20:10
04/20/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Գյումրեցիներն ի բնե երգասեր եւ երաժշտասեր ժողովուրդ են

2016-10-08 12:51

«Դե Ֆակտո» ամսագրի զրուցակիցն է ԵՊԿ ԳՄ տնօրեն,

արվեստագիտության դոկտոր-պրոֆեսոր, ՀՀ մշակույթի 

վաստակավոր գործիչ Կարինե Ավդալյանը:

  «Դե Ֆակտո» N123 (2016թ.)

-Տիկի՛ն Ավդալյան, արդեն 10 տարուց ավելի է, ինչ ղեկավարում եք բուհը: Վերջին տարիներին զարգացման ինչպիսի՞ ցուցանիշներ եք գրանցել:


-2003թ. մայիսին, երբ ընտրվեցի Երևանի պետական Կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի տնօրեն, ուսուցումը կազմակերպվում էր միայն առկա բաժնում, և մեզ մոտ սովորում էին 69 ուսանողներ: Այժմ բուհի առկա և հեռակա ուսուցմամբ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով սովորում են 175 ուսանողներ: Անցած 10 տարիների ընթացքում մեզ մոտ բարձրագույն կրթություն են ստացել շուրջ 360 ուսանողներ:

-Հետաքրքիր է, գյումրեցիները որքանո՞վ են հետաքրքրված երգ-երաժշտությամբ, և նման բուհ ունենալը որքանո՞վ էր անհրաժեշտ գյումրեցիներին:

-Գյումրին աշխարհին հայտնի է իր երաժշտական ավանդույթներով, իսկ Գյումրեցիները, ի բնե, երգասեր և երաժշտասեր ժողովուրդ են:
1870-ական թթ.-ից սկսած Գյումրու հայտնի սրճարանները՝ ղայֆաները, եղել են աշուղական երգ ու նվագի յուրատեսակ կենտրոններ: 19-րդ դարի 2-րդ կեսին և 20-րդ դարի սկզբին Ջիվանու գլխավորությամբ այստեղ ձևավորվում է ազգային աշուղական դպրոցը: Այդ ժամանակներից սկսած Գյումրիում գործել են դպրոցական, եկեղեցական, սիրողական երգչախմբեր: Արևելյան Հայաստանի առաջին օպերային ստեղծագործությունը՝ Արմեն Տիգրանյանի «Անուշը», 1912թ.-ին բեմադրվել է Գյումրիում: 1921թ-ին Նիկողայոս Տիգրանյանի նախաձեռնությամբ բացվում է Հայաստանում գործող առաջին մանկական երաժշտական դպրոցը: Նման երաժշտական ավանդույթներ ունեցող քաղաքում վաղուց հասունացել էր բարձրագույն ուսումնական հաստատություն ունենալու հարցը, որն իրականացվեց 1991թ-ին Լորիս Ճգնավորյանի հայտնի ուխտագնացության արդյունքում: 1997թ-ին ստեղծվեց Գյումրու արվեստների ակադեմիան, որտեղ և գործում է Երևանի պետ. կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղը:
Մասնաճյուղը վերջին տարիներին, իրոք, դարձել է հյուսիսային մայրաքաղաքի կրթամշակութային կենտրոն, որտեղ բարձրագույն կրթություն են ստանում ոչ միայն Գյումրու և Շիրակի մարզի պատանիներն ու աղջիկները, այլև Հայաստանի բոլոր մարզերից, Արցախից, Ջավախքից և արտերկրից մեր բուհ դիմած բազմաթիվ ուսանողներ: Անցած 10 տարիների ընթացքում մասնաճյուղում հիմնվեցին ինչպես բակալավրիատի, այնպես էլ մագիստրատուրայի առկա և հեռակա բաժիններ:

-Բուհում գործում է ինչպես բակալավր, այնպես էլ մագիստրատուրա` առկա և հեռակա բաժիններով: Այստեղ ուսանողության դիմելիությունը ինչպե՞ս է և որո՞նք են այն հիմնախնդիրները, որոնց հաճախ բախվում են ուսանողները:

-Եթե վերցնենք տոկոսային հարաբերակցությամբ, ապա այսօր մասնաճյուղի առկա բաժիններում սովորում են ուսանողների 60.57%-ը, իսկ հեռակա բաժիններում՝ 39.43%-ը: Բակալավրիատում սովորում են ուսանողների 70.86%-ը մագիստրատուրայում՝ 29.14%-ը: Այս տարի բակալավրիատի առկա ուսուցման բաժին են դիմել 37 դիմորդներ, որոնցից 36-ը հաջողությամբ հանձնել են ընդունելության քննությունները և ընդունվել 1-ին կուրս:
Հիմնականում ուսանողները նախընտրում են գործիքային կատարողականություն և վոկալ արվեստ (ակադեմիական երգեցողություն, էստրադային-ջազային) մասնագիտությունները: Հիմնախնդիրներից կնշեի համերգային դահլիճի բացակայությունը, ոչ միայն մասնաճյուղում, այլև` Գյումրի քաղաքում, ինչպես նաև երաժշտական գործիքների համալրման և փոփոխման անհրաժեշտություն կա, քանի որ դրանք գործածվում են մասնաճյուղի բացման օրվանից (1997թ.):

-Ինչպիսի՞ն է կապը մայր բուհի և Գյումրու մասնաճյուղի միջև:

-Հարկ է արձանագրել, որ մեր բոլոր ձեռքբերումները հնարավոր են դարձել մայր բուհի կողմից իրականացվող ամենօրյա ուշադրության և հոգատարության արդյունքում: Պրոֆեսորադասախոսական անձնակազմի կողմից հաճախակի կազմակերպվում են վարպետության դասեր, երկու բուհերի ուսանողների համատեղ համերգներ և ելույթներ, ուսանողական գիտաստեղծագործական կոնֆերանսներ և այլ միջոցառումներ:

-Առաջիկա ի՞նչ ծրագրեր և միջոցառումներ ունի կոնսերվատորիան:

-Հաջորդ տարի մենք նշելու ենք մեր կոնսերվատորիայի հիմնադրման 20-ամյակը: Բնականաբար մեր բոլոր միջոցառումները, այդ թվում՝ «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնը, «Մշակույթների երկխոսություն» միջազգային գիտաժողովը կնվիրվեն այդ կարևոր հոբելյանին:

-Շնորհավորանքի ի՞նչ խոսք կասեիք երիտասարդությանը, ի՞նչ խորհուրդ կտայիք նրանց` իրենց կյանքի հետագա ուղին հնարավորինս հարթ անցնելու համար:

-Բոլոր երիտասարդներին ես կցանկանայի կամք և աշխատասիրություն` իրենց նվիրական երազանքներն իրականացնելու համար:

 


Հարցազրույցը`
Քրիստինա Միրզոյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...