04:33
12/27/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Հայրենասիրությունը սահմաններ չունի

2016-12-21 13:51

Բուլղարիայի հայերի միության նախագահ Հարություն Հովսեփյան

«Դե Ֆակտո» N126 (2016թ.)

Իսկապես, հայրենասեր մարդու համար հայրենասիրությունը չափ ու սահման, հեռավորություն չի ճանաչում, այն բացարձակ, անքննելի ճշմարտության է, որ ապրում է նրա հոգում` մղելով նվիրական գործերի: Մարդու այդ ազնվագույն տեսակին չի հաղթում նաև փողի և իշխանության անդիմադրելի ուժը, չի կարողանում փոխել նրա ընտրած ճշմարիտ ճանապարհը: Այդպիսի հայորդիներ են Հարություն և Երեմ Հովսեփյանները, ովքեր, ուս ուսի տված, դժվարին ճանապարհ են անցել Հայկական հարցը, Հայոց ցեղասպանությունը բարձրաձայնելու, ճանաչելի և ընդունելի դարձնելուն ուղղված իրենց նախաձեռնություններով մեր երկրի սահմաններից դուրս` Բուլղարիայում: 
2007թ. ստանձնելով Բուլղարիայում հայերի միության նախագահի պաշտոնը` Հարություն Հովսեփյանը հեղինակել է բազում հայրենանվեր, նշանակալի միջոցառումներ, ծրագրեր: Հովսեփյան եղբայրների ամենաանհավանական ու ամենագնահատելի նախաձեռնությունը, իհարկե, Վառնայի Գալաթա թաղամասի գլխավոր հրապարակի` «Զորավար Անդրանիկի հրապարակ» անվանվելու փաստացի իրողությունն է, որը ցնցեց թուրք ժողովրդին, իշխանություններին` նրանց ևս մեկ անգամ հասկացնելով, որ հայի հայրենասիրության և պայքարի ուժի դեմ անզոր են իրենց տխրահռչակ լոբբին ու ստահոդ տեղեկատվական արշավները: 
Բարձր գնահատելով Հարություն Հովսեփյանի հայրենանվեր գործունեությունը` «Դե Ֆակտո» ամսագիրը նրան ճանաչում է 2016թ. «Տարվա սփյուռքի հայ գործիչ», ինչի առիթով ամսագրի ողջ խմբագրակազմը շնորհավորում է նրան:

 

-Պարո՛ն Հովսեփյան, ուսումնասիրելով Ձեր կենսագրությունը, անցած ճանապարհը` պարզ է դառնում, որ Դուք այն հայրենասեր հայերից եք, ով գործով է ապացուցում հայրենիքի նկատմամբ իր սերը: Կխնդրեմ` համառոտ ներկայացնեք Ձեր պատմությունը, անցած ճանապարհը:
-Նախ շնորհակալ եմ ինձ նման բարձր գնահատականի արժանացնելու համար: 
Ծնվել եմ Երևանում, սովորել և ավարտել Ղազարոս Աղայանի անվան միջնակարգ դպրոցը: ՀՀ Զինված ուժերում իմ ծառայությունն ավարտելուց հետո` 1995 թվականին, տեղափոխվել եմ Բուլղարիա, որտեղ 1996 թ. ընդունվել եմ Սոֆիայի Սուրբ Կլիմենտ Օխրիդսկու անվան պետական համալսարանի իրավաբանության ֆակուլտետը: Համալսարանը ավարտել եմ 2002թ.՝ մասնագիտանալով օրենքի կիրառման, միջազգային օրենքի և միջազգային հարաբերությունների ասպարեզում և ստացել միջազգային հարաբերություններում իրավաբանության մագիստրոսի գիտական աստիճան:
2012թ. պաշտպանել եմ դիսերտացիա «Պատվավոր հյուպատոս» թեմայով և նույն թվականի հոկտեմբերի 12-ին ստացել իրավաբանական գիտությունների դոկտորի գիտական կոչում: Իմ գիտական աշխատության մեջ, որը շուտով լույս կընծայվի գրքի տարբերակով, իր ուրույն տեղն ունի նաև Հայոց ցեղասպանության թեման:


-Ինչպե՞ս սկսվեց Ձեր հասարակական գործունեությունը, և արդյո՞ք դժվար չէր օտար երկրում բարձրաձայնել Հայկական հարցը և Հայոց ցեղասպանությունը:


-Համալսարանն ավարտելուց հետո անմիջապես սկսել եմ առավել ակտիվ կերպով մասնակցել Բուլղարիայի հայ համայնքի կյանքին: Սակայն դեռևս ուսանողական տարիներին ուսանողների և դասախոսների շրջանում ամենայն մանրամասնությամբ ներկայացրել եմ Հայկական հարցը և Հայոց ցեղասպանության թեման, ամեն տարի ապրիլի 24-ին մեծ թվով օտարազգի ուսանողների առաջնորդել Մեծ Եղեռնի հիշատակության միջոցառումներին: Այսօր նրանցից ոմանք, ովքեր պետական պաշտոններ են զբաղեցնում, իրենց հնարավորության սահմաններում փորձում են օգտակար լինել Հայ դատի պայքարին: Իմ բոլոր դասախոսները` որպես բուլղար մտավորականներ և գիտնականներ, հայ ժողովրդի մտերիմ բարեկամներն են:
Անշուշտ, հեշտ չի եղել, քանի որ արդարության համար պայքարը երբեք էլ հեշտ չի լինում: Սակայն որևէ դժվարություն երբեք չի կարողացել ինձ հետ կանգնեցնել իմ համոզմունքներից:

-Ինչպե՞ս էր ընկալվում օտար հասարակության մեջ Ձեր ներկայացրած գաղափարները, Հայոց ցեղասպանության փաստը, հատկապես Ձեր աջակցությամբ բուլղարերեն լեզվով «Հայոց ցեղասպանություն» գրքի տպագրությունից հետո:

-Մեծ եղեռնի 90-ամյակի կապակցությամբ եղբորս՝ Երեմ Հովսեփյանի հետ որոշեցինք, որ բացի այն ամենից, ինչ նախատեսել ենք կազմակերպել տարելիցի առիթով, բուլղարերեն լեզվով հրատարակել «Հայոց ցեղասպանությունը» գիրքը, որը հայ պատմաբանների և գիտնականների կողմից գրված հոդվածների ժողովածու է: 200 էջանոց գիրքը ապրիլի 24-ին անվճար բաժանվել է Մեծ եղեռնի հիշատակության միջոցառումներին ներկա գտնվողներին բոլոր հայաշատ քաղաքներում:
Շատ շատերը գիրքը կարդալուց հետո կապվում էին մեզ հետ և փորձում էլ ավելի շատ տեղեկատվություն ստանալ: Գրքի հրատարակությունը մեծ օգուտ բերեց նաև Բուլղարիայի տարբեր քաղաքներում տեղական իշխանությունների կողմից Ցեղասպանության ճանաչման գործին:

-Կխնդրեմ` ներկայացնեք այն միջոցառումներն ու ծրագրերը, որոնք իրականացվել են Ձեր և Ձեր եղբոր աջակցությամբ:

-2005 թ. ապրիլի 24-ին, Հայոց ցեղասպանության 90-ամյակի կապակցությամբ, Վառնայի Սուրբ Սարգիս եկեղեցու բակում հանդիսավոր կերպով կատարվեց Մեծ եղեռնի հուշարձան-խաչքարի բացման արարողությունը, որը պատրաստվել էր Հայաստանում և ապա տեղափոխվել Վառնա: Իսկ 2006 թ. նույն Հուշարձանը մեր ջանքերով տեղադրվեց Վառնայի գլխավոր պողոտայում՝ քաղաքապետարանի հարևանությամբ, որի բացման արարողությունը վերածվեց աննախադեպ մի միջոցառման Վառնայի հայ համայնքի կյանքում, ինչը ևս իր նպաստն ունեցավ, որ 2008 թ. Վառնայի քաղաքային խորհուրդը պաշտոնապես ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Հուշարձանի բացման արարողությունն առիթ հանդիսացավ նաև, որ առաջին անգամ Բուլղարիայի բոլոր հայաշատ քաղաքներից ներկայացուցիչներ միասին հավաքվեն Վառնայում: 
Նորից Հայոց ցեղասպանության 90-ամյակի կապակցությամբ, մեր օժանդակությամբ և անմիջական ջանքերով, Բուլղարիան ևս միացավ երաժշտագետ Արա Գևորգյանի «Ադանա» երգի միջազգային պրեմիերային: Երգը կատարվեց նաև բուլղարերեն լեզվով հանրաճանաչ բուլղար օպերային երգիչ, տենոր Ցվետան Ցվետկովի կողմից, ով մասնակցել է նաև նույն երգի տեսահոլովակի պատրաստմանը Ծիծեռնակաբերդում:
Սակայն սա միայն սկիզբն էր:
Այլևս հասունացել էր պահը, որ բոլոր այս աշխատանքներն ավելի կազմակերպված բնույթ կրեին: 2007 թ. Վառնա քաղաքում տեղի ունեցավ Բուլղարիայի հայերի միության հիմնադիր համագումարը, որին մասնակցում էին պատվիրակներ բոլոր հայաշատ քաղաքներից: Համագումարում ես ընտրվեցի Միության նախագահ և մինչ օրս շարունակում եմ ղեկավարել այս պատասխանատու կառույցը:
Ես` որպես երախտապարտ հայ ժողովրդի զավակ, չէի կարող անտարբեր լինել եղբայրական բուլղար ժողովրդի պատմական ցավի հանդեպ: 2007 թ., բուլղարական Բատակ քաղաքում կանգնեցրեցինք հայկական Խաչքար` ի հիշատակ Բատակում օսմանյան թուրքերի կողմից գազանաբար կոտորածի ենթարկված բուլղար քրիստոնյա բնակչության: Խաչքարի վրա գրված է «Երախտապարտ հայ ժողովրդի կողմից` ի հիշատակ Բատակի նահատակներին»: Այս Խաչքարը նույնպես պատրաստվել է Հայաստանում: 
Իսկ 2009 թ. ապրիլի 24-ին բուլղարական Գեներալ Տոշևո քաղաքում կանգնեցրինք խաչքար-հուշարձան, որի վրա գրված է մեծն Խաչատուր Աբովյանի խոսքերը՝ «Շո՛ւնչդ տուր, հոգի՛դ, բայց քո հայրենիք մի՛ տուր թշնամյաց»: Այս խաչքարի բացումը նվիրված էր քաղաքի ազատագրությանը թուրքերից, բայց քանի որ դրա բացման արարողությունը կատարվեց ապրիլի 24-ին, բոլոր ներկաներն առավել մանրամասնությամբ ծանոթացան Մեծ եղեռնի իրողությանը և իրենց հարգանքի տուրքը մատուցեցին մեր անմեղ զոհերի հիշատակին, որոնք սպանվել էին նույն թուրքի կողմից: Այդ հուշարձանն էլ մյուսների նման պատրաստվել է Հայաստանում: 
Ի միջիայլոց, պետք է նշեմ, որ ամեն անգամ, երբ մենք որևէ տեղ հուշարձան ենք կանգնեցրել, անմիջապես Բուլղարիայում Թուրքիայի դեսպանը սպառնալիքներով լի բողոքի նոտա է ներկայացրել Բուլղարիայի Հանրապետությանը:
Հայոց ցեղասպանության 100-ամյակը նույնպես կարևոր նշանակություն ուներ մեզ համար և մենք ամեն ինչ արեցինք, որպեսզի այն լավագույն կերպով անցկացվի: Ապրիլի 23-ի երեկոյան Վառնայում կազմակերպեցինք ջահերով երթ` հարյուրավոր հայորդիների և բուլղար բարեկամների մասնակցությամբ, ինչն աննախադեպ երևույթ էր բուլղարահայ համայնքի կյանքում: Գրեթե բոլոր լրատվամիջոցներն անդրադարձել էին այդ միջոցառմանը:
Հայ դատի համար մեր պայքարը սակայն չի ավարտվել: Մենք անընդհատ օգտագործում ենք մեր բոլոր հնարավորությունները, որպեսզի այն մշտապես լինի բուլղար հասարակության ուշադրության կենտրոնում:
Շուտով մեծ էկրան կբարձրանա Հայոց ցեղասպանությանը նվիրված մի ֆիլմ, որին մենք ևս ակտիվ մասնակցություն ենք ունեցել: Սակայն այս պահին չեմ ցանկանում շատ մանրամասներ ներկայացնել, որպեսզի չվնասենք ֆիլմի նկարահանման աշխատանքներին:

-Ինչպիսի՞ կյանքով են ապրում հայերը Բուլղարիայում, ինչո՞վ են զբաղվում:

-Բուլղարահայերը ներկայություն ունեն բոլոր ասպարեզներում: Մեր համայնքները կենտրոնացած են հիմնականում մեծ քաղաքներում, չնայած փոքր քաղաքներում ևս ունենք ներկայություն: Նրանց շարքերում կան թե՛ մտավորականներ, թե՛ արհեստավորներ: Կարող եմ ասել, որ Բուլղարիայում ամեն հայ իր գործի մեջ հեղինակություն է: Ունենք անվանի իրավաբաններ, բժիշկներ, արվեստագետներ, ինչպես նաև անթերի ժամագործներ և ոսկերիչներ, ովքեր պահանջված են հասարակության մեջ: Բուլղարահայերի մի մասն էլ վերջին 25 տարիներին կարողացել է ստեղծել իր սեփական բիզնեսը և հասել մեծ հաջողությունների:

-Արդյո՞ք հաջողվում է հայկական համայնքին պահպանել ազգային ավանդույթները, մշակույթը և ամենակարևորը` լեզուն:

-Չնայած բազում դժվարություններին` Բուլղարիայի հայ համայնքն անում է ամեն բան, որպեսզի տեղի հայությունը կապված մնա իր արմատներին: Տարբեր քաղաքներում գործում են պարախմբեր, երգչախմբեր, թատերախմբեր: 
Ինչ վերաբերվում է լեզվին, ապա այն շատ դժվար է պահպանել: Միակ կանոնավոր հայկական դպրոցը Պլովդիվում է: Մնացած բոլոր հայաշատ քաղաքներում ունենք կիրակնօրյա դպրոցներ և մանկապարտեզներ, որոնք, սակայն, դժվարությամբ կարող են լուծել լեզվի պահպանության խնդիրը:
Պետք է նկատեմ, որ խնդիր կա Բուլղարիայի տեղաբնակ հայության և Հայաստանից տեղափոխված հայերի միջև փոխհարաբերություններում: Չնայած Հայաստանից եկածներից շատերն ունեն քաղաքացիություն, սակայն դեռևս կա տեղաբնակ գործիչների հատված, որը չի ցանկանում նրանք ընդգրկվեն ազգային-եկեղեցական կառույցների ղեկավար մարմիններում: Նման վերաբերմունքը վանում է հայաստանցիներին, որ համայնքային կյանքին առավել ակտիվ մասնակցություն ունենան: 
Մեր համոզմամբ` միայն միասնական աշխատանքով կարելի կլինի բոլոր այս խնդիրները լուծել: Մենք փորձում ենք բոլորին բացատրել, որ չկա տեղաբնակ և հայաստանցի հասկացություն, բոլորը հայ են, և բոլորն էլ պետք է ակտիվ մասնակցեն համայնքի կյանքին: Անշուշտ, սառույցը կարծես կոտրվում է, և կան տեսանելի արդյունքներ այդ ուղղությամբ:
Իսկ ազգային ավանդությունները հնարավորինս կարողանում ենք պահպանել` շնորհիվ Հայ Առաքելական եկեղեցու:

-Ի՞նչ խնդիրներ ունեն հայերը Բուլղարիայում և արդյո՞ք ԲՀՄ-ն աջակցում է նրանց:

-Չեմ կարող ասել, որ հայերը ազգային պատկանելության առումով Բուլղարիայում խնդիրներ ունեն: Խնդիրները հիմնականում անձնական բնույթ են կրում: Նման պարագաներում, երբ մեր ազգակիցներից որևէ մեկը դիմում է մեզ, մենք փորձում ենք նրան օգտակար լինել՝ օգտագործելով մեր ծանոթությունները և կապերը:

-Ինչպե՞ս է բուլղար ժողովուրդը վերաբերվում հայերին:

-Միանշանակ, բուլղար ժողովուրդը հայերին եղբայրաբար է վերաբերվում: Նրանք երբեք մեզ չեն ընկալել` որպես էթնիկ փոքրամասնություն, այլ ընդհակառակը` որպես իրենց ժողովրդի մի մասնիկ: Բացի այդ, շատ բուլղարների համար մենք ազգասեր, կրոնասեր, օրինավոր ժողովրդի օրինակ ենք, և նրանք մեր մասին հիացմունքով են խոսում իրենց ազգակիցների շրջանում:

-Ձեր և Ձեր եղբոր աջակցությամբ` հայկական խաչքարեր են տեղադրվել բուլղար ժողովրդի պատմության կարևոր էջերին նվիրված: Ինչպիսի՞ արձագանք գտան ձեր նախաձեռնությունները նրանց շրջանում:

-Նախ և առաջ, նման նախաձեռնություններն ավելացնում են ակնածանքը մեր ազգի, ժողովրդի հանդեպ: Միաժամանակ` նրանք այդ ամենը ընդունում են երախտագիտությամբ: Նման աշխատանքները մեզ ավելի են մտերմացնում` որպես եղբայրական ժողովուրդներ: Ամեն անգամ, երբ որևէ նման գործ ենք կատարում, արձագանքը սպասվածից ավելի մեծ ու դրական է լինում:

-Ինչպե՞ս կարողացաք հասնել Ձեր ամենակարևոր նպատակներից մեկին, խոսքը Վառնայի Գալաթա թաղամասի գլխավոր հրապարակի` «Զորավար Անդրանիկի հրապարակ» անվանվելու և դրան հաջորդող իրադարձությունների մասին է:

-Ամեն ինչ սկսվեց 2005 թ.: Այդ ժամանակ մենք տեղեկություն ստացանք, որ Զոր. Անդրանիկի տունը քանդվելու վտանգի տակ է: Կար պետական թույլատվություն այն քանդելու և տեղում բազմաբնակարան շենք կառուցելու վերաբերյալ: Մենք անմիջապես արձագանքեցինք և սկսեցինք աշխատանքներ տանել այն քանդվելուց փրկելու ուղղությամբ: 
Սկսվեց պայքարը մի քանի ուղղություններով՝ տունը, փողոցը, հրապարակը, տեղական իշխանությունների, տան սեփականատերերի, ինչպես նաև թուրքական լոբբիի հետ, որոնք Բուլղարիայում շատ ուժեղ են և մշտապես մաս են կազմել երկրի կառավարմանը:
Նախ և առաջ` փորձեցինք վերականգնել փողոցի անունը, որում գտնվում է Զորավարի տունը: Այն ժամանակին կոչվել է Զոր. Անդրանիկի փողոց, սակայն հետագայում` թուրքական լոբբիի ճնշման ներքո, անունը փոխվել է: 
Երկար բանակցություններից հետո տեղական իշխանությունները համաձայնվեցին մեծ հայորդու անունով կոչել այդ թաղամասի գլխավոր հրապարակը, որտեղ գտնվում է նաև թաղապետարանի շենքը: 
2011 թ. երկար նախապատրաստական աշխատանքներից հետո Վառնայի Գալաթա թաղամասի գլխավոր հրապարակը, քաղաքային խորհրդի որոշմամբ, անվանվեց «Զորավար Անդրանիկի հրապարակ», իսկ նույն թվականի հուլիսի 7-ին մեծ տոնախմբությամբ կատարվեց հայ ժողովրդի լեգենդար զավակ Զորավար Անդրանիկի հուշարձանի բացման արարողությունը նույն հրապարակում: Հայ ժողովրդի փառապանծ զավակի հուշարձանը ևս պատրաստվել է Հայաստանում և Թուրքիայի տարածքով տեղափոխվել Վառնա: Հուշարձանը տեղափոխող բեռնատարը խորհրդանշաբար անցել է Շապին-Գարահիսարով: Հուշարձանի բացումից առաջ ամբողջությամբ վերակառուցել ենք ողջ հրապարակի ենթակառուցվածքը:
Այս ամենը այլևս մեծ խնդիրներ առաջացրեց տան սեփականատերերի համար, ովքեր ցանկանում էին այն քանդել: Զորավարի տունը ժառանգություն ստացած անձանց հետ վեց տարվա կատաղի պայքարից հետո, ի վերջո, կարողացանք 2013 թ. վերջին այն գնել: Մեր համառության շնորհիվ` հնարավոր եղավ փրկել մինչ օրս կանգուն մնացած աշխարհում միակ տունը, ուր հայ ժողովրդի` «իբրև արծիվ սավառնող» զավակը երբևէ ապրել է: Այլևս այդ տունը ապահով ձեռքերում է, և այն պատկանում է հայ ժողովրդին:
Իմ հաջորդ մեծ երազանքը Զորավար Անդրանիկի տունը տուն-թանգարանի վերածելն է: Սկսվել են վերականգնողական աշխատանքները: Այդ աշխատանքների ավարտից հետո այն գրանցվելու է որպես` Զորավար Անդրանիկի անվան տուն-թանգարան և առնվելու է Պատմական հուշարձանների պահպանության կոմիտեի պաշտպանության ներքո, որից հետո կատարվելու է հանդիսավոր բացման արարողություն: Միաժամանակ ես չեմ հրաժարվել փողոցի անվան հետ կապված իմ մտադրությունից: Այն ևս կոչվելու է Զորավարի անունով:

-Ի՞նչ ծրագրեր եք իրականացրել հայապահպանությանն ուղղված:

-Մենք փորձում ենք տարբեր միջոցներով օգտակար լինել այն բոլոր հայկական հաստատությունների գործունեությանը, որոնք անմիջականորեն զբաղվում են հայապահպանության գործով` դպրոցներ, մշակութային կազմակերպություններ, եկեղեցի: Այս ամիս մեր աջակցությամբ լույս տեսավ հանրահայտ երգահան Արամ Բերբերյանի կենսագրական գիրքը: Նա ազգությամբ հայ է և ծնվել ու մեծացել է Բուլղարիայում: Անգնահատելի ավանդ է ունեցել մեր համայնքի ազգային մշակութային կյանքի զարգացման գործում: 
Գնահատելով և ներկայացնելով նման անձանց կյանքն ու գործունեությունը՝ փորձում ենք երիտասարդ սերնդի մեջ խթանել ազգային ինքնագիտակցությունը:

-Դուք սրտացավ վերաբերմունք ունեք որբերի և ծերերի նկատմամբ, ի՞նչ աշխատանքներ եք իրականացնում նրանց ուղղված:

-Իմ կյանքում հատուկ տեղ են զբաղեցնում որբերն ու միայնակ ծերերը: Այդ էր պատճառը, որ Բուլղարիայի հայերի միությունը 2009 թ. Սուրբ ծննդյան տոների առթիվ մեր անմիջական օժանդակությամբ կազմակերպեց «Սրտանց և ժպիտով» համերգ-փառատոնը Վառնայի որբանոցների երեխաների համար, որոնց հետ մինչ օրս պահպանում եմ ջերմ հարաբերություններ: Ինձ համար սա ևս մեկ միջոց է, որպեսզի հայ ժողովրդի կողմից իմ երախտագիտությունը հայտնեմ բուլղար ժողովրդին, որը Հայոց ցեղասպանության օրերին բազում հայ որբերի է ապաստան տվել:
Ինձ համար հատուկ տեղ ունեն նաև մեր ազատամարտիկների զավակները: Կոմպոզիտոր Արա Գևորգյանի և Սփյուռքի նախարարության համագործակցությամբ` 2015 թ. ամռանը չորս հայ երիտասարդներ` զոհված և վիրավոր ազատամարտիկների ընտանիքներից, իրենց ամառային հանգիստն անցկացրեցին ծովափնյա Վառնայում: Գիտեմ, որ սա չնչին մի բան է այն մեծ զոհողության դիմաց, որ կատարել են մեր եղբայրները, սակայն մեր կարողության սահմաններում պիտի փորձենք հնարավորինս օգնել նրանց:

-Ի՞նչ դեր և նշանակություն ունի քրիստոնեական հավատքը Ձեր կյանքում:

-Ես Հայ Առաքելական եկեղեցու զավակ եմ: Հավատքն ինձ համար խիստ անձնական ընտրություն է: Եթե կարճ ասեմ, ապա քրիստոնեական կյանքում մենք պետք է անենք ամեն հնարավորը Աստծո համար, քանի որ նա ամեն ինչ արել է մեզ համար դեռ մեր ծնվելուց առաջ:

-Աղոթելիս ի՞նչ եք խնդրում Աստծուց:

-Աղոթում եմ նախ իմ ընտանիքի ու իմ երեխաների համար, որոնց անչափ սիրում ու նրանցով հպարտանում եմ: Ինչպես նաև իմ հարազատների ու ընկերների համար: Միաժամանակ իմ աղոթքների մեջ խնդրում եմ հարատև խաղաղություն մեր հայրենիքում:

-Ի՞նչ զգացողություններ ունեցաք 2015 թ. Վառնայի Սուրբ Սարգիս եկեղեցու Խաչի քավորի պարտականությունները ստանձնելիս:

-Ես մշտապես եղել եմ մեր եկեղեցու կողքին և այն ինձ համար եղել է իբրև հարազատ տուն: Դա աննկատ չմնաց Վառնայի հոգևոր հովիվ Տ. Բարթուղիմեոս քահանա Հակոբյանի կողմից, ում առաջարկով ես 2015 թ. ընտրվեցի Վառնայի Սուրբ Սարգիս եկեղեցու Խաչի քավոր: Այս պատասխանու կոչումը ոգևորիչ դեր խաղաց իմ նպատակների իրագործման մեջ: Այն ինձ դրդեց, որպեսզի ավելի լավ ճանաչեմ մեր եկեղեցու ավանդույթները և ավելի ակտիվ լինեմ հոգևոր-եկեղեցական կյանքում: 
Մեր միության հովանավորությամբ «Կանթեղ Արարատյան» բուլղարահայ լրատվական կայքում գործում է «Հարցեր քահանային» խորագիրը: 
Անցյալ տարի Վառնայի հայկական եկեղեցում տեղադրեցինք ոսկեզարդ մի խաչ, որն իր մեջ ամփոփում է Սուրբ Խաչափայտի մասունքը, և բազում հավատացյալներ Վառնայում հնարավորություն ունեն երկրպագելու այդ սրբությունը: 
Աստծուն և եկեղեցուն մոտ լինելը մարդուն բարձրացնում է, պարգևում մի այնպիսի հոգեվիճակ, ուր չկա ես-ի խնդիր: 

-Ի՞նչ հատկանիշեր պետք է ունենա իրական հայրենասերը:

-Իրական հայրենասերը պետք է աշխատասեր լինի և իր գործունեությամբ նպաստ բերի իր հայրենիքին:

-Հնարավո՞ր է վերադառնաք Հայաստան և այստեղ շարունակեք Ձեր կյանքն ու գործունեությունը:

-Ես երբեք էլ չեմ հեռացել Հայաստանից: Պարզապես իմ հիմնական բիզնեսը Բուլղարիայում է և այդ պատճառով հիմնականում այստեղ եմ ապրում:

-Ի՞նչ խորհրդանիշերով է պատկերվում Հայաստանը Ձեզ:

-Մեր բակը, իմ քաղաքը, տղերքը, Մերգելյան ինստիտուտը, Ծիծեռնակաբերդը. այն ամենը, ինչի հետ կապված է եղել իմ կյանքը:

-Դուք բազում պարգևներ եք ստացել, ո՞րն է Ձեզ համար ամենակարևոր պարգևը:

-Բոլոր պարգևներն էլ կարևոր են` որպես գնահատական այն աշխատանքների, որոնք մենք կատարել ենք և շարունակելու ենք կատարել:

 

 

Հարցազրույցը` Սուսաննա Թամազյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...