09:11
05/12/2021
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
2016 Տարվա գյուղապետ Մեղրաշեն համայնքի ղեկավար

2017-01-24 11:04

Պետք է յուրաքանչյուր ծրագիր եւ աշխատանք միմիայն միտված լինի համայնքի բարելավմանն ու զարգացմանը

1996 թվականից Մեղրաշեն համայնքը ղեկավարում է բանիմաց եւ հայրենասեր ղեկավար Հունան Պետրոսյանը: Արդեն 20 տարի նա իր ողջ ուժն ու եռանդը օգտագործում է որպեսզի Մեղրաշեն համայնքը դառնա զարգացած ու գեղեցիկ եւ մեղրաշենցիներն ապրեն անհոգ եւ ապահով կյանքով:
«Դե Ֆակտո» ամսագիրը բարձր գնահատելով Հունան Պետրոսյանի տարիների անձնվեր աշխատանքը, նրան ճանաչել է որպես «Տարվա գյուղապետ»:

ՀՈՒՆԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Տարվա գյուղապետ 2016
Մեղրաշեն համայնքի ղեկավար

-Պարո՛ն Պետրոսյան, «Դե Ֆակտո» ամսագիրը ճանաչել է Ձեզ 2016թ «Տարվա գյուղապետ», ինչի առթիվ շնորհավորում ենք: Ինչպե՞ս ընդունեցիք համայնքը, և այսօր ի՞նչ գրանցված ձեռքբերումներ կան:


- Անչափ շնորհակալ եմ: 1996 թվականից ի վեր զբաղեցնում եմ Մեղրաշեն համայնքի ղեկավարի պաշտոնը: Շատ դժվար էր անցումային ժամանակաշրջանում աշխատել նման պատասխանատու պաշտոնում, պետք է շատ գիտակ և համարձակ անձնավորություն լինեիր, որպեսզի այդ դժվարին ժամանակաշրջանում կարողանայիր ուսումնասիրել օրենքները, հասկանայիր սպասվող բոլոր դժվարությունները և կարողանայիր պատասխանատու կերպով լուծում տալ ծառացած բոլոր խնդիրներին և իրականացնել ծրագրեր: Համայնքապետի աշխատանքը ես երբեք չեմ համարել պաշտոն, այն ծառայություն է. երբ ժողովրդի մեծամասնությունը քեզ վստահում է, դու պետք է այնպես անես, որպեսզի արդարացնես նրանց բոլորի սպասելիքները: Եթե համեմատելու լինենք այժմյան գյուղը 1996թ-ի հետ, ապա կարող եմ հստակ նշել մի շարք ձեռքբերումներ. այսօր բնակավայրի համար անհրաժեշտ բոլոր ենթակառուցվածքները կան՝ մշակույթի տուն, խմելու ջուր, ոռոգման ջուր: Իմ աշխատանքային գործունեության ընթացքում շատ խնդիրներ ենք կարգավորել: Կներկայացնեմ թերևս ամենախոշոր կատարված ծրագրերը: Համայնքում ունեինք խմելու ջրի խնդիր, օրվա մեջ անգամ մի քանի ժամ խմելու ջուր չէինք ունենում, մեծ ծրագիր իրականացրեցինք՝ Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի և մեր համայնքի ներդրումներով խմելու ջրի խնդիրը կարգավորեցինք: Այս տարիների ընթացքում կարգավորել ենք նաև ոռոգման ջրի խնդիրը, այժմ մեր բնակիչները կարողանում են զբաղվել հողի մշակմամբ, որ մինչ այդ չէին կարողանում: Ներդրումների միջոցներով կառուցել ենք պոմպակայան, իսկ «ԻՖԱԴ» գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի միջոցներով կառուցեցինք մղման ջրատար խողովակաշար, այսօր արդեն ոռոգման համակարգի խնդիր չունենք: Համայնքը գազաֆիկացված է: Մեզ մոտ ծայրաստիճան աղքատ ընտանիքներ չկան, կան անապահով ընտանիքներ, որոնք գտնվում են համայնքապետարանի օժանդակության ներքո: Գլխավոր և երկրորդային փողոցներն ասֆալտապատված են, ունենք գիշերային լուսավորության մոտ 220 կետ: Կառուցել ենք անասուների խմոցներ, որոնք նախկինում չեն եղել: Այժմ մշակում ենք կարևոր ծրագիր, որը կնպաստի անասուների կաթնատվության բարձրացմանը: Արոտավայրերում կկառուցենք խմոցներ, որպեսզի անասունները ցերեկվա ժամերին կարողանան ջուր խմել: Կարծում եմ 2017 թվականի ավարտին կհասցնենք այս նախագծերը:

-Ձեռքբերումների հետ մեկտեղ, այսօր համայնքում ի՞նչ խնդիրներ են առկա, որոնց մասին կցանկանայիք խոսել:

-Մեղրաշենում այսօր կան մի շարք խնդիրներ: Խորհրդային տարիներին շահագործման հանձնված մշակույթի տան շենքային պայմաններն անմխիթար վիճակում են, մի շարք վերանորոգման աշխատանքներ կատարել ենք, սակայն դեռ շատ անելիքներ կան այդ ուղղությամբ: Այս տարի նախատեսում ենք վերակառուցել և կահավորել սպորտ հրապարակը, որն էլ կնպաստի սպորտի զարգացմանը համայնքում:

-Ինչպիսի՞ն է այսօր համայնքում սպորտային և մշակութային կյանքը:

-Մեղրաշեն համայնքը հայտնի է իր խելացի և բազմակողմանի զարգացած երիտասարդներով: Յուրաքանչյուր տարի 10-ից ավելի երեխաներ ընդունվում են Երևանի բարձրագույն ուսումնական հաստատություններ: Մեր երիտասարդները շատ ակտիվ զբաղվում են սպորտով և հաճախում են պարի, դաշնամուրի, ասեղնագործության խմբակներ:

-Եթե ամփոփենք 2016 թվականը, ապա ինչպիսի՞ տարի էր այն համայնքի համար:

-Գյուղատնտեսական առումով տարին բարեհաջող էր համայնքի համար: Մեղրաշեն համայնքը հայտնի է որպես հացահատիկ արտադրող համայնք, ունենք մոտ 1000 հա. վարելահող, որոնցից 80% հացահատիկի վարելահողեր են: Եթե համեմատենք նախորդ տարիների հետ, ապա ասեմ, որ այս տարի բերքատվության տոկոսային հարաբերակցությունը բարձր է եղել:
2016 թվականին Ասիական բանկի աջակցությամբ մեզ համար իրականացվեց, թերևս, գլոբալ ծրագիր: Մեղրաշեն համայնքի խմելու ջրի ներքին ցանցն ամբողջությամբ փոխարինվեց նորով: Բավականին արդյունավետ եղավ այդ ծրագիրը, այժմ ունենք 10 ժամյա անխափան ջրամատակարարում, որոշակի օրեր նույնիսկ 24 ժամյա:

-Պարո՛ն Պետրոսյան, անձնուրաց աշխատանքի համար Ձեզ շնորհվել է բազմաթիվ մրցանակներ, մի փոքր կներկայացնե՞ք:

-Նախ ցանկանում եմ ասել, որ մեր համայնքը 2007 թվականին Համայնքների միության և տարածքային նախարարության կողմից ճանաչվել է որպես «Լավագույն գյուղական համայնք», որի համար շատ հպարտ ենք: 2014 թվականին Համազգային Վստահության խորհրդի կողմից արժանացել եմ «Լավագույն համայնքապետ»-ի մրցանակին: 2006 թվականին Տեղական ինքնակառավարման համակարգում մեծ ներդրում ունենալու համար արժանացել եմ ՀՀ վարչապետի շնորհակալագրի:
ՀՀ նախագահ Ս.Սարգսյանի կողմից արժանացել եմ «Անանիա Շիրակացի» մեդալի: Բոլորը թվարկածս մրցանակներն ինձ համար շատ կարևոր են և պարտավորեցնող: Շատ շնորհակալ եմ, որ գնահատում են իմ կատարած աշխատանքը և մինչ իմ աշխատանքային գործունեության ավարտը պետք է յուրաքանչյուր ծրագիր և աշխատանք միմիայն միտված լինի համայնքի բարելավմանն ու զարգացմանը:

-Առջևում Ամանորն է, ինչպե՞ս եք նախատեսել այս տարի անցկացնել համայնքում:

- Ամեն տարի համայնքում մեծ շուքով ենք նշում Ամանորն ու Սուրբ ծնունդը: Կենտրոնական հրապարակում դրված մեծ եղևնին զարդարում ենք, կազմակերպում տարբեր միջոցառումներ և գյուղի կենտրոնը նմանվում է ամանորյա հեքիաթի:

Հարցազրույցը՝
Սյուզաննա Ղուկասյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...