բայց երբ դուրս եկավ քո բերանից, դու ես նրա գերին»: Փանջունիները շատ են այսօր, բայց ես չեմ ուզում նրանցից մեկը լինել: Միակ բանը, որ կարող եմ խոստանալ, ազնիվ, իմ սկզբունքներին հավատարիմ, նվիրված, հայրենասերի կեցվածքով ու գաղափարախոսությամբ աշխատանքն է` հանուն ժողովրդի բարեկեցության: Մասնակցելով ՀՀ ԱԺ ընտրություններին` որպես պատգամավորության թեկնածու, ես չեմ ձգտում պաշտոնի, ես ձգտում եմ օգտակար լինել իմ հայրենիքին, որն այսօր բավականին լուրջ մարտահրավերների առջև է կանգնած:

-Հետաքրքիր է, ինչպե՞ս կբնորոշեք շիրակցուն, և ի՞նչ եք կարծում, փանջունիները կարո՞ղ են գրավել նրան:

-Շիրակցին մարդու պարզ, խելացի, ստեղծագործ, տաղանդավոր և ամենակարևորը` ուղղամիտ տեսակ է, ազատ ասում է այն, ինչ մտածում է: Շիրակցու աչքից երբեք որևէ կեղծիք և բացթողում չի վրիպում, նա ամեն ինչ տեսնում և հասկանում է, նկատող աչք ունի: Այդ առումով ընտրությունների ժամանակ դժվար է թե՛ թեկնածուների, թե՛ շիրակցիների համար: Համենայն դեպս, մի բան հաստատ է, նրանց հետ պետք է անկեղծ լինել, միայն դրանով կարելի է գրավել շիրակցու ուշադրությունը:

-Պարո՛ն Ցոլակյան, ինչո՞վ եք հպարտանում կյանքում:

-Ես առաջին հերթին հպարտանում եմ իմ ընտանիքով, իմ գերդաստանով, իմ երջանկությունը գտնում եմ նրանց մեջ: Երջանիկ եմ, որ ունեմ հիանալի ընտանիք, մեկ տղա, մեկ աղջիկ, հինգ թոռ: Երեխաներս միանշանակ կրում են իմ արժեքները, ընդունում իմ սկզբունքները: Տղաս գիտությունների թեկնածու է, աղջիկս դասավանդում է Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում, այժմ ֆիզարձակուրդում է: Ունեմ տաղանդավոր թոռնիկներ, մեծ թոռնիկս քիմիայի և կենսաբանության հանրապետական օլիմպիադայի հաղթող է, այժմ էլ պատրաստվում է մասնակցել միջազգային օլիմպիադաների:

-Ձեր կոչը` ուղղված Ձեր ընտրողներին:

-Կուզե՞ք անունը դրեք կոչ, կուզե՞ք՝ հորդոր, բայց այն ուղղված է ոչ թե իմ ընտրողներին կամ ինձ ընտրողներին միայն, այլ՝ բոլոր շիրակցիներին անխտիր: Անկախ նրանից, թե ում կտան շիրակցիները իրենց քվեն, թե մենք՝ թեկնածուներս, թե ընտրողները պետք է լինենք չափազանց ուշադիր, խուսափենք որևէ արտառոց՝ շիրակցուն ոչ հարիր երևույթից: Կուզենայի բոլորս լինենք հաշտ, գտնենք համերաշխության եզրեր, քանի որ բոլոր հարցերը լուծելի են, բոլոր հարցերը կարելի լուծել մարդկային խոսքով:

Շիրակցիներից ակնկալում եմ այնպիսի վարքագիծ, որը կնպաստի Շիրակի հեղինակությունը, մեր ժողովրդի հեղինակությունը պահել այն բարձրության վրա, որի վրա միշտ եղել է:

Հարցազրույցը`

Սուսաննա Թամազյանի



Վերադառնալ








Խմբագրական
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-03-18 12:30

«Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար

Ավելի


Պահոց