18:22
01/25/2020
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Լուսինե Վարդանյան

2016-11-12 11:46

Մենք պատրաստ ենք կազմակերպել ցանկացած բուժօգնություն.
ԼՈՒՍԻՆԵ ՎԱՐԴԱՆՅԱՆ

«Դե Ֆակտո» ամսագրի զրուցակիցն է «Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Լուսինե Վարդանյանը:

«Դե Ֆակտո» N124 (2016թ.)

-Տիկի՛ն Վարդանյան, վերջերս տեղի ունեցավ բժշկական կենտրոնի բացման արարողությունը` համալրված նոր շենքային և նյութատեխնիկական գերժամանակակից սարքավորումներով: Այսքանով լուծվո՞ւմ են բժշկական կենտրոնի առաջ ծառացած խնդիրները, թե՞ խնդիրներ, այնուամենայնիվ, կան:


-2016 թվականի փետրվարի 6-ին` ՀՀ նախագահի, ԱՆ նախարարի, Սյունիքի մարզպետի և բազմաթիվ հյուրերի մասնակցությամբ բացվեց «Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի նորակառույց մասնաշենքը: Այն կառուցվել է ՀՀ առողջապահության նախարարության ծրագրերի իրականացման գրասենյակի կողմից՝ համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ: Բժշկական կենտրոնը կառուցված է եվրոպական ստանդարտներին համապատասխան և հագեցված է ժամանակակից սարքավորումներով՝ թվային ռենտգենոգրաֆ, շարժական ռենտգենոգրաֆ, 3D հնարավորության ուլտրաձայնային ստացիոնար և շարժական սարքավորումներ, գաստրոսկոպ, կլինիկական և կենսաքիմիական լաբորատորիաների ժամանակակից նոր անալիզատորներ, հագեցված վիրաբուժական բլոկ և ինտենսիվ վերականգնողական 2 սենյակ /5 մահճակալներով/ հագեցված վերակենդանացման սարքավորումներով:
Ներկա պահին բժշկական կազմակերպության համար առաջնային է հիվանդանոցի տարածքում նոր դիահերձարանի կառուցումը, որն ի դեպ, Հայաստանի հանրապետության նախագահը խոստացավ իրականացնել, և տրանսպորտային միջոցների թարմացումը:

-Հետաքրքիր է, «Ագարակի հիվանդանոց» ՓԲԸ-ում գործող մասնագետներից քանի՞սը շարունակեցին իրենց աշխատանքն արդեն նորոգված և վերազինված բժշկական կենտրոնում, և ի՞նչ մասնագետների կարիք ունեք այսօր:

-Թե՛ Ագարակում, թե՛ Մեղրիում աշխատող մեր բոլոր աշխատակիցներն էլ իրենց աշխատանքը շարունակեցին նորակառույց մասնաշենքում: Ներկա պահին ունենք նեղ մասնագետների կարիք՝ ներզատաբանի/էնդոկրինոլոգի/, ուռոլոգի, նյարդաբանի, բժիշկ-լաբորանտի:

-Ինչպե՞ս է կանոնակարգվում բուժկենտրոնի ծառայություններից օգտվելու անհրաժեշտությունը` Մեղրի-Ագարակ-գյուղեր հասարակական տրանսպորտի բացակայության պայմաններում:

-Բժշկական կենտրոնը սպասարկում է Մեղրի և Ագարակ քաղաքները և շրջակա 11 գյուղական համայնքները, թվով՝ 12500 բնակչի: Ներկա պահին միջքաղաքային և մինչև քաղաք հասնող տրանսպորտը բացակայում է, սակայն շուտով՝ սեպտեմբերի 18-ին կայանալիք համայնքների խոշորացման ծրագրի հետևանքով, հուսով ենք կլուծվի նաև տարածաշրջանի բնակավայրերի միջև տրանսպորտային կապի խնդիրը:

-Հիվանդության կանխարգելումն ավելի հեշտ է, քան դրա բուժումը: Հետաքրքիր է, մեզանում ընդունվե՞լ է բժշկին ժամանակին դիմելու մշակույթը և ո՞ր հիվանդություններն են այսօր երիտասարդացել:

-Հիվանդություններից, թերևս, ամենատարածվածը սիրտ-անոթային հիվանդություններն են, հետո էնդոկրին հիվանդությունները, ուռուցքները, հոգեկան խանգարումները: Այսօր, գրեթե, բոլոր հիվանդություններն էլ միտում ունեն երիտասարդացման: Այո, հիվանդության կանխարգելումը շատ ավելի հեշտ է, քան բուժումը: Սակայն մեր հայկական մենթալիտետում, ցավոք, դեռ ընդունված չէ կանխարգելման նպատակով բժշկին դիմելը: Այսօր ամենադժվար գործն առողջ մարդուն տարեկան մեկ անգամ ընտանեկան բժշկի մոտ բերելն է:

-Տիկի՛ն Վարդանյան, ի՞նչ է Ձեզ համար Հիպոկրատի երդումը և ի՞նչ կմաղթեք Ձեր համաքաղաքացիներին:

-Անձամբ ինձ համար Հիպոկրատի երդումը դա երդում է իմ խղճի նկատմամբ: Ես, լինելով մայրաքաղաքից 400 կմ հեռավորության վրա ապրող Մեղրու տարածաշրջանի բնակչության առողջական վիճակի պատասխանատուն, իմ տարածաշրջանի ժողովրդին կմաղթեմ առողջություն, կհորդորեմ հաճախակի այցելել պոլիկլինիկա՝ ընտանեկան բժշկին, իսկ հիվանդանալիս թող վստահեն և անմիջապես դիմեն հիվանդանոց: Մենք պատրաստ ենք կազմակերպել ցանկացած անհատի ճիշտ և պրոֆեսիոնալ բուժօգնությունը:

 

 

Հարցազրույցը` Քրիստինա Միրզոյանի



Վերադառնալ








Խմբագրական
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18

ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի...

Ավելի


Պահոց