07:09
12/23/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Լճաշեն՝ թանգարան բաց երկնքի տակ…

2013-01-14 10:55

 

Լճաշենը՝ որպես բնակավայր, սկզբնավորվել է մ. թ. ա. 4-րդ հազարամյակի վերջին: Մ.թ.ա. 3-րդ հազարամյակի կեսերին այն վերածվել է ամրոցի: Հնագիտական պեղումների և երկրաբանական ուսումնասիրությունների ժամանակ հայտնաբերվել են 3-2-րդ հազարամյակի գտածոներ:

Գյուղի տարածքը իսկական թանգարան է բաց երկնքի տակ: Գյուղի արևելյան կողմումª նախաուրարտական բնակատեղիի մոտ, մեծ ու անտաշ քարաժայռի վրա փորագրված է գյուղի մասին առաջին գրավոր հիշատակումը` Արգիշտի Առաջինի մ.թ.ա. 776թ. այստեղ թողած սեպագիր արձանագրությունը:

Լճաշենի  տարածքը թանգարան է  բաց երկնքի տակ: Լճաշեն գյուղի հարավային ծայրամասում բարձրացող բլուրների վրա են գտնվում Լճաշենի հայտնի  Կիկլոպյան ամրոցն ու նրան շրջապատող բնակատեղին:  Այն գրավում է ավելի քան 55 հա տարածություն, որը փռված է 15 բլուրների . նրանց լանջերի ու ձորակների վրա:

Գյուղը վերակենդանացել է 1928թ-ին, երբ հիմնավորվել են Մակուից, Դիադենից, Բայազետից գաղթած 58 հայ ընտանիքներ: Գյուղը կոչվել է Պորտակ, Օրդակլու, Էրդակլու, Օրդաքլու: 1946թ ապրիլին գյուղն անվանվել է Լճաշեն:

Համայնքն ունի իր զինանշանը, հիմնը և դրոշը:

Կորյուն  Մարգարյան, Լճաշեն համայնքի ղեկավար

-Պարո՛ն Մարգարյան, ՙԴե Ֆակտո՚ ամսագիրը, բարձր գնահատելով Ձեր երկար տարիների արդյունավետ աշխատանքը,  Ձեզ ճանաչել է ՙՏարվա համայնքապետ՚, ինչի առթիվ շնորհավորում ենք Ձեզ:

Ինչպիսի՞ տարի էր 2012թ. Լճաշեն համայնքի համար:

-2012թ., ինչպես և մյուս տարիները, Լճաշեն համայնքի համար, շատ բարեհաջող տարի էր բոլոր առումներով՝ և՛ բյուջեի կատարման, և՛  ծրագրերի իրականացման: Ինչպես նախորդ, այնպես էլ այս տարվա աշխատանքներն ուղղված էին թե՛ համայնքի բնակչությանն անհանգստացնող խնդիրների լուծմանը և թե՛ թանգարան բաց երկնքի տակ համարվող Լճաշենը քաղաքային համայնքի վերածելու մեր նպատակի իրականացմանը: Մենք ծրագրել ենք մեր պատմամշակութային հուշարձաններով հարուստ համայնքը դարձնել զբոսաշրջային գեղեցիկ գոտի և անպայման հասնելու ենք դրան: Այդ առումով 2012թ. մենք շատ գեղեցիկ մի ծրագիր իրականացրեցինք՝  համայնքում մեր ուժերով  տեղադրվեց 6 մեծ գովազդային վահանակներ, որոնցում ներկայացված են Լճաշենի  պատմամշակութային հուշարձանները: Մեր գյուղից հանված սայլը այժմ Հայաստանի պատմության թանգարանում է տեղ գտել: Բավականին աշխատանք ենք իրականացրել նաև պատմամշակութային արժեքների տարածքների բարեկարգման ուղղությամբ:

-Ի՞նչ ծրագրեր են իրականցվել 2012թ. ընթացքում:

-Իրականացված ծրագրերը բավականին շատ են, փորձեմ թվել ամենակարևորները: 2012թ. մեր ամենամեծ հաջողությունը Սուրբ Աստվածածին եկեղեցու շինարարության սկսումն է: Բոլորիս տարիների  երազանքն է եկեղեցի ունենալ համայնքում և թույլ չտալ աղանդավորական կազմակերպություններին այդչափ բուռն  գործունեություն ծավալել այստեղ: Համայնքապետարանը որոշեց իր ուժերով սկսել եկեղեցու կառուցման աշխատանքները: Մոտ երկու տարի պահանջվեց եկեղեցու կառուցման նախագիծը և նախահաշվային  փաստաթղթերը կազմելու համար, այն հասնում է մոտ 117մլն դրամի: Այսօր շինարարությունը սկսված է: 

Ամբողջովին ասֆալտապատվել և լուսավորվել են համայնքի գլխավոր փողոցները, այժմ աշխատանքներ ենք տանում երկրորդական փողոցների ասֆալտապատման և լուսավորման ուղղությամբ: 

Խմելու և ոռոգման ջրի հետ կապված խնդիր բացարձակապես չունենք, բավականին աշխատանք ենք իրականացրել այդ ուղղությամբ: Պետք է նշեմ նաև, որ արդեն 7-րդ տարին է, ինչ ոռոգման ջրի համար բնակիչները չեն վճարում, ամբողջ ծախսերը հոգում է գյուղապետարանը:

Վերջին տարիներին ձեռք բերեցինք նաև տարածք արարողությունների սրահ կառուցելու համար, որն այսօր անվճար ծառայում է բնակիչներին ուրախ և տխուր արարողությունները կազմակերպելու համար և լրացուցիչ գումարներ են տրվում նրանց:

-Պարո՛ն Մարգարյան, մեծ համարձակություն էª համայնքի բյուջեով եկեղեցի կառուցել:

-Այո՛, այդպես է, որովհետև այսօր բոլորն էլ գիտեն մեր բյուջեն որքան է կազմում: Բայց ամեն դեպքում մենք այդ համարձակությունը դրսևորեցինք, իսկ համայնքի բնակիչները միահամուռ ողջունեցին մեր այս քայլը: Մենք հայ ենք, Առաքելական եկեղեցու հետնորդներ և պետք է մեր ազգային դիմագիծը միշտ պահպանենք: Մեզ համար հոգևոր սնունդն առաջնային է:

Մենք նախատեսել ենք   հինգ տարում կառուցել եկեղեցին, ուրախ ենք, որ արդեն կան մարդիկ, ովքեր ցանկություն են հայտնել աջակցել մեզ այդ գործում: Որքան շուտ և շատ աջակցեն, այնքան ավելի շուտ կավարտենք շինարարությունը: 

-Մենք նկատեցինք, որ Լճաշեն համայնքը կարծես շինհրապարակի է վերածվել, կպատմե՞ք Ձեր մյուս նախաձեռնությունների մասին: 

-Վերջին տարիներին, իրոք, համայնքում ակտիվ շինարարական աշխատանքներ են ընթանում: Արդեն ավարտել ենք մշակույթի տան  վերանորոգման աշխատանքները, մեր նորաստեղծ զբոսայգու բացումն  ենք արել ՙCounterpart International՚ կազմակերպության հետ համատեղ: Համայնքի և մեր ցանկությունն էր ունենալ զբոսայգի, որտեղ հիմնականում երեխաները և տարեց մարդիկ կարող են իրենց ժամանակն անցկացնել: Այգում արդեն ծառատունկ ենք արել, բացօթյա բեմ ունենք, որտեղ կկազմակերպենք  մեր համերգները: Գարնանը այգում  կտեղադրենք երեխաների համար խաղամիջոցներ,   շատրվաններ:

Մենք մեծ ուշադրություն ենք դարձնում մատաղ սերնդի դաստիարակությանը և աշխատում ենք մեր ծրագրով խթանել նրանց կրթամշակութային կյանքի լավագույնս կազմակերպմանը: Անխափան կերպով գործում են մեր մանկապարտեզն ու դպրոցը: Նախատեսել ենք նաև  բացել առանձին երաժշտական և գեղարվեստի դպրոցներ:

Մեզ համար մեծ կարևորություն է ներկայացնում մշակույթի տունը, որտեղ մշտապես գործել են 7-8 խմբակներ, սակայն շենքային պայմանները շատ վատն էին: Այժմ արդեն վերանորոգել ենք այն և պատրաստվում ենք մշակույթի տան հանդիսավոր բացմանը:  Մշակույթի տանը հատուկ մեծահասակների համար առանձնացրել ենք  սենյակ բոլոր խաղամիջոցներով, որպեսզի նրանք այնտեղ առավել հետաքրքիր անցկացնեն իրենց առօրյան: 

-Ձեր համայնքը նաև պարգևատրվեց ՀՀ նախագահի պատվոգրով: Ի±նչ նշանակություն ունեցավ այդ պարգևը Ձեզ համար:

-Երկու տարի առաջ Լճաշեն  համայնքը ճանաչվեց երկրորդ մարզային համայնքը Հայաստանում և պարգևատրվեց ՀՀ նախագահի պատվոգրով, ինչի առթիվ անչափ ուրախ ենք և հպարտ: 2011թ. Լճաշենը ճանաչվել է լավագույն կանաչապատ համայնք: 

Ցանկացած գնահատականի ես մեծ հուզմունքով և պարտավորվածությամբ եմ արձագանքում:  Ուրախանում եմ, երբ գործադրված ջանքերը նկատվում և արժևորվում են: 

Պետք է նշեմ նաև, որ Լճաշենը միակ համայնքն է ՀՀ-ում, որը 5 առաջին կարգային շախմատիստներ ունի երեխաների  շրջանում: Ունենք ուժեղ շախմատային խումբ, լավ մասնագետ, ով երեխաների հետ ամեն օր պարապում է:

-Մենք պարբերաբար հանդիպում ենք տարբեր համայնքապետերի հետ ովքեր միահամուռ նշում են, որ համայնքի բյուջեն այնքան փոքր է, որ չեն կարողանում գյուղի առջև ծառացած խնդիրները լուծել: Ինչպե՞ս է դա Ձեզ հաջողվում, Ձեր բյուջեն հատո՞ւկ է:

-Մեր բյուջեն հատուկ չէ, բոլոր համայնքների բյուջեների նման փոքր է, պարզապես մենք փորձում ենք գումարներ տնտեսել, սեփական ուժերով իրականացնել այն աշխատանքները, որոնք կարող էինք նաև պատվիրել տարբեր կազմակերպությունների և վճարել մեծ գումարներ:

-Ինչպե՞ս եք նախապատրաստվում Ամանորին: 

-Նախորդ տարվա մեր տոնական պատրաստությունը կարելի էր տեսնել մե°կ Էջմիածնում, մե՛կ Ֆրանսիայի Լիոն քաղաքում` այնքան ճոխ ու գեղեցիկ էր:

Հարցազրույցը՝ Սուսաննա Թամազյանի 

«Դե Ֆակտո» N79 (2012թ.)

 



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...