11:12
12/14/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
ԿԱՊԱՆՑԻՆ ԿԻՐԹ Է ԵՎ ԱՌԱՋԱԴԵՄ

2016-10-29 10:37

«Դե Ֆակտո» N124 (2016թ.)  


«Դե Ֆակտո» ամսագրի զրուցակիցն է Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը

-Պարո՛ն Հայրապետյան, 4 տարի է, ինչ Կապանի քաղաքապետն եք: Ի՞նչ ձեռքբերումներ են գրանցվել այս տարիների ընթացքում:


-Կցանկանայի առաջնահերթ նշել քաղաքապետարանի հանդեպ՝ որպես ՏԻՄ կառույցի, վերաբերմունքի փոփոխությունը, որը, նախևառաջ մեր բաց և թափանցիկ աշխատանքի արդյունքն է, ինչպես նաև մարդկանց գիտակցության մեջ քաղաքապետի ու քաղաքապետարանի իրական դերի և լիազորությունների շրջանակի գիտակցումը:
Չորս տարի առաջ խոստանալով վերականգնել երբեմնի ծաղկուն և գրավիչ Կապանի պատկերը՝ ձգտել եմ առաջնահերթություն տալ քաղաքի արտաքին տեսքի փոփոխությանը:
Փաստացի` նորոգվել են մի շարք փողոցներ, քաղաքի կենտրոնական փողոցի մայթի զգալի մասը, հիմնանորոգվել է վատթար վիճակում գտնվող մեկ կամուրջ, 68 վերելակ, 18 տանիք, լուսավորվել է քաղաքով անցնող միջպետական մայրուղին, նախկինում չլուսավորված այլ տարածքներ:
«ԶՊՄԿ» ՓԲԸ ներդրմամբ` բարեկարգվել է Գ. Նժդեհի անվան հրապարակը, և այժմ Կապան այցելողները հիանում են հանրապետությունում, մայրաքաղաքից հետո, երկրորդ երգող շատրվաններով, որը, հատկապես ամռանը դեպի իրեն է ձգում կապանցիներին և քաղաքի հյուրերին:
Համայնքապետարանի և այլ դոնորների ջանքերով հաջողվեց իրականացնել նաև տարածաշրջանում առաջին էլեկտրոնային գրադարանի բացումը, և այժմ այն, գրադարանից զատ, յուրատեսակ կրթամշակութային, հասարակական կենտրոն է դարձել` լինելով տարբեր հանդիպումների և միջոցառումների իրականացման վայր: Համայնքային գրեթե բոլոր ենթակառույցներում` մանկապարտեզներում, կրթական հաստատություններում, մշակութային օջախներում իրականացվել են նորոգումներ, թարմացվել` գույքը:

-Որո՞նք են Կապանի բնակչության առջև ծառացած այն կարևոր խնդիրները, որոնք առաջնահերթ լուծման կարիք ունեն:

-Ըստ իս, ամենահրատապ լուծում պահանջող խնդիրը գործազրկությունն է, որը բարձր է նաև հանրապետական միջին ցուցանիշից. մեծ է հատկապես կանանց գործազրկությունը: Քաղաքաշինական բնույթի խնդիրներ ևս կան` չնորոգված վերելակներ, տանիքներ, փողոցներ, բակեր, մայթեր, հենապատեր, համայնքային հիմնարկներ և այլն: Քաղաքի համար ռազմավարական և հաղորդակցության առումով կարևոր կլիներ նախկին օդանավակայանի գործարկումը:
Գտնվելով հանքարդյունաբերության ուղղակի ազդեցության տակ՝ կան նաև բնապահպանական խնդիրներ. քաղաքը կանաչ գոտիների ավելացման կարիք ունի: Շատ են բնակիչների դժգոհությունները բնակֆոնդի կառավարման ձևից՝ համատիրություններից, որոնք այդպես էլ չեն կայանում. ոլորտում այլընտրանքային համակարգի ներդրման անհրաժեշտություն կա:

-Ինչպիսի՞ յուրահատկություններով է օժտված այս քաղաքը, և բնակչության հետ շփումն ինչպիսի՞ն է:

-Քաղաքի դեմքն ու մթնոլորտը քաղաքացին է ձևավորում. կապանցին կիրթ է և առաջադեմ, նրբանկատ յուրաքանչյուր հարցի հանդեպ, խիստ՝ պահանջներում: Այստեղ միայն կենցաղային խնդիրների լուծմամբ բնակիչը չի կարող գոհ լինել, մարդիկ հոգևոր, մշակութային պահանջներ ևս ունեն: 2014-ից` քաղաքապետարանում «Մեկ պատուհան» սկզբունքի կիրառումը հնարավորություն տվեց ապահովել պատշաճ որակի ծառայություն: Բնակիչներն էլեկտրոնային տարբերակով հետևում են իրենց դիմումին և սահմանված ժամկետում պատասխան ստանում: Այսօր շփման հնարավորություն է ստեղծում նաև համացանցը: Այդ տարբերակով ևս շատ են դիմում, և ոչ ոքի նամակը կամ բարձրացրած խնդիրը անարձագանք չի մնում:

-Այս տարի լրանում է Կապանի՝ քաղաքի կարգավիճակ ստանալու 78-րդ տարեդարձը: Ինչպե՞ս եք պատրաստվում այն նշել:

-«Կապան քաղաքի օրը» նշվում է ամեն տարի, որն առիթ է հանդիսանում ամփոփելու տարվա ընթացքում կատարած աշխատանքները, մատնանշելու անելիքները, գնահատելու քաղաքի կյանքում ներդրում ունեցած անհատներին: Անցած տարի, օրինակ, միջոցառումների մեկնարկը տրվեց երկրի նախագահ Սերժ Սարգսյանի ներկայությամբ` քաղաքի կենտրոնական հրապարակի նորակառույց շատրվանների բացմամբ: Այս տարին հոբելյանական չէ, և կնշվի ինչպես ամեն տարի:

-Վերջերս տեղի ունեցավ «Ուսանողական ամառ Կապան-2016» երիտասարդական քաղաքային փառատոնը: Պատմեք դրա մասին, ինչո՞վ է այն առանձնահատուկ, ինչո՞ւ որոշեցիք այն կազմակերպել:

-Փառատոնը նախաձեռնեցի իրականացնել դեռևս 2012-ին, երբ դեռ համայնքի ղեկավար չէի: Այն համախմբում է Կապանում և այլ քաղաքներում սովորող կապանցի ուսանողներին (150-200 ուսանող), որտեղ նրանց համար տարաբնույթ միջոցառումներ են կազմակերպվում՝ մշակութային, ինտելեկտուալ, մարզական: Ուսանողները նաև հանգստանում են վրանային ճամբարում, այցելում` Արցախ: Փառատոնի շրջանակներում քաղաքի ղեկավարման աշխատանքները մեկ օրով հանձնվում են ուսանողներին, որտեղ ուսանող-քաղաքապետն ընտրվում է նախապես կազմակերպված ընտրություններով:
Փառատոնը լավ հարթակ է ուսանողների հանդիպման, նրանց ներուժի բացահայտման համար:

-Ըստ Ձեզ, ի՞նչ որակական հատկանիշներով պետք է օժտված լինի անհատը, որպեսզի կարողանա ոչ միայն արժանապատվորեն պահել ղեկավարի իր պաշտոնը, այլև` ընդունելի լինել այդ պաշտոնում:

-Շատ կարևոր է, որպեսզի որոշումներ կայացնելիս կարողանաս վեր կանգնել քո անձնական շահերից, խնդիրներ լուծելիս չառաջնորդվես դրանց լուծման միայն քո տարբերակով, այլ հաշվի առնես այլոց կարծիքները, և գլխավորը` հասարակության բոլոր անդամները քեզ համար լինեն լիարժեք ու հավասար:

-Ամրագրելով Ձեր մնայուն տեղը քաղաքականության մեջ, հաղթահարելով նաև դժվարություններ և փորձություններ՝ այսօր Ձեր հարազատ քաղաքին առնչվող ի՞նչ ծրագրեր ունեք, և ինչպիսի՞ տեսլականով:

-Ծրագրերը շատ են, նպատակը` մեկը, իսկ դրան հասնելու ուղիները տարբեր: Ցանկանում եմ՝ ունենանք այնպիսի Կապան, որի երիտասարդությունն իր ապագան տեսնի միայն հայրենի քաղաքում: Կցանկանայի հնարավորինս լուծված տեսնել բոլոր կենցաղային և սոցիալական խնդիրները, որպեսզի պարզապես վայելենք մեր քաղաքի գեղեցկությունն ու հիասքանչ բնությունը, մտածենք միայն այն սիրելու և նրան նվիրվելու մասին, այլ ոչ՝ հոգսաշատ առօրյայի:

Հարցազրույցը` Քրիստինա Միրզոյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...