08:20
09/21/2021
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Սմբատ Օրբելյան

2016-11-09 16:01

Մի շարք հիվանդությունների առումով մասնագետների այնպիսի խումբ ունենք, որը կարող է տեղում կազմակերպել բարձրակարգ բուժօգնություն

«Դե Ֆակտո» ամսագրի զրուցակիցն է «Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Սմբատ Օրբելյանը

«Դե Ֆակտո» N124 (2016թ.) 

-Պարո՛ն Օրբելյան, «Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ն երկար տարիների պատմություն ունի, սկսած 1930-ական թթ.-ից: Ինչպե՞ս կգնահատեք Կապանում առողջապահության զարգացման դինամիկան և հեռանկարները:


-Անցած դարի 30-ականներին հիմնված մեր բուժհաստատությունը 2015 թվականին ՀՀ առողջապահության նախարարության կողմից՝ ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող վարկային ծրագրի շրջանակներում, հիմնանորոգվել է, հագեցել նորագույն սարքավորումներով: Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ մեր երկրում առողջապահական համակարգը դինամիկ զարգացում է ապրում, և այդ զարգացումը ժամանակի մեջ տեղայնացվում է նաև մայրաքաղաքից հեռու գտնվող կառույցներում: Բարեբախտաբար փոխվում են իրողությունները և արդեն համացանցի միջոցով մեր մասնագետներն արագ ծանոթանում են հետազոտական ու բուժման նոր մեթոդներին, տեխնոլոգիական նորամուծությունները, թեև ուշացումով, բայց հասնում են մեզ: Բժշկական միտքը չունի սկիզբ ու վերջ, հետևապես ամենօրյա աշխատանքին զուգահեռ մենք պիտի կարողանանք նաև, ինչպես ասում են, ձեռքներս առաջընթացի զարկերակին պահել:

-«Կապանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը հանրապետության ձեռնարկությունների մեջ «Արտադրության արդյունավետություն» անվանակարգում ստացավ «Վարկանիշի արծաթ» մրցանակը: Մի փոքր կպատմե՞ք այդ մասին:

-Ազգային բիզնես-վարկանիշների միությունը «Արտադրության արդյունավետություն» անվանակարգում` «Վարկանիշի արծաթ» մրցանակին է արժանացրել մեր բուժկենտրոնը: Այն, ինչ խոսք հաճելի է ու պարտավորեցնող: Իսկ վարկանիշները հաշվառվում են տնտեսավարող սուբյեկտների հարկային վճարումների և տնտեսական գործունեության պարտադիր ապահովագրական վճարումների վերաբերյալ հաշվետվությունների հաշվարկների, տեղեկատվությունների և օրենքով նախատեսված այլ փաստաթղթերի վրա:

-Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ խրամատում ժամկետային զինվորի և երկրապահ կամավորների կողքին էին «Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ բուժաշխատողները: Կրակը դադարեցնելուց հետո բժշկական կենտրոնը շարունակեց դիրքերից վերադարձած առողջական խնդիրներ ունեցող կամավորների բուժօգնությունը, ի՞նչ արձագանքներ եղան:

-Քառօրյա պատերազմի ընթացքում ամբողջ առողջապահական համակարգն էր սահմանում կանգնած զինվորի ու խաղաղ բնակչի կողքին: Սա յուրաքանչյուրիս պարտքն է ու երբևէ չեմ մտածել, համոզված եմ, որ իմ գործընկերները նույնպես, որ պետք է գնահատեն մեր գործը, կամ բուժաշխատողների սահման հասնելը պետք է արժևորվի: Մենք այնտեղ էինք, որտեղ պետք է լինեինք և հուսով եմ, արել ենք այն, ինչ մեզանից պահանջվում էր: Մեզ համար պարտավորեցնող էր այն փաստը, որ մեր կենտրոնն արժանացավ ՀՀ երկրապահ կամավորականների միության պատվոգրին՝ ապրիլյան պատերազմի ընթացքում առաջնագծում և թիկունքում սերտ համագործակցության և աջակցության համար: Նաև արժանացել ենք Կապանի քաղաքապետի շնորհակալագրին:

-Հաճախ մարզերի բնակիչները, հնարավորության դեպքում, բուժումը ստանում են Երևանում գործող բժշկական հաստատություններում` համարելով, որ այստեղ բուժօգնությունը շատ ավելի որակյալ է և ապահով, չնայած այն հանգամանքին, որ նույն բուժումը կարող են ստանալ տվյալ մարզերում գործող բժշկական կենտրոններում: Ինչպիսի՞ն է պատկերը Կապանում. կա՞ վստահություն տեղի բժշկական հաստատությունում աշխատող մասնագետների նկատմամբ:

-Հիվանդի իրավունքն է ընտրել այն բժշկական հաստատությունն ու բժշկին, ում մոտ նա բուժվել է ուզում, և այնպես չի, որ միայն մարզերից են մեկնում Երևան: Երևանից ու մարզերից էլ արտերկիր են հասնում. դա կրկին հիվանդի ընտրության ու հնարավորությունների խնդիրն է: Իսկ մեր խնդիրը տեղում այնպիսի պայմանների ստեղծումն է, որ նվազի այդ ճանապարհն ընտրողների թիվը: Մարզերում ու մայրաքաղաքում գործող բուժհաստատություններում առկա բուժական ժամանակակից սարքավորումների տարբերությունը բավականին մեծ է, նաև ակնհայտ է բժիշկների մասնագիտական հմտությունների տարբերությունը: Բնականաբար մենք զիջում ենք: Միաժամանակ, ես այն կարծիքին եմ, որ այստեղ ունենք մի շարք հիվանդությունների առումով մասնագետների այնպիսի խումբ, որը կարող է տեղում կազմակերպել բարձրակարգ բուժօգնություն: Տարվա կտրվածքով 3000-ից ավելի մարդ է դիմում մեզ հիվանդանոցային բուժօգնություն ստանալու նպատակով: Առաջնային պոլիկլինիկական օղակում հաճախումների թիվը հասնում է 200 000-ի: Քիչ չեն նաև այն դեպքերը, երբ հենց մեր մասնագետներն են հիվանդներին ուղեգրում մայրաքաղաք՝ ավելի բարձրակարգ, երրորդ մակարդակի բուժհաստատություններում մասնագիտացված բուժում ստանալու համար: Կարևորը մեզ համար հիվանդի առողջությունն է, հետևապես, երբ մեր արտոնագրով մեզ վերապահված հնարավորություններից դուրս է լինում հետազոտում և բուժում կազմակերպելը, մենք ուղեգրում ենք մայրաքաղաք: Իսկ դրանից հետո հետագա բուժումն ու հսկողությունն իրականացնում են մեր ընտանեկան բժիշկները, ովքեր մշտապես կապի մեջ են լինում հիվանդի հետ: Այստեղ կուզենայի նաև զանգվածային լրատվամիջոցների մասին նշել: Համացանցում, որպես կանոն, առողջապահական համակարգին առնչվող նյութերում լուսաբանվում է միայն նեգատիվը: Հաջող ելքերով դեպքերը մեծամասամբ մնում են ստվերում: Բոլոր երկրներում էլ բուժհաստատությունների գործունեության համար PR-ը կարևորագույն տարրերից է, իսկ երբ միայն բացասականն է երևում, բժիշկ-հիվանդ հարաբերություններում անջրպետ է առաջանում ու որպես հետևանք գրանցվում են բժիշկների նկատմամբ ոտնձգությունների անթույլատրելի դեպքեր: Լրատվամիջոցներում բժիշկ-մարդու նկարագիրը պակաս է ներկայացվում:

-Ո՞ր դեպքերում է բժշկական կենտրոնը հիվանդներին ուղեգրում այս կամ այն բժշկական հաստատություն` համապատասխան բուժում ստանալու նպատակով:

-Ուղեգրումն իրականացվում է այն դեպքերում, երբ կա անհրաժեշտություն երրորդ մակարդակի բժշկական հաստատությունում նեղ մասնագիտական բուժօգնության, բարդ դեպքերի և այն դեպքերում, երբ մեր կենտրոնին տրված բժշկական օգնության արտոնագիրը թույլ չի տալիս բժշկական միջամտություն իրականացնել:

-Ըստ Ձեզ՝ ինչպիսի՞ առաջնային խնդիրներ կան, որոնց լուծումը խիստ անհրաժեշտ է:

-Ամեն օր նոր խնդիրներ են առաջ գալիս: Տեղեկատվական դաշտի նման ակտիվության պայմաններում ամեն օր նոր տեխնոլոգիաների հետ ենք ծանոթանում: Առաջնայինը նոր սերնդի ախտորոշիչ և բուժական սարքավորումներ ձեռք բերելն է: Հաշվի առնելով մեր համայնքների հեռավորությունը մայրաքաղաքից, կան այդ սարքավորումների խիստ անհրաժեշտություններ: Օրինակ, համակարգչային տոմոգրաֆը մեզ հնարավորություն կտա ավելի արդյունավետ աշխատել, տեղում կազմակերպել դիագնոստիկան ու բուժումը: Երկրորդը կադրերի խնդիրն է՝ երիտասարդներով համալրման, ապա նաև վերապատրաստման: Միշտ ասել եմ, որ արտերկրում վերապատրաստվելը յուրաքանչյուրի բժշկի համար, իր մասնագիտական հմտությունների առումով, կրկնակի, նույնիսկ բազմակի աճ է ապահովում: Լեզվական խնդիրը հաճախ խոչընդոտում էր նման նախաձեռնություններին: Բարեբախտաբար ԵՏՄ-ին անդամակցելը նպաստավոր պայմաններ է ստեղծում ռուսերենին բավականին հաջող տիրապետող մեր մասնագետների համար՝ վերապատրաստվելու նախկին խորհրդային հանրապետությունների առաջատար միջազգային չափորոշիչներին համապատասխանող կլինիկաներում: Մենք արդեն ունենք հաջողված փորձ, առողջապահության նախարարության մասնագետների հետ մեր բժիշկները նորածնային ու մանկական ծառայությունների գծով վերապատրաստում են անցել Մոսկվայում ու վերադարձել են մեծ տպավորություններով: Առաջին քայլերն ենք անում հեռաբժշկության ոլորտում: Հանրապետական գիտաբժշկական գրադարանում պարբերաբար կազմակերպվող դասախոսություններին, անվանի մասնագետների հետ հարց ու պատասխաններին մասնակցում են նաև մեր բժիշկները: Համացանցը տալիս է այդ հնարավորությունը առանց մայրաքաղաք հասնելու ստանալ մեզ հուզող ու տվյալ պահին մեր առջև ծառացած որոշ մասնագիտական հարցերի պատասխաններ: Մեզ համար կարևոր է նաև փորձի և երիտասարդության համադրումը: Փորձառու բժիշկների կողքին պետք է աշխատեն երիտասարդներն ու ապահովեն կենտրոնի բնականոն զարգացումն ու շարունակականությունը:

-Հիվանդության կանխարգելումն ավելի հեշտ է, քան դրա բուժումը: Հետաքրքիր է, մեզանում ընդունվե՞լ է բժշկին ժամանակին դիմելու մշակույթը:

-Միանշանակ, բուժման հիմքում դրված է հիվանդության կանխարգելումը: Ցանկացած հիվանդություն հեշտ է կանխարգելել, քան բուժել: Ակնհայտ է, որ բժշկին դիմելու մշակույթ մեզ մոտ ձևավորված չէ. 30 տարվա աշխատանքային փորձս հաստատում է ասածս: Որպես կանոն դիմում են, երբ անհետաձգելի բուժօգնություն է անհրաժեշտ: Բայց պետք է ասեմ, որ իրավիճակը փոփոխվելու միտում ունի: Մեր կենտրոնն ընդգրկվել է Համաշխարհային բանկի վարկային ծրագրում և դիաբետի, կրծքագեղձի քաղցկեղի, զարկերակային հիպերտենզիայի վաղ հայտնաբերման առումով արդյունքներ ունենք: Սոց. փաթեթից օգտվող, ինչպես նաև աշխատանքային մեծ կոլեկտիվներում ընդգրկված մարդիկ ամենամյա բժշկական հետազոտություններ են անցնում: Սա արդեն պարտադիր է, ինչն էլ առիթ է հանդիսանում, որ վաղ շրջանում ենք հայտնաբերում, այդ թվում օնկոլոգիական հիվանդություններ: Այս տարվա ընթացքում 800-ից ավելի կանայք ՊԱՊ հետազոտություն են անցել, ավելի քան 10 կնոջ մոտ շեղում է հայտնաբերվել: Համապատասխան միջամտություններից հետո խնդիրն ավարտվում է առողջացմամբ: Իրականում, եթե ֆինանսները թույլ տան ու մարդիկ էլ ավելի պատասխանատու վերաբերվեն իրենց առողջությանը, ապա նվազագույնի կհասցվի ցավալի ելքերով դեպքերի թիվը: Պետական լուրջ ծրագրերի և նաև հասարակական կազմակերպությունների ջանքերով առողջ ապրելակերպի քարոզումը պետք է դառնա օրախնդիր:

-Եվ վերջում, ի՞նչ կմաղթեք Ձեր համաքաղաքացիներին:

-Մեր երկրին խաղաղություն եմ մաղթում: Ապրիլյան ու նաև հետագա իրադարձությունները կրկին ապացուցեցին, թե որքան կարևոր է մեզ համար խաղաղությունը: Եվ երկրորդը՝ առողջություն, որն ամենաթանկն է յուրաքանչյուրիս համար:

 

 

Հարցազրույցը`
Քրիստինա Միրզոյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...