11:52
12/14/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
ԱրմԱս. որակյալ գինիներ եւ մատուցման բարձրաճաշակ արվեստ

2016-10-25 12:12

«Դե Ֆակտո» N124 (2016թ.) 

Խաղողագործությամբ և գինեգործությամբ Հայաստանում զբաղվել են դեռ մեր թվարկությունից առաջ: Դրա վառ ապացույցն է Կարմիր բլուրում, Դվինում և այլ վայրերում կատարված պեղումների ժամանակ հայտնաբերված գինու շտեմարանները:
Դեռ հնագույն ժամանակներից հայկական գինին առանձնացել է իր համային և որակական բարձր հատկանիշներով:
Անզուգական համ, բարձր որակ, գինեգործության արվեստի յուրովի մատուցում, ահա այս չափորոշիչներով է առանձնանում հայկական գինեգործության առաջատար «ԱրմԱս» ընկերությունը, որը դարձել է գինեգործության ավանդույթների լավագույն շարունակողը:
Նոր խոսք, նոր մոտեցում հայկական գինեգործության ոլորտում: Այստեղ ոչ միայն արտադրում են գինի, այլ նաև ներկայացնում են գինու կերտման մեծագույն արվեստը: Համային բարձր հատկանիշների շնորհիվ այսօր «ԱրմԱս»-ի գինիները հայտնի են ոչ միայն հայ, այլ նաև արտասահմանյան սպառողների շրջանում:


«Դե ֆակտո» ամսագրի այս համարում կզրուցենք «ԱրմԱս» գինեգործական ընկերության տնօրեն Վիկտորիա Ասլանյանի հետ:


-Տիկի՛ն Ասլանյան, կցանկանայինք իմանալ, ե՞րբ և ինչպե՞ս է ստեղծվել «ԱրմԱս» գինիները և ինչո՞ւ հենց «ԱրմԱս»:
-Գինեգործությամբ զբաղվելն ինձ համար, որքան անակնկալ, նույնքան և սպասված էր, քանի որ իմ պապերը եղել են գինեգործներ: Ինձ համար այդքան էլ զարմանալի չէր, երբ հայրս թողեց ամեն ինչ օտար երկրում, որտեղ քսան տարուց ավելի ապրում և աշխատում էր, վերադարձավ հայրենիք: Վերադառնալուց հետո Արագածոտնի մարզում գնեց հարյուրավոր հեկտարներով անմշակ հողատարածք և իր ձեռքերով քարերից մաքրեց այն, հիմնեց խաղողի այգիներ ու ստեղծեց հսկա մի գործարան, որը ոչ միայն սպասված աշխատատեղեր էր գյուղացիների համար, այլ նաև վայր, որտեղ օտարերկրացիները հաճույքով այցելում են, շրջում ու համտեսում անզուգական և չկրկնվող համ ու որակ ունեցող «ԱրմԱս» գինիները:
Իսկ «ԱրմԱս» հայրս է անվանել, իր պապի՝ ընտանեկան գինեգործության հիմնադիր, ավագ Արմենակ Ասլանյանի պատվին. պահպանելով գինեգործության 80-ամյա ընտանեկան ավանդույթը:

-Տիկի՛ն Ասլանյան, տարբեր միջազգային մրցանակների եք արժանացել, որը ստացել եք աշխարհի ճանաչված գինու մասնագետների կողմից, ըստ Ձեզ, ինչո՞վ է հայկական գինին տպավորիչ միջազգային շուկայում և այսօր ո՞ր երկրներում է ներկայացված Ձեր արտադրանքը:

-Պետք է նշեմ, որ միջազգային շուկայում հայկական գինեգործության հանդեպ մեծ հետաքրքրություն կա, հատկապես, երբ ներկայացնում ենք գինու ավանդական տեսակները, որոնք աննման են: Կա գինու հին ու նոր աշխարհ: Գինեգործությունը ծագել է գրեթե խաղողագործության հետ մեկտեղ, այդ առումով Հայաստանը գինու արտադրության հին, պատմական երկիր է, իսկ երբ որակի հետ մեկտեղ աշխարհին ներկայացնենք հայկական անզուգական խաղողի սորտերից գինի ստանալու գործընթացի ամբողջությունը, պատմենք գինու ստացման պատմությունը, մեծ հաջողությունների կհասնենք որպես գինի արտադրող առաջատար երկիր:
Հայաստանը լավագույն գինի արտադրող երկիր ճանաչվելու համար պետք է կարողանալ ապահովել գինու արտադրության ժամանակակից մոտեցումը, ունենալ բարձրակարգ սարքավորումներ և գինու պատրաստման համար օգտագործել հենց մեր խաղողի սորտերը, որը կարող եմ ասել մեզ մոտ ստացվում է:
Երկու տարի է ինչ զբաղվում ենք գինու վաճառքով և այսօր արդեն «ԱրմԱս»-ի արտադրանքը արտահանում ենք՝ Լոս Անջելես, Բեռլին, Բրյուսել, Մոնրեալ և շուտով նաև Տոկիո:
Ես երազում եմ, նաև վստահ եմ, որ ժամանակի ընթացքում Հայաստանը կճանաչվի ոչ միայն գինի արտադրող երկիր, այլև պատմական վայր, ուր, միանշանակ, պետք է այցելել, տեսնել և փորձել մեր գինիները:

-Այցելելով Ձեր այգիները, մարդիկ ականատես են լինում գինու պատրաստման գործընթացին՝ խաղողից մինչ գինու բաժակ, և այս ամենը իրոք շատ կարևոր է զբոսաշրջության զարգացման համար:

-Մենք շարունակելու ենք արտահանել մեր արտադրանքը, ընդլայնել արտադրության ծավալները: Առաջիկայում նախատեսում ենք թողարկել նաև մատչելի գնային սեգմենտի արտադրանք: Շուտով կարտադրենք նաև կոնյակ:
Շարունակելու ենք զարգացնել ագրոտուրիզմը՝ ունենք համտեսի սրահ, որտեղ մտադիր ենք մատուցել ամբողջությամբ մեր այգիներում աճեցրած և հենց այստեղ էլ արտադրած գինու համար անհրաժեշտ ամեն բան: Այսինքն՝ սա հենց այն միտքն է, որ մենք ցանկանում ենք իրագործել և այստեղ ստեղծել ամբողջական գինեգործական համալիր:

-Ինչո՞ւ ընտրեցիք հենց գինեգործությունը, ի՞նչն է այստեղ Ձեզ գրավում:

-Ինձ տրվեց հայրիկիս հետ գործարանը հիմնելու և հետո այն ղեկավարելու հնարավորություն և ես այս աշխատանքը մեծ պատասխանատվությամբ և սիրով եմ անում:
Գինին Հայաստանի մշակույթի մի մասն է, որի միջոցով կարող ենք ներկայացնել մեր երկիրը, զարգացնել զբոսաշրջությունը, գյուղատնտեսությունը, ինչն էլ սիրով անում եմ: Ես շատ ուրախ եմ, որ կարողանում եմ իմ աշխատանքով բարձր պահել մեր երկրի պատիվը: Գինեգործությունը զուտ աշխատանք չէ ինձ համար, այն իմ կյանքի մի մասնիկն է կազմում:

-Դուք հաջողված կին գործարարի վառ կերպար եք, ըստ Ձեզ, հաջողված կին գործարար լինելու համար ի՞նչ չափորոշիչներ են հարկավոր:

-Ես կարողանում եմ տարբեր մարդկանցից սովորել նորը, բարին ու դրականը: Կարող եմ դասեր քաղել ծնողներիցս, գործընկերներիցս, երբեմն նույնիսկ երեխաներիցս: Հաջողված ղեկավար լինելու համար նախևառաջ պետք է լինել վստահ, պատրաստ լինել յուրաքանչյուր դժվարության, չհուսահատվել և ժամանակը հատկացնել աշխատանքին: Պետք է հստակ իմանաս. ինչ ես ցանկանում և ինչու ես դա ցանկանում, որպեսզի հասնես հաջողության: Պետք է սիրես այն աշխատանքը որն անում ես, չէ՞ որ մեր աշխատանքը մեր կյանքի մի մասն է, եթե դրանից հաճույք չես ստանում, ապա ո՞րն է դրա իմաստը:

-Եվ վերջում, ինչպիսի՞ն է Վիկտորիա Ասլանյանը աշխատանքից դուրս:

-Աշխատանքից դուրս ժամանակս նվիրում եմ երկու որդիներիս: Այժմ նրանք հաճախ են այցելում այստեղ, քանի որ արդեն ունենք ժամանցի համար լավ պայմաններ:

 

Հարցազրույցը՝ Սյուզաննա Ղուկասյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...