08:36
09/19/2019
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Պետք է ընտրել բանիմաց աշխատակազմ, որպեսզի պատրաստվածության եւ ճիշտ աշխատանքի շնորհիվ հասնել հաջողության

2016-11-23 11:07

 «Դե Ֆակտո» N124 (2016թ.)

«Դե ֆակտո» ամսագրի այս համարում կզրուցենք Գորայք համայնքի ղեկավար Առուստամ Առուստամյանի հետ, կներկայացնենք համայնքում կայանալիք առաջիկա ընտրությունները, կատարված աշխատանքները և առաջիկա ծրագրերը:

Առուստամ Առուստամյանը ծնվել է 1958թ. հոկտեմբերի 15-ին ՀՀ Սյունիքի մարզի Գորայք գյուղում:
1985թ. ավարտել է Հայկական գյուղատնտեսական պետական ինստիտուտը եւ ստացել ինժեներ-մեխանիկի որակավորում:
Աշխատանքային գործունեությունը սկսել է 1985 թվականին Սիսիանի պետական տոհմային խոզաբուծական տնտեսությունում, որպես ինժեներ-մեխանիկ, այնուհետեւ 1988-1991թթ. Գորայքի պետական տնտեսությունում, որպես ինժեներ-մեխանիկ: 1991-1996թթ եղել է Գորայքի գյուղխորհրդի նախագահ:
1996-2005թթ աշխատել է Գորայքի գյուղապետարանում, որպես աշխատակազմի քարտուղար
2005թ-ից Գորայքի գյուղական համայնքի ղեկավարն է:
Ունի ավագ լեյտենանտի զինվորական կոչում:
Ամուսնացած է, ունի 2 որդի եւ 1 դուստր:
Անկուսակցական է:

-Պարո՛ն Առուստամյան, առջևում ընտրություններ են, ինչպե՞ս եք գնահատում Ձեր հնարավորությունները:


-Արդեն 11 տարի է աշխատում եմ այս ոլորտում, այս տարիների ընթացքում իմ ներդրումն եմ ունեցել համայնքի զարգացման ու կայացման գործում:
Առաջիկա ընտրություններում իմ թեկնածությունն առաջադրել եմ և հուսով եմ, որ նորից կվերընտրվեմ: Երկու թեկնածուներիցս ով էլ ընտրվի, պետք է աշխատի ծառայել այնպես, որ ժողովուրդը գոհ լինի:

-Այսօր որքա՞ն է կազմում բնակչության թիվը և հիմնականում ինչո՞վ են այստեղ զբաղվում բնակիչները:

-Գորայքը համարվում է Սյունիքի դարպասները: Համայնքն ունի 21700 հեկտար տարածք և 527 բնակիչ, տնտեսությունների թիվը 138 է:
Մեր համայնքում բնակիչները հիմնականում զբաղվում են անասնապահությամբ և հացահատիկային կուլտուրաների մշակմամբ: Հիմնականում այստեղ կլիման սառն է, այդ իսկ պատճառով շատ քիչ են այն բնակիչները, ովքեր զբաղվում են բանջարաբոստանային կուլտուրաների մշակմամբ:
«Գեոթիմ» ընկերությունը մեր մարզում իրականացնում է անասնապահության և գյուղատնտեսության զարգացմանն ուղղված տարբեր ծրագրեր: Մեր համայնքում աշխատատեղերի խնդիր չկա, նույնիսկ մեզ աշխատուժ է հարկավոր և իմ կարծիքով համայնքների խոշորացման ծրագիրը կնպաստի աշխատուժի ներգրավմանը հարակից համայնքներից:

-Խոսեցինք համայնքների խոշորացման ծրագրից, ո՞ր համայնքներն են միանալու Գորայքին և ի՞նչ տեսակետ ունեք այս հարցի շուրջ:

-Գորայք համայնքին միանալու է 3 համայնք՝ Ծղունք, Սառնակունք, Սպանդարյան:
Ընդհանուր բնակչության թիվը մոտավորապես կլինի 1900 բնակիչ:
Թվարկածս համայնքներում մի շարք հիմնախնդիրներ կան, որոնք պետք է կարողանանք հետզհետե կարգավորել: Այս վերջին տարիների ընթացքում Գորայք համայնքում շատ աշխատանքներ են կատարվել, 2014-2015 թվականին նոր կոյուղագիծ է անցկացվել, խմելու ջրի նոր ներքին ցանց է անցկացվել: Նախկին խանութի շենքն ամբողջովին վերանորոգվել է, վերածվել հանդիսությունների տան և երիտասարդության զբաղմունքի կենտրոնի: Անցկացվում է նոր ջրագիծ, որը հնարավորություն կտա լուծելու ոռոգման ջրի խնդիրը: Հիմնական խնդիրը մեր համայնքում ոռոգման ջրի խնդիրն է:

-Պարո՛ն Առուստամյան, համայնքների խոշորացման ծրագրին բնակիչներն ինչպե՞ս են արձագանքում:

-Ցավով կասեմ, որ դեռ բոլորը պատրաստ չեն նման փոփոխության: Բնակիչների մոտ մի կարծրատիպ է ձևավորվել, որ սա իրենց գյուղն է՝ իր նվաճումներով, և ընդհանուրի ընկալումը մի փոքր այլ է: Պետք է ժամանակի ընթացքում կարողանանք այնպես անել, որպեսզի բնակիչները համոզվեն, որ իրենց շահերը պետք է ծառայեցնեն ընդհանուրին: Իմ կարծիքով պետք է աշխատանքով ապացուցել, որ այս տարբերակը ամենաճիշտն է:

-Ձեր խոսքում նշեցիք համայնքներում առկա խնդիրների մասին, այսօր ի՞նչ առաջնային խնդիրներ կան վերընշված համայնքներում:

-Նշածս երեք համայնքներում առկա են մի շարք խնդիրներ և դժվար է առանձնացնել, թե որն է առաջնային, որը՝ ոչ:
Բոլոր համայնքներում ներքին ճանապարհների, դաշտամիջյան ճանապարհների, կուլտուր-կենցաղային օբյեկտների վերանորոգման խնդիրներ կան:
Ասեմ, որ առկա խնդիրների հետ մեկտեղ, տարբեր համայնքներում կատարվել են մի շարք աշխատանքներ: Օրինակ, Սպանդարյանում վերանորոգվել է կուլտուրայի տունը, Ծղուկում խմելու ջրի հարցն է ամբողջությամբ կարգավորվել, Սառնակունքում մոտավորապես 60% լուծվել է խմելու և ոռոգման ջրի խնդիրը: Խնդիրներ շատ կան, պետք է ընտրել բանիմաց աշխատակազմ, որպեսզի պատրաստվածության և ճիշտ աշխատանքի շնորհիվ հասնել հաջողության:

-Պարո՛ն Առուստամյան, առաջիկայում ի՞նչ նոր ծրագրեր կան համայնքում:

-Գորայքի տարածքից մինչ Շաքի պետք է կատարենք աղբահանություն: Նոր գյուղտեխնիկայի անհրաժեշտություն կա: Բնակիչները հիմնականում չեն զբաղվում դաշտավարությամբ, քանի որ առկա կոմբայնները շատ հին են շահագործման համար:
Ծղուկ, Սառնակունք, Սպանդարյան համայնքներում հրատապ վերանորոգման կարիք ունեն գյուղ մտնող գլխավոր ճանապարհները:
Սպանդարյան համայնքի դպրոցը գտնվում է վթարային վիճակում, որն էլ կառավարության հրատապ ծրագրով պետք է մոտ ժամանակներս վերանորոգվի:

-Ի՞նչ սկզբունքներով եք առաջնորդվում կյանքում և աշխատանքում:

-Ես բնավորությամբ շատ խաղաղ մարդ եմ, ինձ համար հակառակորդ ասվածը գոյություն չունի, այսքան ժամանակ որևէ մեկի հանդեպ հիշաչարություն չեմ զգացել և դա ինձ կյանքի դժվարությունների ժամանակ օգնում է: Յուրաքանչյուրս պետք է հասկանանք, որ ցանկացած պաշտոն անցողիկ է, մնայուն է միայն մարդկային արժեքները:

-Պարո՛ն Առուստամյան, և վերջում, ի՞նչ կմաղթեք Ձեր ընտրողներին:

-Ես այս գյուղում ծնվել, մեծացել եմ, և բոլորն էլ ինձ համար հարազատ մարդիկ են:
Բոլորին մաղթում եմ ամենակարևորը, առողջություն, այնուհետև թող բոլորն իրենց առօրյա խնդիրներից ձերբազատվեն և ապրեն անհոգ և ուրախ:

 


Հարցազրույցը՝ Սյուզաննա Ղուկասյանի



Վերադառնալ








Խմբագրական
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2019-07-04 16:31

«Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար

Ավելի


Պահոց